Thai Liang Lim/E+ via Getty Images
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Գլոբալ խնդիր. սոցհարթակների ազդեցությունը դեռահասների վրա
2025 թ.-ին ամբողջ աշխարհում տարբեր կառավարություններ իրենց մտահոգությունն են հայտնել երեխաների և պատանիների վրա ինտերնետային մեդիա հարթակների և սոցցանցերի բացասական ազդեցության վերաբերյալ։ Մի երկիր 16 տարեկանից ցածր երեխաներին արգելել է օգտվել սոցցանցերից և ինտերնետային այլ մեդիա հարթակներից։ Այլ երկրներ էլ են ցանկանում նմանատիպ միջոցներ ձեռնարկել։
Հետաքրքիր է, որ նույնիսկ որոշ պատանիներ են նկատում սոցիալական մեդիա հարթակներից եկող պոտենցիալ վտանգը։ Միացյալ Նահանգների «Փյու» հետազոտական կենտրոնը մի հարցում անցկացրեց, որի արդյունքները հրապարակվեցին 2025 թ. ապրիլին։ Ըստ այդ տվյալների՝ «պատանիների գրեթե կեսը (48%) նշել է, որ [սոցիալական մեդիա հարթակները] մեծամասամբ բացասական ազդեցություն են թողնում իրենց տարիքի մարդկանց վրա»։
Առողջապահության ոլորտի մասնագետները զգուշացնում են, որ սոցիալական մեդիա հարթակները բացասաբար են անդրադառնում երեխաների մտավոր առողջության վրա։ Անցյալ տարի դոկտոր Վիվեկ Մըրֆին, ով այդ ժամանակ ԱՄՆ գլխավոր վիրաբույժն էր, ասաց. «Երեխաների մտավոր առողջությունը ճգնաժամային վիճակում է և դրան նպաստող գլխավոր գործոններից մեկը սոցիալական մեդիա հարթակներն են»։
Ծնողներն ինչպե՞ս կարող են իրենց երեխաներին պաշտպանել սոցիալական մեդիա հարթակներից եկող վտանգներից։ Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է տալիս։
Ինչ կարող են անել ծնողները
Քննենք հետևյալ աստվածաշնչյան սկզբունքները։
«Խորագետը կշռադատում է իր ամեն մի քայլը» (Առակներ 14։15)։
Հաշվի առնելով վտանգները՝ լավ մտածեք՝ արժե արդյոք թույլ տալ երեխային օգտվել մեդիա հարթակներից։ Որոշում կայացնելիս պետք չէ տրվել շրջապատի ճնշմանը։ Նախ հավաստիացեք, թե ձեր երեխան կկարողանա արդյոք հետևել ժամանակի վերաբերյալ ձեր սահմանած կանոններին, շարունակել իրական կյանքում մարդկանց հետ առողջ շփում վայելել և խուսափել անպարկեշտ բովանդակության նյութերից։
Ավելին իմանալու համար կարդացեք «Արդյո՞ք երեխաս պետք է օգտվի սոցիալական ցանցերից» և «Երեխայիդ սովորեցրու՝ ինչպես անվտանգ օգտվել սոցիալական ցանցերից» հոդվածները։
«Ժամանակը ճիշտ օգտագործեք» (Եփեսացիներ 5։16)։
Եթե ձեր երեխային թույլ տաք օգտվել մեդիա հարթակներից, օգտագործման կանոններ սահմանեք և բացատրեք, թե դրանք ինչպես կարող են իրեն պաշտպանել վտանգներից։ Զգոն եղեք, որ երեխայի վարքագծի մեջ նկատեք ցանկացած փոփոխություն։ Դրանք գուցե ազդանշան լինեն, որ պետք է սահմանափակել սոցիալական մեդիայի օգտագործումը։
«Գրագետ մոտեցում դրսևորիր սոցիալական ցանցից օգտվելիս» անիմացիայի միջոցով օգնեք երեխային հասկանալ, թե սահմանափակումները ինչու են անհրաժեշտ։
Աստվածաշնչի վրա հիմնված այլ օգտակար առաջարկներ ծնողները կարող են գտնել հետևյալ հոդվածում՝ «Առողջապահության առաջատար մասնագետը՝ պատանիների վրա սոցցանցերի ազդեցության մասին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը»։
Իմացեք ավելին
Աստվածաշունչն ասում է, որ մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1-5)։ Բայց այն նաև տալիս է չհնացող խորհուրդներ, որոնք օգնում են մեզ դիմակայել դժվարություններին։ «Պատանիների հոգեկան առողջությունը՝ սպառնալիքի տակ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը» հոդվածում կգտնեք Աստվածաշնչի վրա հիմնված ավելի քան 20 աղբյուրներ, որոնք կարող են օգտակար լինել ծնողներին և նրանց երեխաներին։