WBBR ռադիոկայանը (1924 թ.)
ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ
Հեռարձակում ենք բարի լուրը
1924 թ. փետրվարի 24-ին՝ կիրակի երեկոյան, սկսեց հեռարձակվել Աստվածաշունչ ուսումնասիրողներիa նոր ռադիոկայանի՝ WBBR-ի առաջին ծրագիրը։ Ի՞նչ բովանդակություն ուներ այն։ Ովքե՞ր լսեցին։ Եհովայի վկաներն ինչպե՞ս շարունակեցին օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի Թագավորության մասին բարի լուրը հայտնի դարձնեն «ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։14)։
Ռադիոհաղորդիչի օպերատորը՝ WBBR-ի կառավարման վահանակի մոտ
«Ծրագիրը մեկնարկեց»
Առաջին հեռարձակումը սկսվեց երեկոյան ժամը 8։30-ին և տևեց 2 ժամ։ Ծրագիրը հաղորդվում էր Նյու Յորքի Սթեյթեն կղզու նոր կառուցված ստուդիայից։ Եղբայր Ռալֆ Լեֆլերը՝ առաջատար հնչյունային ինժեները, հիշելով այդ ժամանակ ստուդիայում տիրող մթնոլորտը, պատմել է. «Բոլորը անչափ ոգևորված էին ու լարված։ Ինձ հետաքրքրում էր. «Տեսնես՝ որևէ մեկը կկարողանա՞ լսել մեզ»։ Սեղմեցի կոճակը, ու ծրագիրը մեկնարկեց։ Հույս ունեինք, որ ամեն ինչ լավ կլինի»։
Այդ պատմական հեռարձակման հաղորդավարը Վիկտոր Շմիթն էր, ով կայանի ղեկավարն էր։ Նա ծրագիրը սկսեց՝ ներկայացնելով տաղանդավոր երաժիշտների և երգիչների, ովքեր բոլորն էլ Աստվածաշունչ ուսումնասիրողներ էին։ Սկզբում մի եղբայր դաշնամուրով դասական երաժշտություն նվագեց։ Ապա քույր Քորա Վելմանը կատարեց «Իննսունինը» կոչվող երգը, որը հիմնված էր կորած ոչխարի մասին Հիսուսի առակի վրա (Ղուկաս 15։4-7)։ Այլ կատարումներ հաջորդեցին, որոնց թվում էր Ֆրեդերիկ Ֆրանցի կատարմամբ «Զղջացողը» երգը, որտեղ պատմվում էր կորած որդու մասին առակը (Ղուկաս 15։11-25)։
WBBR-ի մեկնարկի օրվա ծրագիրը
Ջոզեֆ Ռադերֆորդը, ով այդ ժամանակ առաջնորդում էր Աստվածաշունչ ուսումնասիրողների գործունեությունը, հանդես եկավ ելույթով ու նվիրեց ռադիոկայանը «Մեսիական Թագավորության շահերին»։ Նա ասաց. «Քանի որ Տերը թույլ է տվել, որ ռադիոն հայտնագործվի այս ժամանակներում, անկասկած, նրա կամքն է, որ դրա միջոցով պատմենք մարդկանց նրա մարգարեությունների կատարման մասին»։
«Ոչ մի վանկ բաց չթողեցի»
Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքից շատ ունկնդիրներ լսեցին առաջին հեռարձակումը։ Ավելի քան 320 կմ (200 մղոն) հեռու գտնվող Վերմոնտ նահանգի Մորիսվիլ քաղաքից մի տղամարդ ասաց. «Ուրախ եմ հայտնել, որ ես հստակ լսեցի հեռարձակումը.... Ռադերֆորդի ձայնը հոյակապ էր հնչում.... Ոչ մի վանկ բաց չթողեցի»։ Նույնիսկ Ֆլորիդայի Մոնտիչելլո քաղաքից մի բնակիչ կարողացավ միանալ ռադիոկայանին։ Նոր ռադիոկայանը մեծ հաջողություններ գրանցեց։ Շատ մարդիկ շնորհակալական նամակներ էին ուղարկում։
Ջոզեֆ Ռադերֆորդը WBBR-ի ստուդիայում՝ խոսափողի առջև։ Հաղորդավարը Վիկտոր Շմիթն է
Ռադիոկայանը 33 տարի շարունակ հեռարձակեց Թագավորության մասին լուրը։b Այն հիմնականում հասանելի էր Միացյալ Նահանգների հյուսիսարևելյան շրջաններում։ Ժամանակի ընթացքում WBBR-ը կցվեց այլ ռադիոկայանների ցանցերին։ Այդպիսով այն հասավ միլիոնավոր ունկնդիրների Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլուր։ 1975 թ. «Եհովայի վկաների տարեգրքում» նշվեց. «1933 թ.-ին ռադիոկայանը լսարանի բարձրագույն թիվ գրանցեց։ 408 կայաններ հեռարձակում էին Թագավորության մասին լուրը և 23 783 առանձին աստվածաշնչյան ելույթներ Անտարկտիդայից բացի բոլոր մայրցամաքներում.... Այդ օրերին կարող էիր միացնել ռադիոն և տարբեր ալիքներով լսել Դիտարանի հեռարձակումները։ Ռադիոալիքները հաճախ ողողված էին Աստծուն փառաբանող ճշմարտության խոսքերով»։
Տնետուն ծառայությունը ռադիոյից արդյունավետ է դառնում
Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին օգտագործել WBBR ռադիոկայանը, Միացյալ Նահանգներում Թագավորության քարոզիչների միջին թիվը 1 064 էր։ Հեռարձակումները օգտակար գործիք եղան այս համեմատաբար փոքր խմբի ձեռքում։ Սակայն 1957 թ.-ին Միացյալ Նահանգներում քարոզիչների միջին թիվը հասավ 187 762-ի, իսկ ամբողջ աշխարհում՝ 653 273-ի։ Հարկ է նշել, որ ժողովի հանդիպումներին ստացած կրթության շնորհիվ այս եռանդուն եղբայրներն ու քույրերը ավելի արդյունավետ էին դառնում տնետան և ծառայության այլ ձևերի մեջ։
Այս դրական փոփոխությունները մղեցին պատասխանատու եղբայրներին վերլուծել՝ որն է ավելի արդյունավետ՝ ռադիոհեռարձակումը, թե մարդկանց այցելելը։ Ի՞նչ եզրակացության նրանք եկան։ Որոշում ընդունվեց վաճառել Դիտարանի ընկերությանը պատկանող ռադիոկայանը՝ WBBR-ը։ Կայանը վաճառվեց 1957 թ. ապրիլի 15-ին։ Դրանից մեկ օր առաջ եզրափակիչ հեռարձակմանը Նաթան Նորին հարցրին, թե ռադիոկայանն ինչու է վաճառվում։ Նա բացատրեց, որ այդ շրջանում Եհովայի վկաների թվի աճը գլխավորապես տնետուն ծառայության շնորհիվ էր։ Նա ասաց. «WBBR-ի հեռարձակումները շատերին են օգնել։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ աճը ավելի մեծ է այն տարածքներում, որտեղ WBBR-ի հեռարձակումները հասանելի չեն»։ Ուստի եղբայրները հասկացան, որ տնետուն ծառայության միջոցով կարելի է ավելի մեծ արդյունքների հասնել, քան ռադիոյի միջոցով։ Սակայն այդպիսով վերջ չդրվեց հեռարձակմանը։ Տասնամյակներ անց այն նորից գործարկվեց, այս անգամ՝ նոր ձևաչափով։
Հեռարձակումն այսօր
2014 թ. հոկտեմբերի 6-ը պատմական էր Եհովայի կազմակերպության համար։ Այդ օրը JW Broadcasting ինտերնետային հեռուստակայանի առաջին եթերն էր։ Այժմ Եհովայի վկաները և շատ ուրիշներ դիտում են մեր ամսական թողարկումները վեբ բրաուզերների, JW Library հավելվածի, հեռարձակման սարքերի կամ արբանյակային ընդունիչների օգնությամբ։c Սակայն աշխարհի որոշ մասերում Եհովայի ժողովուրդը դեռ շարունակում է արդյունավետորեն օգտագործել թե՛ ռադիոն, թե՛ հեռուստատեսությունը։ Այդ ինչպե՞ս։
JW Broadcasting-ի առաջին թողարկումը՝ 2014 թ. հոկտեմբերին
Վերջին տարիներին Եհովայի կազմակերպությունը կողմնակի ընկերությունների միջոցով հեռարձակել է ժողովի շաբաթական հանդիպումները և համաժողովները այն վայրերում, որտեղ կայուն ինտերնետ չկա։ Այդ հեռարձակումները լսել են նաև բազմաթիվ ոչ Վկա մարդիկ, այդ թվում՝ շատ ուսումնասիրողներ։ Օրինակ՝ 2021-2022 թթ.-ին ռադիոկայանների ղեկավարները Եհովայի վկաների Արևելյան Աֆրիկայի մասնաճյուղին ասացին, որ բազմաթիվ ոչ Վկաներ իրենց երախտագիտությունն են արտահայտել մեր հանդիպումների համար։ Քենիայից, Հարավային Սուդանից և Տանզանիայից մեծ թվով լսողներ խնդրել էին, որ իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։
Այնուամենայնիվ, ամբողջ աշխարհում Թագավորության մասին լուրը քարոզելու հիմնական ձևը տնետունն է, հրապարակային ծառայությունը և jw.org կայքը։ Հետաքրքրվող մարդիկ մեր կայքում գտնում են անվճար Աստվածաշունչ և դրա վրա հիմնված հրատարակություններ՝ ավելի քան 1 080 լեզուներով։ Նրանք նաև ստանում են իրենց հուզող աստվածաշնչյան հարցերի պատասխանները և պարզում, թե որտեղ և երբ կարող են մասնակցել ժողովի հանդիպումներին։ Այս ջանքերի ու նախաձեռնությունների արդյունքում Եհովայի վկաները Թագավորության մասին լուրը հասցրել են մեծ լսարանների։ Մարդկության պատմության մեջ բարի լուրը նման լայն տարածում երբևէ չի ունեցել։ Անշուշտ, այն քարոզվում է «ամբողջ երկրով մեկ», ինչպեսև կանխագուշակվել է Աստվածաշնչում (Մատթեոս 24։14)։
a 1931 թ.-ին Աստվածաշունչ ուսումնասիրողները սկսեցին կոչվել Եհովայի վկաներ։
b Ժամանակի ընթացքում Եհովայի վկաները ռադիոկայաններ ունեցան նաև այլ երկրներում, օրինակ՝ Ավստրալիայում և Կանադայում։