Կառավարիչ մարմնի նամակը
Այժմ, երբ արդեն մուտք ենք գործել քսանմեկերորդ դար, հաճույքով գրում ենք ձեզ՝ համայն աշխարհում գտնվող մեր «եղբայրությանը», և ուզում ենք գովեստի խոսքեր ուղղել ձեզ՝ ձեր կատարած տքնաջան աշխատանքի համար (Ա Պետ. 2։17)։ Մոտ 2 000 տարի առաջ Հիսուսը հարցրեց. «Երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞» (Ղուկ. 18։8)։ Նախորդ ծառայողական տարվա ընթացքում ձեր եռանդուն ծառայությունը բարձրաձայն հնչեցնում է Հիսուսի հարցի պատասխանը՝ այո՛։ Ձեզանից ոմանք հավատի համար արհամարհվել և ծաղր ու ծանակի են ենթարկվել։ Շատ երկրներում պատերազմների, աղետների, համաճարակների ու սովերի եք դիմագրավում (Ղուկ. 21։10, 11)։ Շնորհիվ արդար գործերի հանդեպ ձեր ցուցաբերած մեծ եռանդի՝ Հիսուսը դեռ կարող է ‘հավատ գտնել երկրի վրա’։ Վստահ եղեք, որ դրա համար մեծ ցնծություն է տիրում երկնքում։
Գիտենք, որ համբերություն ցուցաբերելը հեշտ չէ։ Տեսնենք, թե ինչ փորձություններ են կրել մեր եղբայրները Արևմտյան Ասիայի երկրներից մեկում։ Այնտեղ Եհովայի վկաների հանդեպ բռնությունը գրեթե սովորական երևույթ է դարձել։ Վերջերս ոստիկանությունը ընդհատեց խաղաղ ընթացող համաժողովը, որտեղ ներկա էին 700 հոգի։ Իսկ վերահսկիչ–անցագրային կետերում առաջ եկած պրոբլեմների հետևանքով 1 300 հոգի չէին կարողացել ներկա գտնվել այդ միջոցառմանը։ Դիմակավորված մարդկանց ամբոխը, որոնց մեջ կային նաև ոստիկաններ, ներս խուժելով համաժողովի անցկացման վայրը, սկսեցին ծեծել մասնակիցներից շատերին և հրդեհեցին համաժողովի համար նախապատրաստված կառույցը։ Պատահել է նաև, որ կրոնական մոլեռանդները մեխերով պատված մահակներով դաժանորեն ծեծել են մեր եղբայրներին։
Նման հարձակումները սարսափելի են, բայց ոչ զարմանալի։ Պողոս առաքյալը, Աստծուց ներշնչված, գրեց. «Բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն» (Բ Տիմոթ. 3։12)։ Առաջին դարի քրիստոնյաները ոչ միայն մշտապես վիրավորանքներ էին ստանում, այլև ֆիզիկական հալածանքների էին ենթարկվում, և նրանցից ոմանք նույնիսկ սպանվեցին (Գործք 5։40; 12։2; 16։22–24; 19։9)։ Այսպես է եղել նաև 20–րդ դարում, և, անկասկած, այդպես կշարունակվի 21–րդ դարում։ Սակայն, Եհովան ասում է մեզ. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի» (Ես. 54։17)։ Ի՜նչ հիանալի հավաստիացում։ Եհովայի համար մենք այնքան թանկ ենք, որ նա իր Զաքարիա մարգարեի միջոցով հայտնում է. «Ձեզ դպչողը [իմ] աչքի բիբին է դպչում» (Զաք. 2։8)։ Եհովայի երկրպագուների թշնամիները վերջնական հաղթանակ տանելու ոչ մի հեռանկար չունեն։ Մաքուր երկրպագությունը անպայման կհաղթանակի։
Օրինակ՝ վերոհիշյալ երկրում 2001 թ. ընթացքում քարոզիչների երկու բարձրագույն թվեր են գրանցվել։ Այո, չնայած նեղություններին՝ մեր եղբայրները, այլ երկրների իրենց հավատակիցների նման, շարունակում են համբերել։ Ամբողջ աշխարհում նախորդ ծառայողական տարվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ 5 066 հոգի է մկրտվել՝ խորհրդանշելով իրենց նվիրումը Եհովային։ Այժմ այս նոր մկրտված անհատները մեզ հետ միասին պատրաստ են ‘կանգուն լինել՝ որպես հասուններ և Աստծո ողջ կամքում՝ հաստատապես համոզվածներ’ (Կող. 4։12, ՆԱ)։
Ուշադրության առնենք նաև վերջերս Հունաստանում զարգացող դեպքերը։ Չնայած հույն ուղղափառ եկեղեցու ուժգին հակառակությանը՝ Եհովայի վկաները ներկայումս կառավարության կողմից ընդունված են որպես «ճանաչված կրոն»։ Այդ մասին վկայող փաստաթղթում ասվում է նաև, որ Հունաստանի Բեթելը «սուրբ և նվիրյալ մի վայր է, որը նվիրված է Աստծո երկրպագությանը»։ Նաև ուրախ ենք հայտնել ձեզ այն մասին, որ նախորդ տարվա ընթացքում դատարանները երկրպագության օգտին իրավական որոշումներ են կայացրել ԱՄՆ–ում, Բուլղարիայում, Գերմանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Ռումինիայում և Ռուսաստանում։ Անչափ երախտապարտ ենք Եհովային, որ այս երկրներում մեր գործունեության դռները բաց է պահում։
Եթե ուշադրությամբ հետևենք, թե այս վերջին օրերի ընթացքում Եհովան ինչպես է աջակցում իր ժողովրդին, ապա կհամոզվենք, որ նա մեր լավագույն Բարեկամն է, որ երբևիցե կարող ենք ունենալ։ Մեզ հաճելի է լինել նրա բարեկամը՝ իմանալով, որ նա սիրում է մեզ, սովորեցնում է և ուղղում։ Այո, փորձություններ դեռ էլի կլինեն։ Բայց Եհովայի հանդեպ անհողդողդ հավատը մեզ կօգնի հաստատուն մնալ։ Հակոբոսը գրեց. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի համարեցէ՛ք, երբ տեսակ–տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում» (Յակ.1։2, 3)։ Բացի այդ, համբերելով ցույց ենք տալիս մեր սերը Եհովայի հանդեպ, իսկ դա մեզ մեծ ուրախություն է պատճառում։ Վստահ եղե՛ք, սիրելի՛ եղբայրներ, որ Եհովան իր աջակցությունը ցույց կտա մեզանից յուրաքանչյուրի հանդեպ։ Եթե հավատարիմ մնանք, նա անպատճառ կօգնի մեզ մուտք գործել նոր աշխարհ։ Նա կամենո՛ւմ է, որ դա մեզ հաջողվի։
Ուրեմն՝ եղբայրնե՛ր և քույրե՛ր, երիտասարդնե՛ր ու տարեցնե՛ր, ձեր մտքում ամուր պահե՛ք առջևում դեռ սպասվող հիասքանչ օրհնությունները։ Եկեք մենք էլ Պողոս առաքյալի նման մտածենք, որը գրեց. «Ինձ այնպէս է թւում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ» (Հռովմ. 8։18)։ Ինչպիսի դժվարության էլ որ հանդիպեք, վստահե՛ք Եհովային։ Համբերե՛ք և մի՛ հանձնվեք։ Դուք երբե՛ք, երբե՛ք չեք զղջա դրա համար։ Աստծո Խոսքը հավաստիացնում է մեզ. «Արդարը իր հաւատքովը պիտի ապրէ» (Ամբ. 2։4)։
Ձեր եղբայրներ՝
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին