Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 ապրիլ էջ 2–7
  • Իմ վաղ հասակից Եհովան կրթում է ինձ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իմ վաղ հասակից Եհովան կրթում է ինձ
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
  • ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ
  • ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ԵՄ ՍԵՆԵԳԱԼ
  • ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ԲՐԱՆՍՈՒԻԿՈՒՄ ԵՎ ՔՎԵԲԵԿՈՒՄ
  • ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻՆ
  • ԴԱՍԵՐ՝ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ
  • ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆՔ ԱՄՆ
  • Լավ օրինակներից սովորելով՝ առատապես օրհնվել եմ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Անհատական հետաքրքրություն ցուցաբերելը հարատև օգուտներ է բերում
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թագավորի ծառաները կրթություն են ստանում
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Մշտապես օրհնվել եմ ճիշտ որոշումների շնորհիվ
    2007 Դիտարան
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 ապրիլ էջ 2–7
Եղբայր Դեյվիդ Սփլեյնը աշխատում է իր գրասենյակում։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Իմ վաղ հասակից Եհովան կրթում է ինձ

ՊԱՏՄՈՒՄ Է ԴԵՅՎԻԴ ՍՓԼԵՅՆԸ

ԵՍ ՈՒՇԱԴԻՐ նայեցի այն թղթին, որը եղբայրը տվեց ինձ։ Դրա վրա գրված էր. «Դեյվիդ Սփլեյն, 1953 թ., ապրիլի 8, «Քարոզում ենք աշխարհի վերջի մասին»»։ Ես հարցրի. «Ի՞նչ է սա»։ Եղբայրը պատասխանեց. «Սա քո առաջադրանքն է. պետք է Աստվածապետական ծառայության դպրոցումa այս ելույթը ներկայացնես»։ Ես ընդվզեցի. «Բայց այդպիսի ցանկություն չեմ հայտնել»։

Լավ, առաջ չընկնեմ։ Ծնվել եմ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Կանադայի Քալգարի քաղաքում։ 1940-ականների վերջերին Դոնալդ Ֆրեյզեր անունով մի երիտասարդ ռահվիրա թակեց մեր դուռը և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց, ինչին մայրս համաձայնեց։ Նա սիրահարվեց ճշմարտությանը, բայց լուրջ առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում շատ ակտիվ լինել ժողովում։ Այնուամենայնիվ, մայրս հոգևորապես առաջադիմեց և 1950 թ.-ին մկրտվեց։ Ցավոք, երկու տարի չանցած՝ նա մահացավ։ Հայրս այդ ժամանակ չէր ընդունում ճշմարտությունը, բայց համաձայնեց, որ մորս հուղարկավորության ելույթը Վկաներից մեկը ներկայացնի։

Հուղարկավորությունից մի քանի օր անց Էլիս անունով մի տարեց օծյալ քույր հրավիրեց ինձ ժողով։ Նա ճանաչում էր ինձ, քանի որ երբ մորս ինքնազգացողությունը դեռ այնքան էլ վատ չէր, ես նրա հետ հաճախում էի շաբաթավերջի հանդիպումներին։ Հորիցս թույլտվություն խնդրեցի, և նա չառարկեց։ Բայց որոշեց պարզապես մեկ անգամ ինձ հետ գալ, որպեսզի շնորհակալություն հայտնի մորս հուղարկավորության ելույթը ներկայացրած եղբորը։ Այդ երեկո Աստվածապետական ծառայության դպրոցն ու Ծառայողական հանդիպումն էր անցկացվում։ Շատ լավ էր, որ հայրս առաջին անգամ հենց այդ ժողովին ներկա եղավ։ Նա հանրային խոսքի դասընթացներ էր անցել և հիացած էր այն ամենով, ինչ լսեց այդ օրը։ Այդուհետ նա որոշեց ամեն շաբաթ ներկա լինել այդ հանդիպմանը։ Աստիճանաբար նա սկսեց հաճախել նաև մյուս հանդիպումներին։

Այն ժամանակ Աստվածապետական ծառայության դպրոցի ծառայողը հանդիպման սկզբում կարդում էր այն եղբայրների անունները, ովքեր ցուցակագրված էին դպրոցին, և նրանք, ովքեր լսում էին իրենց անունը, պատասխանում էին՝ «Ներկա»։ Մի օր խնդրեցի, որ հաջորդ հանդիպմանը իմ անունն էլ կարդան։ Եղբայրը սրտանց գովեց ինձ, բայց չհարցրեց, թե արդյոք հասկանում եմ՝ ինչ է դա նշանակում։

Գաղափար անգամ չունեի, որ այդպիսով համաձայնում եմ ելույթ ներկայացնել ժողովում։ Ես պարզապես ուզում էի՝ իմ անունն էլ կարդան։ Հաջորդ շաբաթ իմ անունն էլ կարդացին, և ես հպարտորեն պատասխանեցի՝ «Ներկա»։ Հանդիպումից հետո ինձ անկեղծորեն գովեցին։ Մի քանի շաբաթ հետո ինձ հանձնարարություն տվեցին, որի մասին նշեցի հոդվածի սկզբում։

Ես լարված էի։ Այն ժամանակ ուսանողները պետք է վեցից ութ րոպեանոց ելույթ պատրաստեին, Աստվածաշնչի ընթերցանության հանձնարարություն չկար։ Հայրս օգնեց ինձ պատրաստել թեման և ստիպեց, որ 20 անգամ փորձեմ այն։ Ելույթը ներկայացնելուց հետո մի արժեքավոր խորհուրդ ստացա։ Տարիների ընթացքում Եհովան ինձ կրթել է հորս, հմուտ եղբայրների ու քույրերի, ինչպես նաև իր կազմակերպության միջոցով։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Երբ սկսեցի քարոզել, Էլիսը, ում մասին արդեն նշեցի, շատ օգնեց ինձ։ Այն ժամանակ մեզ հորդորում էին, որ բնակչի համար երեք աստվածաշնչյան համար կարդանք և մի գիրք առաջարկենք։ Երբ բնակչի հետ խոսելու իմ հերթն էր գալիս, Էլիսը ներկայանում էր, զրույց սկսում, ապա խնդրում, որ կարդամ առաջին համարը։ Դրանից հետո ես շարունակում էի զրույցը, կարդում երկրորդ և երրորդ համարները ու առաջարկում հրատարակությունը։ Հետագայում սովորեցի նաև, թե ինչպես ներկայանալ զրույցի սկզբում։ Երբ 1954 թ.-ին հայրս մկրտվեց, սկսեց լրջորեն զբաղվել որպես քարոզիչ իմ կրթությամբ։ Լինելով միայնակ ծնող՝ նա իր ձեռքից եկածն անում էր, որ ինձ ճշմարտության մեջ մեծացնի։ Հոգևոր գործերում նա շատ կազմակերպված մարդ էր։ Ես միշտ գիտեի, թե ինչով ենք զբաղված լինելու ժողովի օրերին և շաբաթ ու կիրակի առավոտյան։

Դպրոցում առաջադիմությունս գերազանց չի եղել, սակայն 12 տարիներին ստացածս կրթությունը շատ օգուտներ է բերել ողջ կյանքիս ընթացքում։ Օրինակ՝ սովորել եմ երկար սյունակով գումարում անել և լավ յուրացրել եմ անգլերենի քերականությունը։ Անգլերենի և ստեղծագործական շարադրության դասերը այսօր էլ շատ են օգնում ինձ գրական բաժնում իմ նշանակման մեջ։

Ինձ հաճախ են հարցնում երաժշտության հանդեպ իմ սիրո մասին։ Թե՛ հայրս, թե՛ մայրս հետաքրքրված էին երաժշտությամբ։ Յոթ տարեկանում սկսեցի դաշնամուրի դասընթացներ անցնել, բայց ուսուցիչս առանձնապես տպավորված չէր իմ ունակություններով։ Նա հորս ասաց, որ իմաստ չունի շարունակել։ Հասկանում եմ, թե ինչու. այդ ժամանակ այնքան էլ հետաքրքրված չէի երաժշտությամբ։

Մի քանի ամիս անց հայրս մեկ այլ ուսուցիչ գտավ։ Այս անգամ անցնում էի թե՛ դաշնամուրի, թե՛ վոկալի դասեր, և երկուսն էլ լավ էր ստացվում։ Երբ երեխա էի, հաճելի սոպրանո ձայն ունեի, մի քանի մրցույթների մասնակցեցի և մրցանակներ շահեցի։ Երաժշտական կրթություն ստանալուս նպատակն այն էր, որ ուսուցչի որակավորում ձեռք բերեի, ստացածս գումարով հոգ տանեի իմ մասին ու լիաժամ ծառայեի։ Երբ գրեթե հասնում էի նպատակիս, հասկացա, որ շատ ժամանակ պետք է ծախսեմ հարմոնիայի, երաժշտության պատմության և երաժշտական արվեստի քննություններին պատրաստվելու համար։ Ուստի ուսումս անավարտ թողեցի և դարձա ռահվիրա. 1963 թվականն էր։

ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ

Մեկ տարի ռահվիրա ծառայելուց հետո նշանակվեցի Օնտարիո նահանգի Կապուսկասինգ քաղաքում հատուկ ռահվիրա։ Իմ ռահվիրա ծառայակից Դանիել Սքիները ավելի քան երկու անգամ ինձնից մեծ էր։ Նա ինձ շատ բան սովորեցրեց ժողովի գործունեության մասին։ 20 տարեկանում նշանակվեցի ծառայելու ժողովի ծառայողական կոմիտեում. դեռ այնքա՜ն բան կար, որ պետք է իմանայի։ Տպավորված եմ, որ այժմ կազմակերպությունը կրկին մեծ շեշտ է դնում երիտասարդ եղբայրներին կրթելու վրա։ Եթե նրանք ջանքեր ներդնեն, շատ բան կարող են անել Եհովայի համար անգամ երիտասարդ տարիքում։

Կյանքը Կապուսկասինգում հեշտ չէր։ Ձմռանը օդի ջերմաստիճանը կարող էր հասնել -44 աստիճան ցելսիուսի (-47°ֆարենհայտ) կամ երբեմն բարձրանալ՝ հասնելով -33 աստիճանի (-27°ֆարենհայտ)։ Ես ու Դենը ամեն տեղ հիմնականում ոտքով էինք գնում։ Սակայն իմ նշանակման ուրախալի բաներից մեկը Լինդա Քոուլ անունով մի քրոջ հանդիպելն էր, ով հետագայում դարձավ Լինդա Սփլեյն։

Լինդան եռանդուն քարոզիչ էր և շատ վերայցելություններ ուներ։ Նա առատաձեռն էր, ջերմ ու շփվող։ Նրա մայրը՝ Գոլդին, հավատարիմ քույր էր, իսկ հայրը՝ Ալենը, այդ ժամանակ դեմ էր ճշմարտությանը։ Չնայած Ալենի հակառակությանը՝ Գոլդին Լինդային և նրա եղբայրներին՝ Ջոնին ու Գորդոնին, միշտ իր հետ բերում էր ժողովների և տանում ծառայության։ Գոլդին, Լինդան, Ջոնը և Գորդոնը իրենց կյանքի ինչ-որ մի ժամանակահատվածում ռահվիրա են ծառայել։ Տարիներ անց Ալենն էլ ընդունեց ճշմարտությունը և լիարժեքորեն ներգրավվեց ժողովի գործերի մեջ։

Հավելյալ կրթության համար 1965 թ.-ին հրավիրվեցի սովորելու մեկ ամիս տևող Թագավորական ծառայության դպրոցում, որն անցկացվելու էր Կանադայի Բեթելում։ Դպրոցում ինձ առաջարկեցին «Գաղաադի» դիմում լրացնել։ Երբեք չէի մտածել միսիոներ դառնալու մասին. կարծում էի՝ այդ ծառայության համար համապատասխան չեմ։ Բայց դե լրացրի դիմումը և հրավիրվեցի սովորելու 42-րդ դասարանում։ «Գաղաադում» մեր առաջադիմության վերաբերյալ գրավոր կարծիք էինք ստանում դասավանդողներից։ Իմ ստացած առաջին գրության մեջ ինձ հորդոր էր տրվում, որ քանի դեռ դպրոցում եմ, հնարավորինս շատ բան սովորեմ կազմակերպության մասին։ Ինչ խոսք, դա 21-ամյա երիտասարդի համար հիանալի խորհուրդ էր։

«Գաղաադում» մի առարկա կար, որը սովորեցնում էր, թե ինչպես պետք է վարվենք մեդիայի՝ օրինակ՝ ռադիոկայանների, հեռուստատեսության կամ մամուլի ներկայացուցիչների հետ առնչվելիս։ Ինձ շատ էին դուր գալիս այդ դասերը։ Ի՞նչ իմանայի, որ այդ կրթությունը շատ օգուտներ է բերելու ինձ ապագայում։ Դրա մասին կպատմեմ քիչ հետո։

ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ԵՄ ՍԵՆԵԳԱԼ

Ավարտականից մի քանի օր անց ես ու իմ միսիոներ ծառայակից Մայքլ Հոելը մեկնեցինք մեր նոր նշանակման վայր՝ Սենեգալ՝ Աֆրիկա։ Այդ ժամանակ երկրում մոտ 100 քարոզիչ կար։

Մի քանի ամիս ծառայելուց հետո հրավիրվեցի շաբաթը մեկ անգամ համագործակցելու տեղի մասնաճյուղի հետ։ Այն ընդամենը մի սենյակ էր, որը գտնվում էր միսիոներական տանը։ Մասնաճյուղի ծառայող Էմմանուել Պատերակիսը ինձ միշտ հիշեցնում էր, որ թեև այն շատ փոքր է, սակայն ներկայացնում է Եհովայի կազմակերպությունը այդ երկրում։ Մի անգամ եղբայր Պատերակիսը որոշեց, որ միսիոներներին պետք է քաջալերական նամակ գրենք։ Այն ժամանակ նամակները կրկնօրինակելու հեշտ ու էժան տարբերակ չկար, ուստի դրանք պետք էր հատ-հատ տպել գրամեքենայով։ Դա հեշտ գործ չէր, հատկապես որ ջնջումներ անելու իրավունք չունեինք։

Երեկոյան, երբ պատրաստվում էի վերադառնալ մեր միսիոներական տուն, եղբայր Պատերակիսը ինձ մի ծրար տվեց։ Նա ասաց. «Դե՛յվիդ, սա ընկերությունն է քեզ ուղարկել»։ Ավելի ուշ, երբ բացեցի ծրարը, տեսա այն նամակներից մեկը, որ ինքս էի տպել։ Այս դեպքը ինձ մի կարևոր դաս սովորեցրեց. հարգել կազմակերպությունը՝ անկախ նրանից՝ տեղի մասնաճյուղը մեծ է, թե փոքր։

Լուսանկարվելիս եղբայր Սփլեյնը և մի խումբ ուրախ եղբայրներ ու քույրեր ժպտում են։

Այլ միսիոներների հետ՝ Սենեգալում, 1967 թ.

Ժամանակի ընթացքում ընկերացա ժողովի բազմաթիվ քարոզիչների հետ և շաբաթ երեկոները հիմնականում նրանց հետ էի անցկացնում։ Ուրախ ժամանակներ էին։ Մինչև հիմա կապ եմ պահում այդ եղբայրների ու քույրերի հետ։ Սենեգալում ֆրանսերեն էինք խոսում, և դա ինձ շատ է օգնում, երբ այցելում ենք աշխարհի տարբեր մասերում գտնվող ֆրանսախոս մասնաճյուղեր։

1968 թ.-ին ես ու Լինդան նշանվեցինք։ Դրանից հետո մի քանի ամիս շարունակ փորձում էի կես դրույքով աշխատանք գտնել, որ Լինդայի հետ կարողանայինք ռահվիրա ծառայել Սենեգալում։ Սակայն գործատուները աշխատանքի էին ընդունում միայն տեղացիներին։ Ի վերջո վերադարձա Կանադա։ Մենք ամուսնացանք ու նշանակվեցինք հատուկ ռահվիրա Նյու Բրանսուիկ նահանգի Էդմունսոն փոքր քաղաքում, որը սահմանակից էր Քվեբեկ նահանգին։

Դեյվիդ և Լինդա Սփլեյնները, ծաղկաշատ պուրակում կանգնած, ժպտում են։

Մեր հարսանիքի օրը, 1969 թ.

ՌԱՀՎԻՐԱՅՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ԲՐԱՆՍՈՒԻԿՈՒՄ ԵՎ ՔՎԵԲԵԿՈՒՄ

Բրանսուիկում քարոզիչներ չկային, կային ընդամենը մի քանի Աստվածաշունչ ուսումնասիրողներ։ Կաթոլիկությունը ներազդում էր մարդկանց կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա։ Համարյա բոլոր տներին փակցված էր ցուցանակ, որի վրա գրված էր. «Ո՛չ Եհովայի վկաներին»։ Այդ ժամանակ այնքան էլ մեծ կարևորություն չէր տրվում նման ցուցանակները հաշվի առնելուն։ Ուստի անկախ նրանից՝ ցուցանակ կար, թե ոչ, մենք թակում էինք բոլոր դռները։ Ամեն շաբաթ կաթոլիկ մի կազմակերպություն տեղի թերթում հետևյալն էր գրում. «Եկեք վհուկների որս կազմակերպենք՝ բռնենք Եհովայի վկաներին»։ Քաղաքում ընդամենը չորս «վհուկ» կար՝ Վիկտոր և Վելդա Նորբերգները, Լինդան ու ես։ Պարզ էր, թե նրանք ում էին ուզում որսալ։

Երբեք չեմ մոռանա շրջանային վերակացուի առաջին այցը։ Մեզ հետ մեկ շաբաթ անցկացնելուց հետո նա ասաց. «Թերևս առավելագույնը, որ այստեղ կարող եք անել, մարդկանց նախապաշարմունքը կոտրելն է»։ Այդուհետ մենք այդ նպատակը դրեցինք և լավ արդյունքի հասանք։ Աստիճանաբար մարդիկ սկսեցին տեսնել Եհովայի խոնարհ ծառաների և կաթոլիկ եկեղեցու հպարտ առաջնորդների միջև տարբերությունը։ Այժմ այդ քաղաքում փոքր ժողով կա։

Մեկ տարի այդ մեկուսի վայրում ծառայելուց հետո հրավեր ստացանք օգնելու Քվեբեկ քաղաքում գտնվող մի մեծ ժողովի։ Վեց հիանալի ամիսներ անցկացրինք այնտեղի հյուրասեր եղբայրների ու քույրերի հետ, ինչից հետո մեզ նշանակեցին շրջանային ծառայության։

Հաջորդ 14 տարիների ընթացքում ծառայեցինք Քվեբեկ նահանգի շրջաններում։ Ոգևորիչ տարիներ էին։ Քվեբեկում քարոզչական գործը եռում էր, ուստի չէինք զարմանում, երբ տեսնում էինք, թե ինչպես էին մի ժողովում մի քանի ընտանիքներ առաջադիմում ու մկրտվում։

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՏՔՆԱՋԱՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԷԻՆ

Կանադայի ֆրանսախոս եղբայրներին ու քույրերին սիրելը հեշտ է։ Նրանք անմիջական են, կենսուրախ ու աշխույժ։ Սակայն ոչ բոլորի համար է հեշտ եղել ընդունել ճշմարտությունը։ Նրանց ընտանիքներում հակառակությունը կարող է ուժգին լինել։ Որոշ պատանիների ոչ Վկա ծնողները այսպիսի պայման էին դնում նրանց առաջ. «Կա՛մ դադարում ես Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների հետ, կա՛մ էլ հեռանում ես տնից»։ Սակայն նրանք հավատարիմ էին մնում։ Անկասկած Եհովան հպարտանում է նրանցով։

Չեմ կարող չհիշել այն մի խումբ հիանալի ռահվիրաներին և հատուկ ռահվիրաներին, ովքեր այդ տարիներին ծառայում էին Քվեբեկում։ Նրանցից շատերը եկել էին Կանադայի այլ մասերից։ Ֆրանսերեն սովորելուց բացի՝ նրանք պետք է նաև ծանոթանային տեղի մշակույթին ու այն մտածելակերպին, որը հիմնականում ձևավորվել էր կաթոլիկության ազդեցության տակ։

Հատուկ ռահվիրաները հաճախ նշանակվում էին ծառայելու մեկուսի տարածքներում, որտեղ իրենցից բացի՝ այլ քարոզիչներ չկային։ Տեղացիների նախապաշարմունքի պատճառով դժվար էր կացարան գտնել, առավել ևս կես դրույքով աշխատանք։ Անգամ նոր ամուսնացածները ապրում էին չորս, վեց կամ ութ զույգով, որպեսզի ծախսերը կիսեին։ Նրանց համար առանձին ապրելը ճոխություն էր։ Այս նվիրված ռահվիրաները ժրաջան քարոզիչներ էին։ Երբ նրանք ուսումնասիրություն էին սկսում ինչ-որ մեկի հետ, իրենց ողջ ուշադրությունը նրան էին նվիրում։ Այժմ Քվեբեկում այլևս դրսից եկած քարոզիչների կարիք չկա, և այնտեղ ծառայող ռահվիրաներից շատերը տեղափոխվել են այնպիսի տարածքներ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։

Երբ շրջանային ծառայության մեջ այցելում էինք ժողովներ, շաբաթ առավոտյան սովորաբար ծառայում էինք պատանիների հետ։ Սա մեզ հնարավորություն էր տալիս անձամբ նրանցից իմանալ, թե ինչ դժվարությունների են բախվում։ Այդ պատանիներից ոմանք այժմ տարբեր երկրներում միսիոներ են կամ այլ կարևոր նշանակումներ ունեն։

Այն ժամանակներում որոշ ժողովներ չէին կարողանում փոխհատուցել մեր ճամփորդության ծախսերը, ուստի հաճախ ամսվա վերջում ձեռքներիս գումար չէր մնում։ Նման դեպքերում մենք ամբողջությամբ վստահում էինք Եհովային։ Նա միակն էր, ով գիտեր, թե ինչի կարիք ունենք։ Նա երբեք մեզ աչքաթող չի արել։ Ամեն անգամ կարողանում էինք ինչ-որ ձևով մի ժողովից գնալ մյուսը։

ԴԱՍԵՐ՝ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՑ

Ինչպես արդեն նշեցի, մեծ օգուտ եմ քաղել հանրային կապերի վերաբերյալ «Գաղաադում» անցած դասերից։ Քվեբեկում ծառայելու ժամանակ մենք շատ առիթներ ենք ունեցել ճշմարտության մասին խոսել ռադիոյով, հեռուստատեսությամբ և մամուլով։ Ինձ հաճախ նշանակում էին համագործակցելու Լեոնս Կրեպոյի հետ, ով մեդիայի հետ աշխատելու հարցում մեծ փորձ ուներ։ Երբ անհրաժեշտ էր լինում խոսել լրատվական ոլորտի պաշտոնատար անձանց հետ, նա մասնագետ ներկայանալու փոխարեն պարզապես ասում էր. «Պարո՛ն, ես ու ընկերս ուղղակի ծառայողներ ենք։ Հանրային խոսքի հմտություններին այնքան էլ չենք տիրապետում։ Պարզապես նշանակված ենք մարդկանց տեղեկացնելու այն մեծ համաժողովի մասին, որ Եհովայի վկաները անցկացնելու են։ Շատ ուրախ կլինենք, եթե կարողանաք անգամ մի փոքր օգնել մեզ»։ Նման խոնարհ մոտեցման շնորհիվ մեր առջև շատ դռներ բացվեցին, որոնք այլապես փակ կմնային։

Ավելի ուշ մասնաճյուղը ինձ նշանակեց համագործակցելու մեր փաստաբաններից մեկի՝ եղբայր Գլեն Հաուի հետ։ Մենք զբաղվելու էինք այն զգայուն գործերով, որոնք կարող էին լրատվության քննարկման թեմա դառնալ։ Ես շատ բան էի սովորել «Գաղաադում» ստացած կրթությունից և եղբայր Լեոնսից։ Մեծ պատիվ էր նաև համագործակցել եղբայր Հաուի հետ։ Դատական համակարգի հետ գործ ունենալիս նա բացարձակապես անվախ էր, բայց առաջին հերթին նա Աստծու մարդ էր և խոր սեր ուներ Եհովայի հանդեպ։

1985 թ.-ին մենք նշանակվեցինք Կանադայի արևմուտքում գտնվող մի շրջան, որը մոտ էր հորս տանը։ Այդպես կարողացանք հոգ տանել նրա մասին։ Ցավոք, երեք ամիս անց հայրս մահացավ։ Մենք շարունակեցինք ծառայել արևմտյան Կանադայում մինչև 1989 թ., երբ անակնկալ հրավեր ստացանք դառնալու ԱՄՆ-ի Բեթելի ընտանիքի մի մասը։ Դրանով ավարտվեց 19 տարի տևած մեր շրջանային ծառայությունը։ Այդ տարիների ընթացքում մնացել ենք հարյուրավոր տներում և ճաշել ենք հազարավոր հյուրասեր եղբայրների ու քույրերի հետ։ Անչափ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց տան դռները բացել են մեր առջև և հաց են կիսել մեզ հետ։

ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆՔ ԱՄՆ

Երբ եկանք Բրուքլին, նշանակվեցի ծառայելու ծառայողական բաժնում։ Անչափ գնահատում եմ այդ բաժնում ստացածս կրթությունը։ Դասերից մեկը, որ սովորել եմ, այն է, որ պետք չէ եզրակացություններ անել՝ առանց փաստերին ծանոթ լինելու։ Այնուհետև 1998 թ.-ին նշանակվեցի ծառայելու գրական բաժնում, որտեղ մինչ օրս փորձում եմ բարելավել գրելուս արվեստը։ Պատիվ եմ ունեցել մի քանի տարի համագործակցել եղբայր Ջոն Բարի հետ, ով գրական կոմիտեի համակարգողն էր։ Ինձ համար շատ թանկ են նրանից ստացած ուսուցումը և նրա հետ անցկացրած ժամանակը։ Նա իսկական քրիստոնյային վայել հրաշալի հատկություններ ուներ։

Դեյվիդ և Լինդա Սփլեյնները Ջոն և Միլդրեդ Բարերի հետ լուսանկարվում են։

Ջոն և Միլդրեդ Բարերի հետ

Շատ հաճելի է ուս ուսի աշխատել գրական բաժնում ծառայող խոնարհ եղբայրների և քույրերի հետ։ Իրենց հանձնարարությունները կատարելու համար նրանք միշտ օգնություն են խնդրում Եհովայից և գիտակցում են, որ նրա ոգու շնորհիվ են լավ արդյունքների հասնում, ոչ թե իրենց տաղանդների։

Եղբայր Սփլեյնը խմբավարում է 20 եղբայրներից ու քույրերից բաղկացած «Դիտարանի» երգչախումբը, իսկ մի քույր դաշնամուր է նվագում։

2009 թ. տարեկան հանդիպման ժամանակ խմբավարում եմ «Դիտարանի» երգչախումբը

Եղբայր Սփլեյնը՝ ժպիտը դեմքին, Աստվածաշունչ է տալիս մի քրոջ։

2014 թ.-ին Կորեայի Սեուլ քաղաքում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ բաժանում եմ Աստվածաշնչերը

Ինձ ու Լինդայի համար մեծ պատիվ է եղել այցելել 110 երկրներում ծառայող մեր հավատարիմ եղբայրներին ու քույրերին։ Անձամբ ենք տեսել, թե միսիոներները, մասնաճյուղի կոմիտեի անդամները և այլ լիաժամ ծառայողներ ինչ խոր սեր ունեն Եհովայի հանդեպ։ Նաև ոգևորիչ է եղել տեսնել այդ երկրների քարոզիչների եռանդն ու անկոտրում ոգին, ովքեր Թագավորության շահերը առաջին տեղում են դնում՝ չնայած պատերազմի սպառնալիքին, տնտեսական դժվարություններին ու հալածանքին։ Անկասկած, Եհովան նրանց շատ է սիրում։

Տարիների ընթացքում Լինդան մեծ օգնություն է եղել ինձ համար, որ կարողանամ արդյունավետ լինել իմ նշանակումներում։ Նա շատ է սիրում մարդկանց և միշտ նրանց օգնելու կերպեր է փնտրում։ Նրան հաջողվում է անմիջական զրույց սկսել։ Լինդան շատերին է օգնել ընդունել ճշմարտությունը, բազմաթիվ ոչ ակտիվ դարձած քարոզիչների էլ՝ վերադառնալ Աստծու մոտ։ Նա իսկական նվեր է Եհովայից։ Տարիքն առնելուն զուգընթաց որոշ բաներ անելը ավելի դժվար է դարձել մեզ համար, ուստի շատ շնորհակալ ենք այն երիտասարդ եղբայրներին և քույրերին, ովքեր աջակցում են մեզ ճամփորդությունների ժամանակ և այլ հարցերում (Մարկ. 10։29, 30)։

Հետադարձ հայացք նետելով վերջին ութսուն տարիներին՝ լցվում եմ երախտագիտության զգացումով։ Սաղմոսերգուի խոսքերը ասես սրտիցս լինեն. «Ո՛վ Աստված, մանկությունիցս ի վեր դու սովորեցնում ես ինձ, և մինչ օրս ես հռչակում եմ քո զարմանահրաշ գործերի մասին» (Սաղ. 71։17)։ Մտադիր եմ վարվել այս խոսքերի համաձայն, քանի դեռ ողջ եմ։

a Այսօր այս դպրոցը մեր միջշաբաթյա հանդիպման մաս է կազմում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը