Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 դեկտեմբեր էջ 8–13
  • «Հոբ» գիրքը կարող է օգնել լավ խորհրդատու լինել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Հոբ» գիրքը կարող է օգնել լավ խորհրդատու լինել
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՊԵՍ ՀՈԲԻ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑԻՆ ՆՐԱՆ
  • ԻՆՉՊԵՍ ԵՂԻՈՒՍԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ՀՈԲԻՆ
  • ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ «ՀՈԲ» ԳՐՔԻՑ
  • Եհովան ամոքեց նրա ցավը
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Աստվածաշնչի գիրք համար 18. Հոբ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից
    2006 Դիտարան
  • «Հոբ» գիրքը՝ տառապանքի սպեղանի
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 դեկտեմբեր էջ 8–13

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 49

ԵՐԳ 44 Վհատված մարդու աղոթքը

«Հոբ» գիրքը կարող է օգնել լավ խորհրդատու լինել

«Հիմա, ո՛վ Հոբ, խնդրում եմ, լսիր ինձ» (ՀՈԲ 33։1)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

«Հոբ» գիրքը օգնում մեզ արդյունավետ խորհուրդ տալ։

1-2. Ի՞նչ խնդրի առաջ կանգնեցին Հոբի երեք ընկերներն ու Եղիուսը։

ԿԱՅԾԱԿԻ արագությամբ լուրեր են տարածվում Արևելքում. Հոբը, որին բոլորը ճանաչում էին որպես հարուստ մարդու, ամեն ինչ կորցրել է։ Նրա երեք ընկերները՝ Եղիփազը, Բաղդատն ու Սոֆարը, իմանում են նրան պատահածի մասին և ճանապարհ են ընկնում դեպի Հուս՝ նրան մխիթարելու։ Բայց նրանք դեռ չգիտեն, թե ինչի ականատեսն են լինելու։

2 Պատկերացրու հետևյալ տեսարանը. Հոբը, կարելի է ասել, զրկվել է ամեն ինչից։ Նա կորցրել է մեծ թվով ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ, ուղտեր և էշեր։ Նրա ծառաների մեծ մասը սպանվել է, իսկ այն տունը, որտեղ նրա երեխաները հավաքվել էին, փլվել է, և նրանք մահացել են։ Դա դեռ բավական չէ, Հոբը ծանր հիվանդացել է։ Նրա մարմինը պատվել է ցավոտ թարախապալարներով։ Հեռվից Հոբի երեք ընկերները տեսնում են, որ նա վհատված նստել է մոխրի մեջ։ Ի՞նչ են նրանք անում. յոթ օր ու յոթ գիշեր նստում են ցավից տառապող այդ մարդու կողքին ու մի բառ անգամ չեն ասում (Հոբ 2։12, 13)։ Ինչ-որ մի պահի Հոբին տեսակցության է գալիս նաև Եղիուս անունով մի երիտասարդ և նստում մոտակայքում։ Վերջապես Հոբը ընդհատում է ծանր լռությունը ու անիծում այն օրը, երբ ինքը ծնվել է, և ասում, որ ուզում է մեռնել (Հոբ 3։1-3, 11)։ Հստակ է, որ Հոբն օգնության կարիք ունի։ Այն, թե այս մարդիկ ինչ կասեն և ինչպես, ցույց կտա, թե արդյոք նրանք Հոբի համար իսկական ընկերներ են և թե արդյոք իրականում հետաքրքրված են նրա բարօրությամբ։

3. Ինչի՞ մասին ենք խոսելու։

3 Մովսեսը Եհովայի ուղղորդմամբ գրի է առել այն, ինչ Հոբի երեք ընկերներն ու Եղիուսը ասել են ու արել։ Հարկ է նշել, որ Եղիփազը որոշ խոսքեր հավանաբար չար ոգու ներշնչմամբ է ասել։ Հակառակ դրան՝ Եղիուսը Եհովայի ներշնչմամբ է խոսել (Հոբ 4։12-16; 33։24, 25)։ Այդ պատճառով թեպետ «Հոբ» գիրքը պարունակում է շատ լավ խորհուրդներ, սակայն դրանում նաև կան շատ վատ խորհուրդներ։ «Հոբ» գիրքն առավելապես օգտակար է նրանով, որ այն սովորեցնում է, թե ինչպես խորհուրդ տալ անհրաժեշտության դեպքում։ Եվ հիմա այս գրքի գանձերը բացահայտելու համար նախ քննենք Հոբի երեք ընկերների վատ օրինակները և ապա՝ Եղիուսի լավ օրինակը։ Յուրաքանչյուր օրինակ քննելիս կտեսնենք, թե ինչ օգուտ կարող էին իսրայելացիները քաղել «Հոբ» գրքից, և թե մենք ինչ օգուտ կարող ենք քաղել այսօր։

ԻՆՉՊԵՍ ՀՈԲԻ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑԻՆ ՆՐԱՆ

4. Ինչո՞ւ Հոբի երեք ընկերները չկարողացան մխիթարել նրան (տես նաև նկարը)։

4 Աստվածաշունչն ասում է, որ Հոբի երեք ընկերները նրա գլխին եկած աղետների մասին լսելուց հետո գնացին նրան «ցավակցելու և մխիթարելու» (Հոբ 2։11)։ Սակայն նրանց չհաջողվեց հասնել իրենց նպատակին։ Կա առնվազն երեք պատճառ, թե ինչու ենք այդպես ասում։ Առաջին՝ նրանք հապճեպ թյուր եզրակացություններ արեցին։ Օրինակ՝ նրանք սխալմամբ մտածեցին, թե Հոբն իր գործած մեղքերի համար է պատժվումa (Հոբ 4։7; 11։14)։ Երկրորդ՝ այս տղամարդիկ մեծ մասամբ անօգուտ, կոպիտ և խիստ վհատեցնող խորհուրդներ տվեցին։ Երեքն էլ արեցին արտահայտություններ, որոնք թեև լավ էին հնչում, բայց իրականում անհիմն ու անկարևոր էին (Հոբ 13։12)։ Երկու անգամ Բաղդատը Հոբին ասաց, որ նա չափազանց շատ է խոսում (Հոբ 8։2; 18։2)։ Իսկ Սոփարը գռեհիկ ձևով ակնարկեց, թե Հոբը «դատարկագլուխ» է (Հոբ 11։12)։ Երրորդ՝ թեև նրանք ըստ ամենայնի չբղավեցին Հոբի վրա, սակայն նրա հետ հիմնականում խոսեցին նվաստացուցիչ, հեգնական և մեղադրական տոնով (Հոբ 15։7-11)։ Եվ վերջին հաշվով այս մարդիկ ավելի շուտ ուզում էին Հոբին սխալ հանել, քան դարմանել իրենց ընկերոջ սիրտն ու ամրացնել հավատը։

Հոբի ընկերներից մեկը կոպտորեն խոսում է նրա հետ, իսկ մյուս երկուսը դիտում են։ Հոբը ցավերի մեջ է։ Նա, գետնին նստած, լսում է, նրա մարմինը պատված է թարախապալարներով։

Երբ խորհուրդ ես տալիս, խուսափիր նվաստացուցիչ տոնով խոսելուց։ Նպատակդ պետք է լինի օգնելը (տես պարբերություն 4)


5. Հոբի ընկերների տված խորհուրդը ի՞նչ հետևանք ունեցավ։

5 Զարմանալի չէ, որ Հոբի ընկերների տված խորհուրդը լավ արդյունք չունեցավ։ Հոբն ավելի ընկճվեց նրանց խոսքերից (Հոբ 19։2)։ Հասկանալի է, թե ինչու նա մղվեց պաշտպանելու իր համբավը, ինչի հետևանքով կորցրեց սթափ մտածելու ունակությունը և սկսեց անմիտ խոսքեր ասել (Հոբ 6։3, 26)։ Նրա ընկերները Եհովայի մտածելակերպին ներդաշնակ մտքեր չարտահայտեցին և նրան կարեկցանքով չվերաբերվեցին։ Նրանք ակամայից Սատանայի ձեռքում գործիք դարձան (Հոբ 2։4, 6)։ Այս արձանագրությունն ի՞նչ օգուտ կարող էր տալ անցյալում ապրած մարդկանց, և մե՞նք ինչ օգուտ կարող ենք քաղել դրանից։

6. Իսրայելի երեցներն ի՞նչ դասեր կարող էին քաղել Հոբի երեք ընկերների վատ օրինակից։

6 Ինչ դասեր կարող էին քաղել իսրայելացիները։ Իսրայելի ազգի կազմավորումից հետո Եհովան համապատասխան որակներ ունեցող տղամարդկանց՝ երեցներին, հանձնարարեց դատել ազգին իր արդար չափանիշներով (2 Օրենք 1։15-18; 27։1)։ Այս մարդիկ նախքան խորհուրդ տալը կամ դատավճիռ կայացնելը պետք է ուշադիր լսեին (2 Տար. 19։6)։ Նրանք պետք է նաև հարցեր տային, ոչ թե մտածեին, թե տեղյակ են բոլոր փաստերին (2 Օրենք 19։18)։ Այս խորհրդատուները պետք է խուսափեին կոպիտ խոսելուց այն մարդկանց հետ, ովքեր եկել էին նրանցից օգնություն խնդրելու։ Հակառակ դեպքում վրդովմունքի արտահայտումը կարող էր կաշկանդել մարդուն, և վերջինս չբացեր իր սիրտը նրանց առաջ (Ելք 22։22-24)։ Իսրայելի երեցները, ովքեր քննել էին Հոբի մասին արձանագրությունը, կարող էին օգտակար դասեր քաղել դրանից։

7. Իսրայելի երեցներից բացի՝ է՞լ ովքեր կարող էին խորհուրդ տալ, և նրանք ի՞նչ օգուտ կարող էին քաղել Հոբի մասին արձանագրությունից (Առակներ 27։9)։

7 Ինչ խոսք, Իսրայելում միայն երեցները չէ, որ կարող էին խորհուրդ տալ։ Ցանկացած իսրայելացի՝ երիտասարդ թե տարեց, տղամարդ թե կին, կարող էր խորհուրդ տալ իր ընկերոջը, որպեսզի օգներ բարելավել իր հարաբերությունները Եհովայի հետ կամ շտկել սխալը (Սաղ. 141։5)։ Նման անկեղծ խորհուրդը փաստում է, որ խորհուրդ տվողը իսկական ընկեր է (կարդա Առակներ 27։9)։ Հոբի երեք ընկերների վատ օրինակը իսրայելացիների համար կարող էր լինել տեղին հիշեցում, թե խորհուրդ տալիս ինչ չպետք է ասել և ինչ չպետք է անել։

8. Խորհուրդ տալիս ո՞ր ծուղակներից է հարկավոր զգուշանալ (տես նաև նկարները)։

8 Ինչ դաս ենք քաղում։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք ուզում ենք օգնել մեր հավատակիցներին, երբ նրանք փորձությունների միջով են անցնում։ Սակայն այդ ժամանակ պետք է խուսափենք այն ծուղակներից, որոնցում հայտնվեցին Հոբի երեք ընկերները։ Առաջին՝ մենք պետք է զգույշ լինենք, որ հապճեպ եզրակացություններ չանենք, և վստահ լինենք, որ մեր ասածը փաստերի վրա է հիմնված։ Երկրորդ՝ մենք չպետք է խորհուրդ տանք՝ գլխավորապես հիմնվելով մեր անձնական փորձի վրա, ինչպես որ հաճախ Եղիփազն էր անում, քանի որ այն խարխուլ հիմք է։ Փոխարենը մեր խորհուրդը պետք է հիմնված լինի Աստծու անխախտ Խոսքի վրա (Հոբ 4։8; 5։3, 27)։ Երրորդ՝ հարկավոր է զգուշանալ կոպիտ և քննադատական խոսքերից։ Հիշենք, որ Եղիփազի ու նրա ընկերների ասած որոշ բաներ ճիշտ էին. նրանց արտահայտություններից մեկը անգամ Պողոս առաքյալն է մեջբերել (Հոբ 5։13-ը համեմատիր 1 Կորնթացիներ 3։19-ի հետ)։ Այնուամենայնիվ, նրանց ասածների մեծ մասը սխալ էր ներկայացնում Աստծուն և վիրավորում էր Հոբին, ուստի Եհովան ասաց, որ նրանք ճշմարտությունը չեն խոսել (Հոբ 42։7, 8)։ Հստակ է. լավ խորհուրդը երբեք չի ներկայացնում Եհովային որպես անխոհեմ անձնավորություն, իսկ նրա ծառաներին որպես նրա կողմից չսիրված։ Այժմ տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Եղիուսի օրինակից։

Համակցված նկարներ. մի եղբայր սիրալիր կերպով խորհուրդ է տալիս մեկ այլ եղբոր, ով վրդովված է։ 1. Եղբայրը համբերությամբ լսում է վրդովված եղբորը, ով արտահայտում է իր զգացումները։ Նրանք դրսում նստած են սեղանի շուրջ և հյութ են խմում։ 2. Եղբայրը, որը լսում էր, բացում է Աստվածաշունչը։ 3. Եղբայրը սիրալիր կերպով Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդ է տալիս մյուս եղբորը, ով հանգիստ լսում է նրան։

Երբ խորհուրդ ես տալիս, 1) խոսքերդ հիմնիր փաստերի վրա, 2) օգտագործիր Աստծու Խոսքը և 3) խոսիր սիրալիր կերպով (տես պարբերություն 8)


ԻՆՉՊԵՍ ԵՂԻՈՒՍԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵՑ ՀՈԲԻՆ

9. Բացատրիր, թե ինչու Հոբը օգնության կարիք ունեցավ այն բանից հետո, երբ նրա ընկերները լռեցին, ու Եհովան ինչպես օգնեց նրան։

9 Մի պահ Հոբն ու իր ընկերները դադարեցին բանավիճելուց։ Լարված մթնոլորտ էր։ Այս մարդիկ այնքան շատ են խոսել, որ Աստվածաշնչի միայն 28 գլուխներ նրանց խոսքերն են պարունակում, այն էլ մեծ մասամբ բարկություն և վրդովմունք արտահայտող խոսքեր։ Հասկանալի է, թե ինչու Հոբի ցավը չէր ամոքվում։ Նա դեռևս կարիք ուներ մխիթարության և շտկման։ Եհովան ինչպե՞ս օգնեց նրան։ Աստված Եղիուսի միջոցով խորհուրդ տվեց Հոբին։ Իսկ ինչո՞ւ Եղիուսը ավելի շուտ չէր խոսել։ Նա ասաց. «Ես երիտասարդ եմ, իսկ դուք՝ տարիքն առած։ Ուստի հարգանքից մղված՝ լռում էի» (Հոբ 32։6, 7)։ Շատերիս պես՝ երիտասարդ Եղիուսը մի պարզ ճշմարտություն էր հասկանում. տարեցները երկար կյանք են ապրել ու շատ բաներ են սովորել, ինչի արդյունքում ունեն իմաստություն և կյանքի փորձ, որը հաճախ երիտասարդները չունեն։ Բայց Հոբին ու նրա ընկերներին համբերությամբ լսելուց հետո նա այլևս չկարողացավ լռել և ասաց. «Տարիքն ինքնին մարդուն իմաստուն չի դարձնում, և միայն տարեցները չէ, որ հասկանում են, թե ինչն է ճիշտ» (Հոբ 32։9)։ Իսկ հետո՞ ինչ ասաց Եղիուսը և ինչպե՞ս դա արեց։

10. Հոբին խորհուրդ տալուց առաջ Եղիուսն ի՞նչ արեց (Հոբ 33։6, 7)։

10 Նախքան Հոբին խորհուրդ տալը Եղիուսը համապատասխան մթնոլորտ ստեղծեց։ Նախ նա վերահսկեց իր հույզերը։ Աստվածաշունչն ասում է, որ սկզբում Եղիուսը բարկացել էր (Հոբ 32։2-5)։ Այնուամենայնիվ, Եղիուսը հիասթափված լինելու պատճառով ոչ մի անգամ կոպիտ չխոսեց Հոբի հետ։ Ընդհակառակը, նա թև տվեց Հոբին։ Օրինակ՝ նա ասաց իր ընկերոջը. «Ես քեզ նման մարդ եմ ճշմարիտ Աստծու առաջ» (կարդա Հոբ 33։6, 7)։ Եղիուսը նաև ցույց տվեց, որ ուշադիր լսել է Հոբին. իր խոսքում նա ամփոփեց Հոբի, այսպես ասած, վեց ելույթների գլխավոր մտքերը (Հոբ 32։11; 33։8-11)։ Եղիուսը նմանատիպ բան արեց նաև, երբ Հոբին կրկին խորհուրդ տվեց (Հոբ 34։5, 6, 9; 35։1-4)։

11. Եղիուսն ինչպե՞ս խորհուրդ տվեց Հոբին (Հոբ 33։1)։

11 Հոբին խորհուրդ տալիս Եղիուսն այնպես արեց, որ այդ հավատարիմ մարդու արժանապատվությունը չոտնահարվի։ Օրինակ՝ նա Հոբին անունով դիմեց, ինչը մյուս երեք ընկերները, ըստ ամենայնի, չէին արել (կարդա Հոբ 33։1)։ Հավանաբար, հիշելով, թե որքան էր ինքը ցանկանում միջամտել, երբ խոսում էին Հոբն ու նրա երեք ընկերները, Եղիուսը կարեկցեց Հոբին ու հնարավորություն տվեց արտահայտվել՝ ի պատասխան իր խորհրդին (Հոբ 32։4; 33։32)։ Եղիուսը նաև հստակ նախազգուշացրեց Հոբին, թե ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ նրա մտածելակերպը, և բարությամբ հիշեցրեց Եհովայի իմաստության, զորության, արդարության և հավատարիմ սիրո մասին (Հոբ 36։18, 21-26; 37։23, 24)։ Եղիուսի լավ խորհուրդը անկասկած օգնեց Հոբին ճիշտ տրամադրվածություն ունենալ հետագա խորհուրդների հանդեպ, որոնք տրվելու էին նրա Ստեղծչի կողմից (Հոբ 38։1-3)։ Եղիուսի օրինակն ինչպե՞ս կարող էր օգնել անցյալում ապրած մարդկանց, և ի՞նչ ենք սովորում նրանից մենք։

12. Եհովան մարգարեների միջոցով ինչպե՞ս էր օգնում իր ժողովրդին, և իսրայելացիները ի՞նչ օգուտներ կարող էին քաղել Եղիուսի օրինակից։

12 Ինչ դասեր կարող էին քաղել իսրայելացիները։ Իսրայելի ողջ պատմության ընթացքում Եհովան մարգարեներ էր նշանակում, որոնք իր նպատակն էին հայտնում իսրայելացիներին։ Օրինակ՝ դատավորների ժամանակ Եհովան Դեբորայի միջոցով ցուցումներ էր տալիս ազգին, իսկ Սամուելը, սկսած երիտասարդ տարիքից, անխոնջ ծառայում էր Եհովային որպես նրա խոսնակ (Դատ. 4։4-7; 5։7; 1 Սամ. 3։19, 20)։ Հետագայում՝ թագավորների ժամանակ, Եհովան գրեթե անընդմեջ ուղարկում էր մարգարեների, որպեսզի հոգևորապես ամրացներ իր ժողովրդին և խորհուրդ տար նրանց, ովքեր շեղվել էին մաքուր երկրպագությունից (2 Սամ. 12։1-4; Գործ. 3։24)։ Եղիուսի օրինակը այդ հավատարիմ մարդկանց կարող էր օգնել հասկանալու, թե խորհուրդ տալիս ինչ է հարկավոր ասել և ինչպես։

13. Քրիստոնյաներն այսօր ինչպե՞ս կարող են սրտապնդել իրենց հավատակիցներին։

13 Ինչ դաս ենք քաղում։ Լինելով քրիստոնյաներ՝ մենք նույնպես Աստծու կամքն ենք հայտնում՝ ասելով այն, ինչ գրված է նրա Խոսքում։ Մենք նաև քաջալերական խոսքերով սրտապնդում ենք մեր հավատակիցներին (1 Կորնթ. 14։3)։ Երեցները հատկապես պետք է ուշադիր լինեն, որ սփոփեն եղբայրներին ու քույրերին, անգամ նրանց, ովքեր, վրդովմունքից և հուզմունքից դրդված, գուցե «անսանձ» խոսքեր ասեն (1 Թեսաղ. 5։14; Հոբ 6։3)։

14-15. Օրինակով բացատրիր, թե երեցն ինչպես կարող է խորհուրդ տալիս ընդօրինակել Եղիուսին։

14 Պատկերացնենք հետևյալը։ Մի երեց իմանում է, որ ժողովի քույրերից մեկը վհատված է։ Նա մի ուրիշ եղբոր հետ այցելում է այդ քրոջը, որպեսզի քաջալերի, ինչը գովելի է։ Շփման ընթացքում քույրը հայտնում է, որ բացասական զգացումներ ունի. թեպետ նա հաճախում է հանդիպումներին ու ծառայության է գնում, սակայն ուրախություն չի զգում։ Ինչպե՞ս կարձագանքի եղբայրը։

15 Առաջին՝ նա հավանաբար կփորձի ավելի լավ հասկանալ քրոջ խնդրի արմատը։ Դրա համար նա պետք է համբերությամբ լսի նրան։ Գուցե քույրը մտածում է, թե արժանի չէ Աստծու սիրուն։ Կամ գուցե «կյանքի հոգսերն» են նրա ոգին կոտրել (Ղուկ. 21։34)։ Երկրորդ՝ երեցը առիթներ կփնտրի գովելու քրոջը. չէ՞ որ չնայած իր վհատությանը՝ նա շարունակում է հաճախել հանդիպումներին և մասնակցել քարոզչական գործին։ Եվ երրորդ՝ երբ երեցը հասկանա քրոջ իրավիճակը, և թե ինչն է նրան ընկճում, Աստվածաշնչի միջոցով կհավաստիացնի, որ Աստված սիրում է նրան (Գաղ. 2։20)։

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ «ՀՈԲ» ԳՐՔԻՑ

16. Ինչպե՞ս կարող ենք շարունակել օգուտներ քաղել «Հոբ» գրքից։

16 Ի՞նչ ենք սովորում՝ քննելով «Հոբ» գիրքը։ Նախորդ հոդվածից իմացանք, որ Աստծու ներշնչմամբ գրված այս արձանագրությունը սովորեցնում է մեզ ոչ միայն այն, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը, այլև, թե ինչպես կարող ենք դիմանալ դրան։ Իսկ այս հոդվածից իմացանք, որ յուրաքանչյուրս կարող է լավ խորհուրդ տալ՝ վարվելով Եղիուսի լավ օրինակի համաձայն և չհետևելով Հոբի երեք ընկերների վատ օրինակին։ Ուրիշին խորհուրդ տալուց առաջ աչքի անցկացրու «Հոբ» գրքից սովորածդ դասերը։ Եվ եթե բավական ժամանակ է անցել «Հոբ» գրքի նախորդ ընթերցանությունիցդ, գուցե որոշես կրկին կարդալ այս աչքառու արձանագրությունը։ Դու կբացահայտես, որ այն նույնքան օգտակար է և արդիական, որքան այն ժամանակ, երբ գրի է առնվել։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Խորհուրդ տալիս ի՞նչ ասելուց և անելուց պետք է զգուշանանք։

  • Եղիուսն ինչպե՞ս իմաստություն դրսևորեց, երբ խորհուրդ էր տալիս Հոբին։

  • Ինչպե՞ս կարող ենք շարունակել օգուտ քաղել «Հոբ» գրքից։

ԵՐԳ 125 «Երջանիկ են նրանք, ովքեր ողորմած են»

a Հավանաբար մի չար ոգի էր դրդում Եղիփազին մտածելու, թե Եհովան ոչ մի մարդու արդար չի համարում, ուստի ոչ ոք չի կարող հաճեցնել նրան։ Այս թյուր գաղափարը առանցքային տեղ զբաղեցրեց Եղիփազի մտքում, և նա կրկնեց այն իր երեք այսպես կոչված ելույթներում (Հոբ 4։17; 15։15, 16; 22։2)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը