ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 11
ԵՐԳ 57 Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց
Եռանդորեն քարոզիր՝ ընդօրինակելով Հիսուսին
«Տերը.... իրենից առաջ երկու-երկու ուղարկեց բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, ուր ինքը պատրաստվում էր գնալ» (ՂՈՒԿ. 10։1)։
ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ
Չորս կերպեր, որոնցով կարող ենք ընդօրինակել Հիսուսին, որպեսզի եռանդորեն քարոզենք։
1. Ո՞ր հատկանիշով է Եհովայի ժողովուրդը տարբերվում մյուս մարդկանցից։
ՄԵՐ՝ Եհովայի ծառաներիս և կեղծ քրիստոնյաների միջև մի շարք տարբերություններ կան, որոնցից մեկը քարոզչական ծառայության հանդեպ ունեցած մեր եռանդնa է (Տիտոս 2։14)։ Սակայն ժամանակ առ ժամանակ մեր ոգևորությունը գուցե մարի։ Թերևս այն նույն զգացումներն ունենանք, ինչ մի ջանասեր երեց, որն ասում է. «Լինում են օրեր, երբ ծառայության գնալու ցանկություն պարզապես չունեմ»։
2. Ինչո՞ւ գուցե դժվար լինի պահպանել քարոզչության հանդեպ եռանդը։
2 Երբեմն գուցե ավելի հաճույքով մասնակցես սուրբ ծառայության այլ ձևերին, քան քարոզչությանը։ Պատճառը կարող է լինել այն, որ որոշ գործերի արդյունքն անմիջապես է երևում, օրինակ, երբ աստվածապետական շինություններ ենք կառուցում կամ սպասարկում, մասնակցում ենք աղետից տուժածներին օգնելու գործին կամ քաջալերում ենք մեր հավատակիցներին։ Մեր եղբայրների ու քույրերի հետ աշխատելիս խաղաղ և ուրախ մթնոլորտ ենք վայելում ու տեսնում ենք նրանց գնահատանքը։ Մյուս կողմից գուցե տարիներ շարունակ քարոզում ենք նույն տարածքում, սակայն քչերն են դրական արձագանքում, ոմանք էլ կոպտորեն հրաժարվում են լսել մեզ։ Ավելին՝ որքան վերջը մոտենա, մենք ավելի մեծ հակառակության կբախվենք (Մատթ. 10։22)։ Ի՞նչը կարող է օգնել, որ չկորցնենք քարոզելու հանդեպ մեր եռանդը և նույնիսկ բոցավառենք այն։
3. Ղուկաս 13։6-9 համարներից ինչպե՞ս է երևում, որ Հիսուսը եռանդուն էր։
3 Եռանդորեն քարոզելու վերաբերյալ շատ բան ունենք սովորելու Հիսուսի օրինակից։ Իր ծառայության ողջ ընթացքում Հիսուսը երբեք չկորցրեց եռանդը։ Իրականում նա օրեցօր ավելի ջանասիրաբար էր ծառայում (կարդա Ղուկաս 13։6-9)։ Իր պատմած առակի այգեգործի պես, ով երեք տարի շարունակ մշակում էր անպտուղ թզենին, Հիսուսը ավելի քան երեք տարի քարոզեց հրեաներին, որոնցից շատերը այդպես էլ չդարձան նրա աշակերտները։ Եվ ինչպես որ այգեգործը ձեռք չէր քաշում թզենուց, այնպես էլ Հիսուսը երբեք հույսը չէր կտրում մարդկանցից։ Ավելին՝ նրանց սրտին հասնելու համար Հիսուսն ավելի շատ ջանքեր էր ներդնում։
4. Ի՞նչ չորս բան կարող ենք սովորել Հիսուսի օրինակից։
4 Այս հոդվածում կխոսենք, թե Հիսուսն ինչպես եռանդ դրսևորեց հատկապես իր ծառայության վերջին վեց ամիսների ընթացքում (տես Ղուկաս 10։1 համարի «այնուհետև» բառի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը, անգլ., ռուս.)։ Նրա սովորեցրածներին ականջ դնելն ու նրա օրինակին հետևելը կօգնի, որ պահպանենք մեր եռանդը։ Քննենք չորս բան, որ կարող ենք սովորել Հիսուսից։ 1) Նա կենտրոնացած էր Եհովայի կամքը կատարելու վրա, 2) վարվում էր աստվածաշնչյան մարգարեությունների համաձայն, 3) ապավինում էր Եհովային և 4) հույսը չէր կորցնում, որ կլինեն մարդիկ, ովքեր կընդունեն իր խոսքը։
ՆԱ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԷՐ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎՐԱ
5. Ինչի՞ց էր երևում, որ Հիսուսը կենտրոնացած է Եհովայի կամքը կատարելու վրա։
5 Հիսուսը եռանդորեն քարոզում էր «թագավորության մասին բարի լուրը», քանի որ գիտեր՝ դա Աստծու կամքն է (Ղուկ. 4։43)։ Հիսուսի համար քարոզչությունը կյանքում ամենակարևոր գործն էր։ Անգամ իր ծառայության վերջին ամիսների ընթացքում նա «անցնում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր մարդկանց» (Ղուկ. 13։22)։ Բացի այդ՝ նա կրթում էր շատ աշակերտների, որ քարոզեն իր հետ (Ղուկ. 10։1)։
6. Ի՞նչ կապ կա քարոզչական գործի և մեր կատարած այլ հանձնարարությունների միջև (տես նաև նկարը)։
6 Այսօր նույնպես բարի լուրը քարոզելը Եհովայի և Հիսուսի հանձնարարած առաջնային կարևորության գործն է (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Քարոզչական գործի և մեր կատարած այլ աստվածապետական հանձնարարությունների միջև ուղիղ կապ կա։ Աստվածապետական շինություններ կառուցելով և ծառայելով Բեթելում՝ մենք աջակցում ենք քարոզչական գործին։ Աղետից տուժածներին աջակցելով՝ մենք ոչ միայն օգնում ենք մեր հավատակիցներին ոտքի կանգնել, այլ նաև նպաստում ենք, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց հոգևոր առօրյային, այդ թվում՝ քարոզչական ծառայությանը։ Եթե գիտակցենք, որ քարոզելը Եհովայի հանձնարարած ամենակարևոր գործն է, կմղվենք կանոնավոր մասնակցել դրան։ Հունգարիայում ապրող մի երեց, որի անունը Յանոշ է, ասում է. «Ինքս ինձ հիշեցնում եմ, որ աստվածապետական ոչ մի գործ չի կարող փոխարինել քարոզչական գործին։ Դա մեր գլխավոր հանձնարարությունն է»։
Բարի լուրը քարոզելը Եհովայի և Հիսուսի հանձնարարած առաջնային կարևորության գործն է (տես պարբերություն 6)
7. Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ շարունակենք քարոզել (1 Տիմոթեոս 2։3, 4)։
7 Մենք կարող ենք բոցավառել ծառայության հանդեպ մեր եռանդը, եթե մարդկանց հանդեպ ունենանք այն նույն տեսակետը, ինչ Եհովան (կարդա 1 Տիմոթեոս 2։3, 4)։ Դրա համար նա կրթում է մեզ, որպեսզի ավելի արդյունավետորեն քարոզենք կյանքեր փրկող լուրը։ Օրինակ՝ «Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր» գրքույկում բազմաթիվ գործնական խորհուրդներ կան, որոնց օգնությամբ կարող ենք զրույց սկսել աշակերտ պատրաստելու նպատակով։ Անգամ եթե հիմա մարդիկ դրական չարձագանքեն մեր հայտնած լուրին, թերևս հնարավորություն կունենան դա անելու նախքան մեծ նեղության ավարտը։ Այն, ինչ մենք ասում ենք այսօր, գուցե ապագայում նրանց մղի ծառայելու Եհովային։ Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե շարունակենք քարոզել։
ՆԱ ՎԱՐՎՈՒՄ ԷՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ
8. Աստվածաշնչյան մարգարեություններն իմանալը ինչպե՞ս էր օգնում Հիսուսին իմաստնորեն օգտագործել իր ժամանակը։
8 Հիսուսը հասկանում էր, թե ինչպես էին աստվածաշնչյան մարգարեությունները իրագործվելու։ Նա գիտեր, որ իր ծառայությունը ընդամենը երեք ու կես տարի է տևելու (Դան. 9։26, 27)։ Նաև գիտեր՝ ինչ է մարգարեացվել այն մասին, թե երբ և ինչպես է ինքը մահանալու (Ղուկ. 18։31-34)։ Այդ ամենն իմանալով՝ Հիսուսը ճիշտ օգտագործեց իր ժամանակը։ Արդյունքում նա եռանդորեն քարոզեց, որպեսզի ավարտին հասցնի իրեն հանձնարարված գործը։
9. Ինչպե՞ս են աստվածաշնչյան մարգարեությունները մղում մեզ եռանդով քարոզել։
9 Աստվածաշնչյան մարգարեությունները հասկանալը մեզ նույնպես կարող է մղել, որ խանդավառությամբ քարոզենք։ Մենք գիտենք, որ այս համակարգին հաշված օրեր են մնացել, և գիտակցում ենք, որ ներկայիս իրադարձություններն ու մարդկանց հատկանիշները լիովին համապատասխանում են վերջին օրերի վերաբերյալ Աստվածաշնչում գրված խոսքերին։ Անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը և Ռուսաստանն ու իր դաշնակիցները մրցակցում են, ինչը փաստում է, որ մեր աչքի առաջ իրականանում է «վերջի ժամանակում» հարավի թագավորի և հյուսիսի թագավորի միջև պայքարի մասին մարգարեությունը (Դան. 11։40)։ Նաև հասկանում ենք, որ անգլո-ամերիկյան աշխարհակալ ուժը ներկայացված է արձանի ոտնաթաթերով, որի մասին խոսվում է Դանիել 2։43-45 համարներում։ Մենք համոզված ենք, որ ըստ մարգարեության՝ շուտով, շատ շուտով Աստծու թագավորությունը կվերացնի մարդկային կառավարությունները։ Այս բոլոր մարգարեությունները բացահայտում են, թե աշխարհի իրադարձությունների ժամանակագծի որ հատվածում ենք, և մղում են մեզ քարոզել հրատապության զգացումով։
10. Աստվածաշնչյան մարգարեությունները ուրիշ ի՞նչ կերպերով կարող են խթանել մեր եռանդը։
10 Աստվածաշնչյան մարգարեություններում խոսվում է նաև մի լուրի մասին, որը մենք փափագում ենք հայտնել մարդկանց։ Դոմինիկյան Հանրապետությունում ծառայող մի քույր, ում անունը Քերի է, ասում է. «Լավ ապագայի մասին Եհովայի սիրտ ջերմացնող խոստումները մղում են ինձ մարդկանց հայտնել ճշմարտությունը։ Երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչերի միջով են անցնում, հասկանում եմ, որ այս խոստումները ոչ միայն ինձ համար են, այլև նրանց»։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ քարոզչական գործի հետևում Եհովան է կանգնած, ուստի մենք շարունակում ենք քարոզել։ Հունգարիայում ապրող Լեյլա անունով մի քույր ասում է. «Եսայիա 11։6-9 համարները մղում են ինձ քարոզել բարի լուրը նույնիսկ նրանց, ովքեր թվում է՝ չեն ընդունի այն։ Գիտեմ, որ Եհովայի օգնությամբ ցանկացած մարդ կարող է փոխվել»։ Իսկ Զամբիայում ապրող մի եղբայր, ում անունը Քրիստոֆեր է, ասում է. «Մարկոս 13։10-ում նախապես ասվել է, որ բարի լուրը քարոզվելու է ողջ աշխարհում, և ինձ համար մեծ պատիվ է նպաստել այս մարգարեության իրականացմանը»։ Իսկ ո՞ր մարգարեությունն է քեզ մղում, որ շարունակես քարոզել։
ՆԱ ԱՊԱՎԻՆՈՒՄ ԷՐ ԵՀՈՎԱՅԻՆ
11. Եռանդորեն քարոզելու համար Հիսուսն ինչո՞ւ կարիք ուներ ապավինելու Եհովային (Ղուկաս 12։49, 53)։
11 Եռանդորեն քարոզելու համար Հիսուսն ապավինում էր Եհովային։ Թեև Հիսուսը նրբանկատորեն էր քարոզում, բայց միևնույն է, գիտեր, որ Թագավորության մասին բարի լուրը թեժ քննարկումների և խիստ հակառակությունների պատճառ էր լինելու (կարդա Ղուկաս 12։49, 53)։ Կրոնական առաջնորդներին դուր չէր գալիս, որ Հիսուսը խանդավառությամբ քարոզում էր, ուստի նրանք մի քանի անգամ փորձեցին սպանել նրան (Հովհ. 8։59; 10։31, 39)։ Բայց նա շարունակում էր քարոզել, քանի որ գիտեր՝ Եհովան իր հետ է։ Մի առիթով նա ասաց. «Ես մենակ չեմ, այլ ինձ հետ է Հայրը, ով ուղարկեց ինձ.... Նա ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է նրան» (Հովհ. 8։16, 29)։
12. Ինչպե՞ս Հիսուսն իր աշակերտներին նախապատրաստեց հակառակության։
12 Հիսուսն իր աշակերտներին հորդորեց ապավինել Եհովային։ Նա բազմիցս հավաստիացրեց նրանց, որ Եհովան կօգնի, անգամ եթե փորձությունների բախվեն (Մատթ. 10։18-20; Ղուկ. 12։11, 12)։ Նաև հիշեցրեց, որ զգույշ լինեն (Մատթ. 10։16; Ղուկ. 10։3)։ Բացի այդ՝ հորդորեց, որ չստիպեն մարդկանց ընդունել իրենց հայտնած լուրը, իսկ եթե հալածանքի բախվեն, փախչեն այդ տարածքից (Ղուկ. 10։10, 11; Մատթ. 10։23)։ Թեև Հիսուսը եռանդուն քարոզիչ էր և վստահում էր Եհովային, բայց անտեղի ռիսկի չէր դիմում (Հովհ. 11։53, 54)։
13. Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ Եհովան կօգնի քեզ։
13 Հալածանքների ներքո եռանդով քարոզելու համար մենք Եհովայի օգնության կարիքն ունենք (Հայտն. 12։17)։ Ինչո՞ւ կարող ես համոզված լինել, որ Եհովան կօգնի քեզ։ Ուշադրություն դարձնենք Հովհաննես 17-րդ գլխում գրված Հիսուսի աղոթքին։ Նա Եհովային խնդրեց հոգ տանել իր առաքյալների համար, ու Եհովան պատասխանեց նրա աղոթքին։ «Գործեր» գրքում կարդում ենք, թե ինչպես նա օգնեց առաքյալներին նախանձախնդրորեն քարոզել՝ չնայած հակառակությանը։ Իր աղոթքում Հիսուսը Եհովային խնդրեց օգնել նաև այն մարդկանց, ովքեր կհավատային առաքյալների հայտնած լուրին։ Դու նույնպես նրանց թվում ես։ Եհովան շարունակում է պատասխանել Հիսուսի աղոթքին. նա քեզ էլ կօգնի, ճիշտ ինչպես օգնեց առաքյալներին (Հովհ. 17։11, 15, 20)։
14. Ինչո՞ւ ենք համոզված, որ կկարողանանք շարունակ եռանդորեն քարոզել բարի լուրը (տես նաև նկարը)։
14 Նույնիսկ եթե բարի լուրը եռանդով քարոզելը գնալով ավելի դժվարանա, միևնույն է, մենք կստանանք անհրաժեշտ օգնությունը (Ղուկ. 21։12-15)։ Հիսուսի և իր աշակերտների պես մենք թույլ ենք տալիս մարդկանց՝ իրենք որոշեն լսել բարի լուրը, թե ոչ, և խուսափում ենք նրանց հետ վիճելուց։ Անգամ եթե քարոզչական գործն արգելված է, մեր հավատակիցները կարողանում են հայտնել բարի լուրը, քանի որ Աստծուն են ապավինում, ոչ թե իրենց ուժերին։ Ինչպես առաջին դարում էր Եհովան զորացնում իր ծառաներին, այնպես էլ այսօր զորացնում է մեզ, որ «բարի լուրը հիմնովին քարոզվի» իր ուզած ձևով (2 Տիմոթ. 4։17)։ Վստահ եղիր, որ եթե ապավինես Եհովային, կկարողանաս եռանդով քարոզել բարի լուրը։
Անգամ եթե քարոզչական գործն արգելված է, մեր խորագետ հավատակիցները իրենց հավատի մասին խոսելու առիթներ են փնտրում (տես պարբերություն 14)b
ՆԱ ՀՈՒՅՍԸ ՉԷՐ ԿՈՐՑՆՈՒՄ
15. Ի՞նչն է ցույց տալիս, որ Հիսուսը դրական տեսակետ ուներ ծառայության հանդեպ։
15 Հիսուսը քարոզելիս դրական տրամադրվածություն ուներ։ Դա նրան օգնում էր չկորցնել եռանդը։ 30 թ.-ին, երբ Հիսուսը քարոզում էր, տեսավ, որ շատերը պատրաստ են լսելու իրեն, և նա այդ մարդկանց նմանեցրեց արտերի, որոնք պատրաստ են հնձի (Հովհ. 4։35)։ Մոտ մեկ տարի անց նա իր աշակերտներին ասաց. «Հունձը շատ է» (Մատթ. 9։37, 38)։ Իսկ հետագայում նորից ընդգծեց դա՝ ասելով. «Հունձը շատ է.... Աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի հնձի համար» (Ղուկ. 10։2)։ Հիսուսը վստահ էր, որ կլինեն մարդիկ, ովքեր կհավատան իր քարոզած բարի լուրին, և ուրախանում էր, երբ հանդիպում էր այդպիսի մարդկանց (Ղուկ. 10։21)։
16. Հիսուսի բերած օրինակներն ինչպե՞ս են օգնում քարոզչության հանդեպ դրական տրամադրվածություն ունենալ (Ղուկաս 13։18-21; տես նաև նկարը)։
16 Հիսուսն իր աշակերտներին սովորեցնում էր քարոզչության հանդեպ դրական տրամադրվածություն պահպանել, ինչի շնորհիվ նրանք կկարողանային եռանդուն մնալ։ Ուսումնասիրենք նրա բերած օրինակներից երկուսը (կարդա Ղուկաս 13։18-21)։ Հիսուսը մանանեխի հատիկի օրինակով սովորեցրեց, որ Թագավորության մասին լուրը զարմանալի կերպով տարածվելու էր, և այն անկասելի էր լինելու։ Նաև թթխմորի օրինակով ցույց տվեց, թե ինչպես էր Թագավորության մասին լուրը լայնորեն տարածվելու և մարդկանց մղելու իրենց կյանքում փոփոխություններ անել, ինչը ուրիշները գուցե անմիջապես չնկատեին։ Հիսուսն այդպիսով իր աշակերտներին օգնեց հասկանալ, որ նրանց հայտնած լուրն անպայման լավ արդյունքներ էր բերելու։
Հիսուսի պես մենք դրական ենք տրամադրված քարոզչական գործի հանդեպ (տես պարբերություն 16)
17. Մեր ծառայության հանդեպ դրական տրամադրվածություն պահպանելու ի՞նչ պատճառներ ունենք։
17 Երբ մտածում ենք, թե քարոզչական գործն ինչ մեծ արդյունքներ է բերում ողջ աշխարհում, մղվում ենք եռանդորեն քարոզել։ Ամեն տարի ճշմարտությամբ հետաքրքրված միլիոնավոր մարդիկ մասնակցում են Հիշատակի երեկոյին, ինչպես նաև Վկաների օգնությամբ Աստվածաշունչ են ուսումնասիրում։ Հարյուր հազարավորներ մկրտվում են և մեզ հետ միասնականորեն քարոզում։ Մենք չգիտենք, թե դեռ որքան մարդ կարձագանքի մեր քարոզած լուրին, բայց գիտենք, որ Եհովան մեծ բազմություն է հավաքում, որը վերապրելու է գալիք մեծ նեղությունից հետո (Հայտն. 7։9, 14)։ Հնձի Տերը վստահ է, որ դեռ շատ մարդիկ են ընդունելու բարի լուրը, ուստի մենք հիմնավոր պատճառ ունենք շարունակելու քարոզչական գործը։
18. Ի՞նչ ենք ուզում, որ մարդիկ մեր մեջ տեսնեն։
18 Հիսուսի աշակերտներին միշտ ճանաչել են որպես եռանդուն քարոզիչների։ Մի անգամ, երբ մարդիկ տեսան, թե նրանք ինչ համարձակությամբ ու ոգևորությամբ են խոսում, «գլխի ընկան, որ այս մարդիկ Հիսուսի հետ են եղել» (Գործ. 4։13)։ Թող որ ուրիշները ծառայության մեջ մեր եռանդը տեսնելիս «գլխի ընկնեն», որ մենք ընդօրինակում ենք Հիսուսին։
ԵՐԳ 58 Փնտրում ենք խաղաղասեր մարդկանց
a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս հոդվածում «եռանդ» բառը վերաբերում է ոգևորությանն ու խանդավառությանը, որ քրիստոնյաները դրսևորում են Եհովային պաշտելիս։
b ՆԿԱՐ։ Խորագետ եղբայրը բենզալցակայանում քարոզում է մի երիտասարդի։