ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 33
ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք
Ինչպե՞ս է ժողովը արտացոլում մեղք գործածների հանդեպ Եհովայի տեսակետը
«Եթե մեկը մեղք գործի.... օգնական ունենք» (1 ՀՈՎՀ. 2։1)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Ի՞նչ կարևոր դասեր ենք սովորում այն բանից, թե ինչպես պետք է վարվեր առաջին դարի Կորնթոսի ժողովը լուրջ մեղք գործած մի եղբոր հետ։
1. Ի՞նչ ցանկություն ունի Եհովան բոլոր մարդկանց առնչությամբ։
ԵՀՈՎԱՆ ստեղծել է մարդկանց ազատ կամքով։ Որոշումներ կայացնելիս նրանք ամեն օր օգտագործում են այն։ Ամենակարևոր որոշումը, որ անհատը կարող է կայացնել, Եհովային նվիրվելու և նրան երկրպագողների ընտանիքի մի մասը դառնալու որոշումն է։ Եհովան ցանկանում է, որ բոլորն այդպես վարվեն։ Ինչո՞ւ։ Քանի որ նա սիրում է մարդկանց և ուզում է, որ լավագույն կյանքով ապրեն։ Նա ուզում է, որ մարդիկ վայելեն իր հետ մտերմությունը և ապրեն հավիտյան (2 Օրենք 30։19, 20; Գաղ. 6։7, 8)։
2. Ի՞նչ ցանկություն ունի Եհովան լուրջ մեղք գործած անհատների առնչությամբ, ովքեր դեռ չեն զղջացել (1 Հովհաննես 2։1)։
2 Այնուամենայնիվ, Եհովան ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն։ Նա թույլ է տալիս, որ յուրաքանչյուր մարդ ինքը որոշի՝ ինչպես վարվել։ Բայց երբ մկրտված քրիստոնյան խախտում է Աստծու օրենքը՝ լուրջ մեղք գործելով, ու չի զղջում դրա համար, պետք է հեռացվի ժողովից (1 Կորնթ. 5։13)։ Սակայն անգամ այդ դեպքում Եհովան անձկությամբ սպասում է, որ մեղսագործը վերադառնա իր մոտ։ Հենց դա է կարևոր պատճառներից մեկը, թե ինչու է նա տվել փրկագինը։ Եհովան դա արել է, որպեսզի զղջացող մարդիկ ներման հնարավորություն ունենան (կարդա 1 Հովհաննես 2։1)։ Մեր սիրառատ Հայրը հորդորում է մեղսագործներին զղջալ (Զաք. 1։3; Հռոմ. 2։4; Հակ. 4։8)։
3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Եհովան ուզում է, որ որդեգրենք իր տեսակետը լուրջ մեղքերի և դրանք գործողների վերաբերյալ։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք դա անել։ Կքննենք հետևյալ հարցերը. 1) Կորնթոսի ժողովը ինչպե՞ս վարվեց լուրջ մեղք գործած անհատի հետ. 2) ի՞նչ առաջնորդություն տվեց Պողոս առաքյալը այն բանից հետո, երբ այդ անհատը զղջաց. 3) աստվածաշնչյան այս արձանագրությունը ի՞նչ է սովորեցնում մեզ այն մասին, թե ինչ տեսակետ ունի Եհովան լուրջ մեղք գործած քրիստոնյաների վերաբերյալ։
ԱՌԱՋԻՆ ԴԱՐՈՒՄ Ի՞ՆՉ ԱՐԵՑ ԺՈՂՈՎԸ, ԵՐԲ ՄԻ ԵՂԲԱՅՐ ԼՈՒՐՋ ՄԵՂՔ ԳՈՐԾԵՑ
4. Առաջին դարում ի՞նչ էր տեղի ունեցել Կորնթոսի ժողովում (1 Կորնթացիներ 5։1, 2)։
4 Կարդա 1 Կորնթացիներ 5։1, 2։ Իր երրորդ միսիոներական շրջագայության ընթացքում Պողոսը մի լուր լսեց նոր կազմավորված Կորնթոսի ժողովի մասին, ինչը նրան շատ մտահոգեց։ Այդ ժողովից մի եղբայր սեռական հարաբերություն էր ունենում իր խորթ մոր հետ։ Նման վարքը ցնցող էր և «նույնիսկ անհավատների մեջ չկար»։ Բայց այդ ժողովը ոչ միայն հանդուրժում էր դա, այլ թերևս նույնիսկ հպարտանում էր, որ այդպես է վարվում։ Ոմանք գուցե կարծում էին, որ այդպիսով արտացոլում են անկատար մարդկանց հանդեպ Աստծու դրսևորած գթասրտությունը։ Սակայն Եհովան աչք չի փակում, երբ իր ծառաներից մեկը լուրջ մեղք է գործում։ Այդ եղբայրը իր լկտի վարքով արատավորում էր ժողովի համբավը։ Նա նաև կարող էր վատ ազդեցություն ունենալ իր հետ շփվող մյուս քրիստոնյաների վրա։ Տեսնենք, թե այդ հարցի հետ կապված ինչ առաջնորդություն տվեց Պողոսը Կորնթոսի ժողովին։
5. Պողոսն ի՞նչ առաջնորդություն տվեց ժողովին, և ի՞նչ էին նշանակում նրա խոսքերը (1 Կորնթացիներ 5։13; տես նաև նկարը)։
5 Կարդա 1 Կորնթացիներ 5։13։ Աստծու ներշնչմամբ Պողոսը իր նամակում գրեց, որ չզղջացող մարդուն հեռացնեն ժողովից։ Հավատարիմ քրիստոնյաները ինչպե՞ս պետք է վերաբերվեին այդ մարդուն։ Պողոսն ասաց, որ նրանք «այլևս որևէ շփում չունենան» նրա հետ։ Ի՞նչ էին նշանակում առաքյալի այս խոսքերը։ Նա բացատրեց, որ այդ պատվերին հնազանդվողները պետք է «այդպիսի մարդու հետ նույնիսկ հաց չուտեին» (1 Կորնթ. 5։11)։ Սովորաբար որևէ մեկի հետ ճաշելը շփվելու լավ առիթ է։ Հստակ է ուրեմն, որ Պողոսն ուզում էր ասել, որ քրիստոնյաները չպետք է ժամանակ անցկացնեին այդ անհատի հետ։ Այդպես վարվելը կպաշտպաներ ժողովը մեղք գործողի վատ ազդեցությունից (1 Կորնթ. 5։5-7)։ Բացի դրանից՝ այդ անհատի հետ սերտ շփում չունենալով՝ ժողովը թերևս օգներ, որ նա հասկանար, թե որքան է հեռացել Եհովայի չափանիշներից, ամաչեր դրա համար և մղվեր զղջալու։
Աստծու ներշնչմամբ Պողոսը իր նամակում գրեց, որ չզղջացող մարդուն հեռացնեն ժողովից (տես պարբերություն 5)
6. Պողոսի նամակը ի՞նչ ազդեցություն ունեցավ ժողովի և մեղք գործող անհատի վրա։
6 Պողոսին հետաքրքրում էր, թե կորնթացի քրիստոնյաները ինչպես կարձագանքեն իր նամակին։ Նա շատ ուրախացավ, երբ Տիտոսը եկավ ու լավ լուր բերեց. ժողովը դրականորեն էր արձագանքել առաքյալի նամակին (2 Կորնթ. 7։6, 7)։ Նրանք հետևել էին տրված առաջնորդությանը և ժողովից հեռացրել էին այդ մարդուն։ Բացի այդ՝ Պողոսի նամակը ստանալուց ամիսներ անց մեղք գործած անհատը զղջացել էր։ Նա փոխել էր իր վարքն ու մտածելակերպը և սկսել էր հետևել Եհովայի արդար չափանիշներին (2 Կորնթ. 7։8-11)։ Իսկ Պողոսը ի՞նչ առաջնորդություն տվեց դրանից հետո։
ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՎԱՐՎԵՐ ԺՈՂՈՎԸ
7. Մեղսագործին ժողովից հեռացնելը ի՞նչ լավ արդյունք տվեց (2 Կորնթացիներ 2։5-8)։
7 Կարդա 2 Կորնթացիներ 2։5-8։ Պողոսը նշեց, որ «մեծամասնության կողմից այդ մարդուն տրված խիստ խրատը բավական է»։ Այլ կերպ ասած՝ խրատը ծառայել էր իր նպատակին։ Իսկ նպատակը մեղք գործածին զղջման մղելն էր (Եբր. 12։11)։
8. Զղջացող անհատի հետ կապված ի՞նչ պատվիրեց Պողոսը ժողովին։
8 Այնուհետև Պողոսը ժողովին պատվիրեց, որ «սրտանց ներեն ու մխիթարեն» իրենց մոլորված եղբորը և «հավաստիացնեն նրան, որ սիրում են»։ Պողոսն ուզում էր, որ ժողովը այդ մարդուն պարզապես հետ ընդունելուց ավելին աներ։ Նրանք պետք է իրենց խոսքով, գործով ու վարվեցողությամբ հավաստիացնեին, որ իսկապես ներել են նրան ու սիրում են։ Արդյունքում այդ եղբայրը կզգար, որ ժողովը իսկապես ուրախ է իր վերադարձի համար։
9. Թերևս ինչո՞ւ ոմանք դժվարանային ներել զղջացող հավատակցին։
9 Արդյո՞ք ոմանք դժվարանում էին հետ ընդունել զղջացող հավատակցին։ Ճիշտ է, Աստվածաշունչը ոչինչ չի ասում այդ մասին, բայց հնարավոր է, որ նման բան եղել է։ Չէ՞ որ այդ եղբոր վարքը խնդիրներ էր ստեղծել ողջ ժողովի համար, ու թերևս նրա պատճառով որոշ անհատներ ամոթալի վիճակում էին հայտնվել։ Ոմանք էլ գուցե մտածում էին, որ արդարացի չէ նման վարք դրսևորած մարդուն ջերմորեն հետ ընդունել, քանի որ ժողովը մեծ ջանքեր էր ներդնում բարոյապես մաքուր մնալու համար, մինչդեռ նա այդպես չէր վարվել (համեմատիր Ղուկաս 15։28-30)։ Այդուհանդերձ, կարևոր էր անկեղծ սեր ցուցաբերել ժողով վերադարձած եղբոր հանդեպ։ Ինչո՞ւ։
10-11. Ի՞նչ կարող էր լինել, եթե երեցները չներեին զղջացող մեղավորին։
10 Պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե երեցները իսկապես զղջացող մարդուն թույլ չտային վերադառնալ ժողով, կամ եթե նրա վերադառնալուց հետո ժողովը սեր չցուցաբերեր նրա հանդեպ։ Այդ մարդը գուցե «ծայրահեղ տխրությամբ համակվեր» և մտածեր, որ անհույս վիճակում է։ Հնարավոր է՝ նա նույնիսկ հիասթափվեր և չփորձեր վերականգնել Աստծու հետ իր հարաբերությունները։
11 Դեռ ավելին, եթե հավատակիցները չցանկանային ներել զղջացող եղբորը, Եհովայի հետ իրենց իսկ հարաբերությունները կվտանգեին։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ դեպքում կընդօրինակեին ոչ թե Եհովային, ով ներողամիտ է, այլ Սատանային, ով դաժան է և անգութ։ Այդպիսով նրանք Սատանայի ձեռքում զենք կդառնային, որը նա կօգտագործեր այդ մարդուն հոգևորապես կործանելու համար (2 Կորնթ. 2։10, 11; Եփես. 4։27)։
12. Ժողովն ինչպե՞ս կարող էր ընդօրինակել Եհովային։
12 Իսկ ինչպե՞ս կարող էր Կորնթոսի ժողովը ընդօրինակել Եհովային, ոչ թե Սատանային։ Դա կարող էր անել, եթե Եհովայի պես ներեր զղջացող մարդկանց։ Ուշադրություն դարձնենք, թե Աստվածաշունչը գրողներից ոմանք ինչպես են արտահայտվել Եհովայի մասին։ Օրինակ՝ Դավիթն ասել է, որ նա «բարի է ու ներողամիտ» (Սաղ. 86։5)։ Միքիան գրել է. «Չկա՛ քեզ նման Աստված, որ ներում է հանցանքն ու այլևս չի հիշում.... մեղքը» (Միք. 7։18)։ Իսկ Եսայիան հետևյալն է գրել. «Թող անօրենը թողնի իր ճանապարհը, չար մարդը՝ իր մտքերը։ Թող նա վերադառնա դեպի Եհովան, ով կգթա նրան, դեպի մեր Աստվածը, քանի որ նա մեծահոգաբար կների նրան» (Ես. 55։7)։
13. Ինչո՞ւ էր տեղին վերականգնել զղջացող մարդուն (տես «Կորնթոսի ժողովում ե՞րբ վերականգնվեց մեղք գործած անհատը» շրջանակը)։
13 Կորնթոսի ժողովի քրիստոնյաները Եհովային ընդօրինակած կլինեին, եթե ուրախությամբ հետ ընդունեին զղջացող եղբորը և հավաստիացնեին նրան իրենց սիրո մեջ։ Պողոսի առաջնորդությանը հետևելով՝ նրանք ցույց կտային, որ «ամեն հարցում հնազանդ են» (2 Կորնթ. 2։9)։ Ճիշտ է, այդ մարդուն ժողովից հեռացնելուց հետո ընդամենը ամիսներ էին անցել, բայց տրված խրատը մղել էր նրան զղջալու։ Ուստի նրա վերականգնումը հետաձգելու ոչ մի պատճառ չկար։
ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ ԵՀՈՎԱՅԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԹԱՍՐՏՈՒԹՅՈՒՆԸ
14-15. Ի՞նչ ենք սովորում Կորնթոսի ժողովի մասին արձանագրությունից (2 Պետրոս 3։9; տես նաև նկարը)։
14 Կորնթոսի ժողովի մասին արձանագրությունը գրվել և պահպանվել է «մեր ուսուցման համար» (Հռոմ. 15։4)։ Դրանից իմանում ենք, որ Եհովան չի հանդուրժում լուրջ մեղքը։ Ոմանք գուցե մտածեն. «Քանի որ Եհովան գթասիրտ է, պետք է որ թույլ տա չզղջացող անձանց ընկերակցել ժողովի հետ»։ Բայց Եհովայի գթասրտությունը այդպես չի դրսևորվում։ Թեև նա գթասիրտ է, սակայն ամենաթող չէ և երբեք չի ցածրացնում իր չափանիշները (Հուդա 4)։ Իրականում գթասրտության դրսևորում չէր լինի այն, որ Եհովան թույլ տար չզղջացողներին մնալ ժողովում, քանի որ դա վտանգի տակ կդներ ամբողջ ժողովը (Առակ. 13։20; 1 Կորնթ. 15։33)։
15 Կորնթոսի ժողովի մասին արձանագրությունից սովորում ենք նաև, որ Եհովան չի ցանկանում՝ որևէ մեկը կործանվի։ Հնարավորության դեպքում նա ուզում է փրկել բոլորին։ Եհովան գթասրտություն է դրսևորում այն մարդկանց հանդեպ, ովքեր փոխում են իրենց մտածելակերպն ու գործերը և ցանկանում են վերականգնել իր հետ լավ հարաբերությունները (Եզեկ. 33։11; կարդա 2 Պետրոս 3։9)։ Դրա համար էլ, երբ մեղք գործած անհատը զղջաց և վերջ դրեց իր սխալ ընթացքին, Եհովան Պողոսի միջոցով բացատրեց կորնթացի քրիստոնյաներին, որ պետք է ներեն այդ մարդուն և հետ ընդունեն նրան։
Ընդօրինակելով Եհովայի սերն ու գթասրտությունը՝ ժողովը ջերմորեն ընդունում է նրանց, ովքեր վերականգնվում են (տես պարբերություն 14-15)
16. Ի՞նչ զգացումներով ես համակվում՝ մտածելով այն մասին, թե Կորնթոսի ժողովը ինչպես վարվեց լուրջ մեղք գործած անհատի հետ։
16 Այն, թե Կորնթոսի ժողովը ինչպես վարվեց լուրջ մեղք գործած անհատի հետ, օգնում է մեզ տեսնել, որ Եհովան սիրառատ է, արդար ու արդարադատ (Սաղ. 33։5)։ Մի՞թե չես մղվում ավելի շատ փառաբանելու մեր Աստծուն։ Ի վերջո բոլորս էլ մեղավորներ ենք և նրա ներողամտության կարիքն ունենք։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը հիմնավոր պատճառ ունի երախտագետ լինելու Եհովային փրկագնի համար, որը ներում ստանալու հնարավորություն է տալիս մեզ։ Որքա՜ն քաջալերական ու մխիթարական է իմանալ, որ Եհովան իսկապես սիրում է իր ժողովրդին և լավագույնն է ցանկանում իր ծառաների համար։
17. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածներում։
17 Իսկ այսօր ինչպե՞ս պետք է վարվենք մեղք գործած անհատների հետ։ Երեցները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Եհովային սեր դրսևորելու հարցում և օգնել նրանց զղջալ։ Ժողովն ինչպե՞ս պետք է արձագանքի, երբ երեցները որոշում են հեռացնել անհատին ժողովից կամ հետ ընդունել նրան։ Այս հարցերի պատասխանները կիմանանք հաջորդ հոդվածներից։
ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար