ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 31
ԵՐԳ 12 Մեծ Աստված Եհովա
Ի՞նչ է արել Եհովան մեղավոր մարդկանց փրկելու համար
«Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց» (ՀՈՎՀ. 3։16)։
ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ
Ինչպե՞ս է Եհովան նախաձեռնություն վերցրել, որ օգնի մեզ մեղքի դեմ պայքարում, և հնարավորություն տվել, որ ազատագրվենք մեղքից ու ապրենք հավիտյան։
1-2. ա) Ի՞նչ է մեղքը, և ինչպե՞ս կարող ենք հաղթել դրա դեմ պայքարում (տես նաև «Բառամեկնությունը»)։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում, ինչպես նաև «Դիտարանի» այս թողարկման մյուս հոդվածներում (տես նաև «Ընթերցողին» վերնագրով նյութը այս համարում)։
ՈՒԶՈ՞ՒՄ ԵՍ իմանալ, թե Եհովա Աստված որքան շատ է սիրում քեզ։ Եթե այո, ապա լավ կլինի՝ ուսումնասիրես, թե ինչ է նա արել քեզ մեղքից ու մահից ազատելու համար։ Մեղքըa սարսափելի թշնամի է, որին սեփական ուժերով չես կարող հաղթել։ Բոլորս էլ ամեն օր մեղք ենք գործում և հենց մեղքի պատճառով էլ մահանում ենք (Հռոմ. 5։12)։ Սակայն, հուրախություն մեզ, Եհովայի օգնությամբ մենք կարող ենք հաղթել մեղքի դեմ պայքարում։ Մեր հաղթանակը երաշխավորված է։
2 Գրեթե 6 000 տարի է, ինչ Եհովան օգնում է մարդկանց պայքարել մեղքի դեմ։ Ինչո՞ւ։ Նա դա անում է, քանի որ սիրում է մեզ։ Մարդկության պատմության հենց սկզբից Եհովան մեծ սիրով է լցված մարդկանց հանդեպ, ուստի շատ բան է արել, որ օգնի նրանց այդ պայքարում։ Աստված գիտի, որ մեղքը մահվան է տանում։ Նա չի ուզում, որ մենք մահանանք, այլ ուզում է, որ հավիտյան ապրենք (Հռոմ. 6։23)։ Հոդվածում կքննենք հետևյալ հարցերը. 1) ի՞նչ հույս է Եհովան տվել մեղավոր մարդկանց. 2) ինչպե՞ս են աստվածաշնչյան ժամանակներում ապրող մարդիկ արժանացել նրա հավանությանը. 3) ի՞նչ է արել Հիսուսը մեղավոր մարդկությանը փրկելու համար։
Ի՞ՆՉ ՀՈՒՅՍ Է ԵՀՈՎԱՆ ՏՎԵԼ ՄԵՂԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ
3. Ինչպե՞ս մեր նախածնողները մեղսագործներ դարձան։
3 Երբ Եհովան ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը, ուզում էր, որ նրանք երջանիկ լինեին։ Նա նրանց տվել էր հրաշալի բնակավայր և ամուսնության պարգևը։ Նրանք նաև մի իմաստալից հանձնարարություն ունեին. պետք է երկիրը լցնեին իրենց սերունդներով և ամբողջ մոլորակը վերածեին դրախտավայրի, ինչպիսին Եդեմի պարտեզն էր։ Ընդամենը մի բան կար, որ Եհովան նրանց պատվիրել էր չանել։ Նա զգուշացրել էր, որ եթե չհնազանդվեին այդ պատվերին՝ գիտակցաբար ըմբոստանալով իր դեմ, ապա կմահանային։ Մենք գիտենք, թե ինչ տեղի ունեցավ։ Մի անտեսանելի ոգեղեն արարած ի հայտ եկավ, որը ո՛չ Աստծուն էր սիրում, ո՛չ էլ նրանց, և մեղքի դրդեց նրանց։ Ադամը և Եվան նրա վատ ազդեցության տակ ընկան և, չվստահելով իրենց սիրառատ Հորը, մեղք գործեցին։ Ինչպես գիտենք, Եհովայի ասածը իրականություն դարձավ։ Այդ օրվանից ի վեր՝ առաջին մարդկային զույգը սկսեց կրել մեղքի հետևանքները. նրանք սկսեցին ծերանալ և ի վերջո մահացան (Ծննդ. 1։28, 29; 2։8, 9, 16-18; 3։1-6, 17-19, 24; 5։5)։
4. Ինչո՞ւ է Եհովան ատում մեղքը և օգնում մեզ պայքարել դրա դեմ (Հռոմեացիներ 8։20, 21)։
4 Եհովան հոգ է տարել, որ այս տխուր պատմության մասին գրվի Աստվածաշնչում, որպեսզի հասկանանք, թե ինչու է նա այդքան ատում մեղքը։ Այն բաժանում է մեզ մեր Հորից և մահվան տանում (Ես. 59։2)։ Ահա թե ինչու է ստեղծված իրավիճակի մեղավորը՝ Սատանան, սիրում մեղքը և մարդկանց մեղքի դրդում։ Այդ ըմբոստ ոգեղեն արարածը թերևս կարծում էր, թե մեծ հաղթանակ է տարել Եդեմի պարտեզում։ Բայց նա չէր էլ կարող պատկերացնել, թե որքան սիրառատ է Եհովան։ Աստված չփոխեց Ադամի ու Եվայի սերունդների հետ կապված իր նպատակը և մարդկանց հանդեպ սիրուց մղված՝ անմիջապես հույս տվեց նրանց (կարդա Հռոմեացիներ 8։20, 21)։ Նա գիտեր, որ կլինեին մարդիկ, ովքեր կսիրեին իրեն և կպայքարեին մեղք գործելու դեմ։ Որպես հոգատար Հայր և Ստեղծիչ՝ Եհովան նրանց հնարավորություն տվեց ազատվելու մեղքից ու մտերմանալու իր հետ։ Իսկ ի՞նչ քայլեր է նա ձեռնարկել։
5. Մարդկության համար ե՞րբ առաջին անգամ հույսի շող բացվեց (Ծննդոց 3։15)։
5 Կարդա Ծննդոց 3։15։ Մարդկության համար առաջին անգամ հույսի շող բացվեց, երբ Եհովան հայտնեց Սատանայի վերաբերյալ դատավճիռը։ Աստված ասաց, որ մի «սերունդ» է առաջ գալու, ով փրկելու է մարդկանց։ Այդ սերունդը ի վերջո ջախջախելու էր Սատանային՝ վերացնելով Եդեմի պարտեզից սկիզբ առած չարությունը (1 Հովհ. 3։8)։ Սակայն Սատանան նախ «խայթելու» էր նրան, կամ՝ սպանելու էր։ Իհարկե, դա անասելի ցավ էր պատճառելու Եհովային, բայց նա պատրաստ էր անցնելու այդ ամենի միջով հանուն վերջնական արդյունքի, այն է՝ անհամար մարդկանց ազատել մեղքից ու մահից։
ԱՆՑՅԱԼՈՒՄ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՄԵՂԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԱՍՏԾՈՒ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆԸ
6. Եհովայի հետ մտերմանալու համար ի՞նչ են արել հավատի տեր մարդիկ, ինչպիսիք են Աբելն ու Նոյը։
6 Դարերի ընթացքում Եհովան աստիճանաբար բացահայտել է, թե ինչպես կարող են մեղավոր մարդիկ մտերմանալ իր հետ։ Եդեմում բարձրացված ըմբոստությունից հետո Ադամի ու Եվայի երկրորդ որդին՝ Աբելը, առաջին մարդն էր, ով հավատ դրսևորեց Եհովայի հանդեպ։ Նա սիրում էր Եհովային, ուզում էր հաճեցնել նրան և մտերմանալ նրա հետ, ուստի զոհ մատուցեց նրան։ Քանի որ Աբելը հովիվ էր, իր հոտից մի քանի մատղաշ գառ վերցրեց, մորթեց և զոհաբերեց Աստծուն։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Եհովան «հավանություն տվեց Աբելին ու նրա ընծային» (Ծննդ. 4։4)։ Եհովան հավանություն էր տալիս նաև իրեն վստահող ու սիրող այլ մարդկանց զոհերին։ Այդ մարդկանցից էր Նոյը (Ծննդ. 8։20, 21)։ Այդպես վարվելով՝ Եհովան ցույց էր տալիս, որ մեղավոր մարդիկ կարող են արժանանալ իր հավանությանն ու մտերմանալ իր հետ։b
7. Եհովան ի՞նչ էր ուզում մեզ սովորեցնել Աբրահամի օրինակով։
7 Եհովան Աբրահամին, ով ակնառու հավատի տեր անձնավորություն էր, մի շատ դժվար պատվեր տվեց՝ զոհել սեփական որդուն՝ Իսահակին։ Անկասկած, սա Աբրահամի կյանքում ամենածանր հանձնարարությունն էր։ Այնուամենայնիվ, նա պատրաստ էր հնազանդվել Եհովային։ Սակայն վերջին պահին Աստված կանգնեցրեց նրան։ Այդուհանդերձ, Աբրահամի օրինակով Եհովան մի կարևոր բան էր ուզում սովորեցնել մեզ։ Նա ուզում էր ցույց տալ, որ պատրաստվում էր մեզ համար զոհաբերել իր սիրելի Որդուն։ Այո՛, մարդիկ շատ թանկ են Եհովայի համար (Ծննդ. 22։1-18)։
8. Ի՞նչ էին մատնանշում Օրենքով պահանջվող բազմաթիվ զոհերը (Ղևտական 4։27-29; 17։11)։
8 Դարեր անց Իսրայել ազգին տրված Օրենքով պահանջվում էր բազմաթիվ զոհեր մատուցել Աստծու ժողովրդի մեղքերը քավելու համար (կարդա Ղևտական 4։27-29; 17։11)։ Նման զոհերը մատնանշում էին ավելի մեծ զոհ, որն ամբողջությամբ քավելու էր մարդկանց մեղքը։ Մարգարեները Աստծու ներշնչմամբ բացատրել են, որ խոստացված սերունդը, որը, ինչպես հետագայում պարզ դարձավ, Աստծու միածին Որդին է, տառապելու էր և մահվան էր մատնվելու։ Նա զոհաբերվող գառի պես մորթվելու էր (Ես. 53։1-12)։ Միայն պատկերացրու. Եհովան քայլեր էր ձեռնարկելու, որ իր սիրելի Որդուն զոհաբերեր ողջ մարդկությանը, այդ թվում՝ քեզ մեղքից ու մահից ազատելու համար։
Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ՀԻՍՈՒՍԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
9. Ի՞նչ ասաց Հովհաննես Մկրտիչը Հիսուսի մասին (Եբրայեցիներ 9։22; 10։1-4, 12)։
9 Առաջին դարում Աստծու ծառաներից մեկը՝ Հովհաննես Մկրտիչը, տեսնելով նազարեթցի Հիսուսին, ասաց. «Ահա՛ Աստծու Գառը, որը վերացնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29)։ Աստծու կողմից տրված այս խոսքերը կասկած չթողեցին, որ Հիսուսն էր վաղուց ի վեր խոստացված սերունդը, որը պետք է իր կյանքը տար մարդկության համար։ Այսպիսով՝ մեղքից մեկընդմիշտ ազատվելու մարդկության հույսը առավել քան երբևէ հաստատուն դարձավ (կարդա Եբրայեցիներ 9։22; 10։1-4, 12)։
10. Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տվել, որ «եկել է.... կանչելու» մեղավորներին։
10 Հիսուսը հատուկ ուշադրություն էր դարձնում այն մարդկանց, ովքեր մեղքի պատճառով վհատված էին, և հրավիրում էր նրանց դառնալ իր հետևորդները։ Նա գիտեր, որ մարդկության տառապանքի բուն պատճառը մեղքն է։ Ուստի օգնում էր հատկապես այն տղամարդկանց ու կանանց, ովքեր հայտնի էին որպես մեղսագործներ։ Հիսուսը բացատրեց, թե ինչու է այդպես վարվում, հետևյալ համեմատությունն անելով. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները»։ Նա նաև ասաց. «Ես եկել եմ ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղսագործներին» (Մատթ. 9։12, 13)։ Հիսուսը հենց այդպես էլ վարվում էր։ Երբ մի մեղավոր կին իր արցունքներով լվաց Հիսուսի ոտքերը, վերջինս ջերմորեն խոսեց նրա հետ և ներեց նրա մեղքերը (Ղուկ. 7։37-50)։ Իսկ մեկ ուրիշ առիթով նա ջրհորի մոտ կարևոր ճշմարտություններ սովորեցրեց սամարացի մի կնոջ, թեև այդ կինը անբարո կյանքով էր ապրում (Հովհ. 4։7, 17-19, 25, 26)։ Աստված Հիսուսին նույնիսկ իշխանություն է տվել վերացնելու մեղքի ամենավատ հետևանքը՝ մահը։ Հիսուսը դա կանի՝ հարություն տալով թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց և թե՛ երեխաներին (Մատթ. 11։5)։
11. Ինչո՞ւ էին մեղավոր մարդիկ ձգվում դեպի Հիսուսը։
11 Զարմանալի չէ, որ անգամ այն մարդիկ, ովքեր թաթախված էին մեղքի մեջ, ձգվում էին դեպի Հիսուսը։ Նա ապրումակցում էր նրանց և կարեկցանք էր դրսևորում նրանց հանդեպ։ Դրա շնորհիվ նման մարդիկ չէին կաշկանդվում մոտենալ նրան (Ղուկ. 15։1, 2)։ Հիսուսը գովում և վարձատրում էր նրանց իրենց դրսևորած հավատի համար (Ղուկ. 19։1-10)։ Նա կատարելապես արտացոլում էր իր Հոր գթասրտությունը (Հովհ. 14։9)։ Հիսուսը խոսքով ու գործով ցույց էր տալիս, որ իր կարեկից ու գթառատ Հայրը սիրում է մարդկանց և ցանկանում է օգնել նրանց բոլորին, որ հաղթանակ տանեն մեղքի դեմ պայքարում։ Հիսուսը օգնում էր մեղավոր մարդկանց, որ մղվեն փոխելու իրենց կյանքը և հետևեն իրեն (Ղուկ. 5։27, 28)։
12. Հիսուսը ի՞նչ մանրամասներ հայտնեց իր մահվան մասին։
12 Հիսուսը գիտեր, թե իր հետ ինչ է լինելու ապագայում։ Իր հետևորդներին նա բազմիցս ասել էր, որ իրեն մատնելու էին և սյան վրա մահապատժի էին ենթարկելու (Մատթ. 17։22; 20։18, 19)։ Նա գիտեր, որ իր զոհագործությամբ վերացնելու է աշխարհի մեղքը, ճիշտ ինչպես ասել էին Հովհաննեսն ու մարգարեները։ Բացի այդ՝ Հիսուսը սովորեցնում էր, որ իր կյանքը զոհաբերելուց հետո «ամեն տեսակ մարդկանց դեպի իրեն էր ձգելու» (Հովհ. 12։32)։ Այդուհետ մեղավոր մարդիկ կարողանալու էին հաճեցնել Եհովային՝ Հիսուսին ընդունելով որպես իրենց Տիրոջ և հետևելով նրա հետքերին։ Այդպես վարվելով՝ նրանք ի վերջո «ազատվելու էին մեղքից» (Հռոմ. 6։14, 18, 22; Հովհ. 8։32)։ Դա էր պատճառը, որ Հիսուսը պատրաստակամորեն և քաջաբար զոհեց իր կյանքը՝ տանջալից մահ ճաշակելով (Հովհ. 10։17, 18)։
13. Ինչպե՞ս Հիսուսը մահացավ, և նրա մահը ի՞նչ է սովորեցնում մեզ Եհովա Աստծու մասին (տես նաև նկարը)։
13 Հիսուսին դավաճանեցին, ձերբակալեցին, վիրավորեցին, զրպարտեցին, մեղավոր ճանաչեցին և տանջանքների ենթարկեցին։ Այդ ամենից հետո նրան գամեցին սյանը։ Մինչ նա հավատարմորեն անցնում էր այդ մղձավանջի միջով, կար Մեկը, ով ավելի մեծ ցավ էր ապրում։ Դա Եհովա Աստված էր։ Նա ի զորու էր միջամտելու և վերջ դնելու իր Որդու տառապանքներին, բայց այդպես չվարվեց։ Ի՞նչը կարող էր պատճառ լինել, որ սիրառատ Հայրը նման իրավիճակում չմիջամտեր։ Եթե մեկ բառով ասենք՝ սերը։ Հիսուսն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3։16)։
Եհովան անասելի ցավ ապրեց, երբ իր Որդուն մահապատժի ենթարկեցին։ Բայց նա թույլ տվեց դա, որպեսզի մեզ ազատի մեղքից ու մահից (տես պարբերություն 13)
14. Հիսուսի զոհագործությունը ի՞նչ է սովորեցնում քեզ։
14 Հիսուսի զոհագործությունը Ադամի ու Եվայի սերունդների հանդեպ Եհովայի սիրո մեծագույն ապացույցն է։ Այն փաստում է, թե որքան շատ է Եհովան սիրում քեզ։ Նա իր լավագույնն է զոհել և անասելի ցավ է ապրել, որպեսզի փրկի քեզ մեղքից ու մահից (1 Հովհ. 4։9, 10)։ Անկասկած, Եհովան ուզում է օգնել յուրաքանչյուրիս, որ պայքարենք մեղքի դեմ և հաղթանակ տանենք։
15. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի օգուտներ քաղենք Եհովայի տված պարգևից՝ Հիսուսի քավիչ զոհից։
15 Աստծու պարգևը՝ նրա միածին Որդու քավիչ զոհը, հնարավորություն է տալիս, որ մեր մեղքերը ներվեն։ Բայց որպեսզի Աստված ների մեզ, մենք պետք է մի կարևոր բան անենք։ Հովհաննես Մկրտիչը, իսկ հետո նաև Հիսուս Քրիստոսը ասել են, թե ինչ. «Զղջացե՛ք, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը» (Մատթ. 3։1, 2; 4։17)։ Ուստի եթե ուզում ենք հաղթել մեղքի դեմ պայքարում և մտերմանալ մեր սիրառատ Հոր հետ, պետք է զղջանք։ Բայց ի՞նչ է նշանակում զղջալ, և ինչպե՞ս է այն օգնում պայքարել արատավոր հակումների դեմ։ Այս հարցերի պատասխանները կիմանանք ուսումնասիրության հաջորդ հոդվածից։
ԵՐԳ 18 Երախտապարտ ենք փրկանքի համար
a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչում «մեղք» բառը կարող է վերաբերել սխալ գործերին, Եհովայի բարոյական չափանիշների համաձայն ապրելու կամ վարվելու հարցում թերանալուն։ Սակայն «մեղք» բառը կարող է վերաբերել նաև մեր անկատար ու մեղավոր վիճակին, որը ժառանգել ենք Ադամից։ Ժառանգած մեղքն է պատճառը, որ բոլորս մահանում ենք։
b Եհովան ընդունում էր նախաքրիստոնեական ժամանակների հավատարիմ մարդկանց զոհաբերությունները, քանի որ գիտեր, որ ապագայում Հիսուս Քրիստոսը զոհելու էր իր կյանքը և մարդկությանը մեկընդմիշտ ազատելու էր մեղքից ու մահից (Հռոմ. 3։25)։