Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք
1. Ի՞նչ պատասխանատվություն ունեն այն քարոզիչները, ովքեր Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում։
1 Ոչ ոք չի կարող ծառայել Աստծուն, եթե նա «չձգի» այդ անհատին (Հովհ. 6։44)։ Այդուհանդերձ, այն քարոզիչները, ովքեր Աստվածաշնչի ուսումնասիրություններ են անցկացնում, պետք է իրենց բաժինն անեն, որ օգնեն մարդկանց մոտենալու իրենց երկնային Հորը (Հակ. 4։8)։ Դրա համար հարկավոր է նախապատրաստվել ուսումնասիրությանը, քանի որ պարբերությունները պարզապես ընթերցելը և հարցերը տալը բավական չէ, որ անհատը հասկանա ճշմարտությունը ու առաջադիմի։
2. Ո՞րն է Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրությունը։
2 Արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնելու համար հարկավոր է օգնել ուսումնասիրողին 1) հասկանալու, 2) ընդունելու և 3) կիրառելու այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է (Հովհ. 3։16; 17։3; Հակ. 2։26)։ Հնարավոր է՝ ամիսներ պահանջվեն այս երեք նպատակին հասնելու համար։ Սակայն յուրաքանչյուրն էլ Եհովայի հետ փոխհարաբերություններ զարգացնելու և նրան նվիրվելու հարցում առանձին բաներ են։
3. Ինչո՞ւ են արդյունավետ ուսուցիչները տեսակետ բացահայտող հարցեր տալիս։
3 Որպեսզի իմանանք՝ Աստվածաշունչ ուսումնասիրողը հասկանում և ընդունում է իր սովորածը, թե ոչ, չպետք է միշտ խոսողը մենք լինենք։ Հակառակը՝ լավ կլինի ուսումնասիրողին քաջալերել, որ իր մտքերն ու զգացմունքները արտահայտի (Հակ. 1։19)։ Արդյոք նրան պա՞րզ է քննարկվող թեմայի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը։ Կարո՞ղ է նա բացատրել այդ թեման իր բառերով։ Ինչպիսի՞ն է նրա տեսակետը իր սովորածի վերաբերյալ։ Հավատո՞ւմ է, որ այն, ինչ Աստվածաշունչը սովորեցնում է, խելամիտ է (1 Թեսաղ. 2։13)։ Հասկանո՞ւմ է, որ իր սովորածը պետք է ազդի իր ապրելակերպի վրա (Կող. 3։10)։ Այս և նման հարցերի պատասխանները ստանալու համար մենք պետք է նրբանկատորեն անհատի տեսակետը բացահայտող հարցեր տանք ու հետո լսենք (Մատթ. 16։13–16)։
4. Ի՞նչ է հարկավոր անել, եթե ուսումնասիրողը դժվարանում է հասկանալ կամ կիրառել այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։
4 Սովորություններն ու մտածելակերպը սովորաբար խոր արմատներ են գցում մարդկանց մեջ, ուստի ժամանակ է պահանջվում դրանք արմատախիլ անելու համար (2 Կորնթ. 10։5)։ Իսկ ի՞նչ անել, եթե ուսումնասիրողը չի ընդունում կամ չի կիրառում այն, ինչ սովորում է։ Հարկավոր է լինել համբերատար և հասկանալ, որ մի որոշ ժամանակ պետք է անցնի, որպեսզի Աստծու Խոսքը և սուրբ ոգին ներգործեն անհատի սրտում (1 Կորնթ. 3։6, 7; Եբր. 4։12)։ Եթե անհատը դժվարանում է հասկանալ կամ կիրառել աստվածաշնչյան որևէ ճշմարտություն, լավ կլինի ոչ թե ճնշում բանեցնել նրա վրա, այլ անցնել մեկ ուրիշ թեմայի քննարկման։ Մինչ շարունակում ենք համբերատարությամբ և սիրով ուսուցանել անհատին, ժամանակի ընթացքում նա կարող է մղվել անելու անհրաժեշտ փոփոխությունները։