Անմիջապես գործի անցիր
Սկսած այն ժամանակից, ինչ գործում է մեր նոր կայքը՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն ցանկացողների թիվը զգալիորեն աճել է։ Շատերն էլ ցանկացել են ուսումնասիրություն սկսել, երբ հրապարակային վկայությունը նախաձեռնվեց։ Այդ մարդկանց օգնելու համար մասնաճյուղը հնարավորինս արագ է արձագանքում։ Օրինակ՝ եթե հետաքրքրություն ցույց տված անհատը jw.org կայքում լրացնում է բլանկը, նրա տարածքում ապրող երեցները հաճախ մասնաճյուղից նամակ են ստանում ընդամենը երկու օր հետո։ Սակայն դաշտից ստացած տեղեկությունները ցույց են տալիս, որ այն մարդկանց, ովքեր լրացրել են Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու բլանկը, մի քանի շաբաթ ոչ ոք չի այցելել։ Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ մենք անմիջապես կարձագանքենք՝ թույլ չտալով, որ անհատի հետաքրքրությունը մարի (Մարկ. 4։14, 15)։
Եթե անհատը, որը հետաքրքրություն է ցույց տալիս, չի ապրում քո տարածքում, անմիջապես լրացրու «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը և ամենաուշը հաջորդ ժողովի հանդիպմանը տուր քարտուղարին։ Քարտուղարն իր հերթին պետք է այդ տեղեկությունը ուղարկի մասնաճյուղ մեկ կամ երկու օրվա ընթացքում՝ օգտվելով մեր կայքից (ժողով/մուտքագրել հաշվետվությունը/այցելիր)։ Երեցները պետք է կանոնավորաբար ստուգեն կայքը։ Եթե նրանք տեղեկություն են ստանում, որ իրենց տարածքում ապրող որևէ անհատ հետաքրքրություն է ցույց տվել, ապա պետք է արագ գործի անցնեն։ Այն քարոզչին, ում խնդրում են այցելել հետաքրքրվող անհատին, պետք է դա առաջնահերթություն համարի։ Եթե տվյալ անհատը տանը չէ, թերևս կարող ես գրություն թողնել՝ նշելով քո կոնտակտային տվյալները։