Նոր նախաձեռնություն՝ հրապարակային վկայություն տալու նպատակով
1. Ի՞նչ օրինակ են թողել առաջին դարի քրիստոնյաները։
1 Առաջին դարի քրիստոնյաները, բացի տնետուն քարոզելուց, նաև հրապարակային վկայություն էին տալիս (Գործ. 20։20)։ Օրինակ՝ նրանք գնում էին տաճարում քարոզելու, որովհետև գիտեին, որ այնտեղ շատ մարդ է լինում (Գործ. 5։42)։ Պողոս առաքյալը, երբ Աթենքում էր, ամեն օր հրապարակում քարոզում էր (Գործ. 17։17)։ Այսօր բարի լուրը տարածելու մեր հիմնական ձևը շարունակում է մնալ տնետուն ծառայությունը։ Բայցևայնպես, մենք քարոզում ենք նաև կայանավայրերում, գործարար տարածքներում, զբոսայգիներում, բանուկ փողոցներում և այլ վայրերում, որտեղ կարող ենք հանդիպել մարդկանց։ Քանի որ յուրաքանչյուր քարոզչի հորդոր է տրվում հրապարակային վկայություն տալ, շատերը հնարավորություն կունենան մասնակցելու հրապարակային վկայություն տալու նպատակով կազմակերպված երկու նոր, անչափ հետաքրքիր նախաձեռնության։
2. Ի՞նչ նախաձեռնություն սկսվեց 2011թ. նոյեմբերին։
2 Հատուկ հրապարակային վկայություն մեծ քաղաքներում։ 2013թ. «Տարեգրքի» 16-րդ և 17-րդ էջերում պատմվում է հրապարակային վկայության մի նախաձեռնության մասին, որը սկսվեց 2011թ. նոյեմբերին Նյու Յորք քաղաքում։ Գրավիչ տաղավարներն ու ցուցատախտակները, որոնց վրա դրված էր տարբեր լեզուներով գրականություն, տեղադրվեցին քաղաքի մարդաշատ վայրերում։ Դրանց կողքով ամեն օր անցնում էին հազարավոր մարդիկ, այդ թվում նաև նրանք, ովքեր ապրում են հսկվող շենքերում կամ ովքեր հաճախ տանը չեն լինում։ Արձագանքը պարզապես ապշեցուցիչ էր։ Վերջերս մեկ ամսում բաժանվեց 3797 ամսագիր և 7986 գիրք։ Անցորդներից շատերը խնդրեցին, որ իրենց հետ Աստվածաշնչի ուսուցում անցկացվի։ Քանի որ նպատակը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելն էր, այն հասցեները, որ թողել էին հետաքրքրվող մարդիկ, անմիջապես ուղարկվեցին համապատասխան ժողովներ, որպեսզի քարոզիչները այցելեն նրանց։
3. Ինչպե՞ս է այս նախաձեռնությունը ընդլայնվում։
3 Քանի որ նախաձեռնությունը հաջողություն ունեցավ, աշխարհի խիտ բնակեցված այլ մեծ քաղաքներում ևս կիրառվում է հրապարակային վկայության այս ձևը։ Տեղի մասնաճյուղը կորոշի, թե որ քաղաքներում հարմար կլինի այս ձևով վկայություն տալ։ Սովորաբար դրանք այն քաղաքներն են, որտեղ կան երկաթուղային կայարաններ, ավտոկայաններ, այնպիսի վայրեր, որտեղ գրասենյակները առանձնապես շատ են, կամ այնպիսի բնակելի թաղամասեր, որտեղ շատ է հետիոտների երթևեկությունը։ Որոշելուց հետո մասնաճյուղը կապ կհաստատի այն ժողովների հետ, որոնք մասնակցելու են նախաձեռնությանը, և կտա լրացուցիչ հրահանգներ։ Սովորաբար հրապարակային ծառայության այս ձևին հրավիրվում են մասնակցելու հատուկ և ընդհանուր ռահվիրաներ, բայց որոշ վայրերում կարող են մասնակցել նաև ենթառահվիրաներ։
4. Ինչպե՞ս է հատուկ հրապարակային վկայություն տրվում մեծ քաղաքներում։
4 Ինչպես է վկայությունը տրվում։ Ռահվիրաները սպասում են, մինչև որ մեկը մոտենա տաղավարին կամ շարժական ցուցատախտակին։ Երբ ինչ-որ մեկը մոտենում է, նրան գրականություն են առաջարկում իրեն հետաքրքրող թեմայով։ Ռահվիրաները Աստվածաշնչի միջոցով սիրով պատասխանում են նրա բոլոր հարցերին։ Եթե անհատը գրականություն է վերցնում, ռահվիրաները չեն նշում նվիրաբերություն անելու մասին։ Բայց եթե նա հետաքրքրվում է, թե ինչպես է մեր գործունեությունը ֆինանսավորվում, նրան կարող են բացատրել, որ կարելի է նվիրաբերությունը ուղարկել գրականության մեջ նշված հասցեներից մեկով։ Հնարավորության դեպքում նրանք հարցնում են. «Կցանկանա՞ք, որ ձեզ այցելեն» կամ «Գիտե՞ք, որ, բացի գրականությունից, մենք առաջարկում ենք նաև Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն»։
5. Ի՞նչ օգուտներ է ստանում մի ամուսնական զույգ՝ մասնակցելով այս նոր նախաձեռնությանը։
5 Այս նախաձեռնությանը մասնակցելը շատ օգուտներ է բերում։ Մի ամուսնական զույգ գրում է. «Կանգնելով սեղանի մոտ և տեսնելով, թե ինչպես են ամեն օր հազարավոր մարդիկ անցնում դրա կողքով՝ ավելի լավ ենք հասկանում, թե ինչ հսկայական աշխատանք է տարվում, որպեսզի բարի լուրը հասնի աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց։ Տեսնելով մարդկանց մեծ հոսքը և մտածելով, թե ինչպես է Եհովան հոգ տանում նրանցից յուրաքանչյուրի մասին՝ լցվում ենք ավելի մեծ վճռականությամբ շարունակելու առաջնահերթություն տալ քարոզչական գործին։ Մենք պատկերացնում ենք, թե ինչպես է Եհովան կարծես սկաներով անցկացնում բոլոր նրանց սրտերը, ովքեր անցնում են սեղանի մոտով, և փնտրում արժանիներին։ Մենք այնքա՜ն ուժեղ ենք զգում մեր համագործակից հրեշտակների աջակցությունը»։
6. ա) Հրապարակային վկայության ի՞նչ նոր ձև են կիրառում շատ ժողովներ, և դա ինչո՞վ է տարբերվում մեծ քաղաքներում հատուկ հրապարակային վկայությունից։ բ) Ինչպե՞ս կարող են ժողովները համագործակցել հրապարակային վկայություն տալու հարցում։
6 Ինչպես կազմակերպել հրապարակային վկայություն ժողովի տարածքում։ Ի լրումն մեծ քաղաքներում հատուկ հրապարակային վկայության, մեկ այլ նոր նախաձեռնություն է այն, որ շատ երեցների խորհուրդներ իրենց ժողովի տարածքներում կազմակերպում են հրապարակային վկայություն. քարոզիչները սեղանի կամ շարժական ցուցատախտակի միջոցով վկայություն են տալիս իրենց ժողովի տարածքի մարդաշատ վայրերում։ Սա տարբերվում է մեծ քաղաքներում հատուկ հրապարակային վկայությունից, որի ժամանակ տարբեր ժողովների քարոզիչներ վկայություն են տալիս մասնաճյուղի կողմից ընտրված քաղաքների մարդաշատ վայրերում (տե՛ս «Հարկավոր է լավ համագործակցել» շրջանակը)։
7. Եթե գործնական է, երեցներն ինչպե՞ս կկազմակերպեն հրապարակային վկայությունը իրենց ժողովի տարածքում։
7 Երեցները կքննարկեն, թե արդյոք ժողովի տարածքում կան վայրեր, որտեղ անցուդարձը մեծ է, և կորոշեն, թե արդյոք գործնական է կազմակերպել հրապարակային վկայություն։ Սեղանի և շարժական ցուցատախտակի միջոցով վկայություն տալու հարմար վայրեր կարող են լինել երկաթուղային կայարանները, ավտոկայանները, հրապարակները, զբոսայգիները, բանուկ փողոցները, առևտրային կենտրոնները, բուհերի և ուսանողական հանրակացարանների տարածքները, օդանավակայանները և այն վայրերը, որտեղ ամեն տարի միջոցառումներ են անցկացվում։ Ավելի լավ է, որ հրապարակային վկայությունը արվի նույն վայրում, նույն օրերին և նույն ժամերին։ Փորձը ցույց է տվել, որ առևտրի կենտրոններում հրապարակային վկայություն տալը ավելի արդյունավետ է լինում, երբ տաղավարը դրվում է առևտրի կենտրոնի ներսում և ոչ թե դրսում, որովհետև այցելուները սովորաբար կենտրոնացած են լինում այդ կենտրոնը մտնելու իրենց նպատակի վրա։ Որոշ տարածքներում, օրինակ՝ մարդաշատ մայթերում, թերևս ավելի հարմար է օգտագործել գրականության փոքր շարժական ցուցատախտակ։ Երեցները մեր վեբ կայքից կարող են բեռնել հատուկ ֆայլեր, որպեսզի պատրաստեն «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի և «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի ցուցանակները։ Այդ ֆայլերը հատուկ պատրաստված են հրապարակային վկայության այս ձևի համար։ Այս ծառայությունը շատ բանով նման կլինի մեծ քաղաքներում հատուկ հրապարակային վկայություն տալուն։ Ծառայության այս ձևին մասնակցողները պետք է սերտորեն հետևեն ծառայողական վերակացուի առաջնորդությանը։ Եթե նրանք հասցե են վերցնում այն հետաքրքրվող անհատից, որը չի ապրում իրենց տարածքում, անմիջապես պետք է լրացնեն «Խնդրում ենք, այցելիր» (S-43) բլանկը և այն տան ժողովի քարտուղարին։
8. Ի՞նչ հնարավորություններ կան ինքնուրույն հրապարակային վկայություն տալու, եթե ժողովը այն չի կազմակերպում։
8 Հրապարակորեն վկայիր։ Որոշ ժողովների տարածքներում գուցե չլինեն այնպիսի վայրեր, որոնք բավականաչափ մարդաշատ լինեն, որպեսզի այնտեղ քարոզիչները տաղավարների կամ շարժական ցուցատախտակների միջոցով հրապարակային վկայություն տան։ Բայց նույնիսկ նման ժողովների քարոզիչներին հորդորում ենք մտածել ինքնուրույն հրապարակային վկայություն տալու մասին։ Քո տարածքում կա՞ն իրար կողքի շարված խանութներ կամ առանձին այնպիսի խանութ, որտեղ եռուզեռը շատ է։ Կա՞ զբոսայգի կամ մի վայր, որտեղ մարդիկ հավաքվում են։ Կա՞ն այնպիսի վայրեր, որտեղ պարբերաբար հասարակական միջոցառումներ են անցկացվում։ Եթե այո, ապա դու էլ կարող ես վայելել հրապարակային վկայություն տալու ուրախությունը։
9. Ինչո՞ւ պետք է ձգտենք մարդկանց քարոզել այնտեղ, որտեղ կարող ենք նրանց հանդիպել։
9 Եհովայի «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։ Դրա համար մենք ձգտում ենք նախքան վերջի գալը որքան հնարավոր է շատ մարդկանց հայտնել Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14)։ Շատ վայրերում դժվար է մարդկանց տանը հանդիպել, սակայն մենք կարող ենք նրանց հետ խոսել դրսում։ Հրապարակային վկայությունը կարող է լինել միակ ձևը, որ որոշ մարդիկ լսեն բարի լուրը։ Ուստի եկեք լիովին կատարենք մեր ծառայությունը՝ քարոզելով մարդկանց այնտեղ, որտեղ կարող ենք նրանց հանդիպել (2 Տիմոթ. 4։5)։
[շրջանակ 5-րդ էջի վրա]
Հարկավոր է լավ համագործակցել
Եղել են դեպքեր, երբ հարևան ժողովների քարոզիչները հրապարակային վկայություն են տվել նույն փողոցում, կայանավայրում, նույն գործարար տարածքի առաջ, երկաթուղային կայարաններում և ավտոկայաններում։ Տարբեր ժողովների քարոզիչներ ամսագրեր են թողել կամ քարոզել են նույն ընդունարանում, սպասասրահում և այլ գործարար վայրերում։ Սա նյարդայնացրել է այս գործարար վայրերում աշխատող, ինչպես նաև հարևանությամբ ապրող մարդկանց, նույնիսկ երբ քարոզիչները չեն քարոզել միևնույն ժամին։ Դրա համար ամենից լավն այն է, որ հրապարակային վկայություն տանք մեր ժողովին նշանակված քարոզչական տարածքում։
Եթե քարոզիչները ցանկանում են հրապարակային վկայություն տալ հարևան ժողովի տարածքում, նրանք պետք է խոսեն իրենց ծառայողական վերակացուի հետ։ Վերջինս կարող է կապ հաստատել այդ ժողովի ծառայողական վերակացուի հետ և թույլտվություն խնդրել նրանց ժողովի տարածքում հրապարակային վկայություն տալու համար։ Եթե տարբեր լեզուներով խոսող ժողովները ունեն միևնույն քարոզչական տարածքը, ծառայողական վերակացուները պետք է համագործակցեն իրար հետ, որպեսզի հարևանությամբ ապրող մարդկանց անտեղի չանհանգստացնեն։ Լավ համագործակցության շնորհիվ ամեն ինչ «պարկեշտությամբ և կարգուկանոնով» կլինի (1 Կորնթ. 14։40)։
[նկար 6-րդ էջի վրա]
[նկար 6-րդ էջի վրա]