Հարցերի արկղ
◼ Ի՞նչ պետք է իմանանք, եթե ուզում ենք, որ մեր ունեցվածքը կամ դրա մի մասը մեր մահից հետո անցնի Եհովայի կազմակերպությանը։
Երբ մարդ մահանում է, բնականաբար նա այլևս չի կարող տնօրինել իր ունեցվածքը (Ժող. 9։5, 6)։ Ուստի շատերը կտակ են կազմում, որտեղ արտահայտում են իրենց կամքը, թե ինչպես պետք է բաժանվի իրենց ունեցվածքը (2 Թագ. 20։1)։ Կտակարարը սովորաբար նշում է նաև կտակակատարի անունը։ Շատ երկրներում, եթե կտակ կազմված չի լինում, պետությունն է որոշում, թե ինչպես բաժանել հանգուցյալի ունեցվածքը։ Ուստի, եթե ցանկանում ենք, որ մեր ողջ ունեցվածքը կամ դրա մի մասը մահից հետո անցնի Եհովայի կազմակերպությանը, կարևոր է այս մասին կազմել իրավական ուժ ունեցող կտակ։ Բացի այդ, պետք է ճիշտ ընտրենք կտակակատարին։
Կտակակատարի պատասխանատվությունը լուրջ է։ Եթե ունեցվածքը մեծ է, ապա գույքը հավաքելը և հետո բաժանելը կարող է աշխատատար և ժամանակատար լինել։ Բացի դա, պետությունը կարող է պահանջել հետևել որոշակի ընթացակարգի։ Ժողովի ամեն անդամ չէ, որ կարող է լինել լավ կտակակատար։ Նա պետք է լինի գործից հասկացող, վստահելի և պատրաստ լինի կատարելու կտակարարի կամքը (տե՛ս «Արթնացե՛ք», 1998, դեկտեմբերի 8, էջ 24–27, անգլ.)։
Երբ քեզ խնդրում են լինել կտակակատար։ Եթե քեզ հարցնում են, թե արդյոք կարող ես լինել կտակակատար, նախևառաջ հարկավոր է «հաշվել ծախսը» և աղոթել այն մասին, թե արդյոք կարող ես կատարել այդ գործը (Ղուկ. 14։28–32)։ Կտակարարի մահից հետո հարկ կլինի, որ բոլոր շահառուներին ապահովես տեղեկությամբ։ Կտակակատարի լիազորությունները ստանալուց հետո քո պարտականությունն է բաժանել ունեցվածքը օրենքով սահմանված կարգով և կտակարարի՝ կտակում արտահայտված կամքի համաձայն։ Կտակակատարը պետք է գիտակցի, որ անկախ ունեցվածքի մեծությունից, պետք է լրջորեն վերաբերվի կտակի դրույթներին։ Եհովայի վկաների կողմից օգտագործվող իրավաբանական անձանց փոխանցված ժառանգությունները նվիրաբերված միջոցներ են, որոնք պատկանում են Եհովայի կազմակերպությանը (Ղուկ. 16։10; 21։1–4)։