Նոր խորագիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար
1. Ի՞նչ նոր խորագիր կընդգրկվի տարածելու համար նախատեսված «Դիտարանում», և ի՞նչ նպատակի է ծառայելու այն։
1 Սկսած հաջորդ ամսից՝ տարածելու համար նախատեսված «Դիտարանում» տեղ կգտնի մի նոր խորագիր, որի հոդվածները կօգնեն մեզ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու։ Այդ խորագիրն է՝ «Սովորենք Աստծու Խոսքից»։ Անշուշտ, շատերը մեծ բավականություն կստանան, երբ անձամբ կարդան այս խորագրի հոդվածները։ Սակայն այս հոդվածները նախատեսված են ոչ միայն ընթերցելու, այլև հետաքրքիր քննարկումներ անցկացնելու համար։
2. Որո՞նք են նոր հոդվածների առանձնահատկություններից մի քանիսը։
2 Առանձնահատկություններ։ Վերնագիրն ու ենթավերնագրերը գրված են հարցերի ձևով, որպեսզի քննարկման ժամանակ կարողանանք հարցեր տալ տանտիրոջը։ Հոդվածի գլխավոր համարները նշված են, սակայն մեջբերված չեն, որպեսզի տանտերը դրանք կարդա անմիջապես Աստծու Խոսքից։ Քանի որ պարբերությունները կարճ են, կարելի է հենց տան շեմին քննարկել դրանք։ Յուրաքանչյուր հոդված հղում է կատարում «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքին՝ օգնելով քեզ հարմար առիթի դեպքում ուսումնասիրությունը շարունակել այդ հրատարակության միջոցով։
3. Ինչպե՞ս կարող ենք տնետան ժամանակ, օգտագործելով այս հոդվածները, դռան շեմին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։
3 Ինչպե՞ս օգտագործել այն։ Պարբերագրերն առաջարկելիս կարող ես հոդվածի գլխավոր թեմայի վերաբերյալ հետաքրքրություն առաջացնող հարց տալ։ Օրինակ՝ հունվարի 1-ի համարում քննարկվում է Աստվածաշնչի արժեքավոր լինելու մասին։ Կարող ես հարցնել. «Ի՞նչ եք կարծում, Աստվածաշունչը Աստծու Խո՞սքն է, թե՞ պարզապես լավ գիրք։ [Թույլ տուր պատասխանել։] Ես շատ հետաքրքրիր նյութ ունեմ այս հարցի վերաբերյալ»։ Նշիր առաջին հարցը, կարդա առաջին պարբերությունը և բաց արա ու ընթերցիր հիշատակված համարը։ Կրկին կարդա հարցը և խնդրիր տանտիրոջը մեկնաբանել։ Օգտագործելով նշված հարցերը՝ քննարկիր այնքան նյութ, որքան հարմար ես գտնում։ Նախքան հեռանալը տանտիրոջ ուշադրությունը հրավիրիր հաջորդ հարցի վրա և կոնկրետ պայմանավորվիր վերայցելելու և այն քննարկելու համար։ Ամեն շաբաթ այցելիր նրան, և միասին քննարկեք հոդվածի մյուս հարցերը, մինչև կստանաք հաջորդ թողարկումը։ Կամ այցելիր նրան և անմիջապես Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր։ Այնուհետև օգտագործելով խորագրի հոդվածը՝ ցույց տուր, թե ինչպես է այն անցկացվում։
4. Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս հոդվածները վերայցելություններ կատարելիս։
4 Այս նոր խորագրի հոդվածներն օգտակար կարող են լինել նաև այն ժամանակ, երբ կանոնավորաբար պարբերագրեր ես տալիս անհատին (պարբերագրերի երթուղի), ինչպես նաև վերայցելությունների ժամանակ։ Կարող ես պարզապես ասել. ««Դիտարան» պարբերագրում մի նոր խորագիր կա։ Թույլ տվեք ցույց տալ, թե ինչպես կարելի է օգտագործել այն»։ Մենք աղոթում ենք, որ այս նոր խորագիրն ավելի շատ մարդկանց օգնի «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանալու» (1 Տիմոթ. 2։4)։