Ինչ օգուտներ ենք ստանում ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումից
1. Ինչպե՞ս են մեզ օգնում շաբաթական հինգ հանդիպումները։
1 Մեր շաբաթական հինգ հանդիպումները միմյանցից տարբերվում են իրենց նպատակով և անցկացման ձևով։ Սակայն դրանք բոլորն էլ կարևոր են և օգնում են մեզ, որ «ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որպեսզի սիրո և բարի գործերի խրախուսենք» իրար (Եբր. 10։24, 25)։ Որո՞նք են ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպման առանձնահատկություններից և օգուտներից մի քանիսը։
2. Ինչո՞վ է օգտակար այն, որ Գրքի ուսումնասիրության հանդիպմանը քիչ թվով անհատներ են ներկա լինում։
2 Օգնություն հոգևորապես առաջադիմելու համար։ Գրքի ուսումնասիրության հանդիպման ներկաների թիվը սովորաբար շատ ավելի քիչ է լինում, քան ժողովի մյուս հանդիպումներին ներկա եղողների թիվը։ Դրա շնորհիվ ավելի հեշտ է լինում ընկերանալ ժողովի անդամների հետ, որոնք կարող են հոգևոր աջակցության աղբյուր լինել (Առակ. 18։24)։ Ձգտո՞ւմ ես մոտիկից ծանոթանալ ձեր Գրքի ուսումնասիրության խմբի անդամներից յուրաքանչյուրի հետ՝ թերևս նրանց ծառայության հրավիրելով։ Այս հանդիպումը նաև հնարավորություն է տալիս Գրքի ուսումնասիրության վերակացուին տեղյակ լինել խմբի անդամներից յուրաքանչյուրի հանգամանքներին և անհատապես քաջալերել նրանց (Առակ. 27։23)։
3. Ինչո՞ւ է Աստվածաշունչ ուսումնասիրողների համար ավելի հեշտ հաճախել և մեկնաբանություններ տալ Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։
3 Հրավիրե՞լ ես Աստվածաշունչ ուսումնասիրողներին քեզ հետ միասին ներկա լինելու Գրքի ուսումնասիրության հանդիպմանը։ Եթե հետաքրքրվող անհատները վարանում են հաճախել մեծ հանդիպումների, գուցե նրանց համար ավելի հեշտ լինի հաճախել փոքր հանդիպումների, հատկապես եթե դրանք տանն են անցկացվում։ Այնտեղ տիրող ջերմ մթնոլորտը երիտասարդներին և ճշմարտությունը նորերս ընդունած անհատներին տրամադրում է ազատորեն մեկնաբանություններ տալու։ Ու քանի որ ներկաների թիվը փոքր է լինում, մենք ավելի շատ հնարավորություններ ենք ունենում մեկնաբանություն տալու և այդպիսով Եհովային փառաբանելու (Սաղ. 111։1)։
4. Ի՞նչ առավելություններ ունի Գրքի ուսումնասիրության հանդիպումը։
4 Գրքի ուսումնասիրության հանդիպումները հիմնականում անցկացվում են ժողովի տարածքի այն վայրերում, որոնք հարմար են քարոզիչների համար։ Թեև գուցե հնարավոր չլինի բոլոր քարոզիչներին նշանակել իրենց բնակավայրին ամենամոտ խումբը, այնուամենայնիվ, թերևս ավելի քիչ ժամանակ պահանջվի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը հաճախելու համար, քան ժողովի մյուս հանդիպումներին։ Գրքի ուսումնասիրության հանդիպման վայրը կարող է նաև հարմար տեղ լինել քարոզչական ծառայության հանդիպումն անցկացնելու համար։
5. Ինչպե՞ս կարող է Գրքի ուսումնասիրության վերակացուն մեզ օգնել ծառայության մեջ։
5 Օգնություն ծառայության համար։ Գրքի ուսումնասիրության վերակացուն օգնում է խմբի յուրաքանչյուր անդամի կանոնավորաբար ու արդյունավետորեն մասնակցել ծառայությանը և դրանից ուրախություն ստանալ։ Հետևաբար նա ձգտում է ծառայել յուրաքանչյուրի հետ և օգնություն է ցույց տալիս ծառայության տարբեր ոլորտներում։ Եթե դժվարություններ ունես ծառայության որևէ ոլորտում, օրինակ՝ վերայցելություններ կատարելու հարցում, այդ մասին հայտնիր Գրքի ուսումնասիրության վերակացուին։ Նա կարող է խնդրել խմբի փորձառու քարոզիչներից մեկին, որ ծառայի քեզ հետ։ Ուշադրությամբ հետևելով, թե ինչպես է Գրքի ուսումնասիրության վերակացուն անցկացնում հանդիպումը՝ դու կհմտանաս Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու գործում (1 Կորնթ. 4։17)։
6. Ինչո՞ւ պետք է ձգտենք լիարժեք օգուտներ քաղել Գրքի ուսումնասիրության հանդիպումից։
6 Ի՜նչ օրհնություն է ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպումը։ Եհովայի կողմից տրված այս սիրալիր միջոցառումը օգնում է մեզ հոգևորապես ամուր մնալ այս դժվար ժամանակներում (Սաղ. 26։12)։