Նրանք հավատարմության լավ օրինակ են թողել
1 1937 թ.–ին հաստատվեց լիաժամ ծառայության նոր ձև՝ հատուկ ռահվիրայական ծառայությունը։ Քարոզչական գործի մեջ փորձառու և հմուտ տղամարդիկ ու կանայք պատրաստակամորեն ընդունեցին իրենց ուղղված հրավերը տարբեր վայրերում ծառայելու, ուր որ կազմակերպությունը նշանակեր իրենց։ Այդ օրվանից անցել են տասնամյակներ, և մինչև օրս էլ հատուկ ռահվիրաները հավատարմության հարցում լավ օրինակ են (Եբր. 6։12)։
2 Նրանց կարևոր դերը։ Սկզբում հատուկ ռահվիրաները քարոզչական գործում օգտագործում էին ձայնափողով նվագարկիչներ, որոնք միացնում էին տանտիրոջ դռան մոտ։ Նրանք ձայնագրություններն օգտագործում էին նաև վերայցելությունների ժամանակ աստվածաշնչյան թեմաներով զրույցներ անցկացնելիս։ Այդ միջոցները գործածվում էին մեծ քաղաքներում, որտեղ արդեն ժողովներ կային։ Հետագայում հատուկ ռահվիրաներին սկսեցին նշանակել այնպիսի շրջաններ, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կար։ Նրանք վերայցելում էին այն անհատներին, ովքեր հետաքրքրություն էին ցույց տալիս, ինչպես նաև Աստվածաշնչի ուսումնասիրություններ էին անցկացնում։ Նրանց եռանդուն ջանքերի արդյունքում հարյուրավոր նոր ժողովներ կազմվեցին։ Այս ռահվիրաների ժրաջան ծառայությունը նպաստել է կազմակերպության ընդլայնմանը, որի ականատեսներն ենք մենք այսօր (Ես. 60։22)։ Հատուկ ռահվիրաներն այսօր նույնպես կարևոր դեր ունեն բարի լուրը «երկնքի տակ լինող բոլոր արարածներին» հաղորդելու մեջ (Կող. 1։23)։
3 Ընդօրինակման են արժանի։ Որոշ հատուկ ռահվիրաներ լիաժամ ծառայության մեջ անցկացրել են տասնամյակներ։ Տարիների ընթացքում այդ հավատարիմ քրիստոնյաների հավատը ամրացել է տարբեր հանգամանքների ներքո (Ա Պետ. 1։6, 7)։ Նրանք պատրաստ են եղել զոհելու հարմարավետ կյանքը, որ ծառայեն այնպիսի վայրերում, որտեղ քարոզիչների հատուկ կարիք է եղել։ Նրանցից ոմանք այժմ ծեր են և առողջական խնդիրներ ունեն կամ այլ դժվարություններ են դիմագրավում (Բ Կորնթ. 4։16, 17)։ Այնուամենայնիվ, նրանք «ծերութեան մէջ էլ պտուղ [են բերում]» (Սաղ. 92։14)։ Նրանք ապավինում են Եհովային և օրհնություններ ստանում (Սաղ. 34։8; Առակ. 10։22)։
4 Ինչ խոսք, հատուկ ռահվիրաները գովասանքի ջերմ խոսքերի են արժանի։ Եթե ձեր ժողովում նշանակված հատուկ ռահվիրաներ կան, ինչը իրականում առանձնաշնորհում է, օգտվիր նրանց հետ շփվելու առիթից և օգուտներ քաղիր նրանց ունեցած փորձից։ Գնահատանքդ արտահայտիր նրանց ծառայության համար, որ կատարում են նրանք՝ որպես Թագավորության հավատարիմ քարոզիչներ։ Քաջալերություն ստացիր նրանց անսասան հավատից։ Բոլոր նրանք, որ ընդօրինակում են հատուկ ռահվիրաների հավատը, նույնպես կարող են Եհովայի հաճությանն արժանանալ և օրհնություններ ստանալ, քանի որ «հաւատարմութիւն անողները հաճելի են նորան» (Առակ. 12։22)։