Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ գովասանքի խոսքեր ասելով
1 Գովասանքի անկեղծ խոսքերը ոգեվորում են մարդկանց, մղում են գործերի և ուրախություն են պատճառում նրանց։ Շատ քարոզիչներ նկատել են, որ հաճախ անկեղծ գովասանքի ընդամենը մի քանի խոսքերը մղում են մարդկանց լսելու մեզ ծառայության ժամանակ։ Ինչպե՞ս կարող ենք մարդկանց գովասանքի խոսքեր ասել բարի լուրը նրանց հայտնելիս։
2 Դիտունակ եղիր։ Փառավորված Հիսուս Քրիստոսի աչքից չվրիպեցին Փոքր Ասիայի յոթ ժողովների լավ գործերը (Յայտն. 2։2, 3, 13, 19; 3։8)։ Նմանապես, ծառայության ժամանակ հանդիպած մարդկանց հանդեպ անկեղծ հետաքրքրությունը կմղի մեզ կերպեր փնտրել նրանց գովասանքի խոսքեր ասելու։ Օրինակ՝ մաքուր բակը, երեխաների հանդեպ ծնողի ցույց տված քնքուշ սերը կամ տանտիրոջ ջերմ ժպիտը, ողջույնի խոսքերը՝ այս բոլորը գովասանքի խոսքեր ասելու առիթներ են։ Հեշտությա՞մբ ես նկատում և օգտագործում այդպիսի առիթները։
3 Ուշադրությամբ լսիր։ Քարոզելիս տեղին հարցեր տալով՝ հրավիրիր մարդկանց արտահայտելու իրենց կարծիքը։ Նրանց հանդեպ հարգանք ցույց տուր՝ ուշադրությամբ լսելով (Հռովմ. 12։10)։ Ամենայն հավանականությամբ, դու կգտնես ինչ–որ մի բան, որի համար կարող ես գովասանքի անկեղծ խոսքեր ասել և ապա այդ հիմքի վրա շարունակել զրույցը։
4 Խորաթափանցություն դրսևորիր։ Ի՞նչ պետք է անենք, եթե տանտերն այնպիսի բան է ասում, որը հակասում է Աստվածաշնչի ճշմարտությանը։ Փոխանակ հերքելու նրա խոսքերը՝ շնորհակալություն հայտնիր նրան իր կարծիքն արտահայտելու համար և շարունակիր զրույցը, օրինակ, այսպիսի խոսքերով. «Ես տեսնում եմ, որ այս հարցը հետաքրքրում է ձեզ» (Կող. 4։6)։ Նույնիսկ եթե զրուցում ենք վիճասեր անձնավորության հետ, կարող ենք հաճախակի գովել նրան այն բանի համար, որ անկեղծ հետաքրքրություն է ցույց տալիս քննարկվող հարցի հանդեպ։ Հանդարտ խոսքը գուցե մեղմացնի այնպիսի անհատին, որն ասես հակառակվում է բարի լուրին (Առակ. 25։15)։
5 Մեր գովասանքը մեծ արժեք կունենա, եթե այն անկեղծ լինի։ Այդպիսի ոգևորիչ խոսքը պատիվ է բերում Եհովային և հնարավոր է պատճառ լինի, որ մարդիկ ընդունեն Թագավորության պատգամը։