Նամակ՝ Կառավարիչ մարմնի կողմից
«ՇՆՈՐՀՔ [«անարժան բարություն», ՆԱ] լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուած՝ մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը»։ Պողոս առաքյալը ողջույնի այսպիսի խոսքեր է ընդգրկել ժողովներին ուղղված իր նամակներից շատերում։ Դրանք հրաշալի կերպով արտահայտում են այն, ինչ մենք ցանկանում ենք ձեզ բոլորիդ (Եփես. 1։2)։
Որքա՜ն երախտապարտ ենք մենք, որ Եհովան անարժան բարություն է դրսևորել մեր հանդեպ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության միջոցով։ Փրկանքի միջոցով մենք Աստծու բարեհաճությանն ենք արժանանում։ Դա հնարավոր չէր լինի մեր սեփական ջանքերով՝ անկախ այն բանից, թե ինչպիսի ժրաջանությամբ կուսումնասիրեինք Աստվածաշունչը, կքարոզեինք բարի լուրը կամ այլ բարի գործեր կանեինք։ Մեր մեղքերի համար ներում ստանալը, ինչպես նաև հավիտենական կյանքը ոչ թե վարձատրություն են մեր գործադրած ջանքերի դիմաց, այլ պարգևներ են, որոնք արտացոլում են Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովայի ցուցաբերած անարժան բարությունը (Հռովմ. 11։6, ՆԱ)։
Իր հավատակիցներին Պողոս առաքյալը գրեց. «Մենք.... աղաչում ենք, որ դուք Աստուծոյ շնորհքը [«անարժան բարությունը», ՆԱ] զուր տեղը չ’ընդունէք։ Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. ահա հիմա է ընդունելի ժամանակ. ահա հիմա է փրկութեան օր»։ Առաջին դարում Երուսաղեմի կործանումից առաջ «ընդունելի ժամանակ» էր։ Այն անկեղծ մարդիկ, ովքեր սիրում էին Եհովային, հոգևոր առումով փրկվեցին։ Արդյունքը եղավ այն, որ բոլոր հավատարիմ մարդիկ փրկվեցին ուղղակի իմաստով, քանի որ փախան Երուսաղեմից մինչ քաղաքի կործանումը՝ մ.թ. 70 թ. (Բ Կորնթ. 6։1, 2)։
Նմանապես այսօր մենք ապրում ենք «ընդունելի ժամանակ[ում]» և «փրկութեան օր[ում]»։ Այն անհատները, որոնց Եհովան ընդունում է որպես իր ծառաների, և որոնք հոգևոր առումով փրկված են, հեռանկար ունեն ուղղակի իմաստով փրկվելու «Տիրոջ մեծ օր[ը]», որը շատ մոտ է (Սոփ. 1։14)։
Մեզ վրա լուրջ պատասխանատվություն է դրված, քանի որ Եհովայի օրը մոտ է։ Մենք պետք է նախազգուշացնենք ազնվասիրտ մարդկանց այդ օրվա գալստյան մասին և օգնենք նրանց օգուտներ քաղել Եհովայի անարժան բարությունից, որպեսզի նույնպես կարողանան փրկվել։ Պողոսը խորապես գիտակցում էր իր վրա դրված պատասխանատվության լրջությունը։ Նա գրեց. «Վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ»։ Նա նաև նշեց, թե ինչ ի նկատի ուներ այդ խոսքերը գրելիս. «Իմաստուններին եւ անմիտներին պարտական եմ։ Այնպէս՝ իմովսանն յօժար եմ [«իմ պարտականութիւնս է», ԱԱ] ձեզ էլ.... աւետարանը քարոզել» (Ա Կորնթ. 9։16; Հռովմ. 1։14, 15)։
Եթե մենք չկատարենք մարդկանց նախազգուշացնելու այս կարևոր գործը, Եհովան մեզ պատասխանատվության կկանչի։ Մենք գիտենք, թե ինչ է ասել Եհովան իր մարգարե Եզեկիելին. «Մարդի որդի, ես քեզ դէտ եմ դրել Իսրայէլի տան համար. եւ դու պէտք է իմ բերանից խօսք լսես եւ զգուշացնես նորանց իմ կողմանէ։ Երբոր ես ամբարիշտին ասեմ՝ Անպատճառ պէտք է մեռնես, եւ դու նորան չ’զգուշացնես եւ չ’խօսես որ զգուշացնես ամբարշտին իր չար ճանապարհիցը որ ապրէ. այն ամբարիշտը իր անօրէնութիւնովը կ’մեռնէ, բայց նորա արիւնը քո ձեռքից կ’պահանջեմ» (Եզեկ. 3։17, 18)։
Այս վերջին օրերը, որոնցում մենք ապրում ենք, չափազանց դժվար ժամանակներ են։ Հեշտ չէ հավասարակշռված կերպով կատարել ընտանիքի, աշխատանքի, ժողովի և քարոզելու հետ կապված գործերը։ Բացի այդ, ձեզանից շատերը ունեն առողջական խնդիրներ, պայքարում են ընկճվածության դեմ, դիմագրավում են տարիքի հետ կապված խնդիրներ և նույնիսկ բախվում են հակառակության։ Աստծու ծառաների մեծ մասը «բեռնաւորուածներ» են։ Մենք ցանկանում ենք արտահայտել մեր զգացումները ձեր հանդեպ Հիսուսի հետևյալ խոսքերով. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ» (Մատթ. 11։28)։ Դուք գովասանքի եք արժանի այն բանի համար, որ շարունակում եք հավատարմորեն ծառայել Եհովային՝ չնայած դժվարություններին՝ լինեն դրանք մեծ թե փոքր։
Ձեր եռանդուն քարոզչության և ուսուցանելու գործի, ինչպես նաև Եհովայի օրհնության շնորհիվ ամբողջ աշխարհում ամեն շաբաթ միջին հաշվով 4 762 հոգի է մկրտվում։ Վերջին ծառայողական տարվա ընթացքում 1 375 նոր ժողովներ են կազմավորվել։ Մենք հույսով աղոթում ենք, որ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» նոր գիրքը, որն արդեն լույս է տեսել ավելի քան 120 լեզուներով, օգնի միլիոնավոր մարդկանց օգուտներ քաղել Եհովայի անարժան բարությունից, ինչպես նաև խաղաղություն ստանալ նրանից «փրկութեան օր[վա]» ընթացքում։
Վստահ եղեք, որ Կառավարիչ մարմինը սիրում է ձեզ և աղոթում է ձեզ համար։ Նաև շնորհակալ ենք մեզ համար ձեր մատուցած աղոթքների համար։
Ձեր եղբայրներ՝
Եհովայի վկաների
Կառավարիչ մարմին