Եհովայի վկաների 2006 թվականի «Ազատագրումը մոտ է» մարզային համաժողովը
1. Վաղեմի ժամանակներում Աստծու ժողովուրդը ինչպե՞ս ցույց տվեց իր գնահատանքը ճշմարիտ երկրպագության հանդեպ, և ի՞նչ նմանատիպ հնարավորություն ունենք մենք այսօր։
1 Վաղեմի Հուդայում իշխող Եզեկիա թագավորը սուրհանդակների միջոցով նամակներ փոխանցեց ժողովրդին՝ հրավիրելով նրանց հավաքվել Երուսաղեմում (Բ Մնաց. 30։6, 13)։ Ժողովրդի արձագանքից երևաց, թե նրանք ինչպիսի վերաբերմունք ունեին ճշմարիտ երկրպագության նկատմամբ (Բ Մնաց. 30։10–12)։ Եկող ամիսների ընթացքում Եհովայի ներկայիս ծառաները նմանատիպ հնարավորություն կունենան ցույց տալու իրենց լիասիրտ երախտագիտությունը այն առանձնաշնորհման համար, որ կարող են միասին հավաքվել ու երկրպագել Եհովա Աստծուն։ Ձեր ժողովը հրավիրվում է ներկա գտնվելու «Ազատագրումը մոտ է» մարզային համաժողովին։ Ինչպե՞ս կարձագանքես այդ հրավերին։
2. Ի՞նչ կարող ենք անել արդեն հիմա, որպեսզի կարողանանք լիարժեք օգուտներ քաղել համաժողովի ծրագրից։
2 Միջոցներ ձեռնարկիր արդեն հիմա։ Որպեսզի կարողանանք լիարժեք օգուտներ քաղել սիրառատ կերպով պատրաստված այս հոգևոր ծրագրից, մենք պետք է ներկա լինենք ծրագրի բոլոր մասերին։ Իմաստուն կլինի, եթե այժմ արդեն ձեռնարկես հարկ եղած բոլոր միջոցները, որպեսզի դու և քո ընտանիքը ներկա լինեք համաժողովի բոլոր երեք օրերին (Առակ. 21։5)։ Այսպիսի պատրաստությունների մեջ կարող են մտնել գործատիրոջիցդ աշխատանքից բացակայելու թույլտվություն խնդրելը, պլաններիդ մասին ոչ Վկա կողակցիդ հետ զրուցելը, հյուրանոցում կացարաններ պատվիրելը, Աստվածաշունչ ուսումնասիրողներին օգնելը, որ նրանք էլ ներկա լինեն համաժողովի բոլոր օրերին։ Այս կարևոր հարցերը մի թող վերջին րոպեին։ Աղոթիր Եհովային դրանց մասին՝ վստահ լինելով, որ «նա կ’կատարէ» (Սաղ. 37։5)։
3. Ինչո՞ւ պետք է հետևենք կացարանների հետ կապված ցուցումներին։
3 Եհովայի կազմակերպությունը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքում, որտեղ պետք է համաժողով անցկացվի, բավականաչափ կացարաններ լինեն։ Գնահատանքը մեր եղբայրների անձնազոհ ջանքերի համար, ովքեր աջակցել են այս հարցում, ուշադրությունը համաժողովի մյուս պատվիրակների նկատմամբ և հարգանքը աստվածապետական կարգի հանդեպ կմղեն մեզ ամբողջությամբ հետևելու այս հոդվածում տրված ցուցումներին (Ա Կորնթ. 13։5; Ա Թեսաղ. 5։12, 13; Եբր. 13։17)։
4. Ի՞նչ ջանքեր պետք է ներդնենք մեր ուշադրությունը ծրագրի վրա կենտրոնացնելու համար։
4 Լավ կլինի ուշադրություն դարձնել։ Գուցե ջանքեր պահանջվեն, որպեսզի մեր ուշադրությունը կենտրոնացնենք ծրագրի վրա։ Այդպես վարվելով, ինչ խոսք, օրհնություններ կստանանք։ Պետք է ձգտենք համաժողովին գալ լավ հանգստացած, որպեսզի չննջենք ծրագրի ընթացքում։ Ամեն օր տանից փոքր–ինչ շուտ դուրս եկ, որպեսզի տեղ զբաղեցնես նախքան ծրագրի սկսվելը։ Ձգտիր մասնակցել յուրաքանչյուր օրվա բացման երգին և աղոթքին։ Մեծահասակները պետք է օրինակ ծառայեն այս հարցում, ծնողներն էլ սովորեցնեն իրենց երեխաներին (Եփես. 6։4)։
5. Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի ծրագիրը մեզ համար հետաքրքիր լինի, և կարողանանք հիշել գլխավոր մտքերը։
5 Եթե նախքան ծրագրի սկսվելը աչքի անցկացնենք ելույթների վերնագրերը, ապա նախապես կիմանանք, թե ինչի մասին է խոսվելու ծրագրի տվյալ մասում և մեզ համար ավելի հետաքրքիր կլինի լսել մատուցվող նյութը։ Կարելի է ուշադրություն դարձնել այն մտքերի վրա, որոնք մեզ կօգնեն մարդկանց բացատրել, թե ինչու ենք հավատում Աստծուն և ինչու ենք վստահ, որ նա կվարձատրի իրեն անկեղծորեն փնտրողներին (Եբր. 11։1, 6)։ Ծրագրի գլխավոր մտքերը հիշելու համար խորհուրդ է տրվում կատարել համառոտ գրառումներ։ Եթե մեր գրառումները ծավալուն լինեն, ապա գուցե որոշ կարևոր մտքեր բաց թողնենք։
6. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը հոգևոր սննդի հանդեպ և պատվել Եհովային։
6 Անցած տարի կրկին նկատվել էր հետևյալը. «հավատարիմ և իմաստուն ծառայի» կողմից մեզ համար պատրաստված ծրագիրը լսելու փոխարեն՝ շատ մեծահասակներ ու պատանիներ համաժողովի ընթացքում աննպատակ թափառում էին միջանցքներում, համաժողովի անցկացման վայրի շուրջբոլորը և շփվում էին մյուսների հետ։ Հիսուսը խոստացավ ճիշտ ժամանակին հոգևոր կերակուր տալ մեզ (Մատթ. 24։45–47)։ Ուստի հարկավոր է ներկա լինել ծրագրին և օգուտ քաղել այդ սննդից ու չլինել անշնորհակալ դրա հանդեպ (Բ Կորնթ. 6։1)։ Բացի այդ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ երբ որոշ երեխաներ սկսում են համառություն անել, խնդրում են գնալ զուգարան՝ պարզապես հերթական անգամ զբոսնելու համար։ Սովորաբար տանը երեխային տրված խրատը օգնում է համաժողովի ժամանակ կրճատել անհարկի զուգարան գնալ–գալը։ Երբեմն պատանիները միասին նստում են վերջին շարքերում, խոսում ու փսփսում են իրար հետ և միմյանց նամակներ գրում։ Մեր երիտասարդները, որոնք այսօր մեծ ճնշման են ենթարկվում, պետք է ծրագրի ընթացքում կենտրոնանան մատուցվող նյութի վրա և ոչ թե կողմնակի այլ բաներով զբաղվեն։ Հարկավոր է խուսափել երիտասարդական ցանկություններից, որոնք ներդաշնակ չեն Աստվածաշնչի սկզբունքներին (Բ Տիմոթ. 2։22)։ Ուշադիր լինելով՝ թե՛ մեծահասակները և թե՛ պատանիները կպատվեն ու կուրախացնեն Եհովային։
7. Ի՞նչ է հարկավոր հիշել նախքան համաժողովը և համաժողովի ժամանակ։
7 Եթե սպասարկուները ստիպված են ներկաներից որևէ մեկին իր պահվածքի հետ կապված խորհուրդ տալ, այն հարկավոր է ընդունել որպես Եհովայի սիրալիր ուշադրության արտահայտում (Գաղ. 6։1)։ Բոլորս պետք է հիշենք. մենք եկել ենք համաժողով, որպեսզի ‘լսենք և սովորենք’ (Բ Օրին. 31։12)։ «Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը» (Առակ. 1։5)։ Մինչ մոտենում է համաժողովի օրը՝ ընտանյոք հանդերձ քննարկեք այն մասին, որ համաժողովին միասին եք նստելու, ծրագրի ժամանակ դուրս չեք գալու սրահից և ուշադիր լսելու եք, որպեսզի առավելագույն օգուտները ստանաք։
8, 9. Ինչպե՞ս կարելի է հոգ տանել հատուկ կարիքներ ունեցողների մասին։
8 Հատուկ կարիքներ։ Առակաց 3։27–ում կարդում ենք. «Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու»։ Համաժողովի հետ կապված՝ ինչպե՞ս կարող ես ուրիշներին բարություն անել։ Տարեց կամ տկար եղբայրներն ու քույրերը, լիաժամ ծառայողները և այլոք գուցե տրանսպորտի կամ կացարանի հետ կապված հարցերում օգնության կարիք ունենան։ Այս անհատների մասին առաջին հերթին հարազատները պետք է հոգ տանեն (Ա Տիմոթ. 5։4)։ Եթե նրանք ի վիճակի չեն օգնելու, գուցե հավատակիցները կարողանան աջակցել (Գաղ. 6։10)։ Գրքի ուսումնասիրության վերակացուները պետք է ճշտեն, թե իրենց խմբերում ովքեր հատուկ կարիքներ ունեն, և հավաստիանան, որ նրանց օգնություն ցույց կտրվի համաժողովից բավական ժամանակ առաջ։
9 «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկը նախատեսված է միայն այն քարոզչի համար, որի ընտանիքի անդամները կամ ժողովը չեն կարող հոգալ նրա կացարանի կարիքը։ Ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է քննի տվյալ քարոզչի որակավորումը՝ հիմնվելով բլանկում, ինչպես նաև երեցների խորհրդին ուղարկված 2005 թ. դեկտեմբերի 14–ի նամակում տրված ցուցումների վրա։ Այս միջոցառումը միայն օրինակելի քարոզիչների, նաև նրանց կարգապահ երեխաների համար է։
10. ա) Ինչո՞ւ պետք է այցելենք այն համաժողովը, որին հրավիրված է մեր ժողովը։ բ) Ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել, եթե հանգամանքները ստիպում են, որ մեկ ուրիշ համաժողով այցելես։
10 Ուրիշ համաժողով այցելելը։ Որպեսզի նստելու բավականաչափ տեղեր, գրականություն, կացարաններ և այլ անհրաժեշտ բաներ լինեն, քեզ հորդոր է տրվում գնալ այն համաժողովը, որին որ հրավիրված է քո ժողովը։ Եթե հանգամանքները ստիպում են ուրիշ համաժողով գնալ, խնդրում ենք, դիմիր ժողովի քարտուղարին, որպեսզի նա քեզ տա այն համաժողովի հասցեն, որը այցելելու ես։ Այդ հասցեն տրված է «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկի հակառակ կողմում։ Խնդրում ենք, կացարանի մասին քո հարցումը մի ուղարկիր մասնաճյուղի հասցեով, նույնիսկ եթե պլանավորում ես համաժողով այցելել Սանկտ Պետերբուրգում։ Անպայման ծրարի մեջ դիր հետադարձ հասցեով ու նամականիշով ծրար և «Առաջարկվող կացարանների ցուցակը» կամ այլ բնույթի տեղեկություն ստանալու մասին քո դիմումը։ Եթե միևնույն քաղաքում անցկացվում են մի քանի համաժողովներ, նշիր այն համաժողովի ամսաթիվը, որը դու ցանկանում ես այցելել։
11. Ինչպե՞ս կարող ենք գալիք համաժողովին ավելացնել մեր ուրախությունը։
11 Կամավորները։ Կասկած չկա, որ բոլորը մեծ ուրախություն կապրեն, երբ այցելեն համաժողով և օգուտներ քաղեն հոգևոր սննդից ու կերտիչ ընկերակցությունից։ Մեր ուրախությունը էլ ավելի մեծ կլինի, եթե, որպես կամավորներ, աջակցենք այն աշխատանքին, որը պետք է արվի համաժողովի հաջող ընթացքի համար (Գործք 20։35)։ Տեղի համաժողովների կոմիտեները շուտով կսկսեն հրավիրել եղբայրներին ու քույրերին բաժին բերելու այս գործում։ Կարո՞ղ ես առաջարկել քո օգնությունը (Սաղ. 110։3)։
12. Ի՞նչն ես դու գնահատում մեր տարեկան մարզային համաժողովների հետ կապված, և ի՞նչ պետք է վճռես։
12 Ներկա գտնվելով մարզային համաժողովին՝ մի հինգամյա տղա ասաց. «Եհովային երկրպագելու մեջ ամենաշատը մարզային համաժողովն եմ սիրում»։ Այդ սրտաբուխ խոսքերը մեզ հիշեցնում են այն ուրախությունը, որն ապրում ենք՝ հաճախելով մեր տարեկան մարզային համաժողովը։ Մենք կրկնում ենք սաղմոսերգուի երգի խոսքերը. «Լաւ է մէկ օր քո սրահներումը քան հազարներ [այլուր]» (Սաղ. 84։10)։ Դավիթն էլ իր երգում արտահայտեց իր ցանկությունը ‘բնակվել Տիրոջ տանը իր կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ տաճարին զննելով մտիկ տա’ (Սաղ. 27։4)։ Դավթին շատ էր ուրախացնում Եհովայի երկրպագուների մեջ լինելը։ Թող որ մենք էլ ընդօրինակենք նրա երախտագիտությունը ճշմարիտ երկրպագության հանդեպ՝ բոլոր երեք օրերին ներկա լինելով «Ազատագրումը մոտ է» մարզային համաժողովին։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
Ծրագրի ժամերը
Ուրբաթ և շաբաթ
9։30 – 17։05
Կիրակի
9։30 – 16։10
[Շրջանակ 4–րդ էջի վրա]
Քայլեր՝ հյուրանոցի սենյակներ պատվիրելու համար
1. Հյուրանոցներ զանգահարիր աշխատանքային ժամերին՝ օգտվելով «Առաջարկվող կացարանների ցուցակում» տրված հեռախոսահամարներից։
2. Հյուրանոցի աշխատողներին հայտնիր, որ դու այցելելու ես Եհովայի վկաների համաժողովը։
3. Տեղեկացրու, թե որ օրն ես գալու հյուրանոց և որ օրն ես գնալու հյուրանոցից։
4. Եթե տվյալ հյուրանոցում ազատ համարներ չկան, զանգահարիր ցուցակում տրված մեկ այլ հյուրանոց։
5. Մի՛ համաձայնվիր ավելի բարձր գին վճարել, քան տրված է ցուցակում։
6. Պատվիրիր համարը և խնդրիր հաստատել, որ սենյակը պատվիրված է։
7. Կանխավճարը մուծիր բանկային քարտով կամ փոստային փոխանցումով՝ հաստատված ժամկետում։ Երբեք կանխիկ դրամ մի ուղարկիր։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ որոշ հյուրանոցներ սենյակի վաղօրոք պատվեր ընդունելու համար լրացուցիչ վճար են պահանջում։
Խնդրում ենք
◼ Օգտվիր միայն այն հյուրանոցներից, որոնք տրված են «Առաջարկվող կացարանների ցուցակում»։
◼ Պատվիրիր միայն այն սենյակները, որոնցից իրոք օգտվելու ես։
◼ Մի փոխիր քո սկզբնական պատվերը (Մատթ. 5։37)։
◼ Համարում չպետք է ապրի ավելի շատ մարդ, քան թույլատրված է։