Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ լինելով ճկուն
1 Պողոս առաքյալը հիանալի օրինակ է թողել ճկունության հարցում։ Քարոզելիս նա փոփոխում էր իր մատուցումները՝ հաշվի առնելով իր ունկնդիրների ծագումն ու մտածելակերպը (Ա Կորնթ. 9։19–23)։ Մենք պետք է ձգտենք նույնը անել։ Փոքր–ինչ հեռատես լինելով՝ մենք կկարողանանք «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում լույս տեսնող մատուցումները հարմարեցնել մեր տարածքում ապրող մարդկանց կարիքներին։ Երբ մոտենում ենք դռանը, գուցե նկատենք բաներ, որոնք կհուշեն մեզ, թե ինչը կհետաքրքրի տանտիրոջը։ Դրանք կարող ենք ընդգրկել մեր մատուցման մեջ։ Սակայն ծառայության ժամանակ մեկ այլ առումով ևս կարող ենք ճկունություն ցուցաբերել։
2 Մատուցումը շարունակենք տանտիրոջ խոսքերի հիման վրա։ Քարոզելիս մենք սովորաբար տանտիրոջը որևէ հարց ենք ուղղում և հրավիրում նրան պատասխանելու։ Ինչպե՞ս ես վերաբերվում նրա արձագանքին։ Արդյոք հակում ունե՞ս հենց այնպես համաձայնվելու նրա հետ ու հետո շարունակելու քո պատրաստած մատուցումը, թե՞ քո խոսքերով ցույց ես տալիս, որ հաշվի ես առնում տանտիրոջ արձագանքը։ Եթե անկեղծ հետաքրքրություն ցուցաբերես մարդկանց խոսքերի հանդեպ, ապա կկարողանաս նրբանկատորեն հավելյալ հարցեր տալ և իմանալ, թե իրականում ինչ կա նրանց սրտում (Առակ. 20։5)։ Այդպիսով, դու կկարողանաս կենտրոնանալ Թագավորության պատգամի այն երեսակների վրա, որոնք ուղղակիորեն առնչվում են քեզ լսողների կարիքներին։
3 Սա նշանակում է, որ պետք է պատրաստ լինենք մեր նախատեսած թեմաներից բացի զրուցելու նաև այլ թեմաների շուրջ։ Եթե սկսում ենք խոսել լուրերում հիշատակված ինչ–որ պրոբլեմից, իսկ տանտիրոջը հուզում է անձնական որևէ հարց կամ տեղանքում առկա որևէ խնդիր, ապա աստվածաշնչյան քննարկումը կզարգացնենք նրան հուզող թեմայով, քանի որ անկեղծորեն հետաքրքրված ենք ուրիշների բարօրությամբ (Փիլիպ. 2։4)։
4 Ճկուն մոտեցում։ Երբ տանտերը ինչ–որ հարց է առաջ քաշում, գուցե օգտակար համարենք քննարկումը շարունակել մեկ ուրիշ անգամ, երբ նրան հետաքրքրող թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ գտած կլինենք։ Բացի այդ, մենք կարող ենք առաջարկել գրականություն, որում ավելի խորությամբ է քննարկվում տվյալ թեման։ Այս ամենը ցույց կտա, որ մենք անկեղծ հետաքրքրություն ունենք օգնելու մարդկանց ճանաչել Եհովային (Բ Կորնթ. 2։17)։