Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2005 թ. հոկտեմբերի 31–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2005 թ. սեպտեմբերի 5–ով սկսվող շաբաթից մինչև հոկտեմբերի 31–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
1. Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ Աստծու Խոսքից մեր մատուցած ուսուցումները հասնում են անհատի սրտին (Մատթ. 13։19)։ [be, էջ 258, պարբ. 1, 2 և շրջանակ] Մենք պետք է ձգտենք հասնել անհատի սրտին՝ նրա զգացմունքներին և մղումներին, և արդյունքը կլինի այն, որ նա կմոտենա Աստծուն։ Այս հարցում օգտակար կլինի փորձել ըմբռնել, թե ինչն է արդեն իր ազդեցությունը թողել նրա սրտին։ Ապա պետք է ձգտենք օգնել նրան, որ իր մեջ արմատավորի դրական հատկություններ, ինչպիսիք են՝ սերն ու աստվածավախությունը։ Այս կերպով նրա սրտին հասնելը անհրաժեշտ է, որպեսզի նա կարողանա սովորել հաճեցնել Եհովային։
2. Ի՞նչը կօգնի մեզ ‘հանել’ անհատի սրտում եղածը, սակայն ո՞ր հարցում մենք պետք է ուշադիր լինենք։ [be, էջ 259, պարբ. 1, 2] Այնպիսի հարցերը, ինչպիսիք են, օրինակ՝ «ո՞րն է ձեր տեսակետը.... վերաբերյալ» կամ՝ «ի՞նչն է ձեզ համոզել, որ....», մղում են մտածելու և օգնում են ուսուցանողին պարզել ուսումնասիրողի սրտում եղածը։ Հարցեր տալիս ուսուցանողը պետք է նրբանկատություն և հասկացողություն դրսևորի, որպեսզի ուսումնասիրողի մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե իրեն հարցաքննում են։ Խորաթափանց ուսուցանողը լսում է ուշադրությամբ, որպեսզի հասկանա անհատի բառերի ետևում թաքնված զգացմունքները և այն, թե ինչպես կարող է լավագույնս պատասխանել ուսումնասիրողի հարցերին Աստվածաշնչի վրա հիմնված տեղեկության օգնությամբ, որը կմղի նրան գործերի (Առակ. 16։23)։
3. Ինչո՞ւ է կարևոր ուսուցանելիս անհատի ուշադրությունը հրավիրել Եհովայի հրաշալի հատկությունների վրա։ [be, էջ 260, պարբ. 1] Անհատի ուշադրությունը հրավիրելով Եհովայի հատկությունների վրա, օրինակ՝ նրա բարության, ողորմության և անարժան բարության վրա՝ հասնում ենք նրա սրտին և օգնում ենք նրան Աստծու հանդեպ սեր զարգացնել։ Եթե ժամանակ ենք հատկացնում, որպեսզի մղենք մեզ լսողներին խորհրդածել Եհովայի հատկությունների շուրջ, այդպիսով օգնում ենք նրանց մոտենալ Աստծուն և ավելի ամուր փոխհարաբերություններ զարգացնել նրա հետ։ Այսպիսի անկեղծ քննարկումը հաճախ դրական արձագանք է արթնացնում մարդկանց սրտում, քանի որ մենք ստեղծված ենք Աստծու պատկերով ու նրա նմանությամբ (Ծննդ. 1։27)։
4. Ինչպե՞ս կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին հասկանալ, թե որ ոլորտներում նրանք փոփոխություններ անելու կարիք ունեն։ [5, be, էջ 260, պարբ. 4– էջ 261, պարբ. 1] Մենք պետք է հստակորեն բացատրենք նրանց, որ իրենց վարքը կարևորություն ունի Աստծու համար։ Նրանց վարքը կարող է կամ ցավ պատճառել Արարչին, կամ ուրախացնել նրան (Սաղ. 78։40–42; Առակ. 27։11)։ Մենք կարող ենք օգնել ուսումնասիրողներին գնահատել այն օրհնությունները, որ ստանում ենք՝ Աստծու օրենքները պահելով, ինչպես նաև կարող ենք օգնել նրանց Եհովային հնազանդվելը համարել ոչ թե բեռ, այլ նրա հանդեպ նվիրվածություն արտահայտելու միջոց (Սաղ. 19։11; Ես. 48։17)։
5. Ինչպես կարող ենք օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին կամ մեզ լսողներին, որ ինչ–որ բան անելուց առաջ քննեն սեփական շարժառիթները։ [7, be, էջ 262, պարբ. 1, 2] Ուսուցանելիս պետք է հորդորենք ուսումնասիրողներին կամ մեզ լսողներին, որ իրենք իրենց հարց տան. «Ի՞նչն է պատճառը, որ ցանկանում եմ այս բանն անել։ Իմ այս արարքով ցույց կտա՞մ արդյոք Եհովային, որ իրոք գնահատում եմ այն ամենը, ինչ նա արել է ինձ համար։ Այո, ես կարող եմ կատարել Աստծու պահանջները, սակայն ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը դրանց հանդեպ» (Սաղ. 37։4)։ Մենք պետք է հորդորենք ուսումնասիրողներին կամ ունկնդիրներին, որ աղոթքով Եհովայից զորություն և հավատ խնդրեն, որպեսզի նրա մեծ անունից վախենան (Սաղ. 86։11)։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ է նշանակում «ջանադրաբար փնտրել», և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ անում ենք դա (Եբր. 11։6)։ [1, w03 15.08, էջ 25, պարբ. 2; էջ 26, պարբ. 1, 2; էջ 27, պարբ. 1] «Ջանադրաբար փնտրել» արտահայտությունը վերաբերում է որոշակի ուղղությամբ ինտենսիվ ջանքեր գործադրելուն, նույնիսկ հաստատակամորեն ջանքեր գործադրելուն, որոնք ներդաշնակ են Աստծու կամքին (Ղուկ. 11։8; Ա Յովհ. 5։14)։ Մենք կարող ենք ցույց տալ, որ ջանադրաբար փնտրում ենք Եհովայի հավանությունը՝ ամբողջ սրտով մասնակցելով աստվածապետական ցանկացած գործունեության, որին կարող ենք մասնակցել։ Դա կարող է լինել ժողովի հանդիպումներին լավ նախապատրաստվելը, մեր ծառայությունը բարելավելը և ավելի շատ ծառայելը։
7. Ի՞նչ է «ողջամիտ խօսքերի օրինակը», և ինչպե՞ս կարող են երեցները ցույց տալ, որ ամուր բռնել են դա (Բ Տիմոթ. 1։13, 14)։ [3, w03 01.01, էջ 29, պարբ. 1–էջ 30, պարբ. 1] Ա Տիմոթէոս 6։3–ում Պողոսը հիշատակում է «ողջամիտ խոսքերի» մասին որպես «մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքեր»։ Քանի որ Հիսուսի խոսքերը ներդաշնակ են ամբողջ Աստվածաշնչին, որն «օգտակար [է], վարդապետութեան» համար, ուստի «ողջամիտ խօսքերի օրինակը» արտահայտության տակ կարելի է հասկանալ Աստվածաշնչի բոլոր ուսմունքները (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Ժողովում ուսուցանելիս երեցները պետք է հիմնվեն Աստծու Խոսքի վրա և պետք է խուսափեն մարդկային իմաստություն կամ անձնական գաղափարներ առաջ քաշելուց (Բ Տիմոթ. 4։2)։ Նույն սկզբունքը վերաբերում է նաև ժողովից դուրս քարոզելուն (Բ Տիմոթ. 4։5)։
8. Ի՞նչ ենք հասկանում «Աստվածաշնչի կանոն» ասելով, և որոնք են այն առանձնահատկություններից մի քանիսը, որոնցով որոշվում է Աստվածաշնչի գրքերի կանոնականությունը։ [4, bsi05, դաս 4, էջ 3, 4, պարբ. 5, 6] «Աստվածաշնչի կանոն» արտահայտությունը վերաբերում է Աստվածաշնչի գրքերի ժողովածուին, կամ՝ ցուցակին, որոնք համարվում են ճշմարիտ ու ներշնչված։ Այն առանձնահատկությունների շարքում, որոնցով որոշվում է Աստվածաշնչի գրքերի կանոնականությունը, մտնում են հետևյալները. դրանք պետք է խոսեն երկրի վրա Եհովայի կատարած գործերի մասին, պետք է մղեն մարդկանց երկրպագելու նրան և քաջալերեն նրանց խոր հարգանք ցուցաբերել նրա անվան, երկրի վրա կատարած գործերի և երկրի հետ կապված նպատակների հանդեպ։ Պետք է պարզ երևա, որ այդ գրքերը ներշնչված են Աստծուց։ Դրանք որևէ ձևով չպետք է սնահավատություն խրախուսեն կամ դրդեն պաշտելու որևէ արարածի, այլ պետք քաջալերեն սեր դրսևորել և ծառայել Աստծուն։
9. Ինչո՞ւ է Մուրատորիի ֆրագմենտը, որը վերագրվում է մ. թ. 2–րդ դարի երկրորդ կեսին, կարևոր փաստաթուղթ Քրիստոնեական Հունարեն Գրությունների կանոնականությունը հաստատելու հարցում։ [6, bsi05, դաս 4, էջ 8, 9, պարբ. 19] Այս փաստաթղթում, որը գրվել է լատիներենով, իբրև երրորդ Ավետարան հիշատակվում է Ղուկասի գիրքը, ինչը ցույց է տալիս, որ մինչ այդ խոսք է գնացել Մատթեոսի և Մարկոսի Ավետարանների մասին։ Այնտեղ նաև նշվում է, որ «չորրորդը Հովհաննեսի Ավետարանն է»։ Ֆրագմենտում հիշատակվում են նաև Պողոսի նամակները, որ նա գրել է ժողովներին, ինչպես նաև առանձին անհատների։ Հիշատակվում են նաև Աստվածաշնչի ուրիշ գրքեր, որոնք մինչև օրս կանոնական են համարվում։
10. Ի՞նչ իրավունք են տալիս հենց Գրությունները Աստվածաշունչը թարգմանելու համար, և ի՞նչ նպատակի են ծառայում Աստվածաշնչի հնագույն թարգմանությունները։ [8, bsi05, դաս 5, էջ 14, պարբ. 9] Իսրայելին ուղղված Աստծու հետևյալ խոսքերը՝ «ուրախացէք, ով ազգեր», և Հիսուսի մարգարեությունն այն մասին, որ Թագավորության բարի լուրը կքարոզվի ամբողջ աշխարհում որպես վկայություն բոլոր ազգերին, ցույց են տալիս, որ անհրաժեշտ է թարգմանել Աստվածաշունչը (Բ Օրին. 32։43; Մատթ. 24։14)։ Աստվածաշնչի ձեռագրերի հնագույն թարգմանությունները օգնում են հաստատել եբրայերեն բնագիր տեքստի ճշգրտությունը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Արդյո՞ք Դ Թագաւորաց 13։21 համարը թիկունք է կանգնում կրոնական մասունքներ պաշտելուն։ Այստեղ խոսվում է մի հրաշքի մասին, որը կապ ունի Աստծու մարգարեներից մեկի ոսկորների հետ։ Քանի որ այս հրաշքը կատարվելու ժամանակ Եղիսեն մահացած էր և ոչ մի բան չէր գիտակցում, ուստի այս հարությունը Եհովա Աստծու զորությամբ՝ նրա սուրբ ոգու, կամ՝ գործուն ուժի միջոցով կատարվեց (Ժող. 9։5, 10)։ Նաև պետք է նկատի ունենալ այն, որ Աստվածաշնչում չի նշվում, թե մարդիկ Եղիսեի ոսկորները երբևէ պաշտել են [1, w05 01.08, «Եհովայի Խոսքը կենդանի է. Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից»]։
12. Արդյոք Եզեկիան դաշի՞նք էր կնքել Եգիպտոսի հետ (Դ Թագ. 18։19–21, 25)։ Ոչ։ Ռաբսակի մեղադրանքը կեղծ էր, ինչպես որ կեղծ էր նրա այն պնդումը, թե ինքը Եհովայի լիազորությամբ է եկել։ Հավատարիմ Եզեկիա թագավորը ապավինեց միայն Եհովային։ [2, w05 01.08, «Եհովայի Խոսքը կենդանի է. Ուշագրավ մտքեր «Դ Թագաւորաց» գրքից»]։
13. Թեև Ասորեստանի տարեգրությունները հատուկ կերպով չեն նշում այն մասին, որ Եհովան պարտության մատնեց Սենեքերիմին, սակայն ի՞նչ հետաքրքիր տեղեկություն են հայտնում դրանք (Դ Թագ. 19։35, 36)։ Ըստ մի հնագույն աղբյուրի՝ Սենեքերիմի տարեգրությունները հետևյալն են հայտնում. «Գալով Եզեկիա Հրեային, ան իմ լուծիս չենթարկուեցաւ. իր զօրաւոր քաղաքներէն եւ պարսպաւոր ամրոցներէն 46 հատը եւ անոնց շրջակայքը գտնուող անհաշիւ գիւղաքաղաքները պաշարեցի և գրաւեցի ...։ Զինք Երուսաղէմի՝ իր արքունի պալատին մէջ բանտրակեցի, ճիշդ վանդակի մէջ եղող թռչունի մը պէս» («Oriental Institute Prism and the Taylor Prism»)։ Սենեքերիմն ասաց, թե իր տերության «սարսափազդու համբաւը» վախեցրեց նրան։ Այնուհանդերձ, նա չի հիշատակում այն մասին, որ ձերբակալեց Եզեկիային կամ գրավեց Երուսաղեմը, ինչպես որ ասաց «զօրաւոր քաղաքներ» և «պզտիկ գիւղեր» գրավելու մասին։ Սա անձայն խոստովանություն է, որը փաստում է Աստվածաշնչի հաղորդագրության ճշգրտությունը Սենեքերիմի լավագույն զորքերի կործանման կապակցությամբ։ [w88-R 01.07, էջ 21, պարբ. 4 (w88-E 02.15, էջ 28, պարբ. 2)]
14. Ո՞վ էր Սաղաթիելի հայրը (Ա Մնաց. 3։16–18)։ Ա Մնացորդաց 3։17–ը, որ ներդաշնակ է Մատթէոս 1։12–ի հետ, ցույց է տալիս, որ Հեքոնիան (Հովաքին թագավորը) Սաղաթիելի հայրն էր։ Սակայն ավետարանագիր Ղուկասը Սաղաթիելին կոչում է Ներեիի որդի (Ղուկ. 3։27)։ Ակներևաբար, Ներեին իր աղջկան կնության էր տվել Սաղաթիելին։ Քանի որ հրեաները սովորաբար փեսային կոչում էին որդի, հատկապես ծագումնաբանական ցուցակներում, ուստի Ղուկասը Սաղաթիելին կարող էր անվանել Ներեիի որդի։ Նույնանման կերպով, Ղուկասը Հովսեփին կոչում է Հեղիի որդի, որն իրականում Հովսեփի կնոջ՝ Մարիամի հայրն էր (Ղուկ. 3։23)։ [5, w92-U 15.07, էջ 5, 6 (w92-E 15.07, էջ 5, 6)]
15. Սավուղ թագավորի օրերում ապրած ռուբենյանները, գադյանները և Մանասեի կես ցեղը ո՞ր հարցում են լավ օրինակ թողել Աստծու ներկայիս ծառաների համար (Ա Մնաց. 5։18–22)։ Համաձայն Եհովայի խոստման, որ տվել էր նրանց նախահայր Աբրահամին՝ նրանք, քաջություն դրսևորելով, ընդարձակեցին իրենց հողատարածքները Գաղաադից այն կողմ (Ծննդ. 15։18)։ Թեև դրա պատճառով նրանք պատերազմի մեջ մտան հագարացիների հետ, սակայն այդ իսրայելացիները պատրաստակամորեն պատերազմեցին հագարացիների անհամեմատելի մեծ թվով բանակի հետ։ Իսրայելացիները 44 760 հոգի էին, սակայն կռվի ժամանակ նրանք վերցրեցին 100 000 գերիներ, և դա դեռ հագարացիների ողջ բանակը չէր, քանի որ Աստվածաշունչը հայտնում է, որ «շատերը մեռած ընկան»։ Հստակ է, որ ռուբենյանները, գադյանները և Մանասեի կես ցեղը չէին կարող այդ հաղթանակը տանել իրենց սեփական ուժերով, և իրոք նրանք իրենց ուժերի շնորհիվ չէր, որ հաղթեցին։ Նրանք Եհովային խնդրեցին, որ օգնի իրենց։ [6]