Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը
Աչքը զարմանալի կառուցվածք ունի (Սաղ. 139։14)։ Սակայն մեկ անգամ նայելիս այն միայն մեկ բանի վրա կարող է կենտրոնանալ։ Դա ճշմարիտ է և՛ բառացի, և՛ այլաբանական իմաստով։ Որպեսզի մեր հոգևոր տեսողությունը պարզ և կենտրոնացած լինի, պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք Աստծու կամքը կատարելու վրա։ Հաշվի առնելով Սատանայի աշխարհի անընդհատ ավելացող շեղումները՝ որքա՛ն տեղին է, որ 2006 թ. ծառայողական տարվա հատուկ համաժողովի թեման կլինի՝ «Աչքդ պարզ պահիր» (Մատթ. 6։22)։
Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Եհովայից օրհնություններ ստանանք (Առակ. 10։22)։ Այս հարցը կքննարկվի «Աչքդ պարզ պահիր և օրհնություններ ստացիր» վերնագրով ելույթում։ Հարցազրույցները ցույց կտան, թե ինչ օգուտներ կարող ենք ստանալ՝ սուրբգրային սկզբունքները կիրառելով։ Հրավիրված հռետորի առաջին ելույթը, որի վերնագիրն է՝ «Աչքդ պարզ պահիր այս չար աշխարհում», կզգուշացնի այնպիսի բաների մասին, որոնք կարող են բարդացնել մեր կյանքը և աստիճանաբար կործանել մեր հոգևոր վիճակը։ Մենք նաև կիմանանք, թե ինչ է նշանակում «բարի բաժինն» ընտրելը (Ղուկ. 10։42)։
Ինչպե՞ս կարող են ծնողները և ուրիշները քաջալերել երիտասարդ քրիստոնյաներին, որ հոգևոր նպատակներ հետապնդեն։ «Ծնողներ, որոնք իրենց նետերը ճիշտ են ուղղում» և «Երիտասարդներ, որոնք ձգտում են հասնել հոգևոր նպատակների» ելույթներում կընդգրկվեն մտքեր, որ ասում են ծնողներն ու երիտասարդները այս կարևոր հարցի վերաբերյալ (Սաղ. 127։4)։ Հրավիրված հռետորի վերջին ելույթում կքննարկվի, թե ինչպես կարող ենք համաքայլ ընթանալ Եհովայի կազմակերպության հետ՝ որպես առանձին անհատներ, որպես ընտանիքներ և որպես ժողով։
Անկախ այն բանից՝ նորերս ենք ընդունել ճշմարտությունը, թե արդեն տասնյակ տարիներ ծառայում ենք Եհովային, անչափ կարևոր է, որ մենք պարզ պահենք մեր աչքը։ Մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը կօգնի հենց դա անել։