Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2005 թ. փետրվարի 28–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2005 թ. հունվարի 3–ով սկսվող շաբաթից մինչև փետրվարի 28–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել. տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37։]
ԴԱՍԵՐ
1. Ինչպե՞ս կարող ենք մեր խոսքը հասկանալի դարձնել։ [1, be, էջ 226, պարբ. 1–ից մինչև էջ 227, պարբ. 1] Մեր խոսքը կարող ենք հասկանալի դարձնել՝ խոսելով հասարակ լեզվով, ինչպես որ Հիսուսն արեց Լեռան քարոզի ժամանակ՝ մտքերն արտահայտել համառոտ նախադասություններով, ընդգծել միայն մի քանի գլխավոր կետեր, բացատրել անծանոթ տերմինները, նյութը բաշխել համապատասխան ձևով, մեկ սուրբգրային համարից չանցնել հաջորդ համարին առանց բավարար մեկնաբանություն տալու։
2. Ո՞ր տերմինները գուցե լրացուցիչ բացատրություն պահանջեն։ [2, be, էջ 227, պարբ. 2–ից մինչև էջ 228, պարբ. 1] Դրանք են՝ 1) տերմիններ, որոնք Եհովայի վկաները առանձնահատուկ իմաստով են կիրառում, ինչպես օրինակ՝ «ռահվիրա», «շրջանային վերակացու» և «Հիշատակի երեկո», 2) բառեր, որոնք ընդհանուր գործածություն ունեն, բայց ոչ ճիշտ իմաստով. օրինակ՝ «հոգի», «Արմագեդոն» և «պոռնկություն», 3) աստվածաշնչային տերմիններ, որոնք զուգակցվում են հին սովորույթների ու չափման միավորների հետ. օրինակ՝ «կանգուն»։
3. Ո՞ր մոտեցումը կօգնի մեզ նյութն այնպես ներկայացնել, որ իսկապես բովանդակալից լինի ունկնդիրների համար։ [6, be, էջ 231, պարբ. 1–3] Մենք պետք է խթանենք մեր միտքը տվյալ թեմայի առնչությամբ՝ փորձելով գտնել այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են՝ ի՞նչ, ինչո՞ւ, ե՞րբ, որտե՞ղ, ո՞վ, ինչպե՞ս։ Մենք չպետք է հույսներս դնենք այն փաստերի վրա, որոնք անմիջապես մեր միտն են գալիս, նաև չպետք է կրկնենք այն տեղեկությունը, որ մարդկանց արդեն հայտնի է, այլ պետք է ընդլայնենք մեր մտահորիզոնը՝ լրացուցիչ հետազոտություններ անելով։
4. Ինչպե՞ս կարող ենք ունկնդրին ծանոթ սուրբգրային համարը բովանդակալից դարձնել նրա համար։ [7, be, էջ 231, պարբ. 4, 5] Մենք կարող ենք համարը քննարկել մաս առ մաս՝ առանձնացնելով այն հատվածը, որը կապ ունի թեմայի հետ։ Օրինակ՝ ընթերցելով Միքիա 6։8–ը՝ մենք կարող ենք հարց տալ. «Ի՞նչ է «իրաւունք»–ը», այսինքն՝ արդարությունը։ Արդարության ո՞ւմ չափանիշներն են քննարկվում այս համարում։ Ի՞նչ է նշանակում «իրաւունք անել»։ Հետո կարող ենք այդ համարի կիրառությունը ցույց տալ՝ հաշվի առնելով, թե որն է ելույթի թեման, նպատակը և թե ովքեր են ունկնդիրները։
5. Եթե ունկնդիրներիդ քաջալերես ուշադրություն դարձնել ծանոթ աստվածաշնչային դրվագի վերաբերյալ մանրամասնությունների վրա, ապա ի՞նչ օգուտներ նրանք կստանան։ [9, be, էջ 232, պարբ. 2–4] Մեր ունկնդիրներին թարմ տեղեկություն հաղորդած կլինենք, եթե ներկայացնենք այդ դրվագի համատեքստը, նշենք, թե ով կամ ովքեր են խոսում և թե աստվածաշնչյան այդ հատվածը ինչպիսի հանգամանքներում է գրվել։ Վարվելով այսպես՝ մենք կօգնենք նրանց Աստծո Խոսքը կարդալ ավելի ուշադիր ու ավելի հստակորեն ըմբռնել աստվածաշնչյան իրադարձությունների կարևորությունը (Մատթ. 22։41–45; Ղուկ. 20։37, 38)։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ է նշանակում մարդկանց սովորեցնել, որ «Աստուածանից վախե[նան] եւ նորա պատուիրանքները պահ[են]» (Ժող. 12։13)։ [1, be, էջ 272, պարբ. 3–ից մինչև էջ 273, պարբ. 1] Մարդիկ պետք է իմանան, որ երկնքի ու երկրի Արարիչն է միակ ճշմարիտ Աստվածը։ Նա ճշգրտորեն կանխագուշակում է ապագան ու իրականացնում է իր ասած խոսքը, ճիշտ ինչպես որ դա արել է անցյալում։ Բոլոր մարդիկ պատասխանատու են նրա առջև (Ես. 45։18, 21, 22; 55։10, 11; Գործք 17։30, 31)։
7. Ինչպե՞ս կարող ենք մարդկանց ուշադրությունը հրավիրել ոչ միայն «Եհովա» անվան, այլև այդ անվան ետևում կանգնած անձնավորության վրա (Յովէլ 2։32)։ [3, be, էջ 274, պարբ. 3–5] Երբ մարդկանց ուսուցանում ենք, որ Ստեղծիչը անուն ունի, մենք կարող ենք նրանց ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ինչպիսի Աստված է նա (Ելից 34։6, 7)։ Խոսելով Թագավորության օրհնությունների ու Աստծո պատվիրանների ու պահանջների մասին՝ կարող ենք մատնանշել, թե դրանցում ինչպե՛ս են արտահայտված Եհովայի հատկությունները։ Մեր նպատակն է մարդկանց սրտում կերտել առողջ վախ Աստծո հանդեպ, որից կախված է մեր ապագա կյանքը (Սաղ. 89։7; Հռովմ. 14։12)։
8. Որքա՞ն կարևոր է գիտելիքներ ստանալ Հիսուսի վերաբերյալ, ինչպես նաև վկայել նրա մասին (Յովհ. 17։3)։ [5, be, էջ 275, «Յիսուսի վկայութիւնն ունին» ենթավերնագիր, պարբ. 4] Հիսուս Քրիստոսի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելը մի պահանջ է, որին բավարարելով՝ կարող ենք հավիտենական կյանք ստանալ։ Աստծո կամքն է, որ ամեն մարդ ընդունի, որ «Յիսուս Քրիստոսը Տէր է» (Փիլիպ. 2։9–11)։ Հետևաբար, լինելով Աստծո նվիրված ծառաներ՝ մենք չենք կարող խույս տալ Հիսուսի մասին վկայելուց (Ա Տիմոթ. 2։3–7)։
9. Ինչպե՞ս են Աստծո հետ մտերիմ հարաբերություններ ունենալը և Աստվածաշունչ հասկանալը ուղղակիորեն կապված Հիսուսի խաղացած դերը հասկանալու հետ։ [6, be, էջ 276, պարբ. 1] Համաձայն Յովհաննէս 14։6–ի՝ անհատը միայն Հիսուս Քրիստոսի միջոցով կարող է մտերիմ հարաբերություններ ունենալ Աստծո հետ ու մոտենալ նրան։ Եհովան իր միածին Որդուն դարձրեց իր բոլոր նպատակները կատարող գլխավոր անձը (Կող. 1։17–20)։ Այս փաստի շուրջ են պտտվում աստվածաշնչյան բոլոր մարգարեությունները (Յայտն. 19։10)։
10. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ իսկապես հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Թագավոր է։ [8, be, էջ 277, պարբ. 4] Մենք մեր հավատը դրսևորում ենք նրանով, որ մեր կյանքում Թագավորության շահերը առաջին տեղն ենք դնում և եռանդ ենք ցուցաբերում քարոզչության ու աշակերտներ պատրաստելու գործում (Մատթ. 6։19–34; 24։14; 28։19, 20)։ Ընդօրինակելով Հիսուսին ու վարվելով նրա տված ‘նոր պատվիրանի’ համաձայն, որ տրված է Յովհաննէս 13։34, 35–ում՝ մենք նաև պետք է իսկական սեր դրսևորենք։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Արդյո՞ք Աբրահամի հայր Թարան կուռքերի էր պաշտում (Յեսու 24։2)։ Թարան սկզբում չէր երկրպագում Եհովա Աստծուն։ Նա հավանաբար պաշտում էր լուսնի աստված Սինին, որի երկրպագությունը տարածված էր Ուրում։ Հրեական ավանդությունն ասում է, որ Թարան, հնարավոր է, նույնիսկ կուռք պատրաստող է եղել։ [2, w04 01.12, «Ուշագրավ մտքեր «Յեսու» գրքից»]
12. Արդյո՞ք Գեդեոնը բավականաչափ քաջ չէր Եհովայի տված հանձնարարությունը կատարելու համար։ Ինչո՞ւ եք այդպես պատասխանում (Դատ. 6։25–27)։ Գեդեոնի քաջությունը հաստատվում է Եբրայեցիս 11։32–38 համարներով։ Այստեղ Գեդեոնի անունը նշվում է նրանց անունների կողքին, ովքեր «պատերազմի մէջ զօրաւոր եղան»։ Գեդեոնը նաև համեստություն և շրջահայացություն դրսևորեց այն հարցում, թե ինչպես կատարեց տրված հանձնարարությունը։ Նա դա արեց գիշերը. այդ ժամերին նա, ամենայն հավանականությամբ, մարդկանց աչքից աննկատ կմնար։ Դեռ ավելին. Գեդեոնը իր հանձնարարությանը պատշաճ զգուշությամբ մոտեցավ։ Նա իր հետ վերցրեց իր ծառաներից տասը հոգու՝ ըստ երևույթին նրա համար, որպեսզի մի քանիսին պահակ կանգնեցնի, իսկ մյուսներն օգնեն իրեն քանդելու զոհասեղանն ու Աստարովթը։ [4, w00 01.08, էջ 17, պարբ. 12]
13. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Գեդեոնը խոսեց Եփրեմի ցեղի մարդկանց հետ (Դատ. 8։1–3)։ Կշռադատված, մեղմ խոսքերով Գեդեոնը խուսափեց այն բանից, ինչը կարող էր աղետալի, միջցեղյան պատերազմի առիթ դառնալ։ Եփրեմյանները, հավանաբար, մեծամիտ էին ու հպարտ։ Այնուամենայնիվ, այդ հանգամանքը ետ չպահեց Գեդեոնին խաղաղության հասնելու իր ձգտումից։ Նմանապես այսօր։ Բարկությունը երբեմն կարող է համակել որևէ մեկին և դրդել մեր հանդեպ թշնամանքի։ Փորձիր հասկանալ նրա զգացումները ու աշխատիր ըմբռնել նրա տեսակետը։ [5, w00 15.08, էջ 25, պարբ. 4, 5]
14. Ինչի՞ մասին է վկայում այն փաստը, որ Գաբաա քաղաքի բնակիչները չկամեցան հյուր ընդունել (Դատ. 19։14, 15)։ Նման վերաբերմունքը խիստ անսովոր երևույթ էր իսրայելական միջավայրում։ Այն, որ Գաբաացիները չկամեցան հյուր ընդունել, վկայում էր նրանց ցածր բարոյական մակարդակի մասին, ինչը սկսեց ակնհայտ դառնալ երեկոյան։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում ‘հյուրասիրության հետևել’ (Հռովմ. 12։13)։ [8, w05 15.01, «Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից»]
15. Եթե «ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում», ապա արդյո՞ք սա նշանակում է, որ Իսրայելում անարխիա էր տիրում (Դատ. 21։25)։ Ոչ՛, քանի որ Եհովան բավականաչափ միջոցներ էր ձեռք առել իր ժողովրդին առաջնորդելու համար։ Որպեսզի իսրայելացիները կրթվեին իր ճանապարհներով, նա նրանց տվել էր Մովսիսական օրենքը, ինչպես նաև քահանայություն։ Ուրիմի և Թումիմի միջոցով քահանայապետը կարող էր դիմել Աստծուն կարևոր հարցերով (Ելից 28։30)։ Յուրաքանչյուր քաղաքում կային նաև ծերեր, որոնք ընդունակ էին խելացի խորհուրդներ տալ։ Եթե իսրայելացին օգտվում էր այս միջոցներից և «իր աչքին հաճելի եղածն էր անում», արդյունքները դրական էին լինում։ [8, w05 15.01, «Ուշագրավ մտքեր «Դատաւորաց» գրքից»]