Փորձիր ճկուն լինել
Մարդկանց հանդեպ անկեղծ հետաքրքրությունը կմղի մեզ, որ փորձենք տեսնել նրանց կարիքները ու ցույց տանք նրանց, որ Թագավորությունը ամբողջությամբ կլուծի իրենց բոլոր խնդիրները (Փիլիպ. 2։4)։ Շատ քարոզիչներ արդյունավետ են համարում հրատարակություններն առաջարկելու հետևյալ ձևը. նրանք տանտիրոջը հրավիրում են մեկնաբանություն տալ Դրախտի հետ կապված նկարների վերաբերյալ, որոնք ընդգրկված են մեր հրատարակություններում։ Այդ հրատարակություններից մի քանիսը բերված են այս էջի աջ սյունակում։ Դու կարող ես այդ նկարների հիման վրա մատուցումը սկսել՝ օգտվելով հետևյալ առաջաբաններից.
◼ «Ի՞նչ եք կարծում, երբևէ մարդիկ կվայելե՞ն այս նկարում պատկերված պայմանները»։
◼ «Բոլորս էլ կցանկանայինք, որ մեր երեխաները վայելեին այնպիսի կյանք, որ պատկերված է այս նկարում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է անհրաժեշտ նման պայմաններ ստեղծելու համար»։
◼ «Այս նկարում պատկերված է, թե ինչպիսին կլինի երկիր մոլորակը այն ժամանակ, երբ Աստծու կամքը կատարվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է կատարվում։ Այս նկարում կա՞ ինչ–որ բան, որ տարբերվում է մեր այսօրվա կյանքից»։
◼ «Կուզեի՞ք ապրել այս նկարում պատկերված պայմաններում։ [Թույլ տուր պատասխանել։] Ըստ ձեզ՝ դա իրականություն կդառնա՞ մեր օրերում»։
Ուշադրությամբ լսիր զրուցակցիդ պատասխանը և նրա տեսակետն իմանալու համար մեկ–երկու հարց տուր նրան։ Եթե անհատը պատասխանում է, որ չէր ուզենա ապրել այդպիսի պայմաններում կամ չի հավատում, որ նման բան հնարավոր է, արագորեն մի եզրակացրու, որ բարի լուրը նրան չի հետաքրքրում։ Նրբանկատորեն հարցրու, թե ինչու է նա այդպես կարծում։ Նրա պատասխանը կարող է երևան հանել այն, որ այդ անհատը խորապես մտահոգված է մարդկության անլուծելի թվացող խնդիրներով (Եզեկ. 9։4)։
Տեսնելով, թե ինչն է մտահոգում զրուցակցիդ՝ մատուցումդ համապատասխանաբար փոփոխիր։ Ընդգծիր Թագավորության պատգամի այն կողմը, որն ուղղակիորեն կապված է նրան մտահոգող հարցի հետ։ Կարդա մեկ–երկու աստվածաշնչյան համար, որոնք կապ ունեն նրան մտահոգող հարցի հետ (տե՛ս աջ կողմի սյունակում տրված տարբերակները)։ Թող զրուցակիցդ անձամբ տեսնի, թե այդ մասին ինչ է ասվում Աստծու Խոսքում։ Եթե նա հետաքրքրություն է ցուցաբերում, առաջարկիր հրատարակությունը ու պայմանավորվիր կրկին հանդիպելու համար։ Շարունակիր զարգացնել նրա հետաքրքրությունը առաջին զրույցի հիման վրա։
[Շրջանակ 6–րդ էջի վրա]
Դրախտը պատկերող նկարներ
«Արարչագործություն» գիրք. էջ 237, 243, 251, ռուս.
«Մեծ Ուսուցիչ» գիրք. էջ 251–254
«Գիտություն» գիրք. էջ 4, 5, 188, 189
«Աստված պահանջում է» գրքույկ. էջ 11, 13
«Երկրպագիր Աստծուն» գիրք. էջ 92, 93
[Շրջանակ 6–րդ էջի վրա]
Մարդկանց մտահոգող հարցերը
Աղքատություն, հարստահարում
Այլասերվածություն, անարդարություն
Անարդյունավետ կառավարում
Անտնություն, տնտեսական խնդիրներ
Բարքերի անկում
Երկրի ապականում
Ընկճվածություն, դեպրեսիա
Հիվանդություն, տկարություն
Մահ, ողբերգություն
Նախապաշարում, անհավասարություն
Ոճիր, բռնություն
Պատերազմ, ահաբեկչություն
Սով, թերսնում
Վատ վերաբերմունք կենդանիների հանդեպ