Ընդօրինակիր Եհովայի արդարությունը
1 Եհովան «իրաւունք է սիրում» (Սաղ. 37։28)։ Թեև նա վճռել է ոչնչացնել այս անարդար աշխարհը, սակայն միջոցներ է ձեռնարկել, որ այդ ոչնչացումից առաջ նախազգուշացում տրվի (Մարկ. 13։10)։ Դա մարդկանց զղջալու և փրկվելու հնարավորություն է տալիս (Բ Պետ. 3։9)։ Ձգտո՞ւմ ենք արդյոք ընդօրինակել Եհովայի արդարությունը։ Մարդկանց թշվառ վիճակն ու տառապանքը մղո՞ւմ են մեզ Թագավորության հույսի մասին պատմել նրանց (Առակ. 3։27)։ Արդարության հանդեպ սերը կմղի մեզ ժրաջանորեն մասնակցել քարոզչության գործին։
2 Քարոզենք անաչառորեն։Աստծո նպատակները առանց աչառության յուրաքանչյուր անհատի հաղորդելով՝ մենք ‘իրավունք ենք անում’ (Միք. 6։8)։ Մենք պետք է պայքարենք այն հակվածության դեմ, որ ունեն անկատար մարդիկ, այն է՝ կարծիք կազմել մարդկանց մասին՝ նրանց արտաքին տեսքին նայելով (Յակ. 2։1–4, 9)։ Եհովան «կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթ. 2։4)։ Աստծո Խոսքը կարող է զարմանալի փոփոխություններ կատարել մարդկանց կյանքում (Եբր. 4։12)։ Այս բանը գիտակցելը կմղի մեզ վստահությամբ խոսել մարդկանց հետ, նույնիսկ նրանց հետ, ովքեր մի ժամանակ չեն ցանկացել լսել բարի լուրը։
3 Խանութում աշխատող մի քրոջ վախեցնում էր իր մշտական գնորդներից մեկի արտաքին տեսքը։ Այնուամենայնիվ, երբ հարմար առիթ եղավ, քույրը փորձեց պատմել նրան Աստծո խոստացած Դրախտի մասին։ Գնորդը կտրուկ կերպով ասաց, թե հեքիաթների չի հավատում, և թե ինքը հիպի է ու թմրամոլ։ Սակայն քույրը չհանձնվեց։ Մի օր գնորդը քրոջը հարցրեց, թե ինչ է կարծում այն մասին, որ ինքը երկար մազեր ունի։ Քույրը նրբանկատորեն բացատրեց, թե ինչ է ասում Աստվածաշունչը այդ մասին (Ա Կորնթ. 11։14)։ Ի զարմանս քրոջ՝ հաջորդ օրը այդ մարդը խանութ եկավ մաքուր, սափրված և մազերը կտրած։ Նա խնդրեց, որ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեն, և մի եղբայր սիրով համաձայնեց անցկացնել այն։ Այդ մարդը առաջադիմեց և հետագայում նվիրվեց ու մկրտվեց։ Նրա նման՝ շատերը, որ այսօր ծառայում են Եհովային, երախտապարտ են այն քարոզիչներին, ովքեր, անաչառ լինելով, հաստատակամորեն ջանք են գործադրել Թագավորության պատգամը իրենց հայտնելու համար։
4 Շուտով Եհովան երկրի վրայից կվերացնի անարդարությունը (Բ Պետ. 3։10, 13)։ Եկեք այս մնացած կարճ ժամանակում ընդօրինակենք Եհովայի արդարությունը՝ հնարավորություն տալով բոլոր մարդկանց փրկվել Սատանայի անարդար աշխարհի գալիք կործանումից (Ա Յովհ. 2։17)։