Երիտասարդնե՛ր, ընթերցեք Աստծո Խոսքը
1 Երիտասարդության շրջանը զանազան խնդիրներ դիմագրավելու և ծանրակշիռ որոշումներ կայացնելու ժամանակ է։ Ձեզանից շատերը, ո՛վ երիտասարդներ, ամեն օր պայքար են մղում վարքի վերաբերյալ՝ Աստծո սկզբունքները խախտելու ճնշման դեմ։ Կրթության, աշխատանքի և ամուսնության վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ դուք արդեն պետք է հոգևոր նպատակներ ունենաք ձեր առջև դրված։ Միայն այդպես կարող եք կայացնել որոշումներ, որոնք օգտակար կլինեն ձեզ համար հետագայում։ Կոնկրետ նպատակներ դնելը կօգնի ձեզ իմաստուն կերպով գործել և հաջողություններ ունենալ։ Աստվածաշունչը կանոնավորաբար ընթերցելն ու ընթերցվածի շուրջ խորհրդածելը կմղի ձեզ ապրել նրա ներշնչված խորհուրդներին ներդաշնակ, և տեղին գործադրված ձեր ջանքերը հաջողությամբ կպսակվեն (Յեսու 1։8; Սաղ. 1։2, 3)։
2 Ի՞նչ օգուտներ կբերի դա։ Սատանայի աշխարհը լի է այնպիսի գայթակղություններով, որոնք դրդում են անհատին սխալ գործել (Ա Յովհ. 2։15, 16)։ Հնարավոր է՝ գիտես քո համադասարանցիներից ոմանց կամ քո տարիքի ուրիշ երիտասարդների, ովքեր լուրջ խնդիրների առաջ են կանգնել հասակակիցների ճնշմանը տեղի տալու հետևանքով։ Սուրբգրային խորհուրդներին հավատարիմ մնալը բարոյապես ու հոգեպես կզորացնի քեզ, որպեսզի մերժես մեղքի առաջնորդող ընթացքը։ Դեռ ավելին, Աստծո Խոսքից ստացված խորհուրդները կօգնեն քեզ խույս տալ Սատանայի աննկատելի ծուղակներից (Բ Կորնթ. 2։11; Եբր. 5։14)։ Աստծո ուղիներով ընթանալը իսկական երջանկություն կպարգևի քեզ, և դու բավականություն կստանաս քո վարած կյանքից (Սաղ. 119։1, 9, 11)։
3 Աստծո Խոսքի անփոփոխ սկզբունքները գերազանցում են մարդկային իմաստությանը (Սաղ. 119։98–100)։ Աստվածաշնչի սկզբունքներին ծանոթանալը, Եհովայի՝ արդեն բացահայտված նպատակների շուրջ խորհրդածելը, ինչպես նաև սրտաբուխ աղոթքները կօգնեն քեզ սերտ փոխհարաբերություններ զարգացնել Աստվածաշնչի Հեղինակի՝ Եհովա Աստծո հետ, որը ամենաիմաստուն անձնավորությունն է։ Նա խոստանում է. «Իմաստուն կ’անեմ քեզ, եւ կ’սովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նորանում պիտի գնաս. կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղ. 32։8)։
4 Ժամանակ հատկացրու Խոսքը կարդալուն։ Մի երիտասարդ քույր նպատակ դրեց իր առջև կարդալ ամբողջ Աստվածաշունչը և մեկ տարում ավարտեց ընթերցանությունը։ Ի՞նչ օգուտներ ստացավ նա։ Քույրը պատմում է. «Ես Եհովայի մասին շատ բաներ սովորեցի. բաներ, որ մոտեցնում են ինձ նրան և իմ մեջ ցանկություն են առաջացնում կյանքիս մնացած տարիները նրա վախով ապրելու» (Յակ. 4։8)։ Իսկ դու Աստվածաշունչն ամբողջությամբ կարդացե՞լ ես։ Եթե ոչ, նպատակ դիր քո առջև այն կարդալու։ Եհովան անպայման կօրհնի քո ջանքերը, և դու մեծ պարգևներ կստանաս։