Մենք կարո՛ղ ենք անել այն, ինչ Եհովան պահանջում է մեզանից
1 Եհովայի օրենքներին ու սկզբունքներին հետևելը այսօր կյանքի լավագույն ուղին է, և այն օգնում է մեզ հավիտենական ապագայի լավ հիմք դնել (Սաղ. 19։7–11; Ա Տիմոթ. 6։19)։ Սակայն Սատանայի աշխարհը մեծ ճնշում է բանեցնում մեզ վրա։ Մեր անկատար մարմինը ավելի է մեծացնում խնդիրը։ Գրությունների վրա հիմնված մեր պատասխանատվությունները կատարելիս երբեմն թերևս մեզ անկարող զգանք (Սաղ. 40։12; 55։1–8)։ Գուցե նույնիսկ կասկածենք, թե կարող ենք կատարել այն ամենը, ինչ Եհովան ակնկալում է մեզանից։ Այդպիսի պահերին ի՞նչը կօգնի մեզ հոգևոր հավասարակշռություն պահպանել։
2 Եհովայի պատվերները ծանր չեն։ Եհովան երբեք անխոհեմ պահանջներ չի ներկայացնում մեզ։ Նրա պատվերները ծանր չեն, այլ մեր օգտին են ծառայում (Բ Օրին. 10։12, 13; Ա Յովհ. 5։3)։ Նա հաշվի է առնում մեր մարդկային տկարությունը, «յիշում է որ հող ենք մենք» (Սաղ. 103։13, 14)։ Եհովան գթասրտորեն ընդունում է իրեն ծառայելու մեր լավագույն ջանքերը, նույնիսկ եթե դրանք մեր հանգամանքների պատճառով սահմանափակ են (Ղեւտ. 5։7, 11; Մարկ. 14։8)։ Նա հրավիրում է մեզ մեր բեռը իր վրա գցել և հավաստիացնում է, որ կօգնի իրեն հավատարիմ մնալ (Սաղ. 55։22; Ա Կորնթ. 10։13)։
3 Տոկուն լինելու անհրաժեշտությունը։ Իրենց անարատությունը պահած հավատարիմ անձանց, օրինակ՝ Եղիայի, Երեմիայի և Պողոսի մասին Աստվածաշնչի հաղորդագրությունից տեսնում ենք, որ տոկունություն ցուցաբերելու անհրաժեշտություն կա (Եբր. 10։36)։ Եհովան զորավիգ եղավ նրանց դժվարությունների ժամանակ ու հուսահատության պահերին (Գ Թագ 19։14–18; Երեմ. 20։7–11; Բ Կորնթ. 1։8–11)։ Ոգևորիչ է նաև մեր օրերի քրիստոնյաների հավատարմությունը (Ա Պետ. 5։9)։ Նման օրինակների շուրջ խորհրդածելը կօգնի մեզ չընկճվել։
4 Եհովայի խոստումների հանդեպ հույս ունենալը «խարիսխի պէս» է մեզ համար (Եբր. 6։19)։ Հույսը մղեց Աբրահամին ու Սարրային ընդունել Եհովայի պատվերը՝ թողնել իրենց տունը և «պանդուխտ [լինել] աւետիքի երկրումն»։ Հույսը զորացրեց Մովսեսին անվախորեն պաշտպանել ճշմարիտ երկրպագությունը։ Եվ դարձյալ հույսը ամրացրեց Հիսուսին տոկուն մնալ տանջանքի ցցի վրա (Եբր. 11։8–10, 13, 24–26; 12։2, 3)։ Արդար նոր աշխարհ բերելու վերաբերյալ Աստծո խոստումը մեր սրտում վառ պահելով՝ մենք կկարողանանք հաստատուն մնալ (Բ Պետ. 3։11–13)։
5 Հիշելով նախկինում կատարած մեր հավատարիմ գործերի, անձնազոհ արարքների և մեր ցուցաբերած խիզախության մասին՝ մենք կարող ենք եռանդուն մնալ ծառայության մեջ (Եբր. 10։32–34)։ Դա հիշեցնում է մեզ, թե ինչ ուրախություն ենք ապրում, երբ Եհովային տալիս ենք այն, ինչ որ նա ակնկալում է մեզանից՝ ամբողջ հոգով մեր նվիրվածությունը (Մատթ. 22։37)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ինչպիսի՞ զգացումներ կարող են երբեմն պատել մեզ և ինչո՞ւ։
2. Ինչպե՞ս է Եհովան խոհեմություն ցուցաբերում իր ակնկալիքների մեջ։
3. Ինչպե՞ս է Եհովան զորացնում մեզ, որ տոկուն լինենք։
4. Ինչո՞ւ է կարևոր Աստծո խոստումները մեր մտքում վառ պահելը։
5. Ինչո՞ւ կարող է քաջալերական լինել նախկինում կատարած մեր հավատարիմ գործերի մասին խորհրդածելը։