Քարոզչական գործն օգնում է մեզ տոկալ
1 Աստծու Խոսքը մեզ հորդորում է «համբերութեամբ [«տոկունությամբ», ՆԱ] վազե[լ] մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը» (Եբր. 12։1)։ Ինչպես որ վազորդը վերջնագծին հասնելու համար տոկունության կարիք ունի, այնպես էլ մենք հավիտենական կյանքի պարգևը ստանալու համար տոկունություն դրսևորելու կարիք ունենք (Եբր. 10։36, ՆԱ)։ Ինչպե՞ս կարող է քրիստոնեական ծառայությունը օգնել մեզ հավատարմորեն տոկալ մինչև վերջ (Մատթ. 24։13)։
2 Հոգևորապես զորացած։ Արդար նոր աշխարհի մասին Աստվածաշնչի հրաշալի խոստումը հռչակելը օգնում է մեզ վառ պահել մեր հույսը (Ա Թեսաղ. 5։8)։ Երբ կանոնավորաբար մասնակցում ենք քարոզչական գործին, հնարավորություն ենք ունենում մարդկանց հայտնելու այն ճշմարտությունները, որ սովորել ենք Աստվածաշնչից։ Մենք հնարավորություն ենք ունենում պաշտպանելու մեր հավատը, ինչն իր հերթին հոգևորապես զորացնում է մեզ։
3 Որպեսզի արդյունավետորեն ուսուցանենք ուրիշներին, մենք ինքներս պետք է հստակորեն հասկանանք աստվածաշնչյան ճշմարտությունները։ Դրա համար մենք պետք է փնտրտուքներ կատարենք և խորհրդածենք կարդացած նյութի շուրջ։ Մեծ ջանքեր գործադրելու շնորհիվ խորանում են մեր գիտելիքները, զորանում է մեր հավատը, և հոգևորապես թարմանում ենք (Առակ. 2։3–5)։ Այսպիսով՝ ձգտելով օգնել ուրիշներին՝ մենք զորացնում ենք ինքներս մեզ (Ա Տիմոթ. 4։15, 16)։
4 Քարոզչական ծառայությանը եռանդորեն մասնակցելը «Աստուծոյ սպառազինութ[յան]» կարևոր մասն է, որի կարիքն ունենք մենք Սատանայի և նրա դևերի հակառակության դեմ հաստատուն մնալու համար (Եփես. 6։10–13, 15)։ Սուրբ ծառայության մեջ զբաղված լինելը օգնում է մեզ մեր միտքը կենտրոնացած պահել կերտիչ բաների վրա և խուսափել Սատանայի աշխարհի ապականիչ ազդեցությունից (Կող. 3։2)։ Երբ մարդկանց սովորեցնում ենք Եհովայի ճանապարհների մասին, դրանով իսկ ինքներս մեզ շարունակաբար հիշեցնում ենք, որ կարիք ունենք սուրբ վարք դրսևորելու (Ա Պետ. 2։12)։
5 Աստծուց զորություն ստացած։ Եվ վերջապես, քարոզչական գործին մասնակցելով՝ մենք սովորում ենք ապավինել Եհովային (Բ Կորնթ. 4։1, 7)։ Ինչպիսի՜ օրհնություն է դա։ Այդպիսի վստահություն զարգացնելը օգնում է մեզ ոչ միայն կատարել մեր ծառայությունը, այլև տոկալ ցանկացած իրավիճակում, որում գուցե հայտնվենք (Փիլիպ. 4։11–13)։ Անշուշտ, Եհովային լիովին ապավինելը կարևոր պայման է տոկունություն դրսևորելու հարցում (Սաղ. 55։22)։ Այո՛, քարոզչական գործը բազմաթիվ կերպերով օգնում է մեզ տոկալ։