«Ծառայեցէք Տիրոջն ուրախութիւնով»
1 «Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ,— գրեց Պողոս առաքյալը.— դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք» (Փիլիպ. 4։4)։ Մեզ համար մեծ պատիվ է քարոզել բարի լուրը, ինչպես նաև օգնել հեզ անհատներին երկրպագելու Եհովային. դա մեծ ուրախության աղբյուր է (Ղուկ. 10։17; Գործք 15։3; Ա Թեսաղ. 2։19)։ Սակայն եթե երբեմն զգում ենք, որ կորցնում ենք մեր ուրախությունը ծառայության մեջ, ի՞նչ կարող ենք անել։
2 Աստծո կողմից հանձնարարված գործ։ Չմոռանանք, որ քարոզելու մեր առաջադրանքը Եհովայից ենք ստացել։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում է մեզ համար «Աստուծոյ գործակիցներ» լինելը Թագավորության պատգամը հռչակելիս և աշակերտներ պատրաստելիս (Ա Կորնթ. 3։9)։ Հիսուս Քրիստոսը այս անկրկնելի գործում մեզ հետ է (Մատթ. 28։18–20)։ Հրեշտակները նույնպես մեզ հետ միասին ակտիվորեն մասնակցում են հոգևոր մեծ հնձին, որն այժմ տեղի է ունենում (Գործք. 8։26; Յայտն. 14։6)։ Գրությունները, ինչպես նաև Աստծո ժողովրդի հետ կատարվող դեպքերը անհերքելի ապացույցն են այն բանի, որ Եհովան թիկունք է կանգնում այս գործին։ Ուստի երբ քարոզում ենք, մենք գնում ենք «որպէս թէ Աստուծմէ ղրկուած.... եւ Աստուծոյ առջեւ.... Քրիստոսով» (Բ Կորնթ. 2։17, ԱԱ)։ Ուրախ լինելու ի՜նչ մեծ պատճառ...
3 Ծառայության մեջ ուրախությունը պահպանելու հարցում կարևոր դեր է խաղում աղոթքը (Գաղ. 5։22)։ Քանի որ Աստծո գործը ի վիճակի ենք անելու միայն նրա ուժի օգնությամբ, պետք է նրանից ջերմեռանդորեն խնդրենք իր ոգին, որը նա առատորեն տալիս է իրենից խնդրողներին (Ղուկ. 11։13; Բ Կորնթ. 4։1, 7; Եփես. 6։18–20)։ Մեր ծառայության համար աղոթելով՝ մենք ճիշտ տեսակետ կպահպանենք, երբ բացասական արձագանքի հանդիպենք։ Դրա շնորհիվ կշարունակենք քարոզել համարձակորեն և ուրախությամբ (Գործք 4։29–31; 5։40–42; 13։50–52)։
4 Լավ նախապատրաստվիր։ Ծառայությունից ավելի շատ ուրախություն ստանալու գործնական կերպերից մեկը լավ նախապատրաստվելն է (Ա Պետ. 3։15)։ Դա մեզանից շատ ժամանակ չի խլի։ Ընդամենը մի քանի րոպեն բավական է կրկնելու համար ընթացիկ պարբերագրերի մատուցումները կամ մի մատուցում, որը համապատասխանում է քո ընտրած հրատարակությանը։ Բացման խոսքերի համար կարող ես օգտվել «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկից կամ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի նախորդ համարներից։ Որոշ քարոզիչներ օգտակար են համարում թղթի կտորի վրա կարճ մի մատուցում գրի առնելը։ Ժամանակ առ ժամանակ աչքի են անցկացնում այդ գրառումը՝ մատուցման խոսքերն իրենց հիշողության մեջ թարմացնելու նպատակով։ Դա օգնում է նրանց հաղթահարել հուզմունքը և վստահություն է ներշնչում համարձակությամբ քարոզելու։
5 Ուրախությունն իր հետ բազում օրհնություններ է բերում։ Ուրախ տրամադրությունը մեր պատգամն ավելի հրապուրիչ է դարձնում։ Ուրախությունը նաև զորացնում է մեզ՝ տոկալու (Նէեմ. 8։10; Եբր. 12։2)։ Իսկ որն ամենակարևորն է, մեր ուրախ ծառայությունը փառք է բերում Եհովային։ Ուրեմն՝ եկե՛ք «Տիրոջն ուրախութիւնով» ծառայենք (Սաղ. 100։2)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
1. Ի՞նչը կարող է մեծ ուրախության աղբյուր լինել Եհովայի ծառաների համար։
2. Ինչպե՞ս է մեր ուրախությանը նպաստում այն բանի գիտակցումը, թե ով է մեզ հանձնարարել այս գործը։
3. Ի՞նչ դեր է խաղում աղոթքը ծառայության մեջ մեր ուրախությունը պահպանելու հարցում։
4. Ինչպե՞ս է լավ նախապատրաստությունը նպաստում քարոզչական ծառայությունից ավելի մեծ ուրախություն ստանալուն, և որո՞նք են նախապատրաստվելու գործնական կերպերից մի քանիսը։
5. Ի՞նչ օգուտներ է բերում ուրախությունը ինչպես մեզ, այնպես էլ ուրիշներին։