Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2003 թ. հոկտեմբերի 27–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է սեպտեմբերի 1–ով սկսվող շաբաթից մինչև հոկտեմբերի 27–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
Դասեր
1. Ի՞նչ իմաստ է իր մեջ ընդգրկում Ա Տիմոթէոս 2։9–ում տրված խորհուրդը՝ զարդարել անձը «վայելուչ հագուստով», և ինչպե՞ս այն պետք է իր ազդեցությունը թողնի մեր մատուցումների վրա՝ թե՛ բեմից, թե՛ քարոզչական ծառայության ընթացքում։ [1, be, էջ 132, պարբ. 4, 5] Այս սկզբունքը վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, ու նշանակում է, որ մեր տեսքը պետք է լինի կոկիկ ու վայելուչ։ Այս սկզբունքը կիրառելը լավ է անդրադառնում ինչպես քրիստոնյայի վրա անհատապես, այնպես էլ Եհովայի կազմակերպության վրա։ Երբ մարդիկ մեզ տեսնեն «վայելուչ հագուստով», ավելի տրամադրված կլինեն լսելու այն պատգամը, որ հռչակում ենք։
2. Ինչպիսի՞ ազդեցություն պետք է թողնեն մեր արտաքին տեսքի վրա Աստվածաշնչի սկզբունքները՝ ամփոփված Ա Յովհաննէս 2։15–17, Եփեսացիս 2։2 և Հռովմայեցիս 15։3 համարներում։ [2, be, էջ 133, պարբ. 2–4] Ըմբռնելով Ա Յովհաննէս 2։15–17-ում ասվածը՝ կխուսափենք այնպիսի հագուստ կրելուց, որը ցույց է տալիս սեր աշխարհի հանդեպ, ընդգծում է մեղավոր մարմնի ցանկությունը և արտացոլում է մեր ունեցվածքով հպարտանալու մղումը։ Կիրառելով Եփեսացիս 2։2–ը՝ փաստում ենք, որ մեր արտաքին տեսքը չի արտացոլում աշխարհի ապստամբ ոգին։ Հռովմայեցիս 15։3 համարը ուշադրություն է հրավիրում Եհովայի կամքը կատարելու և ուրիշներին օգնելու առնչությամբ Հիսուսի օրինակի վրա։ Այսպիսով մենք խուսափում ենք այնպիսի հագվելակերպից ու հարդարանքից, որոնք կարող են պատնեշ ստեղծել մեր ու այն մարդկանց միջև, որոնց քարոզում ենք։
3. Ինչո՞ւ է ինքնատիրապետումը կարևոր, և ինչպե՞ս կարող ենք ինքնատիրապետում դրսևորել բեմից ելույթ ունենալիս կամ ծառայության մասնակցելիս։ [4, be, էջ 135, շրջանակ; էջ 136, պարբ. 5 և շրջանակ] Ինքնատիրապետում դրսևորելով՝ կօգնենք ունկնդիրներին, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնեն ոչ թե մեզ վրա, այլ մեր խոսքերի։ Մենք կարող ենք ինքնատիրապետում դրսևորել՝ Եհովային ապավինելով, լավ նախապատրաստվելով և բարձրաձայն փորձեր կատարելով (Սաղ. 55։22)։ Կարող ենք վստահություն ձեռք բերել նաև՝ քարոզչական ծառայությանը կանոնավորաբար մասնակցելով, ժողովի հանդիպումներին մեկնաբանություններ տալով և Աստվածապետական ծառայության դպրոցում հավելյալ առաջադրանքներ ստանալու ցանկություն հայտնելով։
4. Լինելով «հաւատարիմ եւ ճշմարիտ Վկան»՝ ինչպե՞ս Հիսուսը մեզ օրինակ թողեց ծառայության ժամանակ Աստվածաշնչից օգտվելու հարցում (Յայտն. 3։14)։ [8, be, էջ 143, պարբ. 2, 3] Հիսուսը մարդկանց ուսուցանելիս շատ հաճախ Գրություններից հատվածներ էր մեջբերում, իր բառերով ներկայացնում կամ էլ անուղղակի կերպով ակնարկում էր դրանց (Մատթ. 4։3–10; 12։1–8; Ղուկ. 10։25–28; 17։32; 24։27, 44–47)։ Նա իրավացիորեն կարող էր ասել, որ ինքն իրենից ոչինչ չէր սովորեցնում (Յովհ. 8։26; 14։10)։ Մենք նույնպես պետք է սովորություն դարձնենք հարցերին տալ Աստվածաշնչի վրա հիմնված պատասխաններ։
5. Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշունչը գործածելու հարցում ավելի հմտանալ (Տիտոս 1։9)։ [9, be, էջ 144, պարբ. 1 և շրջանակ] Որպեսզի ‘հաստատ բռնենք վարդապետության հավատարիմ խոսքը և կարող լինենք ողջամիտ վարդապետությունով հորդորել’, մենք պետք է Աստվածաշնչի անձնական ընթերցանության և ուսումնասիրության լավ ծրագիր ունենանք։ Պետք է սովորություն դարձնենք հանդիպումներին Գրություններից համարներ ընդգրկել մեր մեկնաբանություններում։ Նախքան որոշում կայացնելը կամ որևէ հարցի պատասխանելը, միշտ պետք է խորհենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը տվյալ իրավիճակի վերաբերյալ։ Եթե չգիտենք Աստվածաշնչի տեսակետը տվյալ հարցի վերաբերյալ, պետք է պատրաստ լինենք հավելյալ փնտրտուքներ կատարելու։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ է իր մեջ ընդգրկում ուսումնասիրությունը, և որո՞նք են այն օգուտները, որ ստանում ենք Աստծո Խոսքը կանոնավորաբար ուսումնասիրելուց։ [1 և 6, be, էջ 27, պարբ. 3; էջ 32, պարբ. 4] Ուսումնասիրության ժամանակ գործի ենք դնում մեր մտային կարողությունները, որպեսզի նյութն ավելի ուշադիր քննենք։ Ուսումնասիրությունն ընդգրկում է կարդացածը վերլուծելու և արդեն իսկ ունեցած գիտելիքների հետ համեմատելու պրոցես, ուշադրություն դարձնելը, թե ինչ պատճառներով է բերվում տվյալ միտքը, ինչպես նաև ցանկացած նոր մտքի շուրջ խորապես մտածելը։ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունը օգնում է մեզ լինել խոնարհ, Աստծո Խոսքը կենդանի է պահում մեր սրտում և պաշտպանում մեզ մեղքի խաբեությունից։ Եվ այդժամ մենք կկարողանանք «գնա[լ] ինչպէս արժանի է Տիրոջը, ամեն բանի մէջ հաճոյ լինելով նորան, ամեն բարի գործով պտղաբեր լին[ել]» (Կող. 1։10; 3։5–10; Բ Օրին. 17։18–20; Եբր. 2։1; 3։13)։
7. Համաձայն Յակոբոս 1։5, 6 համարներում ասված խոսքերի՝ ի՞նչն է կարևոր, երբ լուրջ որոշում պետք է կայացնենք։ [4, w01 01.09, էջ 28, պարբ. 4] Աղոթքը կարևոր է։ Մենք պետք է ամենայն վստահությամբ խնդրենք Եհովայի առաջնորդությունը՝ ճիշտ որոշում կայացնելու համար։ Հաճախ սուրբ ոգին մեզ կհիշեցնի խնդրին վերաբերող աստվածաշնչյան սկզբունքների մասին կամ կօգնի ավելի հստակ պատկերացնել, թե ինչ է ասում տվյալ սուրբգրային համարը մեր իրավիճակի առնչությամբ։
8. Որո՞նք են հիմնական թվականները, և ինչո՞ւ են դրանք անչափ կարևոր։ [5, bsi, դաս 2, մաս 2, պարբ. 27] Հիմնական թվականն իրենից ներկայացնում է պատմության մեջ օրացույցային տարեթիվ, որն ընդունելու համար լուրջ հիմքեր գոյություն ունեն, և որը համապատասխանում է Աստվածաշնչում արձանագրված ինչ–որ հատուկ իրադարձության։ Տվյալ թվականը գործածվում է որպես ելակետ, որից հաշվելով՝ կարող ենք օրացույցի վրա ճշգրտորեն նշել Աստվածաշնչում արձանագրված իրադարձությունների մի ամբողջ շարք։
9. Ի՞նչ առումով է «բամբասանք հնարողը» անմիտ (Առակ. 10։18)։ [7, w01 15.09, էջ 25, պարբ. 3] Երբ ինչ–որ մեկը վատաբանվում է, այն, որ նրա մասին սուտ տեղեկություններ են հաղորդվում, չի նշանակում, որ այդ անհատը ամբողջությամբ փոխվում է։ Խորաթափանց մարդը, որ լսում է այդ խոսքերը, կտեսնի խոսքերի ետևում գտնվող չարակամությունը, և զրպարտողը կկորցնի իր հանդեպ նրա հարգանքը։ Ուստի նա, ով բամբասանքով է զբաղվում, ինքն իրեն է վնասում։
10. Նոր աշխարհում մարդիկ ինչպե՞ս լիակատար կերպով կհասկանան ժամանակի վերաբերյալ Եհովայի տեսակետը։ [8, bsi, դաս 2, մաս 2, պարբ. 32] Նոր աշխարհում հիվանդությունը, մահը, պարապությունը, ձանձրույթը և ունայնությունը վերջ կգտնեն։ Աշխատանքը կլինի հրապուրիչ և հետաքրքիր։ Կանցնեն հազարամյակներ, և երկրի վրա ապրող մարդիկ լիակատար կերպով կհասկանան ժամանակի վերաբերյալ Եհովայի տեսակետը. «Որովհետեւ հազար տարին.... ինչպէս երէկուան օրն է» (Սաղ. 90։4; Յայտն. 21։4)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ճի՞շտ է, թե՝ սխալ. Ա Կորնթացիս 2։9 համարում Պողոս առաքյալը խոսում է այն բաների մասին, որոնք Եհովան պատրաստել է իր հավատարիմ ժողովրդի համար որպես ժառանգություն։ Բացատրեք։ [1, ip-2-U, էջ 366, շրջանակ] Սխալ է։ Ինչպես երևում է համատեքստից, Պողոսը գրում է Եհովայի ծածուկ իմաստության մասին՝ կապված իր նպատակի հետ՝ ամենուրեք հաստատել խաղաղություն և միաբանություն (Ա Կորնթ. 2։7)։ Այն մարդիկ, որոնց հոգևորը թույլ է կամ էլ ընդհանրապես բացակայում է, չեն կարող ըմբռնել կամ հասկանալ այդ խորը իմաստությունը, որը բացվում է միայն նրանց, ովքեր ունեն Աստծո ոգին (Ա Կորնթ. 2։10)։
12. Ո՞ր փորձություններին են վերաբերում Ա Կորնթացիս 10։13–ում գրված խոսքերը, և ինչպե՞ս է Եհովան ‘ելքը պատրաստում’։ [2, w92-R 01.01, էջ 10, 11, պարբ. 11–14; w91-U 01.10, էջ 10, 11, պարբ. 11–14] Աստծո ներշնչումով գրված այս խոսքերը վերաբերում են ցանկացած հանգամանքի կամ իրավիճակի, որում կարող են հայտնվել մարդիկ, և որը կարող է դրդել անհատին անհավատարիմ գտնվելու Աստծո հանդեպ (Ա Կորնթ. 10։6–11)։ Եհովան ելք է տալիս՝ տարբեր կերպերով մեզ օգնելով, որպեսզի հոգևորապես զորանանք։ Եթե օգտվենք նման միջոցառումներից, ի վիճակի կլինենք դիմակայելու փորձություններին և պահպանելու մեր անարատությունը նույնիսկ մինչև մահ։
13. Ի՞նչ ազդեցություն է թողնում Հիսուսի ցուցաբերած առատաձեռնության օրինակը քրիստոնյաների վրա (Բ Կորնթ. 8։9)։ [4, w92-U 15.01, էջ 16, պարբ. 10] Թեպետ երկնքում եղած ժամանակ Հիսուսը հարուստ էր, նա պատրաստակամորեն զոհաբերեց այդ հարստությունը և դարձավ աղքատ մարդ. այդ ամենը նա արեց՝ առատ օգուտներ բերելու այն մարդկանց, ովքեր կընդունեին իր քավիչ զոհաբերության արժեքը։ Որպես Հիսուսի հետևորդներ՝ մենք պետք է մղվենք առատաձեռնորեն տրամադրել ինչպես մեր անձերը, այնպես էլ մեր միջոցները՝ Եհովայի կամքը կատարելու և ուրիշներին օգնելու, որպեսզի կյանք ձեռք բերեն։
14. Ինչպե՞ս Օրենքը «դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը» (Գաղ. 3։24)։ [5, w02 01.06, էջ 15, պարբ. 11] Պողոսի օրերում դաստիարակը մեծ ընտանիքում ստրուկ կամ ծառա էր, որի պարտականությունն էր պաշտպանել երեխաներին և նրանց ուղեկցել դպրոց։ Նմանապես մինչ Օրենքը տրված էր, որպեսզի իսրայելացիները կարող լինեին գիտակցել իրենց մեղավոր լինելը, այն նաև ծառայում էր որպես պաշտպանիչ միջոց բարոյական և կրոնական առումով անմաքուր սովորություններից և առաջնորդում էր դեպի Մեսիան, որը նրանց կսովորեցներ փրկության ճանապարհը (Գաղ. 3։19)։
15. Ի՞նչ են իրենցից ներկայացնում ‘աշխարհի սկզբունքները’, որոնցից պետք է զգուշանանք, որպեսզի մոլորության մեջ չընկնենք (Կող. 2։8)։ Դրանք իրենց մեջ ընդգրկում են մոլորեցնող փիլիսոփայություն, մարմնավոր իմաստություն և աշխարհիկ հայացքներ, որոնք ղեկավարում են այն մարդկանց կյանքը, ովքեր ճշմարիտ քրիստոնյաներ չեն։ Նման բաները սպառնալիք են մեր հոգևորի համար և ապականում են մեր քրիստոնեական մտածելակերպը։ [7, w95-R 01.02, էջ 14, պարբ. 12, 13; w94-U 15.12, էջ 16, պարբ. 12, 13]