Հաշմանդամ, սակայն արդյունավետ
1 Եթե դու էլ ուրիշ շատ Եհովայի վկաների նման հաշմանդամ ես, վստահ եղիր, որ դեռ կարող ես պտղաբեր ծառայություն մատուցել։ Իրականում քո հանգամանքները կարող են հատուկ առիթներ ստեղծել, որպեսզի վկայություն տաս և քաջալերես մյուսներին։
2 Վկայություն տալ։ Շատ անհատներ, ովքեր հաշմանդամ են, լիարժեք մասնակցություն են ունենում ծառայության մեջ։ Օրինակ՝ մի քույր, որի քայլելու և խոսելու ունակությունները վիրահատության պատճառով լրջորեն վնասվել էին, գտավ, որ կարող էր պարբերագրեր տարածել, եթե իր ամուսինը ավտոմեքենան կանգնեցներ մի որևէ մարդաշատ մայթի մոտ։ Մի անգամ նա 80 պարբերագիր բաժանեց ընդամենը երկու ժամում։ Քո առանձնահատուկ հանգամանքները թերևս նույնպես նպաստեն այն բանին, որ կարողանաս խոսել այնպիսի մարդկանց հետ, ում հետ դժվար է կապ հաստատել։ Եթե այդպես է, ապա նրանց համարիր քո յուրահատուկ տարածքը։
3 Քո քարոզչությունը կարող է շա՛տ արդյունավետ լինել։ Երբ մարդիկ տեսնեն վճռականությունդ և այն, թե Աստվածաշունչը ինչ լավ ազդեցություն է ունեցել քո կյանքի վրա, Թագավորության պատգամը գուցե հրապուրի նրանց։ Ավելին, երբ հանդիպես մարդկանց, ովքեր թշվառ վիճակում են գտնվում, կյանքիդ փորձը թերևս օգնի քեզ Աստծո Խոսքի միջոցով մխիթարելու նրանց (Բ Կորնթ. 1։4)։
4 Զորացրու մյուսներին։ Չոգևորվեցի՞ր արդյոք, երբ կարդացիր Լորել Նիսբեթի կենսագրությունը. նա 37 տարի շարունակ արհեստական շնչառության սարքավորման օգնությամբ էր շնչում, սակայն 17 անհատների օգնեց գալու Աստվածաշնչի ճշմարտության ճշգրիտ գիտությանը։ Նմանապես, քո օրինակը կարող է մղել հավատակիցներիդ ջանքեր գործադրել Եհովայի ծառայության մեջ (w01 15.09, էջ 17, պարբ. 10)։
5 Նույնիսկ եթե հանգամանքներդ թույլ չեն տալիս, որ ծառայության գնաս այնքան, որքան կցանկանայիր, միևնույն է, դու դեռ կարող ես զորացնել մարդկանց։ Մի եղբայր ասաց. «Ես հասկացա, որ նույնիսկ վատթարագույն վիճակում գտնվող հաշմանդամը կարող է մեծ օգնություն ցույց տալ մյուսներին։ Ես և կինս պատրաստ ենք եղել օգնության ձեռք մեկնելու ժողովի տարբեր անդամների։ Մեր հանգամանքները թույլ են տալիս, որ միշտ մարդկանց կողքին լինենք, միշտ պատրաստ օգնելու»։ Սակայն հաշմանդամության պատճառով հասկանալի է, որ գուցե ամեն անգամ ի վիճակի չլինես անելու այնպես, ինչպես քո եռանդն է մղում քեզ։ Բայցևայնպես, որոշակի աջակցությամբ կկարողանաս ակտիվորեն մասնակցել ծառայությանը։ Ուստի եթե օգնության կարիք ունես, մի վարանիր այդ մասին տեղեկացնել երեցներին կամ ժողովի այն անդամներին, որոնք կարող են օգնել քեզ։
6 Եհովան տեսնում է ամեն բան, ինչ անում ես իրեն ծառայելու համար, և ուրախանում է, որ ամբողջ սրտով ես ծառայում իրեն (Սաղ. 139։1–4)։ Եթե ապավինես նրան, նա քեզ ուժ կտա արդյունավետ և իմաստալից ծառայություն կատարելու համար (Բ Կորնթ. 12։7–10)։