Ժամանակը և Սուրբ Գրությունները (Դաս 2–րդ), (Մաս 1–ին)
Աստվածաշնչում գործածվող ժամանակի միավորները, ժամանակակից օրացույցները, Աստվածաշնչի ժամանակագրության հիմնական թվականները և հետաքրքիր մտքեր ժամանակի ընթացքի վերաբերյալ։
1, 2. Ի՞նչ է գրել Սողոմոնը ժամանակի վերաբերյալ, և հաշվի առնելով այն, որ ժամանակն արագորեն անցնում է՝ ինչպե՞ս պետք է այն օգտագործենք։
1 Մարդուն սովորաբար մտահոգում է այն իրողությունը, որ ժամանակը անցնում է։ Ժամացույցի ամեն մի զարկի հետ նա մեկ քայլ առաջ է գնում ժամանակի «արահետով»։ Նա, անշուշտ, իմաստություն կդրսևորի, եթե իր ժամանակը ճիշտ օգտագործի։ Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Ամեն բանի ժամանակ կայ. եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։ Ծնելու ժամանակ, եւ մեռնելու ժամանակ. տնկելու ժամանակ, եւ տնկածը պոկելու ժամանակ. սպանելու ժամանակ, եւ բժշկելու ժամանակ. քանդելու ժամանակ, եւ շինելու ժամանակ. լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ» (Ժող. 3։1–4)։ Որքա՜ն արագ է սլանում ժամանակը։ 70 տարվա կյանքը բավական չէ շատ գիտելիքներ ձեռք բերելու և վայելելու համար այն բարիքները, որ Եհովան տվել է մարդ արարածին երկրի վրա։ «Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը» (Ժող. 3։11; Սաղ. 90։10)։
2 Եհովան ապրում է հավիտենականության մեջ։ Նա կամեցել է, որ իր արարածներն էլ ապրեն ժամանակի ընթացքի մեջ։ Երկնային հրեշտակները, այդ թվում նաև ապստամբ Սատանան, շատ լավ գիտեն, թե ինչպես է ընթանում ժամանակը (Դան. 10։13; Յայտն. 12։12)։ Մարդկանց մասին ասվում է, թե «ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին» (Ժող. 9։11)։ Երանելի է այն մարդը, ով միշտ Աստծո մասին է մտածում և ընդունում է նրա՝ ճիշտ ժամանակին տված հոգևոր «կերակուրը» (Մատթ. 24։45)։
3. Ի՞նչ ընդհանուր բան կա «ժամանակ» և «տարածություն» հասկացությունների միջև։
3 Ժամանակն ընթանում է միայն մեկ ուղղությամբ։ Չնայած որ ժամանակն ամենուրեք գոյություն ունի, այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող ասել, թե այն ինչ է։ «Ժամանակ» հասկացությունը նույնքան անըմբռնելի է, որքան տարածությունը։ Ոչ ոք չի կարող ասել, թե որտեղից է սկսվում ժամանակը և դեպի ուր է ընթանում։ Դրանց բացատրությունը կարող է տալ միայն անսահմանափակ գիտելիքներ ունեցող Եհովա Աստված, որը նկարագրվում է որպես Մեկը, որ գոյություն ունի «յաւիտենից մինչեւ յաւիտեան» (Սաղ. 90։2)։
4. Ի՞նչ կարելի է ասել ժամանակի շարժման մասին։
4 Մյուս կողմից՝ ժամանակն ունի որոշ առանձնահատկություններ, որոնք կարելի՛ է հասկանալ։ Օրինակ՝ ժամանակը հնարավոր է չափել։ Նաև կարելի է ասել, որ այն միայն առաջ է ընթանում։ Միակողմ երթևեկությամբ ճանապարհով շարժվելու նման, ժամանակը անհակադարձելի է, ընթանում է միայն ու միայն մեկ ուղղությամբ՝ դեպի առաջ։ Ինչ արագություն էլ որ ժամանակը ունենա, այն երբեք հակառակ ուղղությամբ չի ընթանում։ Մենք ապրում ենք ակնթարթորեն անցնող ներկայում։ Սակայն այդ ներկան մշտական շարժման մեջ է գտնվում. շարունակ առաջ ընթանալով՝ նա իր ետևից անցյալ է թողնում։ Այն ոչ մի րոպե կանգ չի առնում։
5. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ անցած ժամանակը կա՛մ շահում են, կա՛մ կորցնում։
5 Անցյալը։ Անցյալը անցած ժամանակն է։ Անցյալը դառնում է պատմություն, այն հնարավոր չէ կրկնել։ Անցյալը ետ բերելու ցանկացած փորձ նման է ջրվեժի ուղղությունը դեպի վեր շրջելուն կամ նետը ետ՝ դեպի աղեղը դարձնելուն։ Կյանքում թույլ տված սխալները իրենց սև հետքն են թողնում ժամանակի մեջ, և այդ հետքերը միայն Եհովան կարող է ջնջել (Ես. 43։25)։ Նույնանման կերպով իրենց հետքն են թողնում մարդու՝ անցյալում կատարած բարի գործերը, որոնք՝ որպես Եհովայի օրհնություններ, «ետ կ’դառնա[ն] իրան» (Առակ. 12։14; 13։22)։ Անցած ժամանակը կա՛մ շահում են, կա՛մ կորցնում։ Անցյալի ընթացքն այլևս հնարավոր չէ հսկել։ Աստվածաշնչում չարերի մասին հետևյալն ենք կարդում. «Նորանք խոտի պէս շուտով կ’կտրուին, եւ կանաչ խոտի պէս կ’թառամին» (Սաղ. 37։2)։
6. Ինչո՞վ է ապագան տարբերվում անցյալից և ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի մեր ապագան։
6 Ապագան։ Այլ է պարագան ապագայի դեպքում։ Ապագան միշտ մեր առջևում է։ Աստծո Խոսքի օգնությամբ մենք կարող ենք իմանալ մեզ սպասող հնարավոր խոչընդոտների մասին և նախապատրաստվել դրանց։ Կարող ենք մեզ համար «գանձեր դիզե[լ] երկնքումը» (Մատթ. 6։20)։ Այդ գանձերն իրենց արժեքը երբեք չեն կորցնի։ Նրանք կմնան մեզ հետ և կդառնան հավիտենական ապագայի օրհնությունների մի մասը։ Մեզ հետաքրքրում է այն, թե ինչպես կարող ենք ժամանակն իմաստնորեն օգտագործել, քանի որ դա իր ազդեցությունն է թողնում այդ ապագայի վրա (Եփես. 5։15, 16)։
7. Ժամանակի ի՞նչ «հաշվիչներ» է Եհովան հաստատել մարդու համար։
7 Ժամանակի հաշվիչներ։ Այսօր հիմնականում ժամանակի հաշվիչներ են համարվում ժամացույցները, որոնց օգնությամբ կարելի է չափել ժամանակը։ Նույնանման կերպով Եհովան՝ Արարիչը, ժամանակի հսկայական «հաշվիչներ»՝ երկնային մարմիններ է հաստատել՝ Երկիրը, որ պտտվում է իր առանցքի շուրջը, Լուսինը, որ պտտվում է Երկրի շուրջը, և Արեգակը։ Այս լուսատուները նա հաստատել է, որպեսզի մարդը կարողանա ժամանակը ճշգրտորեն չափել։ «Եւ Աստուած ասեց. Լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը, որ ցերեկը գիշերիցը բաժանեն, եւ նշանների եւ ժամանակների եւ, օրերի եւ տարիների համար լինին» (Ծննդ. 1։14)։ Այսպիսով՝ այս երկնային մարմինները, որոնք կազմում են փոխկապված մարմինների մի ամբողջություն, շարժվում են հավասարաչափ ցիկլերով՝ անվերջանալի և անսխալ կերպով չափելով միայն մեկ ուղղությամբ ընթացող ժամանակը։
8. Ի՞նչ իմաստներով է «օր» բառը գործածվում Աստվածաշնչում։
8 Օրը։ Ինչպես Աստվածաշնչում, այնպես էլ մեր օրերում «օր» բառը կիրառվում է տարբեր իմաստներով։ Մեկ օրը որոշվում է Երկրի՝ իր առանցքի շուրջ մեկ ամբողջ պտույտով, որը տևում է 24 ժամ։ Ուստի այս իմաստով գործածվող մեկ օրը բաժանված է 24 ժամի՝ ցերեկվա և գիշերվա տևողությամբ (Յովհ. 20։19)։ «Օր» է կոչվում նաև լույս ժամանակը՝ ցերեկը, որ սովորաբար 12 ժամ է տևում։ «Եւ Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր» (Ծննդ. 1։5)։ Այստեղից էլ ծագում է ժամանակի «գիշեր» անվանումը՝ մոտ 12 ժամ տևող մութ ժամանակը (Ել. 10։13)։ «Օր(եր)» բառը օգտագործվում է նաև մեկ ուրիշ իմաստով. այն մատնացույց է անում ինչ–որ նշանավոր անձնավորության հետ կապված ժամանակաշրջան։ Օրինակ՝ Եսայիան իր տեսիլքը տեսավ «Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը» (Ես. 1։1), իսկ Նոյի ու Ղովտի օրերը հիշատակվում են որպես մարգարեական ժամանակաշրջան (Ղուկ. 17։26–30)։ «Օր» բառը փոխաբերական իմաստով գործածում է նաև Պետրոս առաքյալը. «Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է» (Բ Պետ. 3։8)։ Իսկ «Ծննդոց» գրքում հիշատակված ստեղծագործական օրը ավելի մեծ ժամանակաշրջան է ընդգրկում՝ հազարամյակներ (Ծննդ. 2։2, 3; Ել. 20։11)։ Եվ այսպես՝ այն, թե ինչ իմաստով է գործածվում «օր» բառը, երևում է համատեքստից։
9. ա) Որտեղի՞ց է սկիզբ առել օրը 24 ժամերի և մեկ ժամը 60 րոպեների բաժանելու համակարգը։ բ) Եբրայերեն Գրություններում ժամանակը նկարագրող ի՞նչ արտահայտությունների ենք հանդիպում։
9 Ժամը։ Օրը 24 ժամերի բաժանելու համակարգը սկիզբ է առել Եգիպտոսից։ Իսկ ժամը 60 րոպեների բաժանելը գալիս է բաբելոնյան մաթեմատիկայից։ Այդ բաժանումը կատարվել է թվարկության վաթսունական համակարգով (հիմնված 60 թվի վրա)։ Եբրայերեն Գրություններում օրը առանձին ժամերի բաժանելու մասին ոչ մի հիշատակում չկա։a Այնտեղ չենք հանդիպում այդպիսի բաժանման մասին որևէ հիշատակման, այլ կարդում ենք ժամանակը նկարագրող այսպիսի արտահայտություններ՝ «իրիկուայ դէմ», «կէսօր» և «առաւօտ» (Ծննդ. 24։11; 43։16; Բ Օրին. 28։29; Գ Թագ. 18։26)։ Գիշերը բաժանվում էր երեք մասի, որոնք կոչվում էին «գիշերուան պահեր» (Սաղ. 63։6)։ Նրանցից երկուսը յուրահատուկ ձևով են նշվում Աստվածաշնչում՝ «կէս գիշերուայ պահ» (Դատ. 7։19) և «առաւօտեան պահ» (Ել. 14։24; Ա Թագ. 11։11)։
10. Հիսուսի օրերում հրեաներն ինչպե՞ս էին հաշվում ժամերը, և ինչպե՞ս է դա օգնում մեզ որոշել Հիսուսի մահվան ժամը։
10 Մինչդեռ Քրիստոնեական Հունարեն Գրություններում «ժամ» բառը ավելի հաճախ է հանդիպում (Յովհ. 12։23; Մատթ. 20։2–6)։ Ժամերի հաշիվը սկսվում էր արևածագից՝ առավոտյան մոտավորապես ժամը 6–ից։ Աստվածաշնչում կարդում ենք «ժամը երրորդն էր» արտահայտությունը, որ համընկնում է առավոտյան ժամը 9–ին։ Իսկ «ժամը վեցի դէմ էր» արտահայտությունը նշում է այն ժամանակը, երբ Հիսուսին ցիցը հանելու պահին Երուսաղեմը խավարի մեջ ընկղմվեց։ Դա համընկնում է մեր ժամանակով ցերեկվա ժամը 12–ին։ Աստվածաշնչում նաև կարդում ենք, որ տանջանքի ցցի վրա Հիսուսը մահացավ «ժամը իննի դէմ», որը մոտավորապես ցերեկվա ժամը 3–ն է (Մար. 15։25; Ղուկ. 23։44; Մատթ. 27։4, 46)։
11. Երբվանի՞ց է մարդը սկսել շաբաթները գործածել որպես ժամանակի չափման միավոր։
11 Շաբաթը։ Ժամանակը շաբաթներով հաշվելու համակարգը գալիս է դեռևս մարդկային պատմության հեռավոր ակունքներից։ Բաժանման այս մեթոդը կիրառելով՝ մարդիկ հետևել են իրենց Արարչի օրինակին, որը որոշել էր իր ստեղծագործական վեց օրը ամբողջացնել յոթերորդ օրով, որը նույնպես կոչեց «օր»։ Ժամանակը յոթնյակներով էր հաշվում նաև Նոյը։ Եբրայերենում «շաբաթ» բառը բառացի մատնացույց է անում յոթնապատիկ միավոր կամ ժամանակաշրջան (Ծննդ. 2։2, 3; 8։10, 12; 29։27)։
12. Ի՞նչ է լուսնային օրը, և ինչպե՞ս է այն տարբերվում այսօրվա ամիսներից։
12 Լուսնային ամիսները։ Աստվածաշունչը մեզ հայտնում է «ամիսների», կամ՝ «լուսիններուն» (Արևմտ. Աստ., ծան.) մասին (Ել. 2։2; Բ Օրին. 21։13; 33։14; Եզրաս 6։15)։ Այսօր ամիս ասելով՝ մենք չենք հասկանում լուսնային ամիս, քանի որ այսօր ամիսների հաշվարկը լուսնի միջոցով չի կատարվում։ Ամիսները արեգակնային տարվա 12 կամայական բաժանումներն են։ Իսկ լուսնային ամիսը նորալուսնով հաշվվող ամիսն է։ Գոյություն ունի լուսնի չորս փուլ, որոնք բոլորը միասին կազմում են մեկ լուսնային ամիս։ Լուսնային ամիսը տևում է 29 օր, 12 ժամ, 44 րոպե։ Բավական է նայել Լուսնին, և նրա ձևից կարելի է մոտավորապես որոշել լուսնային ամսվա օրը։
13. Ինչպե՞ս են կատարվել Ջրհեղեղի հետ կապված հաշվարկները։
13 Ակնհայտորեն, Նոյը տեղի ունեցած դեպքերը հաշվել է ոչ թե լուսնային, այլ 30 օր տևող ամիսներով։ Տապանի մեջ եղած ժամանակ Նոյի կատարած հաշվարկներից մենք տեղեկանում ենք, որ Ջրհեղեղի ջրերը երկրի վրա մնացել են մոտ հինգ ամիս՝ «հարիւր յիսուն օր»։ Իսկ Ջրհեղեղը սկսվելուց 12 ամիս և 10 օր հետո երկիրը չորացավ, և տապանում գտնվողները կարողացան դուրս գալ։ Այսպիսով՝ այդ իրադարձությունները, որ նշանավորեցին մի ամբողջ դարաշրջան, ժամանակի տեսանկյունից ճիշտ են արձանագրված (Ծննդ. 7։11, 24; 8։3, 4, 14–19)։
14. ա) Ինչպե՞ս է Եհովան սեզոններ հաստատել։ բ) Որքա՞ն ժամանակ են գոյություն ունենալու տարվա եղանակները։
14 Տարվա եղանակները (սեզոնները)։ Երկիրը բնակության համար պատրաստելիս Եհովան իմաստուն կերպով և հոգատարությամբ տարվա եղանակներ (սեզոններ), կամ՝ ժամանակներ, հաստատեց (Ծննդ. 1։14)։ Տարվա եղանակների՝ սեզոնների առաջացման պատճառներն են՝ 23,5°–ով Երկրի առանցքի թեքված լինելը իր պտտման ուղեծրի հարթության նկատմամբ և Արեգակի շուրջը պտտվելը։ Այդ պատճառով էլ Երկրի նախ՝ հարավային կիսագունդն է թեքված լինում դեպի Արեգակը, ապա՝ կես տարի անց՝ հյուսիսային կիսագունդը։ Տարվա եղանակների առկայությունը հենց այս երևույթով է պայմանավորված։ Եղանակների հերթափոխությունը իր հետ բազմազանություն է բերում, ինչպես նաև կարգավորում սերմնացանի ու բերքահավաքի ժամանակները։ Աստծո Խոսքը վստահեցնում է, որ տարվա եղանակների փոփոխությունն ու հակադրությունը գոյություն են ունենալու հավիտյան։ «Քանի ժամանակ որ երկիրը կ’մնայ, սերմ ու հունձք, եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, եւ ցերեկ ու գիշեր չեն դադարիլ» (Ծննդ. 8։22)։
15, 16. ա) Ի՞նչ մասերի կարելի է բաժանել անձրևների սեզոնը Ավետյաց երկրում։ բ) Նկարագրեք անձրևների սեզոններն առանձին–առանձին և ցույց տվեք նրանց կապը հողագործության հետ։
15 Ավետյաց երկրի տարածքում տարին կարելի է բաժանել երկու սեզոնի՝ անձրևների և չոր։ Ապրիլի կեսերից մինչև հոկտեմբերի կեսերը անձրևներ շատ քիչ են տեղում։ Անձրևների սեզոնը կարելի է բաժանել երեք մասի՝ վաղ անձրևներ (հոկտեմբեր–նոյեմբեր). ձմեռային հորդառատ անձրևներ և ցուրտ եղանակ (դեկտեմբեր–փետրվար). ուշ անձրևներ (մարտ–ապրիլ) (Բ Օրին. 11։14; Յովէլ 2։23)։ Այս բաժանումները մոտավոր են, ուստի, քանի որ Ավետյաց երկրի տարբեր մասերում կլիման տարբեր է, սեզոնների տևողությունն էլ կարող է տարբեր լինել։ Վաղ անձրևները փափկացնում են չոր հողը, հետևաբար հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին «վարուցանքի» ժամանակն է (Ել. 34։21; Ղեւտ. 26։5)։ Սովորաբար, ձմեռային հորդառատ անձրևների սեզոնին՝ դեկտեմբերից մինչև փետրվար, ձյուն է տեղում, իսկ հունվար և փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը կարող է իջնել, ինչի հետևանքով բարձրադիր լեռնային գոտիները սառցակալում են։ Օրինակ՝ Աստվածաշնչում կարդում ենք Դավթի սերնդից Բանեա անունով մի զորավոր մարդու մասին, որը «ձիւնի ժամանակ» սպանեց առյուծին (Բ Թագ. 23։20)։
16 Մարտ և ապրիլ ամիսները (մոտավորապես համընկնում են հրեական նիսան և իար ամիսներին) «ետքի անձրեւի» ամիսներ են (Զաք. 10։1)։ Սա ուշ անձրևների սեզոնն է, որն անհրաժեշտ է աշնանը ցանված ցորենի հասունացման համար, որպեսզի բերքն առատ լինի (Ովս. 6։3; Յակ. 5։7)։ Այդ շրջանը նաև վաղ հունձքի ժամանակ է։ Աստված պատվիրել էր Իսրայելին նիսանի 16–ին հունձքի առաջին պտուղները մատուցել (Ղեւտ. 23։10; Հռութ 1։22)։ Դա գեղեցկության և ուրախության ժամանակ է։ «Ծաղիկները երեւում են տափի վերայ. երգելու ժամանակը հասել է. տատրակի ձայնը լսվում է մեր երկրումը։ Թզենին հասցնում է իր պտուղները, եւ ծաղկած որթերը հոտ են բուրում» (Երգ Երգոց 2։12, 13)։
17. ա) Ինչպե՞ս է բերքը պահպանվում չոր սեզոնին։ բ) Ուսումնասիրեք «Իսրայելացիների տարին» անվանումը կրող աղյուսակը և տարին բաժանեք սեզոնների՝ համաձայն 15–17-րդ պարբերություններում տրված բացատրության։ գ) Ե՞րբ էր տեղի ունենում վաղ հունձքը, հացահատիկի հունձքը և ամբողջ բերքահավաքը, ու ո՞ր տոներն էին նշվում այդ ժամանակ։
17 Մոտավորապես ապրիլի կեսերին սկսվում է չոր սեզոնը։ Չնայած դրան՝ սեզոնի գրեթե ողջ ընթացքում, հատկապես ծովափնյա հարթավայրերում և լեռների արևմտյան լանջերին, ամառվա հունձքը ծածկվում է ցողի առատ կաթիլներով (Բ Օրին. 33։28)։ Մայիսին հնձում են հացահատիկը. այս ամսվա վերջին էր, որ իսրայելացիները տոնում էին Շաբաթների տոնը (Պենտեկոստեն) (Ղեւտ. 23։15–21)։ Երբ եղանակը աստիճանաբար տաքանում է, և հողը ավելի չոր է դառնում, հասնում է խաղողը, և սկսվում է բերքահավաքը։ Խաղողին հաջորդում են մյուս ամառային պտուղները՝ ձիթապտուղը, խուրման և թուզը (Բ Թագ. 16։1)։ Չոր սեզոնի վերջում և վաղ անձրևների սեզոնի սկզբին հավաքվում էր երկրի ողջ բերքը։ Հենց այդ ժամանակ էր (մոտավորապես հոկտեմբերի սկզբներին), որ իսրայելացիները տոնում էին Տաղավարահարաց տոնը (Ել. 23։16; Ղեւտ. 23։39–43)։
[Ծանոթագրություն]
a «Արարատ» թարգմանության մեջ Դանիէլ 4։19, 33 և 5։5 համարներում հանդիպող «ժամ» բառը ունի «մի պահ» նշանակությունը։
[Շրջանակ 6–րդ Էջի վրա]
Իսրայելացիների տարին
Ամիսը Համընկնում է Սուրբ տարի Գյուղատնտեսական տարի Սուրբգրային համարներ Տոներ
նիսան (աբիբ) մարտ–ապրիլ, 1–ին ամիս, 7–րդ ամիս, Ել. 23։15, նիսանի 14, Պասեք
Նէեմ. 2։1, նիսանի 15–21, Բաղարջակերաց տոն
նիսանի 16, Երախայրիներից պատարագ մատուցելու տոն
իար (զիվ), ապրիլ–մայիս, 2–րդ ամիս, 8–րդ ամիս, Գ Թագ. 6։1
սիվան, մայիս–հունիս, 3–րդ ամիս, 9–րդ ամիս, Եսթեր 8։9, սիվանի 6, Շաբաթների տոն (Պենտեկոստե)
թամուզ, հունիս–հուլիս, 4–րդ ամիս, 10–րդ ամիս, Երեմ. 52։6
աբ, հուլիս–օգոստոս, 5–րդ ամիս, 11–րդ ամիս, Եզր. 7։8
իլուլ, օգոստոս–սեպտեմբեր, 6–րդ ամիս, 12–րդ ամիս, Նէեմ. 6։15
տիշրի (անթանի), սեպտեմբեր–հոկտեմբեր, 7–րդ ամիս, 1–ին ամիս, Գ Թագ. 8։2, տիշրիի 1, Փող հնչեցնելու օր
տիշրիի 10, Քավության օր
տիշրիի 15–21 Տաղավարահարաց տոն
տիշրիի 22 Տոնախմբության օր
մարշեսվան (բուլ), հոկտեմբեր–նոյեմբեր, 8–րդ ամիս, 2–րդ ամիս, Գ Թագ. 6։38
քասղև, նոյեմբեր–դեկտեմբեր, 9–րդ ամիս, 3–րդ ամիս, Նէեմ. 1։1
թեբեթ, դեկտեմբեր–հունվար, 10–րդ ամիս, 4–րդ ամիս, Եսթեր 2։16
սեբաթ, հունվար–փետրվար, 11–րդ ամիս, 5–րդ ամիս, Զաք. 1։7
ադար, փետրվար–մարտ, 12–րդ ամիս, 6–րդ ամիս, Եսթեր 3։7
վե–ադար, (լրացուցիչ ամիս), 13–րդ ամիս