Ապրիլը՝ ‘տքնելու և ջանքեր գործադրելու’ ժամանակ
1 Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շաբաթները Եհովայի ժողովրդի համար մտորելու ժամանակներ են։ Հենց այդ ժամանակ է, որ կարելի է խորհել այն մասին, թե ինչ է իրագործվել Քրիստոսի մահվան միջոցով, խորհել մեր աստվածատուր հույսի մասին, որը հնարավոր է դարձել միայն նրա թափած արյան միջոցով։ Նախորդ տարվա ապրիլի 19–ը մտաբերելիս ի՞նչ հիշողություններ են պտտվում ձեր ուղեղում։ Հիշո՞ւմ եք գարնանային այդ երեկո Սրահում ձեր տեսած մարդկանց դեմքերը, այնտեղ տիրող հիանալի, հոգևոր մթնոլորտը, Աստվածաշնչի թեմայով կարևոր նշանակություն ունեցող քննարկումը և սրտանց աղոթքները։ Գուցե վճռել եք ավելի մեծ գնահատանք դրսևորել ձեր հանդեպ Եհովայի և Հիսուսի ցուցաբերած սիրո համար։ Ինչպիսի՞ ազդեցություն է թողնում ձեզ վրա այսպիսի խորհրդածությունն այժմ։
2 Հստակ է, որ Եհովայի ժողովուրդը իր երախտագիտությունը չի հայտնում միայն խոսքերով (Կող. 3։15, 17)։ Անցած տարի՝ մասնավորապես ապրիլ ամսին, ամբողջությամբ քրիստոնեական ծառայությանը նվիրվելով, ցույց տվեցինք, որ երախտապարտ ենք Եհովային հանուն մեր փրկության նրա ձեռնարկած միջոցառումների համար։ Այդ ամիս ենթառահվիրաների թիվը հազարների հասավ և գերազանցեց նախորդ անգամների բարձրագույն թվին. Բելոռուսում գրանցվեց 77 տոկոս աճ, Հայաստանում՝ 29 տոկոս, Ղազախստանում՝ 34, Ռուսաստանում՝ 38 և Վրաստանում՝ 46 տոկոս աճ։ Նրանց, այդ թվում նաև Թագավորության մյուս քարոզիչների գործադրած ջանքերի արդյունքում ժամերի, տարածված պարբերագրերի և կրկնակի այցելությունների նոր բարձրագույն թվեր գրանցվեցին։ Մեր ուրախությունը բազմապատկվում էր, երբ տեսնում էինք, որ Աստվածաշնչի նոր ուսումնասիրությունների թիվը հազարների է հասնում։ Ուրախալի էր նաև այն, որ Հիշատակի երեկոյի ներկաների նոր բարձրագույն թիվ էր գրանցվել։
3 Մեր հաստատուն հույսը մղում է մեզ քարոզելու։ Դա նման է Պողոսի խոսքերին. «Այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ կրում [«ջանքեր գործադրում», ՆԱ]. քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծու վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների» (Ա Տիմոթ. 4։10)։
4 Ինչպե՞ս կարող եք այս տարի Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շաբաթներին ձեր հավատը դրսևորել կյանքի համար Եհովայի ձեռնարկած միջոցառումների հանդեպ։ Անցած տարվա ապրիլին Թագավորության քարոզիչների նոր բարձրագույն թվեր գրանցվեցին Բելոռուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում և Վրաստանում։ Կարո՞ղ ենք այս տարվա ապրիլին գերազանցել այդ թվերը։ Այո՛, կարող ենք. դա մեր ուժերից վեր չէ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քարոզիչ՝ լինի մկրտված, թե՝ ոչ, մասնակցի քարոզչությանը։ Այդ գործում կարող են իրենց մասնակցությունը բերել նաև շատ նոր անհատներ, որոնք համապատասխանում են քարոզիչ լինելու պահանջներին։ Այսպիսով՝ եթե պատրաստվում եք տքնել և ջանքեր գործադրել այս տարվա ապրիլին, փնտրեք կերպեր, որոնցով կարող եք ոգևորել ուրիշներին, այդ թվում նաև նորերին և քիչ փորձ ունեցողներին, որպեսզի համագործակցեն ձեզ հետ։
5 Օգնենք անկանոն և ոչ ակտիվ դարձած քարոզիչներին։ Եթե տեղյակ եք, որ ոմանք արդեն մեկ կամ երկու ամիս է, ինչ չեն մասնակցում քարոզչությանը, գուցե քաջալերեք նրանց և հրավիրեք ծառայության։ Եթե ժողովում կան անհատներ, ովքեր ոչ ակտիվ են դարձել, երեցները հատուկ ջանքեր կգործադրեն նրանց այցելելու և ոգևորելու ուղղությամբ, որպեսզի ապրիլից նրանք նորից սկսեն քարոզել։
6 Մենք բոլորս պետք է շարունակենք խնդրել Եհովայից իր ոգին՝ որպես զորավիգ նրան ծառայելու համար (Ղուկ. 11։13, ԱԹ)։ Իսկ ի՞նչ պետք է անենք այդ ոգին ստանալու համար. պետք է կարդանք Աստծո ներշնչյալ Խոսքը (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Նաև պետք է ‘լսենք, ինչ որ հոգին ասում է’ ժողովներին՝ շաբաթական բոլոր հինգ հանդիպումներին ներկա լինելով (Յայտն. 3։6)։ Հիմա հարմար ժամանակ է՝ անկանոն և ոչ ակտիվ դարձած քարոզիչներին օգնելու, որպեսզի նրանք բարելավեն ուսումնասիրելու իրենց սովորությունները և կանոնավորաբար հաճախեն ժողովի հանդիպումներին (Սաղ. 50։23)։ Այս ամենը անելու հետ մեկտեղ մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք մեր հոգևոր բարեկեցությանը։ Բայց մի բան էլ է պահանջվում։
7 Պետրոս առաքյալը բացատրեց, որ Աստված իր սուրբ ոգին տալիս է «իրեն հնազանդուողներին» (Գործք 5։32)։ Այդպիսի հնազանդության մեջ մտնում է «քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ» հրահանգին ենթարկվելը (Գործք 1։18; 10։42)։ Այսպիսով՝ թեև ճիշտ է, որ մենք Աստծո ոգու կարիքն ունենք, որպեսզի այն զորացնի մեզ քարոզելու, բայց և ճշմարիտ է, որ երբ ցույց տանք Եհովային հաճեցնելու մեր ցանկությունը, նա հետագայում նույնիսկ աջակցություն ցույց կտա մեզ։ Եկեք երբեք չթերագնահատենք պատրաստակամորեն հնազանդվելու առաջին քայլերի կարևորությունը։
8 Օգնենք պատանիներին։ Ծնողնե՛ր, երբևիցե նկատե՞լ եք, որ ձեր երեխաները ցանկանում են ճշմարտության մասին ուրիշների հետ խոսել։ Համագործակցե՞լ են նրանք ձեզ հետ քարոզչական ծառայության մեջ։ Նրանց վարքը օրինակելի՞ է։ Եթե այո՛, ինչո՞ւ վարանել։ Դիմեք ժողովի Ծառայողական կոմիտեի անդամներից որևէ մեկին և տեղեկացեք՝ արդյոք ձեր երեխան որակելի՞ է ապրիլին քարոզիչ համարվելու համար (տեսե՛ք «Մեր ծառայությունը» գիրքը, էջ 100, ռուս.)։ Պետք է ընդունել, որ երեխաները կարող են մեծապես աջակցել Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շաբաթներին Եհովային փառաբանելու գործին (Մատթ. 21։15, 16)։
9 Մի քրիստոնյա մայր Ջորջիայից (ԱՄՆ) իր մանկահասակ աղջկան միշտ խրախուսում էր պատմել ուրիշներին Եհովայի մասին։ Անցած տարի մոր հետ ծառայելիս նա մի մարդու «Աստված պահանջում է» գրքույկն է առաջարկում և հակիրճ ծանոթացնում է նրան բովանդակությանը։ Այդ մարդը հարցնում է. «Քանի՞ տարեկան ես» և, լսելով փոքրիկի պատասխանը՝ յոթ տարեկան, զարմանում է նրա հետաքրքիր մատուցման վրա։ Այդ մարդը մեծացել էր Վկաների շրջապատում, բայց երբեք լրջորեն չէր վերաբերվել ճշմարտությանը՝ որպես կյանքի ուղու։ Շուտով Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսվում այդ մարդու, նրա կնոջ ու դստեր հետ։
10 Պատանիներից շատերը արդեն քարոզիչներ են, և մեզ համար հաճելի է համագործակցել նրանց հետ ծառայության մեջ։ Իրենց երիտասարդ տարիքով նրանք կարող են խթանել և ոգևորել ուրիշներին։ Բացի այդ, ապրիլը հարմար ժամանակ է առանձին ընտանիքների համար, որպեսզի ամրացնեն իրենց հարաբերությունները և աճեն հոգևորապես՝ մասնակցելով միասնաբար սուրբ ծառայությանը։ Ընտանիքի գլուխը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի այդ հարցում (Առակ. 24։27)։
11 Օգնեք նորերին։ Ի՞նչ կարելի է ասել այն նոր անհատների մասին, որոնց հետ ուսումնասիրում եք Աստվածաշունչը։ Կարո՞ղ են արդյոք նրանք այս տարի ապրիլին հատուկ ջանքեր գործադրել։ Հնարավոր է՝ նրանց մեջ ցանկություն է առաջացել ուրիշների հետ խոսել այն բաների մասին, ինչ որ իրենք են սովորել, երբ միասին քննարկել եք «Գիտություն» գրքի 2–րդ գլխի 22–րդ պարբերությունը կամ 11–րդ գլխի 14–րդ պարբերությունը։ Հասնելով ուսումնասիրության ավարտին՝ նախապատրաստվեք այդ հարցը հստակորեն քննարկելու, երբ կանցնեք 18–րդ գլխի 8–րդ պարբերությունը։ Այնտեղ ասվում է. «Հավանաբար, դուք ձգտում եք պատմելու հարազատներին, ընկերներին և ուրիշներին ձեր իմացածի մասին։ Գուցե, այդպես էլ վարվում եք, ինչպես Հիսուսն էր առիթի դեպքում խոսում բարի լուրի մասին (Ղուկաս. 10։38, 39; Յովհաննէս 4։6–15)։ Եվ այժմ, թերևս, ցանկանաք ավելին անել»։ Կարո՞ղ եք նույնը ասել նրանց մասին, որոնց հետ դուք ուսումնասիրում եք։
12 Ձեր աշակերտը հավատո՞ւմ է Աստծո Խոսքին։ Կիրառո՞ւմ է սուրբգրային սկզբունքները։ Ներդաշնակեցրե՞լ է իր կյանքը Աստծո չափանիշներին։ Հաճախո՞ւմ է ժողովի հանդիպումներին։ Ցանկանո՞ւմ է ծառայել Եհովա Աստծուն։ Այդ դեպքում ինչո՞ւ չհորդորել նրան այդ մասին հայտնել երեցներին, որպեսզի նրանք տեսնեն՝ համապատասխանո՞ւմ է արդյոք նա չմկրտված քարոզիչ լինելու պահանջներին և կարո՞ղ է քարոզել ձեզ հետ միասին ապրիլ ամսին (տեսե՛ք «Մեր ծառայությունը» գիրքը, էջ 97–99, ռուս.)։ Այսպիսով՝ նա անձամբ կտեսնի, թե ինչպես է Եհովայի կազմակերպությունը աջակցում իրեն Եհովային ծառայելու իր ջանքերը ներդնելու մեջ։
13 Ճիշտ է՝ որոշ աշակերտներ ավելի արագ են առաջադիմում, քան մյուսները։ Ուստի, համաձայն «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2000 թ. հունիսի համարում արձանագրված հրահանգի (էջ 8, պարբ. 5, 6)՝ շատերը շարունակել են ուսումնասիրությունը երկրորդ գրքով նրանց հետ, ովքեր նախապես հետաքրքրություն են ցույց տվել, սակայն ակտիվ մասնակցություն ունենալու համար լրացուցիչ օգնության կարիք են զգում։ Մենք երբեք չենք կորցնում մեր հույսը, որ այս անկեղծ անհատները մի օր՝ «վաղ թէ ուշ», կդառնան Քրիստոսի անձնվեր աշակերտները (Գործք 26։29)։ Սակայն եթե սովորաբար ամիսներով շարունակվող ուսումնասիրությունը բավականին երկար է տևում, կարո՞ղ են արդյոք այս տարվա Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շաբաթները լավ առիթ լինել նրանց համար, որպեսզի Քրիստոսի փրկանքի հանդեպ իրենց խորը գնահատանքը դրսևորեն։
14 Ինչպե՞ս օգնել նրանց մասնակցություն բերել։ Մենք շատ բան ենք սովորում նոր անհատներին ծառայության մեջ օգնելու մասին, երբ նկատի ենք առնում այն, թե ինչպես էր Հիսուսը սովորեցնում մարդկանց։ Նա պարզապես չէր փնտրում մի ամբոխ և իր աշակերտներին պատվիրում նրանց, որ սկսեին խոսել։ Նախ՝ ընդգծում էր քարոզչական գործունեության անհրաժեշտությունը, խրախուսում էր նրանց աղոթել քարոզչության համար, ապա՝ նրանց երեք կարևոր բաներով ապահովում, որոնք էին՝ ընկերակիցը, տարածքը և պատգամը (Մատթ. 9։35–38; 10։5–7; Մարկ. 6։7; Ղուկ. 9։2, 6)։ Դուք նույնպես կարող եք այդպես վարվել։ Անկախ նրանից, թե ում կօգնեք՝ ձեր երեխային, նոր աշակերտին կամ մեկ ուրիշին, որն ինչ–որ ժամանակ հաշվետվություն չի հանձնել, լավ կլիներ հատուկ ուշադրություն դարձնեիք ներքոհիշյալ կետերին։
15 Նշեք անհրաժեշտության մասին։ Բացատրեք անհատին քարոզչական գործունեության կարևորությունը։ Դրականորեն խոսեք այդ մասին։ Պատմեք դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ գործ է իրականացնում ժողովը ծառայության մեջ։ Դրսևորեք այնպիսի ոգի, ինչպիսին Հիսուսն էր դրսևորում, որը երևում է Մատթէոս 9։36–38-ից։ Խրախուսեք ապագա քարոզչին կամ ոչ ակտիվ դարձած մեկին իրենց աղոթքներում հիշատակել ծառայության մեջ իրենց մասնակցության, ինչպես նաև աշխարհածավալ գործի հաջողության մասին։
16 Հորդորեք անհատին խորհրդածել վկայություն տալու բազում առիթների մասին։ Հիշատակեք տնից տուն ծառայության համար Գրքի ուսումնասիրության խմբի հետ հավաքվելու հնարավորության մասին։ Խոսեք նաև այն մասին, որ կարելի է զրուցել բարեկամների և ծանոթների հետ, աշխատակիցների և համադասարանցիների հետ ընդմիջումների ժամանակ։ Հասարակական տրանսպորտով երթևեկելիս հաճախ կարելի է զրույց սկսել՝ հարևանությամբ նստածների հանդեպ պարզապես ուշադրություն ցուցաբերելով։ Երբ մենք ինքներս ենք սկսում խոսակցությունը, հաճախ առիթ է ստեղծվում հիանալի վկայություն տալու։ Իրականում, բազում առիթներ կան մեր հույսի մասին մարդկանց հետ «օրէ ցօր» զրուցելու համար (Սաղ. 96։2, 3)։
17 Հավանաբար, և՛ ձեզ, և՛ նոր քարոզչի համար լավ կլինի որքան հնարավոր է շուտ սկսել միասին տնից տուն քարոզչության գնալը։ Եթե նպատակ եք դրել ապրիլին ընդարձակել ձեր ծառայությունը, կարող եք տարածքների համար պատասխանատու եղբորից հարցնել՝ հարմար տարածք կա՞ արդյոք։ Եթե այո՛, ապա դա հնարավորություն կտա ձեզ հանգամանորեն քարոզել այդ տարածքում։ Օրինակ՝ ծառայությունից հետո, ժողովի հանդիպումների կամ մեկ այլ վայր գնալիս գուցե նկատես, որ տարածքի բնակարաններից մեկի տանտերը տանն է, մինչդեռ նախկինում տանը մարդ չի եղել, կամ գուցե հետաքրքրություն են ցուցաբերել այդ բնակարանում։ Եթե ձեզ հարմար է, և կարծում եք, որ որոշ արդյունքների կհասնեք, ապա կարող եք կարճ ժամանակով այցելել այդ բնակարան։ Արդյունքում՝ ձեր ծառայությունից բավարարվածության զգացում և ուրախություն կստանաք։
18 Նախապատրաստվեք գրավիչ լուր հաղորդելու համար։ Մի բան է՝ ասել, որ ինչ–որ մեկը ցանկություն ունի Թագավորության բարի լուրը տարածելու, բայց բոլորովին այլ բան է՝ ասել, որ նա վստահ է լուրը ճիշտ ձևով հաղորդելու մեջ, հատկապես, եթե նա նոր է կամ վաղուց չի քարոզել։ Արժե ժամանակ հատկացնել նորերին և ոչ ակտիվ դարձած անհատներին օգնել ծառայությանը պատրաստվելու հարցում։ Ժողովի և քարոզչական ծառայության հանդիպումներին օգտակար մտքեր կարող ենք լսել, սակայն ոչինչ չի փոխարինի անձամբ նախապատրաստվելուն։
19 Ինչպե՞ս կարելի է օգնել նորերին, որպեսզի նախապատրաստվեն ծառայությանը։ Սկսեք պարբերագրերից որևէ մեկի մատուցումով. այն կարճ և պարզ պետք է լինի։ Խնդրեք նրանց խորհել նորություններում հաղորդված մի դեպքի մասին, որը կարող է մտահոգել տարածքի բնակիչներին, ապա ընտրեք ընթացիկ պարբերագրերում մի թեմա, որը վերաբերում է այդ խնդրին։ Միասին փորձեք մատուցումը և առաջին իսկ առիթի դեպքում օգտագործեք այն։
20 Ներդնենք մեր ուժերը հանուն ապագա աճի։ Անցած տարի ամբողջ աշխարհի մասշտաբով Հիշատակի երեկոյին ներկա են գտնվել ավելի քան 14,8 միլիոն մարդ։ Գրանցված քարոզիչների թիվը անցել է 6 միլիոնից։ Դա նշանակում է, որ թվով մոտ 8,8 միլիոն անհատներ բավականաչափ հետաքրքրություն են ցուցաբերել, ինչը երևում է նրանից, որ ներկա են գտնվել այս հատուկ միջոցառմանը և լսել Աստվածաշնչի հիմնական ուսուցումներից մեկի բացատրությունը։ Նրանք անձամբ ծանոթացել են մեզանից մի քանիսի հետ, ինչը, հավանաբար, լավ տպավորություն է թողել նրանց վրա։ Այդ մարդկանցից շատերը բարեհաճությամբ են խոսում մեր մասին, նվիրատվություններ են կատարում աշխարհածավալ գործի համար և առիթի դեպքում պաշտպանում են մեզ ուրիշների առաջ։ Մարդկանց այս մեծ խումբը հնարավոր է ապագայում մի օր միանա այն 6 միլիոն քարոզիչներին։ Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց՝ հետագա քայլերը ձեռք առնելու համար։
21 Նոր անհատների մեծամասնությունը ներկա են գտնվել Հիշատակի երեկոյին մեզանից որևէ մեկի հրավերով։ Իսկ դա նշանակում է, որ նրանք ունկնդիրների միջից ճանաչում են առնվազն մեկ հոգու։ Եթե եկել է որևէ մեկը, որին մենք ենք հրավիրել, մեր պատասխանատվությունն է օգնել նրան ցանկալի զգալ իրեն և լիակատար օգուտներ ստանալ ծրագրից։ Քանի որ դահլիճը կարող է լիքը լինել այցելուներով, օգնեք նրան նստելու տեղ գտնել։ Աստվածաշունչ տվեք և առաջարկեք երգել ձեր երգարանով։ Պատասխանեք նրան հետաքրքրող ցանկացած հարցի։ Ձեր կողմից ցույց տրված անձնական ուշադրությունը կարող է կարևոր դեր խաղալ նրա հետաքրքրությունը զարգացնելու հարցում։ Իհարկե, բոլորիս պատասխանատվությունն է՝ ջերմորեն ողջունել և ծանոթանալու նպատակով մի փոքր զրուցել այն անհատների հետ, որոնց առաջին անգամ ենք տեսնում։
22 Հիշատակի երեկոյին ներկա լինելը կարող է լուրջ ազդեցություն գործել անհատի մտածելակերպի վրա։ Երեկոյին ներկա լինելու իրողությունը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ մեկ այլ տեղում նա չի գտել այն, ինչ որ փնտրում է, իսկ մենք առաջարկում ենք մի բան, որը, ինչպես նա է տեսնում, հարկավոր է մանրակրկիտորեն քննարկել։ Փրկանքի հրաշալի միջոցառման մասին բացատրությունը կարող է բոլորովին նոր բան լինել մեկի համար, ով գաղափար անգամ չունի Եհովայի անսահման սիրո մասին։ Նա հեշտությամբ կարող է տեսնել, որ մենք տարբերվում ենք մյուսներից մեր անկեղծությամբ, սիրով, ընկերական և հարգալից վերաբերմունքով։ Մեր Սրահը ամենևին նման չէ այն եկեղեցիներին, որոնք, հավանաբար, տեսել է նա. վայրեր, որոնք աչքի են ընկնում կուռքերով և անիմաստ ծիսակատարություններով։ Նոր անհատները կհամոզվեն, որ ունկնդիրները սոցիալ–տնտեսական բոլոր խավերի ներկայացուցիչներ են, նաև կտեսնեն, որ դրամական հավաք չի անցկացվում։ Դա կարող է դրդիչ ուժ հանդիսանալ նրանց համար՝ մեզ միանալու։
23 Հիշատակի երեկոյից հետո հարկավոր է ուշադիր լինել՝ ներկա գտնված յուրաքանչյուր նոր անհատին հետագա օգնություն ցույց տալու նպատակով։ Եթե դուք հրավիրել եք ինչ–որ մեկին, ապա հատուկ պատասխանատվություն եք կրում նրա համար։ Մինչ նա կհեռանա, համոզվեք, որ տեղյակ է Թագավորության սրահում անցկացվող մյուս հանդիպումների մասին։ Հայտնեք հաջորդ հանրային ելույթի վերնագիրը և մոտակա Գրքի ուսումնասիրության տեղն ու ժամը։ Ապահովեք նրան «Ստեղծիչ» գրքով և տեղեկացրեք, որ ապրիլի 30–ով սկսվող շաբաթ քննարկվելու է «Ի՞նչ կարելի է Ստեղծիչի մասին իմանալ մի գրքից» վերնագրով գլուխը։ Բացատրեք, թե ինչու է ամբողջ ժողովը պլանավորում ներկա լինել մոտ ժամանակներս տեղի ունենալիք նահանգային համաժողովին։
24 Ծրագրեք ընկերական այցելության գնալ։ Հարցրեք նրան՝ ունի արդյոք «Աստված պահանջում է» գրքույկը և «Գիտություն» գիրքը, որոնց օգնությամբ կարելի է ծանոթանալ Աստվածաշնչի հիմնական ուսուցումներին։ Եթե դեռ չի ուսումնասիրում Աստվածաշունչը, առաջարկեք սկսել ուսումնասիրությունը։ Առաջարկեք նրան կարդալ «Եհովայի վկաները» գրքույկը, որը հստակ պատկերացում է տալիս մեր կազմակերպության գործունեության մասին։ Առաջարկեք նրան դիտել մեր տեսաֆիլմերը։ Ծանոթացրեք ժողովի անդամների հետ։ Կապ պահպանեք նրա հետ հետագա ամիսների ընթացքում. հրավիրեք ներկա գտնվել ժողովի հանդիպումներին այն օրերին, երբ ձեր ժողով է այցելում շրջանային վերակացուն, կամ երբ շրջանային կամ մեկօրյա հատուկ համաժողով եք ունենում։ Ամեն հնարավորություն ընձեռեք նրան, որպեսզի դրսևորի իրեն որպես մեկը, ով «հավիտենական կյանքի հանդեպ դրականորեն [է] տրամադրված» (Գործք 13։48, ՆԱ)։
25 Ի՞նչ կարող են անել երեցները։ Ապրիլին ծառայության մեջ ավելի շատ ջանքեր գործադրելու մեջ հաջողություն ունենալը մեծապես կախված է երեցներից։ Եթե Գրքի ուսումնասիրության ղեկավար եք, կազմեք այն գործերի ցուցակը, որ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր խմբի յուրաքանչյուր անդամին մասնակցել հատուկ գործունեություններին։ Ձեր խմբում երիտասարդ, նորեկ, անկանոն կամ ոչ ակտիվ անհատներ կա՞ն։ Հետաքրքրվեք, թե ծնողները, ռահվիրաները կամ մյուս քարոզիչները քայլեր չե՞ն ձեռնարկել նրանց օգնելու ուղղությամբ։ Առաջարկեք ձեր անձնական օգնությունը, եթե դա հնարավոր է։ Մի քույր, որը վերջին երկու տարիներին անկանոն քարոզիչ է եղել, անցած տարվա ապրիլին քարոզել է ավելի քան 50 ժամ։ Ո՞րն էր պատճառը։ Նա պատմում է, որ պատճառը երեցների կատարած ոգևորիչ հովվական այցելություններն էին։
26 Երեցներն ու ծառայողական օգնականները պետք է հոգ տանեն, որպեսզի բավականաչափ տարածքներ, պարբերագրեր և այլ գրականություն լինի ժողովում եկող ամիս։ Գուցե հարկավոր է քարոզչական ծառայության լրացուցիչ հանդիպումնե՞ր կազմակերպել։ Եթե այո՛, ապա հարկավոր է տեղյակ պահել այդ հատուկ միջոցառումների մասին։ Այդ ամենից բացի՝ հրապարակային և անձնական աղոթքներում խնդրեք Եհովայի օրհնությունը՝ այդ ամիս Թագավորության գործունեությունը ընդարձակելու համար (Հռովմ. 15։30, 31; Բ Թեսաղ. 3։1)։
27 Ահա թե ինչպես էին անցած տարվա ապրիլին Հյուսիսային Կարոլինայի ժողովներից մեկի երեցները ծառայությունը ընդարձակելու նպատակով խրախուսել ժողովին։ Ամեն շաբաթ ժողովի հանդիպումներին նրանք խորհուրդ էին տալիս քարոզիչներին մտածել և աղոթել, թե կարող էին արդյոք ծառայել որպես ենթառահվիրաներ։ Ամեն առիթով ծառայողական մարմնի բոլոր անդամները ոգևորում էին քարոզիչներին ապրիլ ամիսը երբևիցե եղածներից լավագույնը դարձնել։ Արդյունքում՝ քարոզիչների 58 տոկոսը, այդ թվում նաև բոլոր երեցներն ու ծառայողական օգնականները, այդ ամիս ծառայել էին որպես ռահվիրա։
28 Լիարժեք մասնակցությունը ուրախություն է բերում։ Ի՞նչ օրհնություններ են սպասում ծառայության մեջ ‘տքնելու և ջանքեր գործադրելու’ դեպքում (Ա Տիմոթ. 4։10, ՆԱ)։ Վերոհիշյալ երեցները անցած տարվա ապրիլին իրենց ժողովի ծավալած եռանդուն գործունեության մասին հետևյալն են գրում. «Եղբայրներն ու քույրերը պատմում են, թե որքան ավելի մեծ սեր ու մտերմություն զգացին միմյանց հանդեպ, երբ սկսեցին ավելի շատ ժամանակ տրամադրել քարոզչական գործունեությանը»։
29 Ապրիլ ամսվա քարոզչական հատուկ գործունեությանը շատ էր ուզում մասնակցել մի երիտասարդ եղբայր, որը չէր կարողանում ինքնուրույն շարժվել։ Ուշադրությամբ կազմելով իր պլանները և մոր ու հոգևոր քույր–եղբայրների աջակցությամբ՝ նա արդյունավետ ծառայություն ունեցավ այդ ամիս՝ որպես ենթառահվիրա ծառայելով։ Ինչպիսի՞ն են նրա տպավորությունները։ Նա ասում է. «Առաջին անգամ ես ինձ կարող անձնավորություն զգացի»։
30 Կասկած չկա, որ Եհովան առատապես օրհնում է նրանց, ովքեր բարձր են գնահատում նրա Թագավորության մասին պատմելու առանձնաշնորհումը (Սաղ. 145։11, 12)։ Կատարելով Տերունական ընթրիքը՝ մենք հասկանում ենք, որ ապագայում ավելի շատ օրհնություններ են սպասում մեզ Աստծո հանդեպ նվիրվածություն դրսևորելու համար։ Պողոս առաքյալը շատ էր ցանկանում հավիտենական կյանքի պարգևը ստանալ։ Բայց և նա հասկանում էր, որ չպետք է անգործ նստեր և միայն հույսեր փայփայեր։ Նա գրել է. «Որի համար եւ աշխատում ու պայքարում եմ ըստ նրա այն ուժի, որ գործում է իմ մէջ զօրութեամբ» (Կող. 1։29)։ Եհովան Հիսուսի միջոցով զորացնում էր Պողոսին, որպեսզի նա կարողանար մարդկանց կյանքերը փրկող ծառայություն կատարել. այսօր Եհովան կարող է այդպես վարվել նաև մեզ հետ։ Իսկ դուք կարո՞ղ եք ընդօրինակել Պողոսին այս տարվա ապրիլին։
[Հավելված]
Ո՞ւմ կարող եք դուք խրախուսել՝ ապրիլ ամսին քարոզելու։
Ձեր երեխայի՞ն Աստվածաշնչի աշակերտի՞Ոչ ակտիվ դարձած որևէ մեկի՞ն