Եկեք բոլորս միասին պատվենք Եհովային և իր Որդուն
Ինչպե՞ս կարող են ապրիլի 8–ին կայանալիք Հիշատակի երեկոյին ներկա գտնվողները ավելի մեծ օգուտներ քաղել այդ արարողությունից
1 Ո՞ւմ է այսօր հատուկ պատիվ տրվում. այն անհատներին, որոնց գործերը մեծ հարգանքի են արժանանում աշխարհի կողմից։ Շատ դեպքերում, սակայն, նրանց այդ գործերը շուտով մոռացվում են։ Իսկ կարելի՞ է արդյոք նույնը ասել այնպիսի գործերի մասին, որոնք իսկական օգուտներ են բերում ամբողջ մարդկությանը։ Դրանցից մեծագույնի վրա առանձնահատուկ ուշադրություն կդարձնենք Տերունական ընթրիքին, որը տեղի կունենա 2001 թ. ապրիլի 8–ին՝ մայրամուտից հետո։
2 Իսկ ո՞վ է արժանի մեծագույն պատիվն ընդունելու։ Աստվածաշունչը պատասխանում է այդ հարցին. «Տէ՛ր Աստուած, արժանի ես ընդունելու փառք եւ պատիւ եւ զօրութիւն, որովհետեւ դո՛ւ ստեղծեցիր բոլորը» (Յայտն. 4։11)։ Եհովան՝ ամեն բանի Արարիչը, տիեզերքի Գերիշխանն է։ Նա հավիտյան պատվի է արժանի (Ա Տիմոթ. 1։7)։
3 Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին ևս պատվի արժանի գործեր է կատարել, որոնք անվերջ օրհնություններ են բերելու մարդկությանը։ Նա կատարելապես հետևել է իր Հոր օրինակին (Յովհ. 5։19)։ Իր անմնացորդ հնազանդությամբ ու հավատարիմ ծառայությամբ նա արժանացել է «մեծութիւն, իմաստութիւն, զօրութիւն, պատիւ, փառք եւ օրհնութիւն» ընդունելուն (Յայտն. 5։12)։ Հիսուսին պատվել է նույնիսկ իր Հայրը՝ որպես Թագավոր նրան գահ բարձրացնելով (Սաղ. 2։6–8)։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք, նշելով Տերունական ընթրիքը, հնարավորություն կունենանք պատվել և՛ Հորը, և՛ Որդուն։
4 Ցավոք, մարդկային պատմության մեջ համեմատաբար քչերն են հարկ եղած պատիվը տվել Եհովային և նրա Որդուն։ Երբեմն նույնիսկ Աստծո վաղեմի ժողովուրդը՝ իսրայել ազգը, թերի ծառայություն է մատուցել Եհովային։ Ակնհայտ է, որ դա անհարգալից վերաբերմունք էր (Մաղ. 1։6)։ Պատշաճ հարգանք դրսևորելու համար մենք պետք է սիրուց և գնահատանքից մղված, անմնացորդ հնազանդություն ցույց տանք այն ամենի համար, որ արել են Եհովան և նրա Որդին։ Նման ձևով պատիվ ու հարգանք ցուցաբերելը նշանակում է աստվածավախություն ու ակնածանք դրսևորել և մեր բոլոր ուղիներում ճանաչել Եհովային ու Հիսուսին։ Քրիստոնեական ժողովներում մարդիկ ուսուցում և աջակցություն են ստանում այդ ամենը կատարելու համար։
5 Պատիվ տալու հատուկ առիթ։ Հիշատակի երեկոյի արարողությունը, որը նշվում է ամեն տարի, ամենանշանակալից իրադարձությունն է Եհովայի ժողովրդի համար։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծառայել և պատվել Եհովային, պետք է ներկա գտնվեն այդ արարողությանը (Ղուկ. 22։19)։ Մենք ակնկալում ենք, որ Երեկոյին, ի լրումն 6 միլիոն ակտիվ Վկաների՝ հետաքրքրվող անհատների թիվը կանցնի 14 միլիոնից։ Ինչպիսի՜ հիանալի հնարավորություն՝ մեր երկնային Հորը պատվելու... Թեև արարողության ժամանակ ուշադրությունը կենտրոնացվում է Հիսուսի վրա, սակայն կատարվածի համար պատիվ ու հարգանք դրսևորելով՝ մենք փառաբանում ենք Հորը. նրան, ով ուղարկել է Հիսուսին (Յովհ. 5։23)։
6 Ինչպե՞ս կարող ենք մեր աջակցությունը ցույց տալ այդ հատուկ իրադարձության անցկացման գործին. օգնելով նորերս հետաքրքրված անհատներին լիակատար օգուտներ քաղել այդ արարողությունից։ Խրախուսեք նրանց ներկա գտնվել և անհրաժեշտության դեպքում սիրով աջակցություն ցույց տվեք Երեկոյի անցկացվելու վայր հասնելու հարցում։ Բացատրեք ներկայացվելիք ելույթի նպատակը, ծանոթացրեք նրանց ուրիշների հետ։ Այդ ամենը տեսնելով և լսելով՝ գուցե նրանք Եհովային պատվելու մեջ մեզ միանալու քայլեր կատարեն։
7 Մի թերագնահատեք այն ազդեցությունը, որ կարող է թողնել ծրագիրը ներկաների վրա։ Մի համալսարանի ուսանող այսպիսի խոսքեր էր ասել. «Ես բազում անգամներ ներկա եմ գտնվել իմ եկեղեցու հաղորդություններին, բայց սա բոլորովին այլ բան է։ Տեսնում եմ, որ այս արարողությունը ուղղակիորեն հիմնված է Աստվածաշնչի վրա. ես կարծում եմ, որ ճշմարտությունը ձեզ մոտ է»։ Նա սկսում է կանոնավորաբար հաճախել հանդիպումներին և կարճ ժամանակ անց մկրտվում է։
8 Օգնենք նորերս հետաքրքրված անհատներին առաջադիմել։ Ուշադիր եղեք Հիշատակի երեկոյին ներկա նոր անհատների հանդեպ, Երեկոյից կարճ ժամանակ անց այցելեք նրանց, որպեսզի քննարկեք այն ամենը, ինչ որ լսել և տեսել են նրանք։ Տեղեկացրեք ժողովի հանդիպումների մասին, որտեղ նրանք կարող են խորացնել Աստվածաշնչի մասին իրենց գիտելիքները։ «Գիտություն» գրքից «Ապահովություն գտեք Աստծո ժողովրդի մեջ» վերնագրով (գլուխ 17) գլխի քննարկումը նրանց առջև բաց կանի հոգևոր հայթայթումների մի երկար շարք, որը մատուցում է ժողովը։ Այդ շարքը մատչելի է նրանց համար ևս։
9 Կարևոր է, որ հետաքրքրվող անհատները սովորեն անձամբ պատվել և հարգել Եհովային։ Բացատրեք, որ սրտանց աղոթքները հաճելի են Եհովային և հոգևորապես թարմանալու անվերջ աղբյուր են հանդիսանում (Ա Յովհ. 5։14)։ «Աստված պահանջում է» գրքույկի 8–12 դասերի օգնությամբ մեկնաբանեք, թե ինչպիսին պետք է լինի մեր վարքը, որպեսզի այն պատիվ բերի Եհովային։ Իսկ քննարկելով «Եհովայի վկաները. Միացած՝ Աստուծոյ Կամքը Կատարելու Համար Համայն Աշխարհի մէջ» գրքույկի 30–րդ և 31–րդ էջերում տեղ գտած նյութը՝ հորդորեք նոր անհատներին խորհել Եհովային պատվելու հնարավորության մասին, ինչը կարելի է անել՝ քարոզչական գործին մասնակցելով։
10 Հիսուսի զորաբերությունը և որպես նրա աշակերտներ ծառայելու առանձնաշնորհումը բարձր գնահատելով՝ մենք մեր երկնային Հորը բերում ենք պատիվ, իսկ մարդկանց՝ օրհնություններ։ Հիսուսը խոստացել է. «Եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը» (Յովհ. 12։26)։