Տոկունություն ցուցաբերո՞ւմ ես
1 «Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, ....[որ] իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում» (Գ Յովհ. 4)։ Այսպիսի զգացումներ էին պատում Հովհաննես առաքյալին, երբ տեսնում էր իր հոգևոր զավակների տոկունությունը։ Իսկ որքա՜ն ավելի մեծ է մեր երկնային Հոր ուրախությունը, երբ տեսնում է իր միլիոնավոր ապագա զավակներին ‘ճշմարտությամբ ընթանալիս’ (Առակ. 23։15, 16; 27։11)։
2 Մինչ Աստծո ժողովուրդն, ընդհանուր առմամբ, հաստատակամորեն ու եռանդորեն շարունակում է մասնակցել քարոզչությանը, որոշ քրիստոնյաներ աստիճանաբար դանդաղեցրել են իրենց ընթացքը։ Թեպետ, գուցե այդ անհատները, ճշմարտության լուրը լսելով, սկզբնական շրջանում բավականին եռանդուն են եղել, սակայն անցել են տարիներ, և նրանց եռանդը հետզհետե նվազել է. արդյունքում՝ սկսել են քիչ կամ էլ հազվադեպ մասնակցել քարոզչությանը։
3 Հասկանալի է, որ ոմանք դանդաղեցրել են իրենց ընթացքը ինչպես ծերության հետևանքով առաջ եկած խնդիրների, այնպես էլ ֆիզիկական տկարությունների պատճառով։ Բոլոր դեպքերում, իրենց դրսևորած տոկունության համար նրանք գովասանքի են արժանի։ Այդ եղբայրներն ու քույրերը քարոզչությանը մասնակցում են այնքան, որքան կարողանում են։ Այնուհանդերձ, իր կյանքն Աստծուն նվիրած յուրաքանչյուր ոք պետք է ինքն իրեն հարց տա. «Արդյոք թույլ չե՞մ տվել, որ անձնական գործերս այնքան մեծ տեղ գրավեն իմ կյանքում, որ Թագավորության շահերի համար աննշան տեղ է մնացել։ Ինչ–որ չափով դարձել եմ «գա՞ղջ», թե՞ ‘ջանադիր’ եմ» (Յայտն. 3։15, 16; Ղուկ. 13։24)։ Եկեք բոլորս էլ աղոթքով խորհրդածենք մեր կատարած գործերի շուրջ և, եթե անհրաժեշտ է, փոփոխություններ կատարենք մեր կյանքում. նաև հիշենք, որ Եհովան խոստանում է շնորհել «փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում» (Հռովմ. 2։10)։
4 Ինչպե՞ս տոկուն մնալ։ Ի՞նչը օգնեց Հիսուսին տոկունություն ցուցաբերել։ Պողոսը պատասխանում է այս հարցին. «Իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում» (Եբր. 12։1–3)։ Հիսուսի համար ‘իր առջև դրված ուրախությունը’ առավել էր սպասվելիք ժամանակավոր փորձություններից։ Մտքում վառ պահելով գալիք ուրախության հույսը՝ մենք ևս կկարողանանք տոկուն մնալ (Յայտն. 21։4, 7; 22։12)։ Եթե ապավինենք Եհովային, նրանից զորություն ստանալով, ապա պատրաստ կլինենք մեզ հանձնարարված գործը վճռականորեն շարունակելու. իսկ այդ զորությունը ստանում ենք անձնական ուսումնասիրության, հանդիպումներին կանոնավորաբար հաճախելու և անդադար աղոթքների միջոցով։
5 Եհովային մեծ ցնծություն է պատճառում իր հավատարիմ ծառաների տոկունությունը։ Ուստի, եկեք ավելացնենք նրա ուրախությունը՝ շարունակելով ‘ընթանալ ճշմարտության մեջ’։