Ինչպե՞ս կզրուցես աթեիստի հետ
1 «Ես աթեիստ եմ»,— Աֆրիկայում ծառայող մի միսիոներուհու այսպես պատասխանեց ազգությամբ լեհ մի պրոֆեսոր։ Այնուամենայնիվ, միսիոներ քրոջը հաջողվում է զրուցել նրա հետ և առաջարկել «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՞ արարչությամբ» գիրքը։ Երբ հաջորդ շաբաթ քույրն այցելում է պրոֆեսորին, վերջինս ասում է նրան. «Ես այլևս աթեիստ չեմ...»։ Պրոֆեսորն ամբողջությամբ կարդում է «Արարչություն» գիրքը և խնդրում Վկային իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Ինչպե՞ս կարող ես հաջողությամբ քարոզել այն անհատներին, ովքեր պնդում են, թե Աստծուն չեն հավատում։ Նախ քննարկենք, թե որոնք են հավատ չունենալու պատճառները։
2 Ազդակներ, որոնք նպաստում են անհավատությանը։ Ոչ բոլոր աթեիստներն են անհավատ մեծացել։ Ժամանակին նրանցից շատերը ինչ–որ կրոնի են պատկանել և հավատացել են Աստծո գոյությանը։ Սակայն, հավանաբար, լուրջ հիվանդության, ընտանեկան խնդիրների կամ ուրիշների անարդար վերաբերմունքի պատճառով նրանց հավատն աստիճանաբար թուլացել է։ Ոմանց՝ Աստծո մասին ունեցած հասկացողության վրա իրենց բացասական ազդեցությունն են թողել բարձրագույն հաստատություններում անցկացվող դասընթացները։ Եկեք նկատի առնենք այն մարդկանց օրինակները, որոնք, լինելով աթեիստներ, խորը հավատ են զարգացրել Եհովա Աստծո հանդեպ և դարձել են նրա Վկաները։
3 Փարիզում մի կին ի ծնե ոսկրային հիվանդություն ուներ։ Ու թեև նրան կնքել էին որպես կաթոլիկ, սակայն ինքն իրեն աթեիստ էր համարում։ Մի անգամ այդ կինը հարցնում է միանձնուհիներին, թե ինչու է Աստված թույլ տվել, որ նա անդամալույծ ծնվի։ Ահա թե ինչ պատասխան են տալիս նրանք. «Որովհետև Աստված սիրում է քեզ»։ Կինը չի ընդունում այդ անհեթեթ բացատրությունը։ Ահա մեկ ուրիշ օրինակ. Ֆինլանդիայից մի երիտասարդի մոտ մկանային անբուժելի հիվանդություն է հայտանբերվում, և ժամանակի ընթացքում նա գամվում է անվասայլակին։ Երիտասարդի մայրը տանում է նրան մի հիսունականի մոտ, որն իբրև թե հրաշագործ բուժումներ է կատարում։ Սակայն վերջինիս չի հաջողվում նրան բուժել։ Արդյունքում՝ երիտասարդը կորցնում է հավատը դեպի Աստված և դառնում աթեիստ։
4 Հոնդուրասցի մի մարդ, մանկուց դաստիարակված լինելով որպես կաթոլիկ, սկսել էր սոցիալիզմի փիլիսոփայություն և աթեիզմ ուսումնասիրել։ Համալսարանական կրթություն ստանալիս նա հանգում է այն եզրակացության, որ մարդը բարեշրջության արդյունք է, և դադարում է Աստծուն հավատալ։ Նմանապես, Միացյալ Նահանգներից մի կին, որը մանկուց դաստիարակվել էր որպես մեթոդիստ (մեթոդիստական եկեղեցու անդամ), քոլեջում սկսում է հոգեբանություն ուսումնասիրել։ Եվ ի՞նչ. նա պատմում է. «Մեկ ամառը բավական եղավ ինձ համար, որպեսզի կորցնեի կրոնի հանդեպ ունեցած հավատս»։
5 Հասնենք անկեղծ մարդկանց սրտերին։ Շատ անհատներ, որոնք հայտարարում են, թե Աստծուն չեն հավատում, ուրախ կլինեն լսելու, որ իրենց հանդիպող բազում խնդիրները, ինչպես՝ վատ առողջությունը, ընտանիքների քայքայումը, տիրող անարդարությունը և այլն, իրենց վերջնական լուծումն ունեն։ Նրանք անկեղծ սրտով փնտրում են հետևյալ հարցերի պատասխանները՝ «ինչո՞ւ է չարը տիրում», «ինչո՞ւ է բարի մարդկանց դժբախտություն պատահում» և «ո՞րն է կյանքի իմաստը»։
6 Շվեյցարիայում ապրող մի զույգ մանկուց դաստիարակ է աթեիստական ոգով։ Առաջին անգամ նրանք ճշմարտությունը լսում են մի Վկա քրոջից և բացասական արձագանք տալիս։ Բայց նրանք ընտանեկան լուրջ խնդիրներ ունեին և արդեն պատրաստվում էին ամուսնալուծվել։ Քույրն այցելում է նրանց մեկ անգամ ևս և Աստվածաշնչի օգնությամբ ցույց տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել խնդիրները։ Տանտերերը զարմանում են, Գրություններում տեսնելով գործնական խորհուրդներ, և համաձայնում են ուսումնասիրել Աստվածաշունչը։ Հետզհետե նրանց ամուսնական կապն ամրանում է, նրանք հոգևորապես հասունանում են և հասնում մկրտության։
7 Ինչպե՞ս կզրուցես աթեիստի հետ։ Երբ որևէ մեկը պնդում է, թե ինքն աթեիստ է, աշխատիր իմանալ, թե ինչն է պատճառը. նրա ստացած կրթությո՞ւնը, ունեցած խնդիրնե՞րը, կրոնականների կեղծավորությո՞ւնը, թե՞ կեղծ ուսմունքները։ Կարող ես հարցնել նրան. «Դուք մի՞շտ եք այդ կարծիքին եղել» կամ «ինչո՞ւ եք այդպես կարծում»։ Նրա պատասխանը կօգնի քեզ կողմնորոշվելու, թե ինչպես շարունակել խոսակցությունը։ «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը հիանալի միջոց կարող է ծառայել այն դեպքում, եթե ծանրակշիռ ապացույցների հարկ է առաջանում։
8 Կարող ես այսպես ասել.
◼ «Երբևէ ձեր մտքով անցե՞լ է, որ, եթե Աստված գոյություն ունի, ինչո՞ւ է աշխարհը տառապանքով ու անարդարությամբ լի։ [Թույլ տուր պատասխանել]։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ ցույց տալ այդ հարցի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը»։ Կարդա Երեմիա 10։23–ը, ապա կարդացածի վերաբերյալ հարցրու նրա կարծիքը։ Ցույց տուր «Երբևիցե կլինի՞ աշխարհ առանց պատերազմի» (ռուս.) բրոշյուրի 16–րդ և 17–րդ էջերը։ Կամ, դրա փոխարեն, կարող ես օգտվել «Ստեղծիչ» գրքի 10–րդ գլխից։ Առաջարկիր նրան ընթերցելու համար վերցնել այդ հրատարակություններից որևէ մեկը։
9 Անշուշտ, ոչ բոլոր աթեիստները կընդունեն ճշմարտությունը։ Սակայն նրանցից շատերին կհետաքրքրի այն տեսակետը, որը տարբերվում է իրենց ունեցածից։ Գործի դիր տրամաբանությունդ ու համոզելու հմտությունդ, և, որ ամենակարեվորն է, Աստծո Խոսքի զորությունը, որպեսզի օգնես նրանց ճանաչել ճշմարտությունը (Գործք 28։23, 24; Եբր. 4։12)։