Հարցերի արկղ
◼ Ո՞վ է պատասխանատու Թագավորության սրահի մաքրության համար։
Իր մաքրությամբ այցելուներին գրավող Թագավորության սրահը մեր քարոզած լուրի վառ վկայությունն է (համեմատիր Ա Պետրոս 2։12)։ Անչափ կարևոր է սրահը մաքուր ու կոկիկ պահել, իսկ այդ գործում բոլորն էլ կարող են իրենց լուման ներդնել։ Սխալ կլիներ մտածելը, թե պատասխանատվության ողջ ծանրությունը պետք է ընդամենը մի քանի հոգի կրեն։ Աշխատանքը սովորաբար բաշխվում է Ժողովի գրքի ուսումնասիրության խմբերի միջև, իսկ պատասխանատուն գրքի ուսումնասիրության ղեկավարն է կամ նրա օգնականը։ Այն սրահներում, որտեղ մեկից ավելի ժողովներ են հավաքվում, երեցներն այնպես են կազմակերպում գործը, որ բոլոր ժողովներն էլ կարողանան մասնակցել։
Ինչպե՞ս կարելի է այս հանձնարարությունը լավագույն կերպով կատարել։ Թագավորության սրահը պետք է մաքրվի որոշակի գրաֆիկի համաձայն։ Աշխատանքային պիտույքները պետք է միշտ մատչելի լինեն։ Մաքրության մասին տեղեկությունը միշտ պետք է կախված լինի հարմար տեղում, որպեսզի մաքրողները նախօրոք իմանան իրենց անելիքը։ Կարելի է երկու տարբեր ցուցակներ կազմել. մեկը՝ յուրաքանչյուր հանդիպումից հետո թեթևակի մաքրության, մյուսը՝ ավելի մանրակրկիտ շաբաթական մաքրության համար։ Գրքի ուսումնասիրության ղեկավարը մանրակրկիտ մաքրություն անցկացնելու օրն ու ժամը պետք է այնպես ծրագրի, որ բոլորին հարմար լինի։ Կանոնավորաբար պետք է խնամել նաև սիզամարգը, ծաղիկներն ու թփուտները։ Մայթերն ու ավտոմեքենաների կայանը պետք է մաքուր պահվեն։ Ամեն տարի գարնան սկսվելուն պես հարկավոր է գարնանային մաքրություն կազմակերպել, թերևս Հիշատակի երեկոյից անմիջապես առաջ։ Կարելի է լվանալ պատուհանները, հատակը, եղած կտորեղենը, նաև մաքրել պատերը։
Ինչ խոսք, մեր հերթին բոլորս էլ մաքրություն կպահպանենք, եթե հատակին՝ լինի դա ներսում թե դրսում, չնետենք ծամոն կամ էլ ուրիշ մանր–մունր բաներ։ Կարող ենք մեզանից հետո մաքուր պահել զուգարանը։ Զգուշանանք սարքավորումները կամ կահույքը վնասելուց։ Աչքաթող չանենք գորգի վրա եղած կեղտաբծերը, վնասված աթոռները, ուշադրություն դարձնենք ջրմուղի կամ էլ վառված էլեկտրալամպերի հետ կապված խնդիրներին և ժամանակին տեղեկացնենք Թագավորության սրահի սպասարկման համար պատասխանատու եղբորը։
Թող որ բոլորս միահամուռ պատրաստ լինենք մեր բաժինն անելու։ Դրա շնորհիվ մեր երկրպագության վայրը հաճելի տեսք կստանա, և մենք կտարբերվենք՝ որպես Եհովա Աստծուն պատվող մաքուր ժողովուրդ (Ա Պետ. 1։16)։