Կարելի է անհատապես մեծ օգուտներ քաղել տնետուն ծառայությունից
1 «Անց կաց քաղաքի միջովը այսինքն Երուսաղէմի միջովը, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին որ հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար»։ Այսպես պետք է գրագրի թանաքամանով մարդը հին Երուսաղեմի վերջին օրերում կատարեր Եհովայից ստացած իր հանձնարարությունը (Եզեկիէլ 9։2—11)։
2 Այսօր համայն աշխարհում տնետուն ծառայության միջոցով նմանօրինակ աշխատանք են կատարում Եհովայի վկաները՝ մարդկանց բարի լուրը հաղորդելով, փնտրելով ճշմարտությունը լսել ցանկացողներին և նախազգուշացնելով նրանց, ովքեր չեն ուզում լսել այն։ Իսկ դու կատարո՞ւմ ես այդ փրկարար աշխատանքը, մասնակցո՞ւմ ես դրան այնքանով, որքանով թույլ են տալիս հանգամանքներդ։
3 Այս գործում մեր ջանքերը վարձատրվում են, երբ տեսնում ենք, թե ինչպես ամեն տարի հազարավոր մարդիկ օգնություն են ստանում ճշմարտությունն իմանալու։ Մենք նաև անհատական օգուտներ ենք քաղում, երբ կանոնավորաբար, ժրաջանորեն մասնակցում ենք տնետուն քարոզչությանը։ Եկեք տեսնենք, թե ինչպես։
◼ Տնետուն քարոզչությունը ավելացնում է մեր գնահատանքը ճշմարտության հանդեպ, և որքան շատ ենք մասնակցում այդ գործին, այնքան շատ ենք տեսնում ու լսում ‘բոլոր պղծությունների համար հառաչն ու ողբը’։ Ավելի ենք համոզվում, որ կատարվում են Աստվածաշնչի մարգարեությունները և հասկանում ենք, որ մարդկության խնդիրներին լուծում կարող է բերել միմիայն Եհովայի Թագավորությունը Հիսուս Քրիստոսի միջոցով։
◼ Այն օգնում է մեզ մեր մեջ մշակել և կատարելագործել սուրբ հոգու պտուղը։ Ինչ խոսք, տնետուն ծառայության ժամանակ առաջ եկող խնդիրները դիմագրավելու համար հարկավոր է ունենալ հոգու պտուղի բոլոր երեսակները՝ սեր, խնդություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, զսպվածություն (Գաղ. 5։22—24)։
◼ Այն օգնում է մեզ հաղթահարել մարդավախության զգացումը։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես առաջին անգամ գնացիր տնետուն ծառայության։ Ժամանակի ընթացքում մենք հասկացանք, որ կարևորը բարի լուրը քարոզելն է և մարդկանց նախազգուշացնելը, իսկ մարդիկ և նրանց կտրուկ արձագանքները դրա հետ համեմատած դառնում են ոչ այնքան էական։ Երեմիայի նման մենք էլ ենք զգում, որ Եհովան մեզ թիկունք է կանգնում, ինչն էլ իր հերթին ամրապնդում է մեր հավատը (Երեմ. 1։17—19)։
◼ Տնետուն ծառայությունը օգնում է մեզ հեզ մնալ։ Ծառայության ընթացքում որոշ ժամանակ անցնելուց հետո զգում ենք, որ մեր ուժերի կամ ընդունակությունների շնորհիվ չէ, որ առաջ ենք տանում այդ աշխատանքը։ Եվ եթե շարունակում ենք հեզ մնալ, «չենք հակառակվում» և «ետ չենք դառնում», Եհովան «ուսումնավարժ լեզու է տալիս»՝ իմանալու համար, թե ինչպես պատասխանենք (Ես. 50։4—6)։
◼ Այն ավելի է ամրացնում ճշմարտությանը թիկունք կանգնելու մեր կարողությունը։ Աստծո երկսայրի սրի պես Խոսքից՝ Աստվածաշնչից օգտվելու համար մեզ հմտություն է հարկավոր։ Տնետուն ծառայության ժամանակ կանոնավորաբար օգտագործելով Աստվածաշունչը՝ տեսնում ենք, որ այն իսկապես ‘կենդանի է և ազդու’ (Եբր. 4։12)։
◼ Հոգևոր և ֆիզիկական առումներով այն կազդուրիչ է։ Տնետուն ծառայությանը կանոնավորաբար մասնակցելը նպաստում է մեր հոգևոր արթնությանը և մեզ մաքուր խիղճ է տալիս, որն էլ իր հերթին օգնում է մեզ պահպանել մեր ուրախությունը։ Շատերն էլ ֆիզիկապես միշտ ակտիվ լինելու շնորհիվ վերականգնել են իրենց առողջությունը։
4 Նկատի առնելով այս բոլոր օգուտները, որ բերում է տնետուն ծառայությունը թե՛ նրանց, ովքեր լսում են, և թե՛ անձամբ մեզ՝ մենք, վստահաբար, բոլոր հիմքերն ունենք ‘հարատևելու դրանում’, այսինքն՝ կանոնավորաբար, ողջ եռանդով մասնակցելու այդ գործին (Ա Տիմոթ. 4։16)։