Աստծո մարգարեական Խոսքը ամբողջությամբ կկատարվի
1 Եհովայի վկաներին միշտ հետաքրքրել են Աստվածաշնչի մարգարեությունները։ Ուստի ուրախալի էր իմանալը, որ այս տարվա նահանգային համաժողովի թեման լինելու էր «Աստծո մարգարեական Խոսքը»։ Մեզ բոլորիս հետաքրքրում էր, թե ա՛յս անգամ որպես «իր ժամին կերակուր» ինչ է նախապատրաստել Եհովան (Մատթ. 24։45)։ Ինչպես միշտ, նա մեզ հուսախաբ չարեց։
2 Համաժողովի ուշագրավ կետերը։ Ուրբաթ օրվա հիմնական թեման էր «Ուշադրություն ընծայեք Աստծո մարգարեական Խոսքին» ելույթը, ինչպես նաև կերպարանափոխության մասին հաղորդագրության մանրամասն քննարկումը (Մատթ. 17։1—9)։ Ելույթում շեշտվեց, որ այսօր մենք ապրում ենք բոլոր ժամանակներից լավագույնի նախաշեմին, քանի որ վերջը շատ–շատ մոտ է, ուստի և՝ նոր համակարգը։ Որպեսզի Աստծո Խոսքը միշտ մեր ուշադրության կենտրոնում գտնվի, շատ կարևոր է այն կանոնավորաբար ընթերցելը։ «Հաճույք ստացիր Աստծո Խոսքի ընթերցանությունից» թեմայի շուրջը զրույցի ընթացքում գործնական խորհուրդներ տրվեցին Աստվածաշնչի ընթերցանությունն օգտակար և հաճելի դարձնելու համար։
3 Շաբաթ օրը՝ ճաշից հետո, քննարկվեցին բոլոր այն պատճառները, որոնք վկայում են այն մասին, որ մենք իսկապես ապրում ենք վերջին օրերում։ Հիշո՞ւմ ես թվարկված բոլոր պատճառները։ Կիրակի առավոտյան բացատրվեց Ամբակումի մարգարեությունը, որի կատարման ականատեսներն ենք նաև այսօր, քանի որ մեր օրերը շատ նման են Ամբակումի ապրած օրերին. շուտով նշանակալից իրադարձություններ տեղի կունենան, որոնց ընթացքում չարերը կոչնչացվեն Եհովայի կողմից, իսկ արդարները՝ կպահպանվեն։ Հասկանալի՞ էր Հակոբի և Եսավի մասին աստվածաշնչյան թեմայով դրամայի իմաստը։ Մենք պետք է ժրաջանորեն Եհովայի օրհնությունը փնտրենք և ամեն կերպ հակառակվենք անտարբերության ու սառնասրտության ոգուն։
4 Նոր ուշագրավ գիրքը։ «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» խորագրով գիրքը մեծ հուզմունքով ընդունվեց։ Անշուշտ, արդեն սկսել ես ընթերցել այդ հետաքրքիր հրատարակությունը։ Գիրքը ներկայացնելիս զեկուցողը նշեց. «Բացառությամբ որոշ մանրամասնությունների՝ «Դանիէլ» գրքի բոլոր մարգարեություններն արդեն կատարվել են»։ Արդյոք այդ փաստը ցույց չի՞ տալիս, որ վերջը շատ մոտ է։
5 Համաժողովի ծրագիրը է՛լ ավելի ամրացրեց մեր վստահությունն այն բանում, որ Աստված անպատճառ կիրագործի դեռ չկատարված բոլոր իր խոստումները։ Ուստի, վերջինիս գիտակցումը մեզ մղում է շարունակելու Աստծո մարգարեական Խոսքն ուրիշներին հաղորդելու այնքան հրատապ գործը։