Կարո՞ղ ես օգնության ձեռք մեկնել
1 Պողոս առաքյալը հորդորեց ժողովի անդամներին, որ «նոյն հոգը տանեն միմեանց նկատմամբ» (Ա Կորնթ. 12։25)։ Ուստի, պետք է անհատապես հետաքրքրվենք միմյանցով և պատրաստ լինենք հարկ եղած դեպքում սիրով օգնություն ցույց տալ մեկմեկու։ Օրինակ՝ մեր հոգևոր քույրերից ոմանք միայնակ են դաստիարակում իրենց երեխաներին։ Նրանք իրենց վրա են կրում զավակներին հոգևոր դաստիարակություն տալու պարտականության ողջ ծանրությունը։ Անշուշտ, նրանք արժանի են մեր սիրալիր քաջալերանքին և օգնությանը՝ ըստ իրենց «կարիքների» (Հռովմ. 12։13 ա)։ Կարո՞ղ ես նրանց օգնության ձեռք մեկնել։
2 Ինչպես կարելի է օգնել։ Այն ընտանիքներին, որոնք ժողովի հանդիպումներին կամ համաժողովներին ներկա գտնվելու համար օգտվում են հասարակական փոխադրամիջոցներից, կարող եք ձեր օգնությունն առաջարկել այդ առումով, ինչը կնպաստի նրանց ֆինանսական միջոցների տնտեսմանը։ Հանդիպումների ժամանակ փոքրիկ երեխաների մասին հոգ տանելով՝ հնարավորություն կտաք նրանց մորը ավելի մեծ օգուտ քաղել ծրագրից։ Կարող եք նաև օգնություն առաջարկել, երբ նա երեխաների հետ միասին գնում է դաշտի ծառայության, որպեսզի մոր համար ավելի հեշտ լինի քարոզել։ Անկեղծ հետաքրքրությունը երեխաների հանդեպ և մտերմությունը նրանց հետ դրական ազդեցություն կթողնի նրանց վրա։ Ժամանակ առ ժամանակ միայնակ ծնողներին երեխաների հետ միասին ձեր ընտանեկան ուսումնասիրությանը հրավիրելով՝ թարմացուցիչ, հոգևոր լիցք կտաք նրանց։
3 Նրբանկատ եղիր։ Մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի չստիպենք որևէ մեկին ընդունել մեր օգնությունը, երբ նա գտնում է, որ չունի դրա կարիքը։ Օգնություն ցուցաբերելիս՝ զգույշ պետք է լինել՝ նրանց ընտանեկան գործերին չխառնվելու։ Իհարկե, աջակցության կարիք զգացող քրոջը լավ կլինի, եթե օգնության ձեռք մեկնեն քույրերն ու ամուսնական զույգերը։
4 Բոլոր քրիստոնյաները հորդորվում են ‘հետամուտ լինել հյուրասիրությանը’ (Հռովմ. 12։13 բ)։ Մեր հոգևոր եղբայրներին ու քույրերին օգնության ձեռք մեկնելը մեր մեջ տիրող քրիստոնեական սիրո դրսևորման բազում կերպերից մեկն է (Յովհ. 13։35)։