Արդյոք տեսնում ես միայն արտաքի՞նը
1 Քարոզչական ծառայության ժամանակ մարդկանց թողած առաջին տպավորության պատճառով գուցե վարանենք նրանց բարի լուրը հաղորդել։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվեիր, եթե սարսափազդու տեսքով մի տղամարդ ամեն անգամ կասկածանքով հետևեր քեզ այն պահին, երբ այցելում ես ճշմարտությամբ հետաքրքրվող նրա հարևանին։ Մի ռահվիրա քույր, որը նման իրավիճակում էր հայտնվել, որոշում է մոտենալ և զրուցել այդ մարդու հետ։ Վերջինս այնքան էլ սիրալիր արձագանք չի տալիս նրա ողջույնին։ Սակայն, ի զարմանս այդ քրոջ, նա լսում է բարի լուրը և հաճույքով համաձայնվում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Շնորհիվ այն բանի, որ քույրը չդատեց այդ մարդուն նրա արտաքինով, արդյունքում նրա և նրա կնոջ համար ճշմարտությունն իմանալու ճանապարհ բացվեց։
2 Մեր քույրերից մեկ ուրիշին սկզբում սարսափեցնում էր երկար մազերով մի երիտասարդի տեսքը, սակայն նա չէր դադարում ամեն անգամ հակիրճ զրուցել նրա հետ Աստվածաշնչի մասին, երբ վերջինս մտնում էր այն խանութը, որտեղ աշխատում է քույրը։ Նրա ջանքերն անպտուղ չմնացին. այժմ այդ երիտասարդը մկրտված Վկա է։ Ի՞նչը կօգնի մեզ շտապ եզրակացություններ չանել, թե՝ նման անհատները չեն արձագանքի բարի լուրին։
3 Հիսուսի օրինակին հետևելը։ Հիսուսը գիտեր, որ իր կյանքը պետք է տար բոլորի համար։ Ուստի, մարդկանց արտաքինը նրան ետ չէր պահում նրանց հետ զրուցելուց։ Նա գիտակցում էր, որ նույնիսկ վատ համբավի տեր մարդիկ գուցե ցանկանան փոխվել, եթե պատշաճ օգնություն ցույց տրվի նրանց և համապատասխան քաջալերանք ստանան (Մատթ. 9։9—13)։ Նա փորձում էր օգնել թե՛ հարուստին և թե՛ աղքատին (Մատթ. 11։5; Մարկ. 10։17—22)։ Եկեք արտաքինով չդատենք ծառայության ժամանակ մեզ հանդիպող մարդկանց մասին և սխալ եզրակացություններ չանենք նրանց սրտի վիճակի մասին (Մատթ. 7։1; Յովհ. 7։24)։ Ի՞նչը կօգնի մեզ Հիսուսի ակնառու օրինակին հետևել։
4 Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ մենք հասկացել ենք, որ Աստծո Խոսքը զորեղ է և կարող է փոխել մարդկանց մտածելակերպը, վարքն ու անհատականությունը (Եփես. 4։22—24; Եբր. 4։12)։ Հետևաբար, պետք է դրական տրամադրվածություն ունենանք և ամեն բան թողնենք Եհովայի ձեռքում, քանի որ Նա է կարդում մարդկանց սրտերը (Ա Թագ. 16։7; Գործք 10։34, 35)։
5 Եկեք անաչառությամբ հաղորդենք բարի լուրը բոլոր տիպի մարդկանց՝ չնայելով նրանց արտաքինին, և դրանով աջակցենք այս վերջին օրերի մեծ «բերքահավաքին» (Ա Տիմոթ. 2։3, 4)։