Նրանք տեսնում են, որ մենք տարբերվում ենք մյուսներից
1 Անցած տարի մեզ միացան 300 000 նոր մկրտված անհատներ։ Ի՞նչ էին նկատել այս անհատները Եհովայի վկաների մեջ, որ ցանկացան Աստծո կազմակերպության մի մասը դառնալ։ Ինչո՞ւ ենք մենք տարբերվում մյուս բոլոր կրոններից։ Ահա՛ մի քանի ակնհայտ երեսակներ.
—Մենք ամուր կառչում ենք Աստվածաշնչից, և ոչ թե անձնական կարծիքներից։ Մենք «հոգով եւ ճշմարտութեամբ» երկրպագում ենք Եհովա Աստծուն, ինչպես պատվիրել է Հիսուս Քրիստոսը։ Դա նշանակում է մերժել կրոնական ամեն մի կեղծիք և կատարել Աստծո Խոսքը (Յովհ. 4։23, 24; Բ Տիմոթ. 3։15—17)։
—Մենք չենք սպասում, որ մարդիկ գան մեզ մոտ, այլ ինքներս ենք գնում նրանց մոտ։ Մենք ընդունել ենք Քրիստոսի հանձնարարությունը՝ քարոզել և ուսուցանել, և, ազնվասիրտ անհատներ փնտրելով, ընդօրինակում ենք նրան։ Մենք փնտրում ենք նրանց տներում, փողոցներում և ամենուրեք, ուր հնարավոր է գտնել նրանց (Մատթ. 9։35; 10։11; 28։19, 20; Գործք 10։42)։
—Մենք Աստվածաշնչի անվճար ուսուցում ենք առաջարկում բոլոր մարդկանց։ Ամեն տարի մոտ մեկ միլիարդ ժամ ենք նվիրաբերում Աստծո ծառայությանը՝ մեր հնարավորություններն ու ուժը այդ գործում ներդնելով։ Առանց խտրականություն դնելու՝ Աստվածաշնչի ուսուցում ենք անցկացնում ամեն տեսակ մարդու հետ (Մատթ. 10։8; Գործք 10։34, 35; Յայտն. 22։17)։
—Մենք լավ նախապատրաստված ենք մարդկանց հոգևորապես օգնելու համար։ Մենք անընդհատ անգնահատելի աստվածապետական կրթություն ենք ստանում Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունից, ժողովի հանդիպումների և համաժողովների ընթացքում ստացած հրահանգներից։ Դա մեզ ուրիշներին հոգևորապես լուսավորելու հնարավորություն է տալիս (Ես. 54։13; Բ Տիմոթ. 2։15; Ա Պետ. 3։15)։
—Մենք լրջորեն ենք վերաբերվում ճշմարտությանը՝ կիրառելով այն մեր ամենօրյա կյանքում։ Աստծո հանդեպ ունեցած մեր սերը մղում է մեզ՝ փոփոխություններ անելու և մեր կյանքը նրա կամքի հետ ներդաշնակեցնելու։ Քրիստոսին նմանվող մեր նոր անձնավորությունը շատերին է հրապուրում, որպեսզի ճշմարտությանը դառնան (Կող. 3։9, 10; Յակ. 1։22, 25; Ա Յովհ. 5։3)։
—Մենք ջանում ենք ուրիշների հետ խաղաղությամբ ապրել ու աշխատել։ Աստվածային հատկություններ մշակելը պաշտպանում է մեր վարքն ու խոսելակերպը։ Մարդկանց հետ առնչվելիս՝ մենք ‘խաղաղություն ենք փնտրում և հետևում դրան’ (Ա Պետ. 3։10, 11; Եփես. 4։1—3)։
2 Եհովայի կազմակերպության մեջ քրիստոնյաների ապրելակերպը տեսնելով՝ շատերն են ընդունում ճշմարտությունը։ Թող որ մեր անձնական օրինակն էլ այդպիսի ազդեցություն թողնի բոլոր նրանց վրա, ովքեր գիտեն ու նայում են մեզ։