Ինչպես ապրել, երբ եկամուտը նվազում է
ՕԲԵԴԸ երկու երեխաների հայր է։ Տասը տարի շարունակ նա աշխատում էր աֆրիկյան մի մեծ քաղաքի հինգաստղանի հյուրանոցում և իր ընտանիքին ապահովում էր ամեն ինչով։ Ժամանակ առ ժամանակ նա կարողանում էր արձակուրդ վերցնել և ընտանիքի հետ լավ հանգստանալ իր երկրի արգելանոցներում։ Բայց մի օր այս ամենն ավարտվեց. հյուրանոցի հաճախորդների թիվը նվազել էր, և Օբեդին աշխատանքից ազատեցին։
Ստիվենը 22 տարի աշխատել էր բանկային համակարգում և հասել էր ղեկավար պաշտոնի մի խոշոր բանկում։ Նրան տվել էին մեծ տուն, ավտոմեքենա, տան աշխատողներ, իսկ երեխաները սովորում էին հեղինակավոր դպրոցներում։ Երբ բանկը սկսեց վերակազմավորվել, Ստիվենը հայտնվեց բանկի դռներից այն կողմ։ «Ես ու ընտանիքիս անդամները կոտրված էինք,— ասում է Ստիվենը։— Վհատության, դառնության ու վախի զգացումները խեղդում էին ինձ»։
Սրանք եզակի դեպքեր չեն։ Համաշխարհային տնտեսության շարունակական անկման հետևանքով միլիոնավոր մարդիկ, որ կայուն եկամուտ ունեին, կորցրին աշխատանքը։ Նրանցից շատերը, որ աշխատանք գտան, ստիպված էին համաձայնվելու ավելի ցածր աշխատավարձի, և դա այն դեպքում, երբ գները կտրուկ աճում էին։ Ոչ մի պետություն, անկախ այն բանից՝ զարգացած է, թե ոչ, ապահովված չէ տնտեսական անկումից։
Գործնական իմաստություն է հարկավոր
Եթե մեր աշխատանքը այժմ ավելի քիչ եկամուտ է բերում կամ ընդհանրապես չի բերում, որովհետև աշխատանք պարզապես չունենք, հեշտությամբ կարող ենք բացասական մտքերով լցվել։ Ճիշտ է, մարդ չի կարող նման իրավիճակում լիովին զերծ լինել անհանգստությունից։ Այնուամենայնիվ, մի իմաստուն մարդ ասել է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի» (Առակներ 24։10)։ Խուճապի մատնվելու փոխարեն՝ լավ կլինի «գործնական իմաստություն» փնտրել Աստվածաշնչում (Առակներ 2։7)։
Աստվածաշունչը, ինչ խոսք, ֆինանսական ուղեցույց չէ, բայց այս թեմայով նրա գործնական խորհուրդները միլիոնավոր մարդկանց են օգնել։ Քննենք դրանցից մի քանիսը։
Հաշվիր ծախսը։ Հիսուսն ասաց. «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար» (Ղուկաս 14։28)։ Ի՞նչ կարելի է հասկանալ այս խոսքերից. հարկավոր է բյուջե կազմել և հետևել դրան։ Բայց դա կարող է դժվար լինել։ Օբեդն ասում է. «Նախքան աշխատանքս կորցնելը մենք սովոր էինք սուպերմարկետում սայլակները լցնել հիմնականում ոչ պետքական ապրանքներով ու դուրս քշել։ Մենք երբեք բյուջե չէինք կազմում, որովհետև մեր գրպաններում միշտ փող կար և կարող էինք գնել այն ամենը, ինչ մտքներովս անցներ»։ Նախօրոք պլանավորելը կնպաստի, որ նվազած միջոցները ծախսենք ընտանիքի առաջնային կարիքների համար։
Ապրելակերպդ վերանայիր։ Անկասկած, դժվար է համակերպվել ցածր կենսամակարդակին, բայց, ինչ արած, պետք է համակերպվել։ Ստիվենն ասում է. «Փող խնայելու նպատակով մենք ընտանիքով տեղափոխվեցինք մեր սեփական տուն, որը փոքր էր և կիսավերանորոգված։ Երեխաները սկսեցին հաճախել համեմատաբար էժան դպրոցներ, որտեղ, սակայն, կրթության մակարդակը բավարար էր»։
Ընտանիքի անդամները պետք է համագործակցեն իրար հետ, որպեսզի կարողանան հարմարվել նոր ապրելակերպին։ Օստինը, որը ինը տարի մի ֆինանսական հաստատությունում աշխատելուց հետո գործազուրկ դարձավ, ասում է. «Ես ու կինս նստեցինք ու կազմեցինք այն բաների ցուցակը, որոնց կարիքը իրականում ունեինք»։ Մենք բացառեցինք թանկ ուտելիքները, թանկ արձակուրդները և ոչ անհրաժեշտ հագուստներ գնելը։ Ուրախ եմ, որ ընտանիքիս անդամները դրականորեն արձագանքեցին այս բոլոր փոփոխություններին»։ Ինչ խոսք, փոքր երեխաները գուցե լիովին չհասկանան նման փոփոխությունների իմաստը, բայց ծնողը կարող է օգնել նրանց։
Պատրաստ եղիր նոր աշխատանքի։ Եթե սովոր ես գրասենյակային աշխատանքի, ֆիզիկական աշխատանք անելու հեռանկարը կարող է վախեցնել քեզ։ «Ինձ համար հոգեբանորեն դժվար էր հասարակ աշխատանք անելը, քանի որ սովոր էի խոշոր ֆիրմայում ղեկավար պաշտոններ վարել»,— ասում է Օստինը։ Աստվածաշնչում գրված է. «Մարդկանց հանդեպ վախը ծուղակն է գցում» (Առակներ 29։25)։ Եթե անընդհատ մտածենք, թե ուրիշներն ինչ կմտածեն մեր մասին, ապա դժվար թե կարողանանք օրվա հաց վաստակել։ Ինչպե՞ս կարող ես խուսափել նման մտքերից։
Հարկավոր է խոնարհ լինել։ Օբեդը նախկին աշխատակցի կողմից առաջարկ ստացավ աշխատելու նրա ավտովերանորոգման արհեստանոցում։ Նրա աշխատանքը ավտոներկեր և պահեստամասեր ձեռք բերելն էր։ Դրա համար նա պետք է ոտքով փոշոտ փողոցներով երկար տարածություններ անցներ։ Օբեդն ասում է. «Սկզբում անընդհատ մտածում էի. «Այս գործում առաջ գնալու ոչ մի հնարավորություն չունեմ»։ Բայց խոնարհությունն օգնեց ինձ հարմարվելու այդ աշխատանքին, որի բերած եկամուտը նախկին աշխատավարձիս քառորդ մասից էլ քիչ էր, բայց բավարար էր ընտանիքիս կարիքները հոգալու համար»։ Օբեդի դեպքը կարող է օգտակար լինել քեզ համար։
Բավարարված եղիր։ Գուցե մտածես. «Ինչպե՞ս կարելի է բավարարվածության զգացում ունենալ, երբ լուրջ ֆինանսական խնդիրներ ունես»։ Պողոս առաքյալը, որ միսիոներ էր և գիտեր, թե ինչ է նշանակում կարիքի մեջ լինել, ասաց. «Ինչպիսի հանգամանքներում էլ որ գտնվեմ, սովորել եմ գոհ լինել։ Անշուշտ ես գիտեմ, թե ինչ է կարիքի մեջ լինելը, և գիտեմ, թե ինչ է առատության մեջ լինելը» (Փիլիպպեցիներ 4։11, 12)։
Հնարավոր է՝ մեր իրավիճակը հիմա այնքան էլ վատ չէ, սակայն այս փոփոխական ժամանակներում այն կարող է խիստ վատանալ։ Մեզ համար շատ օգտակար կարող է լինել Պողոսի հետևյալ խորհուրդը, որը նա գրեց Աստծու ներշնչանքով. «Իրոք, Աստծու հանդեպ նվիրվածությունը մեծ շահ ստանալու միջոց է, եթե բավարարված ենք մեր ունեցածով։ Ուստի եթե ուտելիք, հագուստ և ծածկ ունենք, դրանցով բավարարվենք»։ Պողոսը չէր խրախուսում ծուլություն, այլ ցույց էր տալիս, թե ինչպես ճիշտ տեսակետ ունենալ ֆիզիկական կարիքները բավարարելու վերաբերյալ (1 Տիմոթեոս 6։6, 8)։
Իսկական երջանկության աղբյուրը
Իսկական երջանկությունը մեր սրտի ուզած բաները կուտակելու կամ էլ անհոգ ու հարմարավետ կյանք վարելու մեջ չէ։ Հիսուսն ինքն ասաց. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ»։ Այո՛, մենք մեզ երջանիկ ու բավարարված կզգանք, եթե մեր ունեցած բաներով օգնենք ուրիշներին և նրանց համար քաջալերանքի աղբյուր լինենք (Գործեր 20։35)։
Մեր Ստեղծիչը՝ Եհովա Աստված, շատ լավ գիտի, թե ինչի կարիք ունենք։ Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով նա այնպիսի գործնական խորհուրդներ է տալիս, որոնք շատերին են օգնել բարելավելու իրենց կյանքը և ազատվելու անտեղի անհանգստությունից։ Իհարկե, մարդու ֆինանսական դրությունը անսպասելի կամ կտրուկ չի լավանա։ Սակայն Հիսուսը բոլոր նրանց, ովքեր «նախ թագավորությունը և Աստծու արդարությունն են փնտրում», վստահեցնում է, որ իրենց ամենօրյա կարիքները կբավարարվեն (Մատթեոս 6։33)։