«Երազում էի ապրել անիվների վրա»
ՊԱՏՄՈՒՄ Է ԶՈՅԱ ԴԻՄԻՏՐՈՎԱՆ
15 տարեկանում վայելում էի այն կյանքը, որի մասին երազել եմ. ոգևորված շրջագայում էի կրկեսի հետ ու համարներ ներկայացնում։ Սակայն 1970թ. սեպտեմբերի 4-ին ինձ հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ։ Օդում նրբագեղ շարժումներ էի անում, բայց հանկարծ ամբողջ թափով շրմփացի գետին։
ԾՆՎԵԼ եմ 1952թ. դեկտեմբերի 16-ին Բուլղարիայի Սոֆիա քաղաքում։ Ապրում էի ծնողներիս ու քրոջս հետ։ Այդ ժամանակ Բուլղարիան կոմունիստական երկիր էր, որտեղ հանդուրժում էին կրոնը, սակայն առանձնապես չէին խրախուսում այն։ Մարդկանց մեծամասնությունը պարզապես չէր հավատում Աստծուն, իսկ ովքեր հավատում էին, նախընտրում էին այդ մասին չբարձրաձայնել։ Թեև ծնողներս իրենց ուղղափառ էին համարում, ես չունեի կրոնական դաստիարակություն և չէի մտածում Աստծու մասին։
Վաղ հասակում սկսեցի լրջորեն հետաքրքրվել տարբեր սպորտաձևերով, հատկապես մարմնամարզությամբ։ Երբ 13 տարեկան էի, մի մարդ եկավ մեր դպրոց։ Նա փնտրում էր մի աղջկա, որին կմարզեր կրկեսում աշխատելու համար։ Մարզիչս նրան խորհուրդ տվեց ինձ վերցնել։ Սիրտս հրճվանքով լցվեց, երբ նստեցի մենեջերի ամերիկյան ավտոմեքենան և երբ հանդիպեցի մի խումբ մասնագետների, որոնք մարզումներ անցկացրին ինձ հետ։ Հուրախություն ինձ՝ ես ընտրվեցի։ Սա խիստ ռեժիմով պարապմունքների սկիզբն էր, որը տևեց ավելի քան երկու տարի։ Իսկ երբ 15 տարիս լրացավ, ավարտեցի մարզումներս և սկսեցի ապրել անիվների վրա, այսինքն՝ շրջագայել կրկեսի հետ միասին։ Սկզբում անցա ողջ Բուլղարիան, ապա եղա նախկին ԽՍՀՄ-ի երկրներում, նույնիսկ հասա մինչև Ալժիր, Հունգարիա և նախկին Հարավսլավիա։
Երեք տարի շարունակ երջանիկ ապրում էի իմ երազած կյանքով։ Սակայն մի անգամ, երբ ներկայացումներով Թիտով-Վելեսում էինք (Մակեդոնիա), ինձ հետ տեղի ունեցավ այն դժբախտ պատահարը, որի մասին խոսեցի սկզբում։ Ես ակրոբատական շարժումներ էի անում, իսկ զուգընկերս, որը կախվել էր գլխիվայր, պետք է օդում պտտեցներ ինձ և ապա ձեռքով բռներ, երբ իջնեի։ Ցավոք, չհասցրի բռնել նրա ձեռքը, և երբ իմ անվտանգության գոտին պոկվեց, 6 մետր բարձրությունից շրմփացի գետին։ Ինձ շտապ հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ պարզ դարձավ, որ ձեռքս, կողոսկրերիցս մի քանիսը և ողնաշարս կոտրվել են։ Մի քանի օր շոկի մեջ էի և չէի հիշում, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ որոշ չափով ուշքի եկա, զգացի, որ գոտկատեղիցս ներքև անշարժացած է։ Երիտասարդ տարիներիս լավատես էի, քանի որ մտածում էի, որ բուժման կամ վիրահատության շնորհիվ կկարողանամ նորից քայլել և նույնիսկ վերադառնալ կրկես։
Հաջորդ երկուսուկես տարիների ընթացքում բուժվում էի մի շարք առողջարաններում՝ հոգուս խորքում փայփայելով ապաքինման հույսը։ Ի վերջո ստիպված էի ընդունել այն փաստը, որ իմ երազները փշրվել են, ու ես պետք է ապրեմ «անիվների» վրա, սակայն, ցավոք, դրանք հաշմանդամի սայլակի անիվներ էին։
Նոր կյանք եմ սկսում
Ակտիվ կյանքով ապրելուց հետո մտածում էի, որ անհնար կլինի հարմարվել այս փոփոխությանը։ Երբ բոլոր հույսերս մարեցին, ընկա դեպրեսիայի մեջ։ Սակայն ամեն բան փոխվեց, երբ 1977թ.-ին Ստոյան անունով մի երիտասարդ թակեց իմ դուռը։ Իմանալով, որ նախկին գործընկերոջս եղբայրն է՝ անմիջապես ներս հրավիրեցի։ Զրույցի ընթացքում նա հարցրեց, թե արդյոք հույս ունեմ, որ կապաքինվեմ։ Կյանքիցս հիասթափված՝ պատասխանեցի, որ ոչ մի հույս էլ չունեմ։ Երբ նա ասաց, որ միայն Աստված կարող է օգնել ինձ, դառնությամբ լցված պատասխանեցի. «Լավ, եթե Աստված կա, ինչո՞ւ եմ այս վիճակում»։
Այս խոսքերից հետո Ստոյանը, որը Միացյալ Նահանգներում որպես կրկեսի դերասան աշխատելու տարիներին էր Եհովայի վկա դարձել, շատ նրբանկատորեն բացատրեց ինձ ապագայի հետ կապված աստվածաշնչյան հրաշալի հույսի մասին։ Ցնցված էի, երբ իմացա, որ շուտով երկիրը դրախտի է վերածվելու։ Այն խոստումը, որ «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի», շարժեց իմ սիրտը (Հայտնություն 21։4)։ Այնքան ուժգին էր ոտքի կանգնելու ցանկությունս, որ իսկույն համաձայնվեցի կանոնավորաբար Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կյանքիս մեջ նոր էջ բացվեց։ Վերջապես, լուրջ հիմքեր գտնելով՝ նորից սկսեցի հուսալ։
Ամեն շաբաթ անհամբերությամբ սպասում էի մեր աստվածաշնչյան ուսումնասիրություններին։ Սկզբում ուսումնասիրում էի Ստոյանի, իսկ հետո Տոտկայի՝ մի շատ բարի անձնավորության հետ։ Նրա օգնությամբ Աստվածաշնչի իմ գիտելիքներն արագորեն ավելացան, և ես կյանքս նվիրեցի Եհովա Աստծուն։ Այդ ժամանակ Սոֆիայում չկար մեկը, ով կկարողանար մկրտել ինձ, ուստի ստիպված էի սպասել մինչև որ Մակեդոնիայից եղբայր գա։ Վերջապես 1978թ. սեպտեմբերի 11-ին՝ Աստվածաշունչ ուսումնասիրելուց մոտավորապես մեկ տարի անց, մկրտվեցի մեր տան լոգարանում։ Այս իրադարձությունը ինձ մեծ ուրախություն պատճառեց, և կյանքս իրական իմաստով լցվեց։
Աստվածաշնչյան ճշմարտությունները կրակի պես բոցավառվում էին իմ սրտում։ Ես անհագորեն նոր հույսիս մասին պատմում էի ցանկացած մարդու, ով իմ տուն էր գալիս։ Սակայն ոչ ոք լրջությամբ չէր վերաբերվում ինձ՝ հավանաբար մտածելով, որ դժբախտ պատահարի հետևանքով ցնորվել եմ։
Մեծ սխալ գործեցի
Բուլղարիայում այդ ժամանակ Եհովայի Վկաների գործունեությունը արգելքի տակ էր, և ողջ երկրում ընդամենը մի քանի Վկա կար։ Ժողովի հանդիպումներ չկային, հետևաբար շատ քիչ էի կարողանում շփվել հավատակիցներիս հետ։ Այն, որ չէի հաճախում ժողովի հանդիպումներին և չէի գիտակցում, որ Աստվածաշնչի չափանիշներին չհետևող մարդկանց հետ սերտ շփումը վտանգավոր է, կանգնեցրեց ինձ այնպիսի ճանապարհի վրա, որ մեծ սխալ գործեցի։
Խիղճս անգթորեն կրծում էր ինձ, և Եհովա Աստծուց հեռանալը հոգուս խորքում մի անասելի տանջող ցավ էր ծնում։ Թեև շատ էի ամաչում ու կոտրված էի, սակայն սիրտս ամբողջությամբ բացեցի Եհովայի առաջ՝ աղերսելով, որ ների ինձ։ Ավելի ուշ հոգատար երեցների աջակցության շնորհիվ հոգևորապես ապաքինվեցի և նորից վերագտա այն ուրախությունը, որ ունեի Եհովային ծառայելիս։ Որքա՜ն թանկ եմ գնահատում Եհովային մաքուր խղճով ծառայելու առանձնաշնորհումը և նրա մաքուր կազմակերպության հետ համագործակցելու հնարավորությունը։
Երջանիկ եմ՝ չնայած դժվարություններիս
40 տարի առաջ տեղի ունեցած պատահարի հետևանքով՝ ներկայացումներով հանդես գալու, շրջագայելու իմ երազանքը չքացավ, և ես գամվեցի հաշմանդամի սայլակին։ Այդուհանդերձ, անցյալիս չեմ նայում դառնությամբ ու ափսոսանքով և չեմ մտածում, որ կյանքս ձախողվել է։ Աստվածաշնչյան ճշմարտությունը օգնեց ինձ հասկանալու, որ իմ երազանքը՝ ունենալ ուրախ ու բավարարված կյանք կրկեսի հետ, մնայուն արժեք չունի։ Ես ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են նախկին գործընկերներս, ովքեր շարունակել են իրենց կրկեսային կարիերան, դառը հիասթափություն ապրել։ Ի տարբերություն նրանց՝ ես ամենաթանկ գանձն եմ գտել՝ մտերիմ փոխհարաբերություններ իմ Արարչի՝ Եհովա Աստծու հետ։ Այսպիսի ուրախություն կրկեսը ինձ երբեք չէր կարող տալ։
Բացի այդ, ես ցնծություն եմ ապրում՝ տեսնելով, թե ինչպես են շատերը լսում աստվածաշնչյան ճշմարտությունները և նվիրվում մեր սիրառատ Աստծուն՝ Եհովային։ Երբ 1977թ.-ին սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել, Բուլղարիայում Վկաներին կարելի էր մատների վրա հաշվել։ Նույնիսկ 1991թ. վերջում, երբ կոմունիստական վարչակարգի փլուզումից հետո Եհովայի վկաները առաջին անգամ գրանցվեցին մեր երկրում, նրանց թիվը չէր գերազանցում հարյուրը։ Սակայն ի՜նչ մեծ ուրախություն է տեսնել, որ այսօր Թագավորության քարոզիչների թիվը գնալով աճում է՝ հասնելով գրեթե 1800-ի։
Այնուամենայնիվ, Բուլղարիայում դեռ շատ գործ կա անելու։ Շատերն են ցանկանում գիտելիքներ ստանալ Աստծու Խոսքից։ Դա երևում է 2010թ. Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյի ներկաների բարձրագույն թվից՝ 3914։ Սիրտս հրճվանքով է լցվում, երբ խորհում եմ, թե ինչպես է Եհովան օրհնել քարոզչական գործի համեստ սկիզբը Բուլղարիայում։ Հենց իմ աչքերի առաջ «ամենափոքրը» դարձել է «հզոր ազգ», ինչպես որ կանխագուշակվել էր Եսայիա 60։22-ում։
Իմ կյանքում աննկարագրելի ուրախություն և նշանակալից իրադարձություն էր նաև բուլղարերենով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայումը, որը տեղի ունեցավ Սոֆիայում 2009թ. օգոստոսին՝ «Արթո՛ւն կացեք» մարզային համաժողովի ժամանակ։ Իմ մայրենի լեզվով հրատարակված այս Աստվածաշունչը երազ էր, որ իրականացավ։ Անկասկած, այն կօգնի, որ Բուլղարիայում ավելի շատ մարդիկ սովորեն աստվածաշնչյան ճշմարտությունները։
Չնայած սահմանափակ հնարավորություններիս՝ մեծ բավականություն եմ ստանում, երբ աստվածաշնչյան ճշմարտությունները պատմում եմ հարևաններիս և բոլոր նրանց, ովքեր գալիս են իմ տուն։ Մի անգամ պատշգամբից տեսա հարևանուհուս և տուն կանչեցի նրան։ Նա ընդունեց իմ հրավերը և մի քանի քաջալերական հոգևոր մտքեր քննարկելուց հետո անմիջապես համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հետագայում նա մկրտվեց ու դարձավ իմ հոգևոր քույրը. ես պարզապես ցնծում էի։ Ուրախ եմ նաև, որ պատիվ եմ ունեցել օգնելու չորս հոգու իրենց կյանքը նվիրելու Եհովային։
Թերևս ամենամեծ ուրախությունն ու քաջալերությունը ստանում եմ նրանից, որ կանոնավորաբար հաճախում եմ ժողովի հանդիպումներին ավելի քան հարյուր քույրերի ու եղբայրների հետ, ովքեր ինձ համար ընտանիքի անդամների պես են դարձել։ Քանի որ ապրում եմ մի երկրում, որտեղ մեծահասակների ու հաշմանդամների համար հատուկ տրանսպորտային միջոցներ չեն տրամադրվում, ինձ համար շատ դժվար է ժողովի հանդիպումներին հաճախելը։ Սակայն անչափ երախտապարտ եմ մի երիտասարդ եղբոր իր դրսևորած հոգատարության համար։ Ժողովի հանդիպման օրերին նա ամեն անգամ ինձ տնից տանում է մինչև իր ավտոմեքենան, ապա հասցնում է Թագավորության սրահ և հետո նորից տուն բերում։ Որքա՜ն շնորհակալ եմ Եհովային, որ առանձնաշնորհում ունեմ լինելու այսպիսի ջերմ հոգևոր ընտանիքի մեկ անդամը։
Երբ մի հայացք եմ նետում անցյալիս, տեսնում եմ, որ կյանքս բոլորովին այլ հունով է ընթացել՝ ոչ այնպես, ինչպես երազում էի երիտասարդ տարիներիս։ Բայց Եհովային ծառայելը այսօր ինձ անսահման բերկրանք է պատճառում և վառ հույսով լցնում ապագայի հանդեպ։ Հոգուս խորքում փայփայում եմ Աստծու այն խոստումը, որ դրախտում «կաղը եղջերուի պես կցատկոտի» (Եսայիա 35։6)։ Անհամբերությամբ և լիակատար համոզվածությամբ սպասում եմ այն օրվան, երբ հաշմանդամի սայլակից դուրս կցատկեմ, երբ կունենամ կատարյալ առողջություն և կվերագտնեմ երիտասարդական կորովս։
[մեջբերում 30-րդ էջի վրա]
«Ամենամեծ ուրախությունն ու քաջալերությունը ստանում եմ նրանից, որ կանոնավորաբար հաճախում եմ ժողովի հանդիպումներին»
[մեջբերում 31-րդ էջի վրա]
«Իմ կյանքում նշանակալից իրադարձություն էր բուլղարերենով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայումը»
[նկար 29-րդ էջի վրա]
15 տարեկանում սկսեցի իմ կարիերան