Նամակ Մեքսիկայից
«Եհովան սիրո՞ւմ է մեզ, չնայած որ մենք հնդկացիներ ենք»
ՄԵԼԵՍԻՈՆ՝ օդհամ ցեղի լեզվով խոսող մի տղամարդ, ժամանակ առ ժամանակ լեռներից իջնում էր քաղաք՝ աշխատանք որոնելու։ Սակայն նրա նպատակը միայն աշխատանք որոնելը չէր։ Նա նաև հաճախում էր քրիստոնեական հանդիպումների և աստվածաշնչյան գրականություն վերցնում ցեղակիցներին բաժանելու համար։ Մելեսիոն աղերսում էր Աստծուն, որ ինչ-որ մեկն այցելի իրենց և ավելի շատ բան սովորեցնի Աստվածաշնչի մասին։
Օդհամ ցեղը ամբողջովին մեկուսացած էթնիկական խումբ է։ Նրանք ապրում են Մեքսիկայի հյուսիսային շրջանի կենտրոնական մասում՝ շրջապատված Սիեռա լեռնաշղթաներով։ Նրանց բնակավայրը Եհովայի Վկաների մոտակա ժողովի հանդիպման վայրից հեռու է մոտ 240 կիլոմետր։ Ուստի մի քանի հոգով որոշեցինք այցելել նրանց։
Ձեռք բերելով փոքրիկ բեռնատար մի մեքենա և մեզ հետ վերցնելով վրաններ, քնապարկեր, ինչպես նաև անհրաժեշտ քանակությամբ սնունդ և երեք օրվա բենզին՝ դուրս եկանք Դուրանգո քաղաքից։ Ճանապարհ ընկանք առավոտյան ժամը չորսին։ Ութ ժամ շարունակ ընթացանք փոշոտ լեռնային արահետով, մինչև որ այդ ճանապարհն ավարտվեց։ Դա օդհամախոսների բնակավայր տանող ուղին էր։ Առջևում խորը կիրճն էր, իսկ քիչ հեռվում վեր էր խոյանում մեկ ուրիշ լեռ։
Ուստի մեքենան թողեցինք «ռանչիտոյում» (այդպես են անվանում հեռավոր գյուղերը) և ոտքով երեք ժամ իջանք կիրճն ի վար՝ մեզ հետ վերցնելով մեր իրերը։ Այնտեղ վրան կանգնեցրինք, փայտ հավաքեցինք խարույկ վառելու համար, որպեսզի պաշտպանվենք վայրի գազաններից։ Գիշերը քնեցինք երեքժամյա հերթափոխով՝ թույլ չտալով, որ կրակը մարի։
Վաղ առավոտյան լեռը բարձրացանք։ Արահետները շատ էին, այդ պատճառով էլ մի քանի անգամ մոլորվեցինք։ Քանի որ մեր խմբի անդամներից մեկը մի քիչ գիտեր տեղի լեզուն, աստվածաշնչյան պատգամը հակիրճ պատմում էինք ճանապարհին հանդիպող տեղաբնակներին։ Ի զարմանս մեզ՝ նրանցից ոմանք ասացին, որ Լոս-Արենալեսում (որտեղ և ուղևորվում էինք) կան մարդիկ, ովքեր իրենց կոչում են Եհովայի վկաներ և աստվածաշնչյան հանդիպումներ են անցկացնում։ Այս լուրը լսելով՝ անակնկալի եկանք և շատ ոգևորվեցինք։
Կոշտուկներով պատված ոտքերով վերջապես հասանք Լոս-Արենալես։ Տեղանքով մեկ ցրված էին ստավարաթղթե տանիքներ ունեցող կավաշեն տներ։ Չկար ո՛չ դպրոց, ո՛չ էլ էլեկտրականություն։ Արտաքին աշխարհից կտրված այս մարդիկ ապրում էին ծայրահեղ աղքատության մեջ։ Հիմնականում սնվում էին տորտիլյայով (եգիպտացորենով պատրաստված բլիթ) և այլ պարզ ուտելիքներով։ Մենք հանդիպեցինք Մելեսիո անունով մի երիտասարդ տղամարդու, որն անչափ ուրախացավ, երբ տեսավ մեզ։ Նա հրավիրեց մեզ իր համեստ ու անշուք տունը և պատմեց, որ ամեն օր Եհովային խնդրում էր Վկաներ ուղարկել, որպեսզի վերջիններս սովորեցնեն իր ընտանիքի անդամներին և օդհամախոս ցեղակիցներին Աստվածաշնչի մասին, քանի որ չէր կարողանում պատասխանել նրանց բոլոր հարցերին։
Օդհամ ցեղի անդամները զբաղվում են շամանիզմով։ Նրանք օգտագործում են այնպիսի թալիսմաններ, ինչպիսիք են արծվի փետուրներն ու ոսկորները, երկրպագում են բնության ուժերին և վախենում են շամաններից, որոնք շահագործում են իրենց։ Մելեսիոն պատմեց, որ երբ քաղաքում առաջին անգամ իմացավ, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը, անմիջապես ոչնչացրեց իր բոլոր կուռքերը։ Ցեղակիցները կարծում էին, որ աստվածները կպատժեն նրան, և նա կմահանա։ Սակայն երբ ոչինչ տեղի չունեցավ, նրանք հասկացան, որ Եհովան ավելի զորեղ է, քան իրենց աստվածները։ Ուստի սկսեցին մասնակցել աստվածաշնչյան ուսումնասիրությանը, որը Մելեսիոն անցկացնում էր իր ընտանիքի անդամների հետ՝ օգտվելով մեր գրականությունից։
«Ես բացատրեցի, որ նրանք նախևառաջ պետք է այրեն իրենց բոլոր թալիսմաններն ու կուռքերը»,— շարունակեց Մելեսիոն։ Շատերը ձերբազատվեցին սնոտիապաշտությունից և սկսեցին հաճախել հանդիպումներին։ Ներկաների թիվը անցավ 80-ը։ Այնքան էինք տպավորվել լսածից, որ որոշեցինք հենց նույն օրը ժողով անցկացնել։ Մենք ձիերով մի քանի մարդ ուղարկեցինք տեղեկացնելու այդ մասին նրանց, ովքեր կանոնավորաբար այցելում էին Մելեսիոյի տուն։ Չնայած շաբաթվա կեսն էր, և մարդկանց այդ մասին տեղեկացրել էինք վերջին պահին, սակայն հանդիպմանը ներկա էր 25 հոգի, որոնք եկել էին ոտքով կամ ավանակով։
Մենք կազմակերպեցինք հարց ու պատասխանով աստվածաշնչյան քննարկում, որը թարգմանում էր Մելեսիոն։ Հանդիպման ընթացքում ներկաներն այսպիսի հարցեր էին տալիս. «Եհովան սիրո՞ւմ է մեզ, չնայած որ մենք հնդկացիներ ենք։ Նա լսո՞ւմ է մեր լեզվով ասված աղոթքները։ Երբ Արմագեդոնը գա, Եհովան մեր մասին հոգ կտանի՞, թեև շատ հեռու ենք ապրում քաղաքներից»։ Մենք ուրախ էինք Աստվածաշնչի օգնությամբ վստահեցնելու այս խոնարհ մարդկանց, որ Եհովան հոգ է տանում հեզերին՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով են նրանք խոսում և որքան հեռու են ապրում։ Նրանք խնդրեցին մեզ որևէ մեկին ուղարկել, որպեսզի ավելի շատ բան սովորեցնի իրենց։
Հանդիպումից հետո մեր կերակուրից բաժին հանեցինք նաև մեր նոր ընկերների համար։ Շուտով մութը վրա հասավ։ Քանի որ լեռներում գիշերները շատ ցուրտ է լինում, անչափ երախտապարտ էինք, երբ մեզ քնելու համար առաջարկեցին կիսակառույց մի սենյակ։ Հաջորդ առավոտ նրանք կարճ ճանապարհով մեզ տարան այնտեղ, ուր թողել էինք բեռնատար մեքենան, և մենք, հոգնած, բայց գոհունակությամբ լի, ուղևորվեցինք դեպի Դուրանգո։
Մեծ առանձնաշնորհում էր հանդիպել այս անկեղծ մարդկանց, որոնցից շատերը չգիտեին իսպաներեն. չէին կարողանում կարդալ, գրել կամ խոսել այդ լեզվով, սակայն ցանկանում էին սովորել ճշմարիտ Աստծու մասին և երկրպագել նրան։ Մեզնից հետո արդեն վեց Վկաներ են այցելել՝ անցկացնելով այնտեղ երեք շաբաթ։ Նրանք հոգևոր օգնություն են ցույց տվել մոտ 45 հոգու, ովքեր անկեղծորեն ուզում էին ծառայել Եհովային։ Այժմ այս բոլոր մարդիկ կանոնավորաբար այցելում են ժողովի հանդիպումներին։
Ուշագրավ է նաև այն, որ Լոս-Արենալեսի միակ փոքրիկ խանութը այժմ ծխախոտ չի վաճառում, քանի որ մեծ թվով տեղաբնակներ ուսումնասիրում են Աստվածաշունչը և այլևս չեն ծխում։ Նրանք նաև օրինականացրել են իրենց ամուսնությունը։
[նկար 24-րդ էջի վրա]
Մելեսիոն, իր կնոջ, չորս աղջիկների և զոքանչի հետ
[նկարներ 25-րդ էջի վրա]
Աստվածաշնչի ուսումնասիրություն և ժողովի հանդիպում Լոս-Արենալեսում
[նկար 25-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Servicio Postal Mexicano, Correos de Mexico