Օրհնություններ քաղիր Աստծու ոգով առաջնորդվող Թագավորի միջոցով
«Նրա վրա Եհովայի ոգին կլինի» (ԵՍ. 11։2)։
1. Ինչպիսի՞ մտահոգություններ են ոմանք արտահայտել աշխարհի պրոբլեմների վերաբերյալ։
«ԱՇԽԱՐՀՈՒՄ, որտեղ քաղաքական, սոցիալական և էկոլոգիական քաոս է տիրում, ինչպե՞ս կարող է մարդկությունը գոյատևել ևս 100 տարի»։ Ահա թե ինչ հարց տվեց աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը 2006թ.-ին։ «Նյու սթեյթսմեն» հանդեսի հոդվածներից մեկում նշվում էր. «Մենք վերջ չենք տվել աղքատությանը, ոչ էլ խաղաղություն ենք հաստատել աշխարհում։ Ավելին, թվում է՝ ճիշտ հակառակ արդյունքների ենք հասել։ Ինչ խոսք, չի կարելի ասել, որ ուղիներ չենք փնտրել։ Մենք փորձել ենք ամեն ինչ՝ սկսած կոմունիզմից մինչև կապիտալիզմ, Ազգերի լիգայից մինչև միջուկային զսպման քաղաքականություն։ Մենք այնքան շատ «պատերազմներ ենք մղել պատերազմին վերջ տալու համար», որ չենք կարող պնդել, թե գիտենք՝ ինչպես վերջ դնել պատերազմներին»։
2. Ինչպե՞ս Եհովան շուտով կգործադրի իր գերիշխանությունը երկրի առնչությամբ։
2 Այսպիսի խոսքերը չեն զարմացնում Եհովայի ծառաներին։ Աստվածաշունչը հայտնում է մեզ, որ մարդիկ չէին ստեղծվել իրենք իրենց իշխելու համար (Երեմ. 10։23)։ Միայն Եհովան ունի Գերիշխան լինելու իրավունք։ Ուստի միայն նա բացարձակ իրավունք ունի մեզ համար չափանիշներ դնելու, սահմանելու մեր կյանքի նպատակը և առաջնորդելու մեզ դեպի այն։ Ավելին, նա շուտով կգործադրի իր իշխանությունը, որպեսզի վերջ դնի մարդկանց՝ ինքնակառավարման անհույս փորձերին։ Միևնույն ժամանակ, նա կկործանի բոլոր նրանց, ովքեր, մերժելով Աստծու արդար գերիշխանությունը, մարդկանց գերի են դարձրել մեղքին, անկատարությանը և «այս աշխարհի աստծուն»՝ Բանսարկու Սատանային (2 Կորնթ. 4։4)։
3. Ի՞նչ էր կանխագուշակել Եսայիան Մեսիայի մասին։
3 Դրախտում՝ նոր աշխարհում, Եհովայի գերիշխանությունը մարդկության հանդեպ սիրով կդրսևորվի Մեսիական Թագավորության միջոցով (Դան. 7։13, 14)։ Այդ Թագավորության Թագավորի վերաբերյալ Եսայիան մարգարեացավ. «Հեսսեի բնից մի ոստ դուրս կգա, և նրա արմատներից դուրս եկած ընձյուղը պտղաբեր կլինի։ Նրա վրա Եհովայի ոգին կլինի՝ իմաստության ու հասկացողության ոգին, խորհրդի ու զորության ոգին, գիտության ու Եհովայի հանդեպ վախի ոգին» (Ես. 11։1, 2)։ Ի՞նչ հատուկ միջոցներով Աստծու սուրբ ոգին հնարավոր դարձրեց, որ «Հեսսեի բնից ոստը»՝ Հիսուս Քրիստոսը, լինի լավագույն կառավարիչը մարդկանց համար։ Ի՞նչ օրհնություններ կբերի նրա իշխանությունը։ Ի՞նչ պետք է մենք անենք, որ քաղենք այդ օրհնությունները։
Աստծու կողմից նշանակված լավագույն կառավարիչը
4-6. Ո՞ր կարևոր գիտելիքների շնորհիվ Հիսուսը կարող է ծառայել որպես իմաստուն և կարեկից Թագավոր, Քահանայապետ ու Դատավոր։
4 Եհովան ցանկանում է, որ հնազանդ մարդկությունը հասնի կատարելության նրա առաջնորդության ներքո, ով իսկապես իմաստուն և կարեկից Թագավոր է, Քահանայապետ և Դատավոր։ Ահա թե ինչու Աստված ընտրեց Հիսուս Քրիստոսին, որին սուրբ ոգու միջոցով նշանակեց, որ նա կարողանա կատարել այդ ամենակարևոր պարտականությունները։ Հիմա քննենք մի քանի պատճառ՝ իմանալու, թե ինչու Հիսուսը կատարելապես կկատարի Աստծու կողմից նշանակված իր դերերը։
5 Հիսուսը ամենից լավ է ճանաչում Աստծուն։ Միածին Որդին ճանաչում է Հորը ավելի երկար, քան որևէ մեկը՝ հավանաբար միլիարդավոր տարիներ։ Այդ ողջ ընթացքում Հիսուսը այնպիսի խոր գիտելիքներ ստացավ Եհովայի մասին, որ կարելի է ասել՝ նա «անտեսանելի Աստծու պատկերն» է (Կող. 1։15)։ Հիսուսն ինքն ասաց. «Ով ինձ տեսավ, Հորը տեսավ» (Հովհ. 14։9)։
6 Եհովայից հետո Հիսուսը երկրորդ անձնավորությունն է, որը լիարժեք գիտելիքներ ունի ողջ ստեղծագործության, այդ թվում նաև մարդկանց մասին։ Կողոսացիներ 1։16, 17-ում կարդում ենք. «Նրա [Աստծու Որդու] միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա, տեսանելի և անտեսանելի բաները.... Նա նաև բոլոր բաներից առաջ է, և մնացած բոլոր բաները նրա միջոցով սկսեցին գոյություն ունենալ»։ Մի պահ խորհիր. Հիսուսը՝ որպես Աստծու «հմուտ վարպետ», մասնակցել է արարչագործության մյուս բոլոր մասերին։ Ուստի նա ամեն բան գիտի ողջ տիեզերքի մասին՝ սկսած ատոմի տարրական մասնիկներից մինչև մարդու զարմանահրաշ ուղեղը։ Այո՛, Քրիստոսն, իրոք որ, իմաստության մարմնացում է (Առակ. 8։12, 22, 30, 31)։
7, 8. Ինչպե՞ս Աստծու ոգին աջակցեց Հիսուսին նրա ծառայության ժամանակ։
7 Հիսուսն օծվել է Աստծու սուրբ ոգով։ «Եհովայի ոգին ինձ վրա է,— ասաց Աստծու Որդին,— որովհետև նա օծեց ինձ, որ աղքատներին բարի լուր հռչակեմ, նա ուղարկեց ինձ, որ գերիներին ազատություն և կույրերին տեսողություն քարոզեմ, կոտրվածներին ազատ արձակեմ և Եհովայի բարեհաճության տարին քարոզեմ» (Ղուկ. 4։18, 19)։ Երբ Հիսուսը մկրտվեց, սուրբ ոգին, ակներևաբար, հիշեցրեց նրան այն ամենը, ինչ նա սովորել էր իր մինչմարդկային գոյության ընթացքում, այդ թվում նաև, թե ինչ է Աստված ուզում, որ նա իրագործի իր երկրային ծառայության ժամանակ որպես Մեսիա (կարդա՛ Եսայիա 42։1; Ղուկաս 3։21, 22; Հովհաննես 12։50)։
8 Քանի որ Հիսուսը օծվել էր սուրբ ոգով և ուներ թե՛ կատարյալ մարմին, թե՛ կատարյալ միտք, նա ոչ միայն երկրի վրա երբևէ ապրած մեծագույն մարդն էր, այլև մեծագույն Ուսուցիչը։ Իրականում, Հիսուսի ունկնդիրները «ապշում էին նրա սովորեցնելու կերպի վրա» (Մատթ. 7։28)։ Նա ցույց էր տալիս, թե որոնք են մարդկության խնդիրների հիմքում ընկած պատճառները՝ մեղքը, անկատարությունը և Աստծու մասին գիտելիքներ չունենալը։ Նաև նա կարողանում էր տեսնել, թե իրականում ինչ կա մարդկանց սրտում, և համապատասխան վերաբերմունք դրսևորել նրանց հանդեպ (Մատթ. 9։4; Հովհ. 1։47)։
9. Հիսուսի՝ որպես Ղեկավարի հանդեպ քո վստահությունը ինչպե՞ս է մեծանում, երբ խորհում ես նրա երկրային ծառայության մասին։
9 Հիսուսն ապրել է որպես մարդ։ Հիսուսն ապրեց որպես մարդ, սերտորեն շփվեց անկատար մարդկանց հետ, և այդ ամենը մեծապես նպաստեց, որ նա լավ Թագավոր լինի։ Պողոս առաքյալը գրեց. «Պետք էր, որ [Հիսուսը] բոլոր առումներով իր եղբայրների նման դառնար, որ Աստծուն մատուցվող ծառայության մեջ դառնար ողորմած ու հավատարիմ քահանայապետ, որպեսզի հաշտության զոհ մատուցեր ժողովրդի մեղքերի համար։ Ու քանի որ փորձության ենթարկվելիս նա չարչարվեց, կարող է օգնության հասնել փորձության մեջ լինողներին» (Եբր. 2։17, 18)։ Քանի որ «փորձության ենթարկվեց», Հիսուսը կարող է կարեկցել նրանց, ովքեր փորձության մեջ են։ Նրա կարեկցանքը ակնհայտորեն դրսևորվեց իր երկրային ծառայության ընթացքում։ Հիվանդները, հաշմանդամները, կեղեքվածները և անգամ երեխաները անկաշկանդ մոտենում էին նրան (Մարկ. 5։22–24, 38–42; 10։14–16)։ Հեզ և հոգևորապես քաղցած մարդիկ նույնպես գալիս էին նրա մոտ։ Իսկ հպարտ, գոռոզ մարդիկ և նրանք, ովքեր «Աստծու հանդեպ սեր չունեին», մերժում, ատում ու հակառակվում էին նրան (Հովհ. 5։40–42; 11։47–53)։
10. Ի՞նչ հզոր կերպով Հիսուսն ապացուցեց, որ սիրում է մեզ։
10 Հիսուսն իր կյանքն է տվել հանուն մեզ։ Հավանաբար, ամենամեծ ապացույցը, որ Հիսուսից ավելի լավ ղեկավար չի կարող լինել, այն է, որ նա պատրաստակամորեն իր կյանքը տվեց հանուն մեզ (կարդա՛ Սաղմոս 40։6–10)։ «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի,— ասաց Քրիստոսը,— քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհ. 15։13)։ Այո՛, ի տարբերություն անկատար մարդկային ղեկավարների, որոնք հաճախ իրենց հպատակների հաշվին են ճոխ կյանքով ապրում՝ Հիսուսն անգամ իր կյանքը տվեց մարդկանց համար (Մատթ. 20։28)։
Լիազորված է կիրառելու փրկանքի օգուտները
11. Ինչո՞ւ կարող ենք լիովին վստահել Հիսուսին որպես մեր Փրկչի։
11 Որքա՜ն տեղին է, որ Հիսուսն է որպես Քահանայապետ մեզ վրա կիրառելու քավիչ զոհի օգուտները։ Իր երկրային ծառայության ընթացքում նա ցույց տվեց, թե Հազարամյա Իշխանության ժամանակ ինչ է անելու որպես Փրկիչ. այդ ամենը կվայելենք, եթե հավատարիմ մնանք։ Աստծու Որդին բուժեց հիվանդներին և հաշմանդամներին, հարություն տվեց մահացածներին, բազմություններ կերակրեց և նույնիսկ սաստեց բնության ուժերին (Մատթ. 8։26; 14։14–21; Ղուկ. 7։14, 15)։ Ավելին, նա արեց այդ ամենը ոչ թե իր իշխանությունն ու զորությունը ցուցադրելու, այլ իր կարեկցանքն ու սերը դրսևորելու համար։ «Ուզո՛ւմ եմ»,— ասաց Հիսուսը մի բորոտի, որն աղերսում էր բուժել իրեն (Մարկ. 1։40, 41)։ Քրիստոսը նույն կարեկցանքը կդրսևորի իր Հազարամյա Իշխանության ժամանակ, սակայն այս անգամ գլոբալ մասշտաբով։
12. Ինչպե՞ս է կատարվելու Եսայիա 11։9-ը։
12 Քրիստոսն ու իր իշխանակիցները կշարունակեն մարդկանց տալ այն հոգևոր կրթությունը, որի սկիզբը դրեց Հիսուսը մոտ 2000 տարի առաջ։ Այդպիսով կկատարվեն Եսայիա 11։9-ի խոսքերը. «Երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը»։ Աստվածային կրթությունն, անկասկած, կներառի հրահանգներ, թե ինչպես է հարկավոր հոգ տանել երկրի և անթիվ-անհամար արարածների մասին, ինչը սկզբում հանձնարարվել էր Ադամին։ 1000 տարվա վերջում Աստծու սկզբնական նպատակը, որի մասին նշված է Ծննդոց 1։28-ում, կիրականացվի, և քավիչ զոհը լիովին կիրառված կլինի։
Լիազորված է դատելու
13. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ սիրում է արդարությունը։
13 Քրիստոսը «ողջերի ու մահացածների դատավորն է, որ սահմանված է Աստծու կողմից» (Գործ. 10։42)։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ նա խարդախ ու կաշառակեր չէ, որ արդարությունն ու հավատարմությունը գոտու պես ամուր կապված են իր մեջքին (Ես. 11։5)։ Հիսուսը ցույց տվեց, որ ատում է ագահությունը, կեղծավորությունը և այլ չարիքներ, ու դատապարտեց նրանց, ովքեր անտարբեր են ուրիշների տառապանքների հանդեպ (Մատթ. 23։1–8, 25–28; Մարկ. 3։5)։ Ավելին, նա ցույց տվեց, որ արտաքին բաները չեն կարող խաբել իրեն, «որովհետև անձամբ գիտեր, թե ինչ կա մարդու սրտում» (Հովհ. 2։25)։
14. Ինչպե՞ս է Հիսուսը այժմ սեր դրսևորում արդարության և արդարադատության հանդեպ, և ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։
14 Հիսուսը շարունակում է սեր դրսևորել արդարության ու արդարադատության հանդեպ՝ վերահսկելով մարդկության պատմության մեջ տեղի ունեցող մեծագույն քարոզչական ու կրթական գործը։ Ո՛չ մի մարդ, ո՛չ մի կառավարություն և ո՛չ մի չար ոգի չեն կարող խոչընդոտել, որ այս գործը կատարվի այն մասշտաբով, որ Աստված է կամենում։ Ուստի կարող ենք լիովին վստահ լինել, որ երբ Արմագեդոնն ավարտվի, ամեն բան արդարությամբ արված կլինի (կարդա՛ Եսայիա 11։4; Մատթեոս 16։27)։ Հարցրու ինքդ քեզ. «Ծառայության ընթացքում արտացոլո՞ւմ եմ Հիսուսի վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Տալի՞ս եմ Եհովային իմ լավագույնը, նույնիսկ եթե առողջական խնդիրներիս կամ հանգամանքներիս պատճառով չեմ կարող շատ բան անել»։
15. Ի՞նչը հիշելը կարող է օգնել մեզ Աստծուն տալու մեր լավագույնը։
15 Մենք կկարողանանք ամբողջ հոգով ծառայել Աստծուն, եթե հիշենք, որ քարոզչական գործը իրենն է։ Նա է հանձնարարել, որ կատարենք այն, իր Որդու միջոցով ղեկավարում է այդ գործը և սուրբ ոգով զորացնում է նրանց, ովքեր մասնակցում են դրան։ Գնահատո՞ւմ ես, որ առանձնաշնորհում ունես ծառայելու որպես Աստծու համագործակից նրա ոգով առաջնորդվող Որդու հետ։ Միմիայն Եհովան կարող է մղել ավելի քան յոթ միլիոն մարդկանց, որոնցից շատերին համարում են «անուսում և հասարակ», 236 երկրներում հայտնելու Թագավորության պատգամը (Գործ. 4։13)։
Օրհնվիր Քրիստոսի միջոցով
16. Ի՞նչ է ակնարկում Ծննդոց 22։18-ը Աստծու օրհնության վերաբերյալ։
16 Եհովան Աբրահամին ասաց. «Քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն շնորհիվ այն բանի, որ լսեցիր իմ ձայնին» (Ծննդ. 22։18)։ Դա նշանակում է, որ գնահատող անհատները կարող են վստահորեն սպասել Մեսիական Սերնդի բերած օրհնություններին։ Եվ դրանք իրենց մտքում պահելով՝ նրանք ակտիվորեն ծառայում են այսօր։
17, 18. Եհովայի ո՞ր խոստման մասին ենք կարդում 2 Օրենք 28։2-ում, և ի՞նչ է դա նշանակում մեզ համար։
17 Մի անգամ Աբրահամի սերնդին՝ Իսրայել ազգին, Աստված ասաց. «Եթե լսես քո Աստված Եհովայի ձայնին, այս բոլոր օրհնությունները [որ շարադրված են Օրենքի ուխտի մեջ] կգան ու կհասնեն քեզ» (2 Օրենք 28։2)։ Նույնը կարելի է ասել Աստծու ժամանակակից ծառաների մասին։ Եթե ցանկանում ես ստանալ Եհովայի օրհնությունը, պետք է «լսես» նրա ձայնին։ Այդ ժամանակ օրհնությունները «կգան ու կհասնեն քեզ»։ Իսկ ի՞նչ է նշանակում «լսել»։
18 Լսել նշանակում է լրջորեն վերաբերվել Աստծու Խոսքում գրվածներին և Աստծու տված հոգևոր կերակրին (Մատթ. 24։45)։ Այն նաև նշանակում է հնազանդվել Աստծուն և նրա Որդուն։ Հիսուսն ասաց. «Ոչ թե ամեն ոք, որ ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է» (Մատթ. 7։21)։ Աստծուն լսել նաև նշանակում է հոժարակամորեն ենթարկվել նրա հաստատած կառույցին՝ քրիստոնեական ժողովին և նշանակված երեցներին՝ «մարդկանց տեսքով պարգևներին» (Եփես. 4։8)։
19. Ի՞նչ կարող ենք անել, որ օրհնություն ստանանք։
19 «Մարդկանց տեսքով պարգևների» մեջ են մտնում Կառավարիչ մարմնի անդամները, որոնք ողջ քրիստոնեական ժողովի ներկայացուցիչներն են (Գործ. 15։2, 6)։ Իրականում, թե ինչ վերաբերմունք ենք դրսևորում Քրիստոսի հոգևոր եղբայրների հանդեպ, մեծ դեր կխաղա այն հարցում, թե ինչպես կդատվենք գալիք մեծ նեղության ընթացքում (Մատթ. 25։34–40)։ Այսպիսով՝ օրհնություն ստանալու միջոցներից մեկը Աստծու օծյալ ծառաներին հավատարմորեն աջակցելն է։
20. ա) Ո՞րն է «մարդկանց տեսքով պարգևների» գլխավոր պարտականություններից մեկը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք այդ եղբայրներին։
20 «Մարդկանց տեսքով պարգևների» մեջ են մտնում նաև մասնաճյուղի կոմիտեի անդամները, շրջագայող վերակացուներն ու ժողովի երեցները՝ բոլոր նրանք, ովքեր նշանակվել են սուրբ ոգով (Գործ. 20։28)։ Այս եղբայրների գլխավոր պարտականությունը Աստծու ժողովրդին կերտելն է, «մինչև որ բոլորս հավատի և Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքների մեջ հասնենք միասնության, դառնանք չափահաս մարդու պես՝ հասնելով Քրիստոսի ողջ հասակին» (Եփես. 4։13)։ Ինչ խոսք, նրանք էլ, մեզ նման, անկատար են, սակայն երբ երախտագիտությամբ արձագանքում ենք սիրով լի տված նրանց առաջնորդությանը, օրհնվում ենք (Եբր. 13։7, 17)։
21. Ինչո՞ւ է հրատապ հնազանդվել Աստծու Որդուն։
21 Շուտով Քրիստոսը քայլեր կձեռնարկի Սատանայի ամբարիշտ համակարգի դեմ։ Այդ ժամանակ մեր կյանքը Հիսուսի ձեռքերում կլինի, քանի որ Աստծու կողմից նա է լիազորված առաջնորդելու կանխագուշակված «մեծ բազմությանը» դեպի «կյանքի ջրի աղբյուրները» (Հայտն. 7։9, 16, 17)։ Ուստի եկեք այժմ մեր լավագույնն անենք, որ հոժարակամորեն և երախտագիտությամբ ենթարկվենք Եհովայի ոգով առաջնորդվող Թագավորին։
Ի՞նչ սովորեցիր...
• Եսայիա 11։1–5-ից։
• Մարկոս 1։40, 41-ից։
• Գործեր 10։42-ից։
• Ծննդոց 22։18-ից։
[նկար 17-րդ էջի վրա]
Հիսուսի կարեկցանքը ակնհայտ դարձավ, երբ հարություն տվեց Հայրոսի աղջկան
[նկար 18-րդ էջի վրա]
Հիսուս Քրիստոսը վերահսկում է պատմության մեջ կատարվող ամենամեծ քարոզչական գործը