Նախանձախնդիր եղիր ճշմարիտ երկրպագության հանդեպ
«Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ» (ՄԱՏԹ. 9։37)։
1. Ինչպե՞ս կնկարագրես հրատապությունը։
ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մինչև օրվա վերջ մի կարևոր փաստաթուղթ պետք է հանձնես մի մարդու։ Ի՞նչ կանես։ Ծրարի վրա կնշես՝ «ՀՐԱՏԱՊ Է»։ Կամ կարևոր հանդիպման ես շտապում, սակայն ուշանում ես։ Ի՞նչ կանես։ Վարորդին կասես. «Խնդրում եմ, մի քիչ արագ քշեք։ ՀՐԱՏԱՊ Է»։ Այո՛, երբ առաջադրանք ունես, որը պետք է ավարտին հասցնես, իսկ ժամանակդ քիչ է, լարվում ես ու անհանգստանում։ Ադրենալինդ բարձրանում է, և հնարավորինս արագ ու ջանադրաբար ես անում գործդ։ Դա հրատապություն է։
2. Ո՞րն է ճշմարիտ քրիստոնյաների ամենահրատապ առաջադրանքը այսօր։
2 Այսօր ճշմարիտ քրիստոնյաների համար Թագավորության բարի լուրը քարոզելու և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ պատրաստելու գործից ավելի հրատապ առաջադրանք չկա (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Մեջբերելով Հիսուսի խոսքերը՝ Մարկոս աշակերտը գրեց, որ վերջը գալուց առաջ «նախ» այս գործը պետք է կատարվի (Մարկ. 13։10)։ Եվ դա, անշուշտ, տրամաբանական է։ Հիսուսն ասաց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ»։ Չէ՞ որ հունձը չի կարող սպասել. բերքը պետք է հավաքել մինչև սեզոնի վերջը (Մատթ. 9։37)։
3. Ինչպե՞ս են շատերը արձագանքել քարոզելու հրատապ գործին։
3 Քանի որ քարոզչական գործն անչափ կարևոր է մեզ համար, արժե, որ մեր ժամանակը, ուժը և ուշադրությունը հնարավորինս շատ կենտրոնացնենք դրա վրա։ Գովելի է, որ շատերը հենց այդպես էլ անում են։ Ոմանք պարզեցրել են իրենց կյանքը, որպեսզի լիաժամ ծառայություն սկսեն՝ ծառայելով որպես ռահվիրա, միսիոներ կամ աշխարհի տարբեր մասերում եղող Բեթելներից մեկում։ Նրանք շատ զբաղված կյանքով են ապրում, թերևս մեծ զոհողություններ են արել և հիմա էլ բազում դժվարությունների են բախվում։ Այնուհանդերձ, Եհովան առատապես օրհնում է նրանց, և մենք ուրախ ենք այդ եղբայրների համար (կարդա՛ Ղուկաս 18։28–30)։ Ուրիշներն էլ, թեև չեն կարող լիաժամ ծառայել, հնարավորինս շատ ժամանակ են հատկացնում կյանք փրկող այս գործին, այդ թվում նաև իրենց երեխաների փրկությանը (2 Օրենք 6։6, 7)։
4. Թերևս ինչո՞ւ են ոմանք կորցնում հրատապության զգացումը։
4 Ինչպես տեսանք, հրատապության զգացումը սովորաբար կապված է սահմանափակ ժամանակի, վերջնաժամկետի ու վերջի հետ։ Մենք ապրում ենք վերջին օրերում, և դա են ապացուցում թե՛ աստվածաշնչյան, թե՛ պատմական բազմաթիվ փաստեր (Մատթ. 24։3, 33; 2 Տիմոթ. 3։1–5)։ Բայցևայնպես, ոչ ոք չգիտի, թե կոնկրետ երբ է գալու վերջը։ Երբ Հիսուսը տալիս էր «աշխարհի վախճանը» բնորոշող «նշանի» հետ կապված մանրամասնություններ, հստակ ասաց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ երկնքի հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24։36)։ Այդ պատճառով որոշ անհատների համար գուցե դժվար լինի տարեցտարի պահպանել հրատապության զգացումը, հատկապես եթե այդպես են վարվել երկար ժամանակ (Առակ. 13։12)։ Դու է՞լ ես երբեմն այդպիսի զգացումներ ունենում։ Ի՞նչը կարող է օգնել մեզ հրատապության զգացում զարգացնելու կամ պահպանելու այն առաջադրանքի հանդեպ, որը Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը ուզում են, որ այսօր կատարենք։
Հիսուս. օրինակ մեզ համար
5. Ինչպե՞ս Հիսուսը հրատապության ոգի դրսևորեց ծառայության մեջ։
5 Հիսուս Քրիստոսն, անշուշտ, ամենաակնառու օրինակն է, որը հրատապություն է դրսևորել Եհովային ծառայելու հարցում։ Պատճառներից մեկը, թե ինչու էր նա հրատապության զգացումով լցված, այն էր, որ շատ բան ուներ անելու ընդամենը երեքուկես տարում։ Այնուհանդերձ, այդ ընթացքում Հիսուսը ճշմարիտ երկրպագության հետ կապված ավելի շատ բան իրագործեց, քան ուրիշ որևէ մեկը։ Նա ճանաչեցրեց իր Հոր անունն ու նպատակները, քարոզեց Թագավորության բարի լուրը, ջրի երես հանեց կրոնական առաջնորդների կեղծավորությունն ու կեղծ ուսմունքները և նույնիսկ մինչև մահ թիկունք կանգնեց Եհովայի գերիշխանությանը։ Նա ջանք չխնայեց շրջելու ողջ երկրով՝ սովորեցնելով, օգնելով ու բուժելով մարդկանց (Մատթ. 9։35)։ Ոչ ոք այդպիսի կարճ ժամանակահատվածում այդքան շատ բան չի հասցրել անել։ Հիսուսը առավելագույնն արեց՝ տքնաջան աշխատելով (Հովհ. 18։37)։
6. Ինչի՞ վրա էր կենտրոնանում Հիսուսը։
6 Ի՞նչն էր մղում Հիսուսին անխոնջ աշխատելու իր ողջ ծառայության ընթացքում։ Դանիելի մարգարեությունից նա, ակներևաբար, գիտեր, թե ըստ Եհովայի ժամանակացույցի՝ որքան ժամանակ ունի իր աշխատանքը կատարելու համար (Դան. 9։27)։ Քրիստոսի երկրային ծառայությունը պետք է ավարտվեր «շաբաթվա կեսին», կամ՝ երեքուկես տարի հետո։ 33թ. գարնանը՝ Երուսաղեմ հաղթական մուտք գործելուց կարճ ժամանակ անց, նա ասաց. «Եկել է ժամը, որ մարդու Որդին փառավորվի» (Հովհ. 12։23)։ Թեև Հիսուսը գիտեր, որ իր մահը մոտ է, նա չէր կենտրոնանում դրա վրա և թույլ չէր տալիս, որ դա լինի իր տքնաջան աշխատանքի գլխավոր պատճառը։ Ընդհակառակը՝ նա կենտրոնանում էր այն բանի վրա, որ ամեն առիթ օգտագործի Հոր կամքը կատարելու և մարդկանց հանդեպ սեր դրսևորելու համար։ Այդ սերը մղեց նրան հավաքելու և ուսուցանելու աշակերտներին, այնուհետև ուղարկելու նրանց քարոզարշավների։ Հիսուսը արեց դա, որ նրանք շարունակեն իր սկսած գործը և նույնիսկ իր արած գործերից ավելի մեծ գործեր անեն (կարդա՛ Հովհաննես 14։12)։
7, 8. Ինչպե՞ս աշակերտներն արձագանքեցին այն բանին, որ Հիսուսը մաքրեց տաճարը, և ինչո՞ւ նա այդպես վարվեց։
7 Հիսուսի կյանքում տեղի ունեցած մի դեպք ակնառու կերպով ցույց է տալիս, թե որքան նախանձախնդիր էր նա։ Դա տեղի ունեցավ նրա ծառայության սկզբում։ Մոտ էր 30թ. Պասեքը։ Հիսուսն ու իր աշակերտները եկան Երուսաղեմ ու տաճարում տեսան «եզներ, ոչխարներ ու աղավնիներ վաճառողների և դրամափոխների, որոնք նստած էին այնտեղ»։ Ինչպե՞ս արձագանքեց Աստծու Որդին և ի՞նչ տպավորություն թողեց իր աշակերտների վրա (կարդա՛ Հովհաննես 2։13–17)։
8 Այն, ինչ արեց ու ասաց Հիսուսն այդ ժամանակ, աշակերտներին հիշեցրեց Դավթի սաղմոսներից մեկի մարգարեական խոսքերը. «Քո տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը կերավ ինձ» (Սաղ. 69։9)։ Ինչո՞ւ նրանք հիշեցին այդ խոսքերը։ Քանի որ միայն նախանձախնդիր մարդը կարող էր այդպիսի մեծ ռիսկի դիմել՝ վտանգելով իր կյանքը։ Խայտառակ ձևով շահույթ բերող այդ բիզնեսի հետևում կանգնած էին տաճարում մեծ դիրք ունեցող մարդիկ՝ քահանաները, դպիրները և այլք։ Նրանց պլանները քողազերծելով ու քանդելով՝ Հիսուսն ինքն իրեն դարձրեց այդ ժամանակվա կրոնական առաջնորդների թշնամին։ Ինչպես որ աշակերտները ճշգրիտ կերպով գնահատական տվեցին իրավիճակին, Աստծու «տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը» կամ՝ ճշմարիտ երկրպագության հանդեպ նախանձախնդրությունն ակնառու էր։ Իսկ ի՞նչ է նախանձախնդրությունը։ Արդյոք այն տարբերվո՞ւմ է հրատապությունից։
Հրատապության և նախանձախնդրության տարբերությունը
9. Ինչպե՞ս կարելի է նկարագրել նախանձախնդրությունը։
9 Ըստ մի բառարանի՝ նախանձախնդրությունը «մեծ եռանդով՝ կրքով մի բանի հետամուտ լինելն է»։ Այդ բառի հոմանիշներն են՝ ավյուն, կորով, եռանդ և խանդավառություն։ Վստահաբար, Հիսուսի ծառայությունը կարելի է նկարագրել բոլոր այս բառերով։ Ուստի Աստվածաշնչի «Աշխարհաբար նոր թարգմանության» մեջ այս համարը հնչում է այսպես. «Քո տաճարի հանդեպ իմ ունեցած նախանձախնդրությունը կրակի պես այրում է ինձ»։ Հետաքրքիր է, որ որոշ արևելյան լեզուներում «նախանձախնդրություն» բառը կազմված է երկու արմատից և բառացի նշանակում է «վառվող սիրտ», ասես սիրտն այրվում է։ Զարմանալի չէ, որ աշակերտները հիշեցին Դավթի խոսքերը, երբ տեսան, թե ինչ արեց Հիսուսը տաճարում։ Ուրեմն ի՞նչն այրեց Հիսուսի սիրտը և մղեց նրան այդ քայլին դիմելու։
10. Ի՞նչ իմաստ է կրում «նախանձախնդրություն» բառը Աստվածաշնչում։
10 Դավթի սաղմոսում գործածված «նախանձախնդրություն» բառը ծագում է եբրայերեն մի բառից, որը հաճախ Աստվածաշնչի մյուս մասերում թարգմանվում է «խանդոտ» կամ «խանդ»։ Եբրայերեն ու հունարեն բառերը, որոնք թարգմանվել են «խանդոտ» կամ «խանդ», կարող են ունենալ և՛ դրական, և՛ բացասական իմաստ։ «Նոր աշխարհ թարգմանությունը» երբեմն «նախանձախնդրություն» բառը թարգմանում է «բացարձակ նվիրվածություն պահանջող» արտահայտությամբ (կարդա՛ Ելք 20։5; 34։14; Հեսու 24։19)։ Աստվածաշնչյան մի բառարանում նշվում է, որ «խանդ» բառը հաճախ օգտագործվում է ամուսնական հարաբերությունների առնչությամբ։ Ինչպես որ ամուսինը կամ կինն է ակնկալում, որ իր կողակիցը նվիրված կլինի միմիայն իրեն, այնպես էլ Աստված է ակնկալում, որ իրեն պատկանող անհատները բացարձակ նվիրվածություն կդրսևորեն իր հանդեպ, և նա պաշտպանում է իր այդ իրավունքը։ Այսպիսով՝ Աստվածաշնչում «նախանձախնդրություն» բառն ավելին է նշանակում, քան ավյունով կամ խանդավառությամբ մի բանի հետամուտ լինելը, ինչն, օրինակ, բազմաթիվ երկրպագուներ դրսևորում են իրենց սիրելի սպորտաձևի նկատմամբ։ Դավթի նախանձախնդրությունը խանդ էր դրական իմաստով։ Դա մրցակցություն կամ անարգանք չհանդուրժելն է, որը հզոր մղիչ ուժ է պաշտպանելու լավ անունը կամ շտկելու սխալը։
11. Ի՞նչը մղեց Հիսուսին նախանձախնդրություն դրսևորելու։
11 Հիսուսի աշակերտները չսխալվեցին, երբ Դավթի խոսքերը կապեցին այն բանի հետ, թե ինչ արեց իրենց Ուսուցիչը տաճարում։ Հիսուսը այդպես վարվեց ոչ թե պարզապես այն պատճառով, որ իր ժամանակը սահմանափակ էր, այլ քանի որ նախանձախնդիր էր, կամ՝ խանդոտ իր Հոր անվան և ճշմարիտ երկրպագության նկատմամբ։ Երբ Հիսուսը տեսավ, թե ինչպես են մարդիկ իրենց արարքներով անարգում և հայհոյում Աստծու անունը, նա տեղին նախանձախնդրություն դրսևորեց, կամ՝ խանդեց, ու գործի անցավ, որ շտկի իրավիճակը։ Երբ տեսավ, թե ինչպես են կրոնական առաջնորդները խոնարհ ժողովրդին հարստահարում ու շահագործում, նրա նախանձախնդրությունը մղեց իրեն թեթևացում բերելու նրանց և դատապարտական շատ խիստ խոսքեր ասելու մարդկանց կեղեքող կրոնական առաջնորդներին (Մատթ. 9։36; 23։2, 4, 27, 28, 33)։
Նախանձախնդիր եղիր ճշմարիտ երկրպագության հանդեպ
12, 13. Ի՞նչ վերաբերմունք են դրսևորում քրիստոնյա աշխարհի կրոնական առաջնորդները ա) Աստծու անվան հանդեպ, բ) Աստծու Թագավորության հանդեպ։
12 Այսօր կրոնական իրավիճակը նույնն է, եթե ոչ ավելի վատ, քան Հիսուսի օրերում։ Օրինակ՝ հիշիր, որ աղոթքի առնչությամբ առաջին բանը, որ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին, վերաբերում էր Աստծու անվանը։ Նա ասաց. «Թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9)։ Կարելի՞ է ասել, որ կրոնական առաջնորդները, հատկապես քրիստոնեական աշխարհի հոգևորականները սովորեցնում են մարդկանց ճանաչել Աստծուն իր անունով և սրբացնել, կամ՝ պատվել այդ անունը։ Իրականում, սովորեցնելով այնպիսի կեղծ ուսմունքներ, ինչպիսիք են Երրորդության, հոգու անմահության և դժոխքում հավիտյան տանջվելու ուսմունքները՝ նրանք սխալ կերպով են ներկայացնում Աստծուն՝ ցույց տալով, որ նա խորհրդավոր, առեղծվածային, դաժան և նույնիսկ սադիստ է։ Նրանք նաև անարգում են Աստծուն իրենց խայտառակ արարքներով ու կեղծավորությամբ (կարդա՛ Հռոմեացիներ 2։21–24)։ Ավելին, այդ առաջնորդները անում են հնարավոր ամեն բան, որ թաքցնեն Աստծու անունը, և նույնիսկ հանում են այն Աստվածաշնչի իրենց թարգմանություններից։ Այդպիսով նրանք խոչընդոտ են հանդիսանում, որ մարդիկ մոտենան Աստծուն և անձնական փոխհարաբերություններ զարգացնեն նրա հետ (Հակ. 4։7, 8)։
13 Հիսուսը նաև իր աշակերտներին սովորեցրեց, որ աղոթեն Աստծու Թագավորության մասին. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6։10)։ Թեև քրիստոնյա աշխարհի կրոնական առաջնորդները հաճախ կրկնում են այս աղոթքը, սակայն դրդում են մարդկանց աջակցելու քաղաքական և այլ հասարակական կազմակերպություններին։ Բացի այդ, նրանք նսեմացնում են այն մարդկանց, ովքեր ջանում են քարոզել ու վկայություն տալ այդ Թագավորության մասին։ Արդյունքն այն է, որ իրենց քրիստոնյա համարող շատ անհատների համար Աստծու Թագավորությունն այլևս քննարկման թեմա չէ, էլ չենք խոսում այն մասին, որ մարդիկ այլևս չեն հավատում դրան։
14. Ինչպե՞ս է քրիստոնեական աշխարհի հոգևորականությունը նվազեցնում Աստծու Խոսքի կարևորությունը։
14 Աստծուն ուղղած իր աղոթքում Հիսուսը պարզ նշեց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհ. 17։17)։ Երկինք համբարձվելուց առաջ նա ասաց, որ կնշանակի «հավատարիմ և իմաստուն ծառայի»՝ իր ժողովրդին հոգևոր կերակուր տալու համար (Մատթ. 24։45)։ Թեև քրիստոնյա աշխարհի կրոնական առաջնորդները պնդում են, թե իրենց է հանձնարարված մարդկանց Աստծու Խոսքը ուսուցանելը, սակայն մի՞թե նրանք հավատարմորեն կատարում են Տիրոջ տված առաջադրանքը։ Իհա՛րկե ոչ։ Նրանք հակված են ասելու, որ այն, ինչ գրված է Աստվածաշնչում, առասպել է ու լեգենդ։ Իրենց հոտին հոգևորապես սնելու և այդպիսով մխիթարելու ու գիտելիքներ տալու փոխարեն՝ հոգևորականությունը հավատացյալների ականջներին հաճելի՝ մարդկային փիլիսոփայություն է քարոզում։ Ավելին, նրանք նվազեցնում են Աստծու բարոյական չափանիշներին հետևելու կարևորությունը, որպեսզի հաճեցնեն եկեղեցի հաճախողներին (2 Տիմոթ. 4։3, 4)։
15. Ի՞նչ ես զգում՝ տեսնելով այն ամենը, ինչ հոգևորականությունն անում է Աստծու անունով։
15 Քանի որ այդ ամենը արվում է Աստծու անունով, շատ անկեղծ մարդիկ հիասթափվում կամ էլ ամբողջովին կորցնում են հավատը Աստծու և Աստվածաշնչի հանդեպ։ Նրանք դառնում են Սատանայի ու իր ամբարիշտ աշխարհի զոհը։ Ի՞նչ ես զգում, երբ տեսնում ու լսում ես, որ ամեն օր այդպիսի բաներ են տեղի ունենում։ Երբ տեսնում ես, թե ինչպես է անարգվում ու հայհոյվում Աստծու անունը, որպես Եհովայի ծառա՝ մղվո՞ւմ ես ուժերիցդ եկածն անելու, որ շտկես սխալը։ Երբ տեսնում ես, թե ինչպես են խաբում ու շահագործում անկեղծ ու ազնվասիրտ մարդկանց, մղվո՞ւմ ես մխիթարելու հարստահարված հոգիները։ Տեսնելով, որ իր օրերի մարդիկ «կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն»՝ Հիսուսը ոչ միայն խղճահարությամբ էր լցվում նրանց հանդեպ, այլև սկսում էր «շատ բաներ սովորեցնել նրանց» (Մատթ. 9։36; Մարկ. 6։34)։ Մենք բոլոր պատճառներն ունենք Հիսուսի պես նախանձախնդիր լինելու ճշմարիտ երկրպագության հանդեպ։
16, 17. ա) Ի՞նչը պետք է մղի մեզ ծառայության մեջ ջանասեր լինելու։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։
16 Երբ նախանձախնդիր ենք մեր ծառայության հանդեպ, մեզ համար ավելի խոր իմաստ են ստանում Պողոսի խոսքերը՝ արձանագրված 1 Տիմոթեոս 2։3, 4-ում (կարդա՛)։ Մենք ջանադրաբար ենք ծառայում ոչ միայն այն պատճառով, որ գիտենք՝ ապրում ենք վերջին օրերում, այլ նաև այն պատճառով, որ գիտակցում ենք՝ դա Աստծու կամքն է։ Նա ցանկանում է, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, որպեսզի նույնպես կարողանան երկրպագել, ծառայել նրան և օրհնվել։ Մենք մղվում ենք ջանասեր լինելու ծառայության մեջ գլխավորապես ոչ թե նրա համար, որ սահմանափակ ժամանակ ունենք, այլ որ ցանկանում ենք պատվել Աստծու անունը և օգնել մարդկանց իմանալու նրա կամքը։ Այո՛, մենք նախանձախնդիր ենք ճշմարիտ երկրպագության հանդեպ (1 Տիմոթ. 4։16)։
17 Լինելով Եհովայի ժողովուրդ՝ օրհնված ենք, քանի որ գիտենք, թե որն է Աստծու կամքը մարդկանց ու երկրի առնչությամբ։ Մենք միջոցներ ունենք օգնելու մարդկանց երջանկություն գտնելու և ապագայի վստահելի հույս ունենալու։ Կարող ենք ցույց տալ նրանց, թե ինչպես է հնարավոր փրկվել Սատանայի աշխարհի կործանումից (2 Թեսաղ. 1։7–9)։ Փոխարեն հիասթափվելու կամ վհատվելու այն պատճառով, որ մեր կարծիքով՝ Եհովայի օրն ուշանում է՝ պետք է ուրախ լինենք, որ դեռևս ժամանակ ունենք նախանձախնդիր լինելու ճշմարիտ երկրպագության հանդեպ (Միք. 7։7; Ամբ. 2։3)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք այսպիսի նախանձախնդրություն զարգացնել։ Այս հարցը կքննենք հաջորդ հոդվածում։
Կարո՞ղ ես բացատրել
• Ի՞նչը մղեց Հիսուսին անխոնջ աշխատելու իր ողջ ծառայության ընթացքում։
• Ի՞նչ իմաստ է կրում «նախանձախնդրություն» բառը Աստվածաշնչում։
• Ի՞նչ ենք տեսնում այսօր, որը մղում է մեզ նախանձախնդիր լինելու ճշմարիտ երկրպագության հանդեպ։
[նկար 8-րդ էջի վրա]
Հիսուսը կենտրոնանում էր Հոր կամքը կատարելու և մարդկանց հանդեպ սեր դրսևորելու վրա
[նկար 10-րդ էջի վրա]
Մենք բոլոր պատճառներն ունենք ճշմարիտ երկրպագության հանդեպ նախանձախնդիր լինելու