Աստված «մեծամեծ գործեր» է անում. ինչպե՞ս համոզվեցի դրանում
ՊԱՏՄՈՒՄ Է ՄՈՐԻՍ ՌԱՋԸ
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն էին։ Հազարավոր փախստականների հետ մեր ընտանիքը փորձում էր փախչել կատաղի հարձակումներից։ Օրեր շարունակ մենք քայլում էինք Բիրմայի ջունգլիներով, գիշերները քնում էինք ծառերի տակ։ Ես ինը տարեկան էի։ Մեջքիս կապած փոքրիկ կապոցում իմ ողջ ունեցածն էր։ Բայց այս ամենը դեռ սկիզբն էր։
ՀԱԶԱՐ ինը հարյուր քառասուներկու թիվն էր։ Մենք փախչում էինք ճապոնական զորքերից։ Նրանք ներխուժել էին Բիրմա (այժմ՝ Մյանմա) և զավթել Ենանջաուն քաղաքի մոտ գտնվող նավթի հանքավայրերը։ Սակայն դեռ չէինք հասել Հնդկաստանի սահմանին, ճապոնացի զինվորները բռնեցին մեզ և ստիպեցին հետ դառնալ։
Երբ փոքր երեխա էի, մենք ապրում էինք Ենանջաունում։ Այստեղ հայրս աշխատում էր Բիրմայի նավթարդյունաբերական ընկերությունում։ Երբ ճապոնացիները գրավեցին Ենանջաունը, այն դարձավ բրիտանական ռմբարկուների գլխավոր թիրախը։ Մի անգամ մեր ընտանիքը ստիպված եղավ երեք օր մնալ խրամատներում։ Մեր շուրջը շարունակ ռումբեր էին պայթում։ Ի վերջո, մեզ հաջողվեց նավով փախչել Սալե փոքր քաղաքը, որը գտնվում էր Իրավադի գետի ափին։ Ուրախ էինք, որ ողջ էինք։ Մինչև պատերազմի ավարտը մնացինք այնտեղ։
Ողբերգություններից հետո գտնում եմ ճշմարտությունը
Երբ պատերազմը ավարտվեց, 1945թ.-ին ծնվեց փոքր եղբայրս։ Հայրս անչափ ուրախ էր, որ մեծ տարիքում երեխա է ունեցել։ Բայց նրա ուրախությունը երկար չտևեց։ Երեք ամիս հետո եղբայրս մահացավ։ Կարճ ժամանակ անց վշտից հայրս էլ մահացավ։
Ընկերներս ինձ մխիթարելու համար ասում էին, թե Աստված հորս ու եղբորս տարել է իր մոտ՝ երկինք։ Շատ էի ցանկանում նրանց հետ լինել։ Իմ ընտանիքը հաճախում էր կաթոլիկ եկեղեցի։ Ես սովորում էի եկեղեցուն կից ծխական դպրոցում։ Ինձ ասում էին, որ մահից հետո քահանաներն ու միանձնուհիները անմիջապես երկինք են գնում, իսկ մյուսները գնում են քավարան՝ ժամանակավոր տանջանքի վայր, որտեղ մաքրվում են իրենց մեղքերից։ Քանի որ շատ էի ուզում տեսնել հորս ու եղբորս, որոշեցի ընդունվել կաթոլիկ սեմինարիա, որը գտնվում էր Մամյո քաղաքում (այժմ՝ Փհյուն Ու Լվին)՝ մեզանից 210 կիլոմետր հեռու։
Սեմինարիա ընդունվելու համար պետք է դպրոցն ավարտած լինեի։ Իսկ ես ընդամենը երկու տարի էի սովորել, որովհետև պատերազմի պատճառով բոլոր դպրոցները փակվել էին։ Թեև հետո դպրոցները բացվեցին, սակայն ես չկարողացա կրթությունս շարունակել, քանի որ մեր ընտանիքը տնտեսական ծանր վիճակում էր հայտնվել։ Մայրս հոգ էր տանում ոչ միայն իմ ու երկու եղբայրներիս, այլև մահացած մորաքրոջս երեք երեխաների մասին։ Ուստի նա միջոցներ չուներ մեզ՝ տղաներիս, դպրոց ուղարկելու։
Մեծ եղբայրս սկսեց աշխատել։ Ես ընդամենը 13 տարեկան էի և շատ բան չէի կարող անել։ Իմ հորեղբայրը՝ Մանուել Նաթանը, ապրում էր Սալեի մոտ՝ Չաու քաղաքում։ Ես որոշեցի տեղափոխվել նրա մոտ ապրելու, քանի որ մտածում էի. «Եթե տնից գնամ, մի ուտող բերան կպակասի»։
Ես չգիտեի, որ հորեղբայրս սկսել էր շփվել Եհովայի վկաների հետ։ Նա մեծ ցանկություն ուներ Աստվածաշնչից իր իմացած բաների մասին պատմել ուրիշներին։ Նա ինձ բացատրեց, թե ինչ են նշանակում «Հայր մեր» աղոթքի խոսքերը, որը սկսվում է այսպես. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9, 10)։
«Տեսնո՞ւմ ես, Աստված անուն ունի,— ասաց հորեղբայրս,— նրա անունը Եհովա է»։ Հետո Աստվածաշնչում ցույց տվեց այդ անունը։ Իմ մեջ ցանկություն առաջացավ ավելին իմանալու։ Բայց ես դժվարությամբ էի կարդում նույնիսկ իմ մայրենի լեզվով՝ թամիլերենով։ Աստվածաշունչն ու այն գրականությունը, որ հորեղբայրս ուներ, անգլերեն էր, իսկ ես լավ չգիտեի այդ լեզուն։ Սակայն, չնայած իմ սահմանափակ կրթությանը, ես աստիճանաբար հասկացա Աստվածաշնչի ճշմարտությունները (Մատթեոս 11։25, 26)։ Սկսեցի հասկանալ, որ այն ուսմունքները, որ սովորեցրել էին ինձ, հիմնված չեն Աստվածաշնչի վրա։ Եվ մի օր ասացի հորեղբորս. «Սա՛ է ճշմարտությունը»։
Տասնվեց տարեկանում սկսեցի իմ սովորած բաների մասին պատմել ուրիշներին։ Այդ ժամանակ Մյանմայում ընդամենը 77 Վկա կար։ Մի օր Ռոբերտ Քիրքը, որը արտասահմանցի միսիոներ էր և ապրում էր մայրաքաղաքում՝ Ռանգունում (այժմ՝ Յանգոն), այցելեց հորեղբորս։ Նրան ասացի, որ կյանքս նվիրել եմ Եհովային։ 1949 թ. դեկտեմբերի 24-ին նվիրումս փաստեցի՝ մկրտվելով Իրավադի գետում։
Հաղթահարում եմ խոչընդոտները
Դրանից շատ չանցած՝ տեղափոխվեցի Մանդալայ՝ հարմար աշխատանք գտնելու։ Նպատակ ունեի ռահվիրա դառնալու՝ ինչպես կոչվում են լիաժամ ծառայող Եհովայի վկաները։ Սակայն մի օր ֆուտբոլ նայելիս ցնցումների մեջ ընկա։ Պարզվեց, որ հիվանդ եմ էպիլեպսիայով։ Պետք է վերադառնայի ընտանիքիս մոտ, որպեսզի նրանք հոգային իմ մասին։
Նոպաները կրկնվեցին ութ տարի։ Երբ վիճակս փոքր-ինչ կարգավորվեց, սկսեցի աշխատել։ Մայրս, հաշվի առնելով իմ առողջական վիճակը, համոզում էր, որ հետ կանգնեմ լիաժամ ծառայություն սկսելու մտադրությունից։ Բայց մի օր ասացի նրան. «Այլևս չեմ կարող սպասել։ Ուզում եմ ռահվիրա դառնալ։ Եհովան հոգ կտանի իմ մասին»։
1957-ին տեղափոխվեցի Յանգոն ու սկսեցի ռահվիրա ծառայել։ Ի զարմանս ինձ՝ իմ նոպաները մինչև 2007 թվականը՝ 50 տարիների ընթացքում այլևս չկրկնվեցին։ Հիմա դեղերի միջոցով փորձում եմ վերահսկել հիվանդությունս։ 1958թ.-ին հատուկ ռահվիրա նշանակվեցի և սկսեցի ամսական 150 ժամ տրամադրել քարոզչական ծառայությանը։
Իմ առաջին նշանակումը Կյոնշա գյուղն էր՝ Յանգոնից դեպի հյուսիս-արևմուտք 110 կիլոմետր հեռու։ Այնտեղ մարդկանց մի փոքր խումբ կարդացել էր մեր կազմակերպության հրատարակած գրականությունը և ցանկանում էր ավելին իմանալ։ Երբ ես ու Ռոբերտը գնացինք այնտեղ, մեր շուրջը մի մեծ ամբոխ հավաքվեց։ Նրանք Աստվածաշնչից շատ հարցեր ունեին։ Մենք պատասխանեցինք նրանց հարցերին և ցույց տվեցինք, թե ինչպես է հարկավոր Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումներն անցկացնել։ Կարճ ժամանակ անց նրանցից ոմանք միացան մեզ քարոզչական գործում։ Ինձ խնդրեցին, որ մնամ այդ գյուղում։ Մի քանի ամսվա ընթացքում այդ խումբը դարձավ ժողով։ Այսօր այդ տարածքում ավելի քան 150 Վկաներ կան։
Հետագայում նշանակվեցի շրջագայող ծառայող. այցելում էի երկրով մեկ սփռված ժողովներին ու առանձին խմբերին։ Բարձած բեռնատարների թափքի վրա նստած՝ փոշոտ ճամփեքով երկար տարածություններ էի անցնում, գնում էի նաև ջունգլիների միջով, գետերով ու լեռներով։ Զգում էի, որ Եհովան է ինձ ուժ տալիս, քանի որ ես ֆիզիկապես ուժեղ չէի (Փիլիպպեցիներ 4։13)։
«Եհովան կօգնի քեզ»
1962-ին նշանակում ստացա ծառայելու Եհովայի վկաների մասնաճյուղում (Յանգոն), որտեղ Ռոբերտը որոշ բաներ սովորեցրեց ինձ։ Շատ չանցած՝ կառավարությունը կարգադրեց, որ բոլոր օտարազգի միսիոներները հեռանան Մյանմայից, և մի քանի շաբաթվա ընթացքում բոլորը գնացին։ Ի զարմանս ինձ՝ մասնաճյուղի վերակացությունը ինձ հանձնարարվեց։
«Ինչպե՞ս կարող եմ այդ գործն անել,— մտածեցի ես,— ո՛չ կրթություն ունեմ, ո՛չ էլ փորձ»։ Նկատելով իմ անհանգստությունը՝ տարեց եղբայրներից մի քանիսն ասացին. «Մորի՛ս, մի՛ անհանգստացիր։ Եհովան կօգնի քեզ։ Մենք քեզ հետ ենք»։ Նրանց խոսքերն ինձ վստահությամբ լցրին։ Մի քանի ամիս անց ես պետք է Մյանմայի քարոզչական ծառայության տարեկան հաշվետվությունը կազմեի Եհովայի վկաների 1967թ. «Տարեգրքի» համար։ Այդ նույն բանը արեցի հետագա 38 տարիներին։ Կրկին ու կրկին համոզվում էի, որ Եհովան իսկապես առաջնորդում է մեր գործունեությունը։
Մի անգամ դիմել էի Մյանմայի քաղաքացիություն ստանալու համար և իմացել, որ պետք է վճարեմ 450 քյաթa, բայց քանի որ այդքան փող չունեի, հրաժարվել էի այդ մտքից։ Մի օր անցնում էի այն ընկերության գրասենյակի մոտով, որտեղ տարիներ առաջ աշխատել էի։ Տնօրենս տեսավ ինձ ու կանչեց. «Հե՜յ, Ռա՛ջ, դու փող ունես մեզ մոտ։ Երբ աշխատանքից դուրս եկար, մոռացար վերցնել քո խնայողությունների ֆոնդի գումարը»։ Այնտեղ 450 քյաթ կար։
Գրասենյակից դուրս գալիս մտածում էի, թե ինչ կարող եմ անել այդ փողով։ Բայց դա հենց այնքան էր, որքան պետք էր ինձ քաղաքացիություն ստանալու համար։ Ուստի հասկացա՝ Եհովայի կամքն է, որ ես ա՛յդ նպատակով օգտագործեմ գումարը։ Եվ դա ճիշտ որոշում էր, քանի որ քաղաքացիություն ունենալով՝ ես կկարողանայի մնալ երկրում, հանգիստ ճանապարհորդել, գրականություն ներմուծել և քարոզչական գործն առաջ տանելու համար այլ կարևոր բաներ անել։
Համաժողով հյուսիսում
1969-ին մեր գործը մեծ թափ առավ Մյանմայի հյուսիսում գտնվող Մյիչինա քաղաքում։ Այդ պատճառով որոշեցինք համաժողով անցկացնել այնտեղ։ Ամենամեծ խնդիրը, սակայն, փոխադրամիջոցի հարցն էր, որպեսզի հարավում ապրող Վկաները կարողանային ներկա լինել համաժողովին։ Մենք աղոթեցինք Եհովային, այնուհետև դիմեցինք Մյանմայի երկաթուղային ընկերությանը, որպեսզի գնացքի վեց վագոն տրամադրեն մեզ։ Զարմանալի է, որ մեր խնդրանքը չմերժվեց։
Համաժողովի օրը մոտենում էր, ու ամեն բան պատրաստ էր։ Պատվիրակներին դիմավորելու համար մենք կեսօրին գնացինք կայարան։ Գնացքը ժամանելու էր 14։30։ Մինչ սպասում էինք, կայարանի տնօրենը մոտեցավ մեզ ու մի հեռագիր տվեց, որի վրա գրված էր. «Մենք գնացքից անջատեցինք Դիտարան ընկերության վեց վագոնները»։ Նա բացատրեց, որ լրացուցիչ ծանրության պատճառով գնացքը չի կարողացել բարձրանալ բլուրը։
Ի՞նչ էինք անելու։ Անմիջապես մտածեցինք համաժողովը հետաձգելու մասին։ Բայց դա կրկնակի աշխատանք կլիներ, նորից պետք է մի շարք թույլտվություններ ստանայինք, ինչը շաբաթներ կտևեր։ Մինչ այդ մասին ջերմեռանդորեն աղոթում էին Եհովային, գնացքը մտավ կայարան։ Մեր աչքերին չէինք հավատում. գնացքի բոլոր վեց վագոնները լիքն էին Վկաներով։ Բոլորը ուրախ էին և թափահարելով ձեռքերը՝ ողջունում էին մեզ։ Մենք չէինք հասկանում, թե ինչ էր եղել։ Հետո Վկաներից մեկն ասաց. «Ճիշտ է, նրանք անջատեցին վեց վագոնները, բայց ոչ մերը»։
1967–1971թթ. Մյանմայում Եհովայի վկաների թիվը կրկնապատկվեց՝ հասնելով 600-ի։ 1978-ին մասնաճյուղը տեղափոխվեց երկհարկանի մի շենք։ Քսան տարի անց Վկաների թիվը 2500-ից անցավ։ Հետագայում մասնաճյուղը ընդլայնվեց. կառուցվեցին մի բնակելի շինություն և մի եռահարկ շենք գրասենյակների համար։ 2000թ. հունվարի 22-ին Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Ջոն Բարը եկավ Միացյալ Նահանգներից և ներկայացրեց նվիրման ելույթը։ Այդ շինությունները օգտագործվում են առայսօր։
Հետադարձ հայացք օրհնություններին
Այսօր 52 կամավորներ ապրում և աշխատում են Յանգոնում գտնվող մասնաճյուղում, որը վերահսկում է երկրում գործող 74 ժողովների և խմբերի գործունեությունը, որտեղ ծառայում են 3500 Վկաներ։ Ես անչափ ուրախ եմ, որ 1969թ.-ին մայրս նախքան մահանալը դարձավ Եհովայի վկա։
Դորիս Բա Էյը, որը լիաժամ ռահվիրա էր, 1960-ականների կեսերին հրավիրվեց մասնաճյուղ՝ ծառայելու որպես թարգմանիչ։ 1959թ.-ին նա ավարտել էր «Գաղաադ» դպրոցի 32-րդ դասարանը, որտեղ սովորում են Եհովայի վկաները միսիոներ դառնալու համար։ Նա գեղեցիկ, ուրախ անձնավորություն էր և հոգևորապես հասուն քրիստոնյա էր։ Ես սիրահարվեցի նրան։ 1970-ին մենք ամուսնացանք։ Առայսօր մենք նվիրված ամուսիններ ենք և հավատարմորեն ծառայում ենք Եհովային։
Արդեն ավելի քան վեց տասնամյակ է՝ ես տեսնում եմ, թե ինչպես է Աստված առաջնորդում քարոզչական գործն այս երկրում։ Իրոք որ, նա փառահեղ Աստված է։ Ողջ կյանքիս ընթացքում ականատես եմ եղել նրա «մեծամեծ գործերին» (Սաղմոս 106։21)։
[ծանոթագրություն]
a Այդ ժամանակներում համարժեք էր մոտավորապես 95 ամերիկյան դոլարի, որը մեծ գումար էր։
[նկար 27-րդ էջի վրա]
Ռանգունում ծառայության ժամանակ (1950-ականների վերջերին)
[նկար 28-րդ էջի վրա]
Գնում եմ համաժողով (Կալեմյո, 1970-ականների վերջերին)
[նկար 29-րդ էջի վրա]
Մեր գեղեցիկ նոր մասնաճյուղը, 2000թ.
[նկար 29-րդ էջի վրա]
Դորիսի հետ այսօր
[նկար 29-րդ էջի վրա]
Միասին տնետուն ծառայության ժամանակ