Հավատակիցներին պատվելու մեջ առաջի՞նն ես
«Եղբայրասիրության մեջ գորովանք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք» (ՀՌՈՄ. 12։10)։
1, 2. ա) Հռոմեացիներին ուղղված իր նամակում ի՞նչ հորդոր տվեց Պողոսը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ ուղղված իր նամակում Պողոս առաքյալը ընդգծում է այն միտքը, որ մեզ՝ քրիստոնյաներիս համար կարևոր է սեր դրսևորել ժողովում։ Նա հիշեցնում է, որ մեր սերը պետք է «առանց կեղծավորության լինի»։ Առաքյալը նաև հիշատակում է «եղբայրասիրության» մասին և նշում, որ այսպիսի սերը պիտի դրսևորվի «գորովանքով» (Հռոմ. 12։9, 10ա)։
2 Ինչ խոսք, եղբայրասիրությունը ավելին է, քան միայն ուրիշների հանդեպ ջերմ զգացմունքներ ունենալը։ Այսպիսի զգացմունքները պետք է արտահայտվեն գործերով։ Չէ՞ որ ոչ ոք չի իմանա մեր սիրո և զգացմունքների մասին, եթե որևէ կերպ չարտահայտենք դրանք։ Հետևաբար Պողոսը շարունակում է հորդորել. «Միմյանց պատվելու մեջ առաջինը եղեք» (Հռոմ. 12։10բ)։ Ի՞նչ ենք հասկանում պատվել ասելով։ Ինչո՞ւ է կարևոր հավատակիցներին պատիվ տալու մեջ առաջինը լինել։ Ինչպե՞ս կարող ենք այդպես վարվել։
Հարգանք և պատիվ
3. Ի՞նչ իմաստ ունի «պատիվ» բառը Աստվածաշնչի բնագիր լեզուներում։
3 «Պատիվ» թարգմանված եբրայերեն բառը, որն ավելի հաճախ է գործածվում, բառացի նշանակում է «ծանրություն»։ Այն անհատը, ում պատվում են, կարևոր է համարվում։ Եբրայերեն նույն բառը Սուրբ Գրքում հաճախ նաև թարգմանվում է «փառք», որն ավելի շատ է ընդգծում այն հարգանքը, որին արժանանում է այն մարդը, ում պատվում են (Ծննդ. 45։13)։ Հունարեն բառը, որն Աստվածաշնչում թարգմանվել է «պատիվ», հաղորդում է արժեքավոր, թանկագին լինելու իմաստները (Ղուկ. 14։10)։ Այո՛, նրանք, ում պատվում ենք, թանկագին ու արժեքավոր են մեզ համար։
4, 5. Ինչպե՞ս են պատիվ տալն ու հարգանքը կապված իրար հետ։ Բե՛ր օրինակ։
4 Ի՞նչ ենք հասկանում պատվել ասելով։ Առաջին հերթին՝ հարգանք դրսևորել։ Իրականում, «պատիվ» և «հարգանք» բառերը հաճախ են միասին օգտագործվում, քանի որ սերտորեն կապված են իրար։ Պատիվը հարգանքի դրսևորումն է կամ արտահայտումը։ Այլ կերպ ասած՝ հարգանքը հիմնականում այն է, թե ինչ տեսակետ ունենք մեր եղբոր մասին, մինչդեռ պատիվն այն է, թե ինչպես ենք վերաբերվում նրան։
5 Ինչպե՞ս կարող է քրիստոնյան անկեղծորեն պատվել հավատակիցներին, եթե սրտանց չի հարգում նրանց (3 Հովհ. 9, 10)։ Ինչպես բույսը կարող է փթթել և երկար ապրել, եթե միայն տնկված լինի լավ հողի մեջ, այնպես էլ պատիվը կարող է անկեղծ լինել և երկարատև, եթե միայն արմատներ գցած լինի խոր հարգանքի մեջ։ Քանի որ կեղծ պատիվը չի «աճում» անկեղծ հարգանքի «հողի» մեջ, ապա այն վաղ թե ուշ «կթառամի»։ Ուստի զարմանալի չէ, որ Պողոսը նախքան պատիվ տալու մասին հորդորելը պարզորոշ ասաց. «Թող ձեր սերը առանց կեղծավորության լինի» (Հռոմ. 12։9; կարդա՛1 Պետրոս 1։22)։
Պատվիր նրանց, ովքեր «Աստծու նմանությամբ» են ստեղծված
6, 7. Ինչո՞ւ պետք է հարգալից լինենք ուրիշների հանդեպ։
6 Քանի որ անկեղծ հարգանք ունենալը պատիվ տալու բանալին է, մենք երբեք չպետք է մոռանանք, թե սուրբգրային ինչ հիմքեր ունենք բոլոր եղբայրների հանդեպ հարգալից լինելու համար։ Եկեք քննենք դրանցից երկուսը։
7 Ի տարբերություն երկրի վրա ապրող մյուս բոլոր արարածների՝ մարդիկ «Աստծու նմանությամբ» են ստեղծված (Հակ. 3։9)։ Այդ պատճառով օժտված ենք նրա հատկություններով՝ սիրով, իմաստությամբ և արդարությամբ։ Նկատի առ, թե էլ ինչ ենք ստացել մեր Արարչից։ Սաղմոսերգուն նշում է. «Ո՜վ Եհովա.... քո վեհությունը պատմվում է երկինքներից էլ վեր....Դու [մարդուն] աստվածանման էակներից փոքր-ինչ ցածր դրեցիր, և փառքով ու շքեղությամբ [«պատւով», «Արարատ» թարգմանություն] պսակեցիր»a (Սաղ. 8։1, 4, 5; 104։1)։ Աստված մարդկանց ընդհանուր առմամբ պսակել կամ զարդարել է արժանապատվությամբ, փառքով և պատվով։ Ուստի երբ պատվում ենք որևէ մեկին, մենք իրականում ընդունում ենք այն Աղբյուրին, ով մարդուն արժանապատվությամբ է օժտել՝ Եհովային։ Ուրեմն եթե առհասարակ մարդկանց հարգելու հիմնավոր պատճառներ ունենք, որքա՜ն ավելի հարգալից պետք է լինենք մեր հավատակիցների հանդեպ (Հովհ. 3։16; Գաղ. 6։10)։
Մեկ ընտանիքի անդամներ
8, 9. Պողոսը ի՞նչ պատճառ է նշում հավատակիցների հանդեպ հարգանք դրսևորելու համար։
8 Պողոս առաքյալը մեկ ուրիշ հիմք էլ է նշում, թե ինչու պետք է հարգենք իրար։ Նախքան պատվելու հորդոր տալը նա ասում է. «Եղբայրասիրության մեջ գորովանք ունեցեք իրար հանդեպ»։ Հունարեն բառը, որը թարգմանվել է «գորովանք», մատնանշում է այն ամուր կապը, որը միավորում է սիրող և միմյանց փոխադարձաբար աջակցող ընտանիքին։ Ուստի այս բառն օգտագործելով՝ Պողոսն ընդգծում է, որ ժողովի անդամների միջև պետք է ամուր փոխհարաբերություններ լինեն, ինչպես ջերմ ու մտերիմ ընտանիքի անդամների միջև է (Հռոմ. 12։5)։ Ավելին, հիշիր, որ Պողոսն այս խոսքերն ուղղեց օծյալ քրիստոնյաներին՝ բոլոր նրանց, ովքեր որդեգրվել էին Հոր՝ Եհովայի կողմից։ Փաստորեն, իրականում նրանք մեկ ընտանիք էին, որի անդամները մտերիմ էին։ Հետևաբար Պողոսի օրերում ապրող օծյալ քրիստոնյաները իսկապես հիմնավոր պատճառ ունեին իրար հարգելու։ Նույնը վերաբերում է ժամանակակից օծյալներին։
9 Իսկ ի՞նչ կարելի է ասել «ուրիշ ոչխարների» մասին (Հովհ. 10։16)։ Թեև նրանք դեռևս չեն որդեգրվել որպես Աստծու զավակներ, սակայն իրար կարող են կոչել եղբայր և քույր, քանի որ կազմում են համաշխարհային քրիստոնեական ընտանիք (1 Պետ. 2։17; 5։9)։ Ուստի ուրիշ ոչխարներից նրանք, ովքեր լիովին հասկանում են, թե ինչու են իրար դիմում «եղբայր» և «քույր» բառերով, նույնպես հիմնավոր պատճառներ ունեն անկեղծ հարգանք դրսևորելու իրենց հավատակիցների նկատմամբ (կարդա՛ 1 Պետրոս 3։8)։
Ինչո՞ւ է այդքան կարևոր
10, 11. Հարգանք ու պատիվ դրսևորելն ինչո՞ւ է այդքան կարևոր։
10 Ինչո՞ւ է այդքան կարևոր հարգանք ու պատիվ դրսևորել։ Հետևյալ պատճառով. մեր եղբայրներին ու քույրերին պատվելով՝ մեծապես նպաստում ենք ամբողջ ժողովի բարօրությանն ու միասնությանը։
11 Ինչ խոսք, մենք գիտակցում ենք, որ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություն ունենալը և նրա ոգու աջակցությունը ստանալը զորության մեծագույն աղբյուր են, որ ունենք որպես ճշմարիտ քրիստոնյաներ (Սաղ. 36։7; Հովհ. 14։26)։ Միևնույն ժամանակ, երբ հավատակիցները ցույց են տալիս, որ գնահատում են մեզ, քաջալերվում ենք (Առակ. 25։11)։ Մենք ոգևորվում ենք գնահատանքի ու հարգանքի անկեղծ խոսքերից։ Դրանք մեզ լրացուցիչ ուժ են տալիս շարունակելու ուրախությամբ և վճռականությամբ քայլել կյանքի ճանապարհով։ Վստահաբար, դու նույնպես ունեցել ես այսպիսի զգացումներ։
12. Ինչպե՞ս կարող է մեզնից յուրաքանչյուրը նպաստել, որ ժողովում ջերմ և սիրով լի մթնոլորտ տիրի։
12 Քանի որ Եհովան գիտի, որ մենք ի ծնե հարգված լինելու կարիք ունենք, իր Խոսքի միջոցով հորդորում է մեզ՝ «հարգելու մեջ գերազանցեք միմյանց» (Հռոմ. 12։10, Աշխարհաբար նոր թարգմանություն; կարդա՛ Մատթեոս 7։12)։ Բոլոր քրիստոնյաները, ովքեր ողջ սրտով ընդունում են այս ժամանակահարմար խորհուրդը, նպաստում են այն բանին, որ քրիստոնեական եղբայրության մեջ ջերմ և սիրով լի մթնոլորտ տիրի։ Ուստի լավ կլինի մի պահ խորհենք. «Ե՞րբ եմ վերջին անգամ խոսքերով ու գործերով արտահայտել իմ անկեղծ հարգանքը ժողովի որևէ եղբոր կամ քրոջ հանդեպ» (Հռոմ. 13։8)։
Հատուկ հանձնարարություն բոլորիս համար
13. ա) Ո՞վ պետք է պատիվ տալու մեջ առաջինը լինի։ բ) Ի՞նչ են մատնանշում Պողոսի խոսքերը՝ արձանագրված Հռոմեացիներ 1։7-ում։
13 Ո՞վ պետք է պատիվ տալու մեջ առաջինը լինի։ Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոսը քրիստոնյա երեցների մասին ասաց, որ նրանք «առաջնորդություն են վերցնում նրանց մեջ» (Եբր. 13։17)։ Իսկապես, երեցները առաջնորդություն են վերցնում բազմաթիվ հարցերում։ Այնուամենայնիվ, որպես հովիվներ՝ նրանք պետք է հավատակիցներին, այդ թվում նաև մյուս երեցներին պատիվ տալու մեջ առաջինը լինեն։ Օրինակ՝ երբ հանդիպում են, որ քննեն ժողովի հոգևոր կարիքները, նրանք պատվում են իրար՝ ուշադրությամբ լսելով յուրաքանչյուրի մեկնաբանությունը։ Ավելին, նրանք պատիվ են տալիս՝ որոշում կայացնելիս հաշվի առնելով բոլոր երեցների կարծիքներն ու խոսքերը (Գործ. 15։6–15)։ Պետք է հիշենք, սակայն, որ Պողոսի նամակը՝ ուղղված հռոմեացիներին, գրված էր ոչ միայն երեցների, այլև ամբողջ ժողովի համար (Հռոմ. 1։7)։ Ուստի պատիվ տալու մեջ առաջինը լինելու հորդորը առհասարակ բոլորիս է վերաբերում։
14. ա) Օրինակով բացատրիր, թե ինչ տարբերություն կա պատվելու և պատվելու մեջ առաջինը լինելու միջև։ բ) Ի՞նչ հարց կարող ենք տալ ինքներս մեզ։
14 Նկատի առ նաև Պողոսի խորհրդի հետևյալ երեսակը։ Հռոմում գտնվող հավատակիցներին նա հորդորեց ոչ միայն պատվել, այլև պատվելու մեջ առաջինը լինել։ Իսկ ի՞նչ տարբերություն կա։ Խորհիր այս օրինակի շուրջ։ Մի՞թե ուսուցիչը կքաջալերի գրագետ աշակերտներին կարդալ սովորել։ Ո՛չ։ Չէ՞ որ նրանք արդեն կարդալ գիտեն։ Փոխարենը՝ ուսուցիչը կցանկանա օգնել աշակերտներին, որ նրանք ավելի լավ կարդան։ Նմանապես, միմյանց հանդեպ սեր ունենալը, որը մղում է մեզ պատիվ տալու, արդեն իսկ ճշմարիտ քրիստոնյաների բնորոշ նշանն է (Հովհ. 13։35)։ Եվ ինչպես գրագետ աշակերտները կարող են առաջադիմել՝ կարդալու հմտությունները բարելավելով, այնպես էլ մենք կարող ենք պատիվ տալու մեջ առաջինը լինելու հարցում նկատելիորեն բարելավվել (1 Թեսաղ. 4։9, 10)։ Այս հատուկ հանձնարարությունը ստացել է մեզնից յուրաքանչյուրը։ Կարող ենք հարցնել ինքներս մեզ. «Կատարո՞ւմ եմ այն՝ ժողովում ուրիշներին պատվելու մեջ նախաձեռնություն վերցնելով»։
Պատվիր «խեղճին»
15, 16. ա) Հարգանք դրսևորելիս ո՞ւմ չպետք է անտեսենք և ինչո՞ւ։ բ) Ի՞նչը կարող է ցույց տալ, թե մեր բոլոր եղբայրների ու քույրերի հանդեպ հարգանքը որքանով է անկեղծ։
15 Հարգանք դրսևորելիս ո՞ւմ չպետք է անտեսենք ժողովում։ Աստծու Խոսքն ասում է. «Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան» (Առակ. 19։17)։ Այս խոսքերում ամփոփված սկզբունքը ինչպե՞ս պետք է անդրադառնա մեզ վրա, մինչ ձգտում ենք պատիվ տալու մեջ առաջինը լինել։
16 Թերևս կհամաձայնես, որ շատերը պատիվ են տալիս իրենցից բարձր դիրք ունեցողներին, բայց նրանք հնարավոր է՝ քիչ հարգեն կամ ընդհանրապես չհարգեն իրենցից ցածր դիրք ունեցողներին։ Սակայն Եհովան այդպիսին չէ։ Նա ասում է. «Ես կպատվեմ նրանց, ովքեր պատվում են ինձ» (1 Սամ. 2։30; Սաղ. 113։5–7)։ Աստված պատվում է բոլոր նրանց, ովքեր ծառայում և պատիվ են տալիս իրեն։ Նա չի արհամարհում «խեղճին» (կարդա՛ 1 Սամուել 2։8; 2 Տար. 16։9)։ Ինչ խոսք, մենք ցանկանում ենք ընդօրինակել Եհովային։ Ուստի եթե ուզում ենք իմանալ, թե որքան անկեղծ ենք ուրիշների նկատմամբ հարգանք դրսևորելիս, պետք է հարցնենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս եմ վերաբերվում ժողովում նրանց, ովքեր չունեն պատասխանատու կամ աչքի ընկնող դիրք» (Հովհ. 13։14, 15)։ Այս հարցի պատասխանը ցույց կտա, թե ուրիշների հանդեպ մեր հարգանքը որքանով է անկեղծ (կարդա՛ Փիլիպպեցիներ 2։3, 4)։
Պատիվ տանք՝ տրամադրելով մեր ժամանակը
17. Ո՞րն է պատիվ տալու մեջ առաջինը լինելու հիմնական ձևերից մեկը և ինչո՞ւ։
17 Ո՞րն է հիմնական ձևերից մեկը, որով կարող ենք ժողովի բոլոր անդամներին պատիվ տալու մեջ առաջինը լինել. մեր ժամանակը տրամադրելը։ Որպես քրիստոնյաներ՝ մենք զբաղված կյանքով ենք ապրում և շատ ժամանակ ենք տրամադրում նաև ժողովի հետ կապված տարբեր կարևոր գործերին։ Ուստի զարմանալի չէ, որ ժամանակը թանկ ենք համարում։ Նաև հասկանում ենք, որ չպետք է պահանջենք մեր եղբայրներից ու քույրերից չափից շատ ժամանակ տրամադրել մեզ։ Նմանապես, գնահատում ենք այն, որ ժողովի անդամները հասկանում են, որ չպետք է մեզնից պահանջեն շատ ժամանակ տրամադրել իրենց։
18. Ըստ 18-րդ էջի նկարի՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ պատրաստակամ ենք հավատակիցներին ժամանակ տրամադրելու հարցում։
18 Այնուհանդերձ, մենք ընդունում ենք նաև (հատկապես մեզանից նրանք, ովքեր որպես երեց են ծառայում ժողովում), որ եթե պատրաստակամորեն թողնում ենք մեր գործերը՝ հավատակիցներին ժամանակ տրամադրելու համար, ցույց ենք տալիս, որ հարգում ենք նրանց։ Ինչպե՞ս։ Երբ մի կողմ ենք դնում մեր գործերը, որպեսզի ժամանակ տրամադրենք եղբորը, կարծես ասում ենք նրան. «Դու այնքա՜ն թանկ ես, որ ինձ համար ավելի կարևոր է՝ քեզ ժամանակ տրամադրեմ, քան գործս շարունակեմ» (Մարկ. 6։30–34)։ Բայց կարող է նաև հակառակը լինել։ Եթե դժկամորեն ենք մի կողմ դնում մեր գործերը, որ ժամանակ հատկացնենք մեր եղբորը, այդպիսով ցույց ենք տալիս, որ նա այդքան էլ թանկ չէ մեզ համար։ Անշուշտ, լինում են դեպքեր, երբ մեր գործը հրատապ է, և չենք կարող թողնել այն։ Այնուամենայնիվ, ուրիշներին պատրաստակամորեն թե դժկամությամբ ժամանակ հատկացնելը շատ բան է ասում այն մասին, թե որքան խորն է մեր հարգանքը քույրերի ու եղբայրների նկատմամբ (1 Կորնթ. 10։24)։
Վճռիր առաջինը լինել
19. Մեր ժամանակը տրամադրելուց բացի, ինչպե՞ս կարող ենք պատվել հավատակիցներին։
19 Հավատակիցներին պատվելու ուրիշ կարևոր կերպեր էլ կան։ Օրինակ՝ մեր ժամանակը հատկացնելիս պետք է նաև ուշադիր լինենք նրանց հանդեպ։ Եհովան այս առումով ևս մեզ օրինակ է թողել։ Սաղմոսերգու Դավիթն ասում է. «Եհովայի աչքերն արդարներին են ուղղված, և ականջները՝ նրանց օգնության աղաղակին» (Սաղ. 34։15)։ Մենք ձգտում ենք ընդօրինակել Եհովային՝ մեր աչքերն ու ականջները, այսինքն՝ մեր ողջ ուշադրությունը կենտրոնացնելով եղբայրների վրա, հատկապես նրանց վրա, ովքեր օգնության համար դիմում են մեզ։ Այդպես վարվելով՝ պատվում ենք նրանց։
20. Ի՞նչ պետք է հիշենք պատվելու մասին։
20 Ինչպես տեսանք, պետք է հստակ հիշենք, թե ինչու է կարևոր անկեղծ հարգանք դրսևորել հավատակիցների հանդեպ։ Ավելին, պետք է առիթներ փնտրենք առաջինը պատիվ տալու բոլորին, այդ թվում նաև խեղճերին։ Այդպես վարվելով՝ կամրացնենք եղբայրասիրության կապը և կնպաստենք ժողովի միասնությանը։ Ուստի եկեք բոլորս շարունակենք ոչ միայն իրար պատվել, այլև պատվելու մեջ առաջինը լինել։ Վճռե՞լ ես հենց այդպես վարվել։
[ծանոթագրություն]
a Դավթի խոսքերը, արձանագրված 8-րդ սաղմոսում, նաև մարգարեական նշանակություն ունեն՝ վերաբերում են կատարյալ մարդ Հիսուս Քրիստոսին (Եբր. 2։6–9)։
Հիշո՞ւմ ես
• Ի՞նչ կապ գոյություն ունի պատվի ու հարգանքի միջև։
• Ի՞նչ պատճառներ ունենք մեր հավատակիցներին պատվելու համար։
• Ինչո՞ւ է կարևոր պատվել միմյանց։
• Ի՞նչ կերպերով կարող ենք պատվել հավատակիցներին։
[նկար 18-րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող ենք պատվել հավատակիցներին