Ինչպես է Հիսուսը փառավորում Աստծու արդարությունը
«Աստված մատուցեց [Քրիստոսին] որպես զոհ հաշտության համար, որը հնարավոր է նրա արյանը հավատ ընծայելու միջոցով։ Եվ դա արեց, որպեսզի ցույց տա իր սեփական արդարությունը» (ՀՌՈՄ. 3։25)։
1, 2. ա) Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ են ժառանգել մարդիկ։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։
ԲՈԼՈՐԻՍ քաջ ծանոթ է Եդեմի պարտեզում տեղի ունեցած ըմբոստության մասին աստվածաշնչյան արձանագրությունը։ Ավելին, մեզնից ամեն մեկը զգում է Ադամի գործած մեղքի հետևանքները, որոնց մասին խոսվում է հետևյալ համարում. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ՝ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմ. 5։12)։ Անկախ նրանից, թե որքան ջանք ենք թափում ճիշտն անելու համար, միևնույնն է, սխալներ ենք գործում, հետևաբար անհրաժեշտ է, որ Աստված ների մեզ։ Նույնիսկ Պողոս առաքյալը ցավով նշեց. «Բարին, որ ուզում եմ անել, չեմ անում, բայց չարը, որ չեմ ուզում անել, հենց այն եմ անում։ Ի՜նչ թշվառ մարդ եմ ես» (Հռոմ. 7։19, 24)։
2 Այս հոդվածում կքննենք երեք կարևոր հարց՝ ինչպե՞ս էր հնարավոր, որ նազովրեցի Հիսուսը առանց մեղքի ծնվեր, եթե բոլորս մեղքով ենք ծնվում, և ինչո՞ւ նա մկրտվեց։ Ինչպե՞ս Հիսուսի ապրելակերպը փառավորեց Եհովայի արդարությունը։ Եվ ամենակարևորը, ի՞նչ իրագործվեց Քրիստոսի մահով։
Աստծու արդարությունը կասկածի է ենթարկվում
3. Ինչպե՞ս Սատանան խաբեց Եվային։
3 Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, անմտորեն մերժեցին Եհովայի գերիշխանությունը և ցանկացան, որ իրենց վրա իշխի «առաջին օձը, որ Բանսարկու և Սատանա է կոչվում» (Հայտն. 12։9)։ Տեսնենք, թե ինչպես դա պատահեց։ Սատանան կասկածի ենթարկեց Եհովայի իշխելու կերպի արդարացի լինելը։ Դա երևում է այն հարցից, որը նա ուղղեց Եվային. «Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք»։ Եվան կրկնեց Աստծու հստակ պատվերն այն մասին, որ նրանք չպետք է դիպչեն պարտեզի մեջտեղում գտնվող ծառին, հակառակ դեպքում՝ կմահանան։ Այդ ժամանակ Բանսարկուն մեղադրեց Աստծուն սուտ խոսելու մեջ։ «Բնաւ չէք մեռնիլ»,— ասաց նա։ Դեռ ավելին, նա խաբեց Եվային՝ ասելով, թե Աստված ինչ-որ լավ բան է թաքցնում նրանից և որ այդ միրգն ուտելով՝ նա կդառնա Աստծու նման, և ինքը կորոշի՝ ինչն է լավ կամ վատ (Ծննդ. 3։1–5)։
4. Ինչպե՞ս մարդիկ հայտնվեցին Սատանայի իշխանության տակ։
4 Փաստորեն, Սատանան ակնարկեց, որ մարդիկ ավելի երջանիկ կլինեն, եթե Աստծուց անկախ ապրեն։ Եհովայի արդար գերիշխանությանը թիկունք կանգնելու փոխարեն՝ Ադամը լսեց իր կնոջը ու միացավ նրան՝ ուտելով արգելված պտուղը։ Այսպիսով նա կորցրեց իր արդար դիրքը Եհովայի առաջ և մեզ գցեց մեղքի ու մահվան դաժան լծի տակ։ Միևնույն ժամանակ, մարդիկ հայտնվեցին Սատանայի՝ «իրերի այս համակարգի աստծու» իշխանության տակ (2 Կորնթ. 4։4; Հռոմ. 7։14)։
5. ա) Եհովան ինչպե՞ս կատարեց իր խոսքը։ բ) Ի՞նչ հույս տվեց Աստված Ադամի ու Եվայի սերունդներին։
5 Եհովան մահվան դատապարտեց Ադամին և Եվային, ինչպես որ ասել էր (Ծննդ. 3։16–19)։ Սակայն Աստծու նպատակը չձախողվեց։ Մեր նախածնողներին մահվան դատապարտելիս Եհովան ապագայի հրաշալի հույս տվեց նրանց սերունդներին։ Նա հայտարարեց, որ նպատակ ունի մի «սերունդ» առաջ բերելու, որի գարշապարը Բանսարկուն պետք է խայթի։ Այնուամենայնիվ, խոստացյալ Սերունդը պիտի ապաքինվեր խայթոցից և «[Սատանայի] գլուխը ջախջախէր» (Ծննդ. 3։15)։ Աստվածաշունչը այդ մասին լրացուցիչ տեղեկություններ է հայտնում. «Աստծու Որդին հենց այս նպատակով հայտնվեց, որպեսզի Բանսարկուի գործերը քանդի» (1 Հովհ. 3։8)։ Սակայն Հիսուսի գործերն ու մահը ինչպե՞ս փառավորեցին Աստծու արդարությունը։
Հիսուսի մկրտության նշանակությունը
6. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսն ադամական մեղք չէր ժառանգել։
6 Չափահաս տարիքում Հիսուսը պետք է լիովին հավասար դառնար կատարյալ Ադամին (Հռոմ. 5։14; 1 Կորնթ. 15։45)։ Ուրեմն նա պետք է կատարյալ ծնված լիներ։ Ինչպե՞ս էր դա հնարավոր։ Գաբրիել հրեշտակը հստակ բացատրեց Հիսուսի մայր Մարիամին. «Սուրբ ոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ ծնվածը կկոչվի սուրբ, Աստծու Որդի» (Ղուկ. 1։35)։ Հավանաբար, Մարիամը Հիսուսին նրա ծննդի հետ կապված որոշ բաներ էր պատմել, երբ նա փոքր էր։ Այդ պատճառով մի անգամ, երբ Մարիամն ու Հիսուսի խորթ հայր Հովսեփը գտան նրան Աստծու տաճարում, երեխան հարցրեց. «Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ» (Ղուկ. 2։49)։ Ակներևաբար, վաղ տարիքից Հիսուսը գիտեր, որ Աստծու Որդին է։ Ուստի Աստծու արդարությունը փառավորելը շատ կարևոր էր իր համար։
7. Արժեքավոր ի՞նչ բաներ ուներ Հիսուսը։
7 Կանոնավորաբար հաճախելով երկրպագության համար նախատեսված հանդիպումներին՝ Հիսուսը ցույց տվեց, որ անկեղծորեն հետաքրքրված է հոգևոր բաներով։ Ունենալով կատարյալ միտք՝ նա, հավանաբար, կլանում էր այն ամենը, ինչ լսում և կարդում էր Եբրայերեն Գրություններից (Ղուկ. 4։16)։ Աստծու Որդին նաև մեկ այլ արժեքավոր բան ուներ՝ կատարյալ ֆիզիկական մարմին, որը կարող էր զոհաբերել հանուն մարդկության։ Երբ մկրտվեց, Հիսուսն աղոթեց ու թերևս խորհեց Սաղմոս 40։6–8 համարներում արձանագրված մարգարեական խոսքերի շուրջ (Ղուկ. 3։21; կարդա՛ Եբրայեցիներ 10։5–10a)։
8. Ինչո՞ւ Հովհաննես Մկրտիչը փորձեց արգելել Հիսուսին մկրտվել։
8 Հովհաննես Մկրտիչը սկզբում փորձում էր արգելել Հիսուսին մկրտվել։ Ինչո՞ւ։ Քանի որ նա հրեաներին ընկղմում էր ջրի մեջ՝ ի նշան այն բանի, որ նրանք զղջում են Օրենքի դեմ գործած մեղքերի համար։ Լինելով նրա մոտ բարեկամը՝ Հովհաննեսը, ակներևաբար, գիտեր, որ Հիսուսն արդար է, ուստիև զղջալու կարիք չունի։ Սակայն վերջինս հավաստիացրեց Հովհաննեսին, որ ինքը պետք է մկրտվի։ «Այսպես է պատշաճ, որպեսզի կատարենք այն ամենը, ինչ որ արդար է»,— բացատրեց Աստծու Որդին (Մատթ. 3։15)։
9. Ի՞նչ էր խորհրդանշում Հիսուսի մկրտությունը։
9 Հիսուսը կարող էր մտածել, որ լինելով կատարյալ մարդ՝ Ադամի պես՝ հնարավորություն ունի կատարյալ մարդկային սերունդ առաջ բերելու։ Սակայն նա չցանկացավ այդպիսի ապագա ունենալ, քանի որ դա չէր Եհովայի նպատակը։ Աստված Հիսուսին երկիր էր ուղարկել, որ վերջինս իրագործի խոստացյալ Սերնդի՝ Մեսիայի իր դերը։ Աստծու Որդին պետք է նաև իր մարդկային կատարյալ կյանքը զոհաբերեր (կարդա՛ Եսայիա 53։5, 6, 12)։ Անշուշտ, Հիսուսի մկրտությունը այլ նշանակություն ուներ։ Մկրտվելով՝ նա չէր նվիրվելու Եհովային, քանի որ ծնվել էր Իսրայել ազգի մեջ, որն արդեն նվիրված էր Աստծուն։ Իր մկրտությամբ Հիսուսը ցույց տվեց, որ ներկայացնում է իր անձը՝ Աստծու կամքը կատարելու համար, ինչպեսև կանխագուշակվել էր Սուրբ Գրքում Մեսիայի վերաբերյալ։
10. Մեսիայի համար ի՞նչ էր նշանակում կատարել Աստծու կամքը, և ինչպե՞ս նա վերաբերվեց դրան։
10 Աստծու կամքն էր նաև, որ Հիսուսը քարոզի Թագավորության բարի լուրը, աշակերտներ պատրաստի և կրթի, որ նրանք էլ ապագայում մասնակցեն աշակերտներ պատրաստելու գործին։ Իր անձը ներկայացնելով՝ Հիսուսը նաև ցույց տվեց, որ պատրաստ է տոկալու հալածանքներին ու ենթարկվելու դաժան մահվան՝ այդպիսով թիկունք կանգնելով Եհովա Աստծու արդար գերիշխանությանը։ Քանի որ Քրիստոսը իսկապես սիրում էր իր երկնային Հորը, նա ցանկանում էր կատարել նրա կամքը և գոհունակության մեծ զգացումով էր լցվում, որ պետք է իր մարմինը որպես զոհ ներկայացնի (Հովհ. 14։31)։ Նրան նաև հաճելի էր իմանալ, որ իր կատարյալ կյանքի արժեքը կարող էր Աստծուն ներկայացնել որպես փրկագին, որպեսզի մեղքի ու մահվան գերությունից մեզ ազատի։ Արդյոք Աստված հավանություն տվե՞ց, որ Հիսուսն իր անձը ներկայացնի՝ կրելու այդ մեծ պատասխանատվությունը։ Անշո՛ւշտ։
11. Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց, որ ընդունում է Հիսուսին որպես խոստացյալ Մեսիայի, կամ՝ Քրիստոսի։
11 Բոլոր չորս ավետարանագիրներն էլ վկայում են, որ Եհովան հստակ արտահայտեց իր հավանությունը Հիսուսի հանդեպ, երբ նա դուրս եկավ Հորդանան գետից։ «Ես տեսա ոգին աղավնու տեսքով երկնքից իջնելիս,— ասաց Հովհաննես Մկրտիչը,— և այն մնաց [Հիսուսի] վրա.... Եվ ես տեսա ու վկայեցի, որ նա է Աստծու Որդին» (Հովհ. 1։32–34)։ Ավելին, այդ ժամանակ Եհովան հայտարարեց. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթ. 3։17; Մարկ. 1։11; Ղուկ. 3։22)։
Հավատարիմ մինչև մահ
12. Իր մկրտությունից հետո երեքուկես տարիների ընթացքում ի՞նչ էր անում Հիսուսը։
12 Հաջորդ երեքուկես տարիների ընթացքում Հիսուսը լիովին նվիրեց իրեն՝ մարդկանց սովորեցնելու իր Հոր և Նրա գերիշխանության արդարության մասին։ Այդ նպատակով Աստծու Որդին ոտքով շրջում էր Ավետյաց երկրով մեկ ու թեև շատ էր հոգնում, ոչինչ հետ չէր պահում նրան ճշմարտության մասին հիմնովին վկայություն տալուց (Հովհ. 4։6, 34; 18։37)։ Հիսուսը մարդկանց սովորեցնում էր Աստծու Թագավորության մասին։ Հրաշքով բուժելով հիվանդներին, կերակրելով սոված ամբոխներին և նույնիսկ հարություն տալով մահացածներին՝ նա ցույց էր տալիս, թե ինչ է իրականացնելու Թագավորությունը մարդկության համար (Մատթ. 11։4, 5)։
13. Ի՞նչ սովորեցրեց Հիսուսը աղոթքների վերաբերյալ։
13 Իր ուսուցումների և բուժման համար փառքը իրեն վերագրելու փոխարեն՝ Հիսուսը բացառիկ օրինակ թողեց՝ խոնարհաբար ողջ փառքը ուղղելով Եհովային (Հովհ. 5։19; 11։41–44)։ Նա նաև հայտնեց, թե որոնք են այն կարևորագույն բաները, որոնց համար պետք է աղոթենք։ Մեր աղոթքներում պետք է խնդրենք, որ Աստծու Եհովա անունը «սրբացվի», նրա արդար գերիշխանությունը փոխարինի Սատանայի ամբարիշտ իշխանությանը և կատարվի նրա «կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6։9, 10)։ Հիսուսը նաև քաջալերեց մեզ վարվել այդպիսի աղոթքների համաձայն՝ «նախ թագավորությունը և [Աստծու] արդարությունը փնտրելով» (Մատթ. 6։33)։
14. Թեև կատարյալ էր, ինչո՞ւ Հիսուսը պետք է ջանք ներդներ, որ կատարեր իր դերը Աստծու նպատակի մեջ։
14 Մինչ մոտենում էր իր զոհաբերական մահը, Հիսուսն ավելի շատ էր գիտակցում, թե ինչ ահռելի պատասխանատվություն է ընկած իր ուսերին։ Եհովայի նպատակի իրագործումը և հեղինակությունը կախված էր այն բանից, թե արդյոք իր Որդին կդիմագրավեր անարդարացի փորձություններին և պատրաստ կլիներ մահանալու դաժան մահով։ Իր մահից հինգ օր առաջ Հիսուսն աղոթեց. «Հիմա հոգիս խռովված է, և ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց այս ժամի համար եմ եկել»։ Նրա այս զգացումները բնական էին, սակայն քիչ հետո նա կենտրոնացավ ավելի կարևոր բանի վրա և աղոթեց. «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Եհովան անմիջապես պատասխանեց. «Փառավորեցի՛ և դարձյա՛լ կփառավորեմ» (Հովհ. 12։27, 28)։ Այո՛, Հիսուսը պատրաստ էր դիմագրավելու անարատությունը պահելու ամենամեծ փորձությանը, որը երբևէ ծառացել էր մարդու առաջ։ Սակայն իր երկնային Հոր վերոհիշյալ խոսքերը, անկասկած, վստահեցրին նրան, որ կկարողանա փառավորել ու արդարացնել Եհովայի գերիշխանությունը։ Եվ նրան դա հաջողվեց։
Ինչ իրագործվեց Հիսուսի մահով
15. Մահանալուց առաջ Հիսուսն ինչո՞ւ ասաց՝ կատարվե՛ց։
15 Աստծու օգնությամբ Հիսուսը մեծ բաներ իրագործեց երեքուկես տարիների ընթացքում՝ մկրտությունից մինչև մահ։ Տանջանքի ցցի վրա իր վերջին շունչը քաշելիս նա ասաց՝ կատարվե՛ց (Հովհ. 19։30)։ Երբ Աստծու Որդին մահացավ, մեծ երկրաշարժ եղավ։ Դա տեսնելով՝ հռոմեացի հարյուրապետը, որը պատասխանատու էր մահապատիժն իրագործելու համար, ասաց. «Իսկապես որ, սա Աստծու Որդին էր» (Մատթ. 27։54)։ Հավանաբար, նա տեսել էր, թե ինչպես էին Հիսուսին ծաղրում այն բանի պատճառով, որ վերջինս պնդում էր, թե Աստծու Որդին է։ Չնայած իր կրած բոլոր տառապանքներին՝ Հիսուսը պահեց իր անարատությունը և ապացուցեց, որ Սատանան մեծ ստախոս է։ Բանսարկուն հետևյալն էր ասել բոլոր նրանց մասին, ովքեր Աստծու գերիշխանության կողմն են դիրք բռնում. «Մարդս իր բոլոր ստացուածքը իր կեանքին տեղը կու տայ» (Յոբ 2։4, ԱԱ)։ Իր հավատարմությունը պահելով՝ Հիսուսը ցույց տվեց, որ Ադամն ու Եվան կարող էին հավատարիմ մնալ շատ ավելի հեշտ փորձության ժամանակ։ Իսկ որն ամենակարևորն է, Հիսուսն իր կյանքով ու մահով թիկունք կանգնեց Եհովայի արդար գերիշխանությանը և փառավորեց այն (կարդա՛ Առակաց 27։11)։ Ուրիշ ի՞նչ իրագործվեց Հիսուսի մահով։
16, 17. ա) Ինչո՞ւ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում ապրող Եհովայի ծառաները կարող էին արդար դիրք ունենալ նրա առաջ։ բ) Ինչպե՞ս Եհովան վարձատրեց իր Որդուն, և ի՞նչ է շարունակում անել Տեր Հիսուս Քրիստոսը։
16 Եհովայի շատ ծառաներ ապրել են մինչ Հիսուսի երկիր գալը։ Նրանք Աստծու առաջ արդար դիրք են ունեցել և հարության հույս են ստացել (Ես. 25։8; Դան. 12։13)։ Սակայն ի՞նչ օրինական հիմքով կարող էր սուրբ Աստված Եհովան այդ կերպով օրհնել մեղավոր մարդկանց։ Աստվածաշունչը բացատրում է. «Աստված մատուցեց [Հիսուս Քրիստոսին] որպես զոհ հաշտության համար, որը հնարավոր է նրա արյանը հավատ ընծայելու միջոցով։ Եվ դա արեց, որպեսզի ցույց տա իր սեփական արդարությունը, որովհետև ներում էր անցյալում կատարված մեղքերը, մինչ ինքը՝ Աստված, համբերատարություն էր ցուցաբերում այն բանի համար, որ ցուցադրի իր իսկ արդարությունը այս ներկա ժամանակում, որպեսզի ինքը արդար լինի նույնիսկ այն ժամանակ, երբ արդար կհայտարարի նրան, ով հավատում է Հիսուսին» (Հռոմ. 3։25, 26)b։
17 Եհովան վարձատրեց իր Որդուն՝ հարություն տալով և այնպիսի դիրքի արժանացնելով, որը գերազանցում է մինչև երկիր գալը ունեցած նրա դիրքը։ Որպես փառահեղ ոգեղեն արարած՝ Հիսուսն այժմ անմահություն է վայելում (Եբր. 1։3)։ Իսկ լինելով Քահանայապետ և Թագավոր՝ Տեր Հիսուս Քրիստոսը շարունակում է օգնել իր հետևորդներին՝ փառավորելու Աստծու արդարությունը։ Ուստի որքա՜ն երախտապարտ ենք մեր երկնային Հորը՝ Եհովային, որը վարձատրում է բոլոր նրանց, ովքեր փառավորում են իր արդարությունը և հավատարմորեն ծառայում են իրեն՝ ընդօրինակելով իր Որդուն (կարդա՛ Սաղմոս 34։3; Եբրայեցիներ 11։6)։
18. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
18 Աբելից սկսած՝ բոլոր հավատարիմ մարդիկ մտերիմ փոխհարաբերություններ են վայելել Եհովայի հետ, քանի որ հավատ և վստահություն են դրսևորել խոստացյալ Սերնդի հանդեպ։ Եհովան գիտեր, որ իր Որդին լիովին հավատարիմ կմնա և իր մահով ամբողջությամբ կծածկի «աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29)։ Հիսուսի մահը օգուտներ է բերում նաև այսօր (Հռոմ. 3։26)։ Իսկ թե Քրիստոսի փրկանքը ի՞նչ օրհնություններ կարող է բերել քեզ, կիմանաս հաջորդ հոդվածից։
[Ծանոթագրություններ]
a Ըստ հունարեն «Յոթանասնից» թարգմանության՝ այստեղ Պողոս առաքյալը մեջբերում է Սաղմոս 40։6–8 համարներից, որտեղ գրված են հետևյալ խոսքերը՝ «մի մարմին պատրաստեցիր ինձ համար»։ Այս արտահայտությունը չկա մեզ հասած հին Եբրայերեն Գրությունների ձեռագրերում։
b Տե՛ս «Ընթերցողների հարցերը»(էջ 6, 7)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչպե՞ս Աստծու արդարությունը կասկածի ենթարկվեց։
• Ի՞նչ էր խորհրդանշում Հիսուսի մկրտությունը։
• Ի՞նչ իրագործվեց Հիսուսի մահով։
[Նկար 9–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչ էր խորհրդանշում Հիսուսի մկրտությունը