Երբ կողակիցդ դավաճանում է...
ՄԱՐԳԱՐԻՏԱՆ և իր ամուսինը՝ Ռաուլը, երկար տարիներ ծառայում էին լիաժամa։ Սակայն առաջին երեխայի ծննդից շատ չանցած՝ Ռաուլը հոգևորապես թուլացավ և սկսեց անբարո կյանքով ապրել։ Նա զրկվեց ընկերակցությունից։ «Երբ այս ամենը տեղի ունեցավ,— պատմում է Մարգարիտան,— ուզում էի մեռնել։ Սիրտս կոտրվել էր, չգիտեի՝ ինչ անել»։
Ամուսնությունից կարճ ժամանակ անց Ջեյնը խորապես հիասթափվեց իր կողակցից, քանի որ վերջինս դավաճանել էր նրան մեկ այլ կերպ՝ սկսել էր ծեծել նրան։ «Երբ առաջին անգամ ամուսինս խփեց ինձ,— հիշում է Ջեյնը,— ես շփոթվել էի, կարկամել ու ինձ նվաստացած էի զգում։ Շուտով դա սովորություն դարձավ. նա ծեծում էր ինձ, իսկ հետո խնդրում, որ ներեմ իրեն։ Կարծում էի, թե իմ քրիստոնեական պարտականությունն է միշտ ներել ու մոռանալ։ Բացի այդ, մտածում էի, որ դավաճանած կլինեմ նրան, եթե մեր խնդիրների մասին պատմեմ որևէ մեկին, անգամ ժողովի երեցներին։ Ուստի տարիներ շարունակ ներում էի։ Այդ ողջ ընթացքում հույսս չէի կտրում, որ կկարողանամ ի վերջո արժանանալ ամուսնուս սիրուն։ Բայց երբ նա լքեց ինձ և մեր աղջկան, ինձ թվում էր, թե սխալվել եմ, որ պետք է ավելի շատ բան անեի մեր ամուսնությունը պահպանելու համար»։
Մարգարիտայի և Ջեյնի նման՝ գուցե դու էլ ամուսնուդ դավաճանության պատճառով տառապում ես էմոցիոնալ և հոգևոր առումներով ու բացի այդ, ֆինանսական խնդիրներ ունես։ Կամ գուցե կնոջդ անհավատարմության պատճառով էմոցիոնալ մեծ ցավ ես ապրում և դժվարություններ կրում։ Անհերքելի է այն փաստը, որ մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», ինչպեսև կանխագուշակվել է Աստվածաշնչում։ Այս մարգարեությունը ցույց է տալիս, որ «վերջին օրերում» ընտանիքի միությունը վտանգված էր լինելու, իսկ ընտանիքի անդամների միջև բնական կապվածություն չէր լինելու։ Ոմանք էլ միայն «Աստծու հանդեպ նվիրվածություն ունեցողի կերպարանք» էին ունենալու (2 Տիմոթ. 3։1–5)։ Ճշմարիտ քրիստոնյաները նույնպես բախվում են այս խնդիրներին։ Այնուհանդերձ, ի՞նչը կարող է օգնել քեզ հաղթահարելու դրանք, եթե կողակիցդ դավաճանել է։
Քո հանդեպ ունեցիր Եհովայի տեսակետը
Սկզբում գուցե հավատդ չգա, որ այն էակը, ում սիրում ես, կարող էր այդքան խոր ցավ պատճառել քեզ։ Հնարավոր է՝ նրա վարքի համար քեզ մեղադրես։
Սակայն հիշիր, որ նույնիսկ կատարյալ Հիսուսին դավաճանեց այն մարդը, ում նա սիրում ու վստահում էր։ Մինչդեռ իր մտերիմ առաքյալներին Աստծու Որդին ընտրել էր երկար մտածելուց և աղոթելուց հետո։ Թեև տասներկուսն էլ Եհովայի վստահարժան ծառաներն էին, սակայն Հուդան «դավաճան դարձավ»։ Անշուշտ, Հիսուսին խորապես վշտացրեց նրա արարքը (Ղուկ. 6։12–16)։ Այնուհանդերձ, Եհովան Հիսուսին չմեղադրեց Հուդայի դավաճանության համար։
Իրականությունն այն է, որ ոչ մի կողակից կատարյալ չէ։ Ամուսիններից յուրաքանչյուրն էլ սխալվում է։ Ուստի նրանք պետք է ընդօրինակեն Եհովային, ում մասին սաղմոսերգուն գրեց. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր» (Սաղ. 130։3)։ Այո՛, կողակիցները պետք է ներեն իրար (1 Պետ. 4։8)։
Այնուամենայնիվ, «մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար հաշիվ պիտի տա Աստծուն» (Հռոմ. 14։12)։ Եթե կողակիցը վիրավորական խոսքեր է ասում կամ վատ արարքներ է գործում, նա՛ պետք է հաշիվ տա Եհովային։ Բայցևայնպես, պիտի հիշենք, որ Աստված դատապարտում է բռնությունն ու վիրավորական խոսքեր ասելը, հետևաբար մենք ոչ մի հիմք չունենք մեղավոր կողակցի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու (Սաղ. 11։5; Եփես. 5։33; Կող. 3։6–8)։ Իսկ եթե քրիստոնյան հաճախ է բարկության պոռթկումներ ունենում և չի զղջում, նա պետք է զրկվի ընկերակցությունից (Գաղ. 5։19–21; 2 Հովհ. 9, 10)։ Կողակիցը չպետք է իրեն մեղավոր զգա, որ երեցներին տեղյակ է պահում ամուսնու վարքագծի մասին։ Եհովան կարեկցում է նրանց, ում հետ վատ են վերաբերվում։
Երբ կողակիցը շնություն է գործում, նա մեղք է գործում ոչ միայն կողակցի, այլև Եհովայի դեմ (Մատթ. 19։4–9; Եբր. 13։4)։ Եթե անմեղ կողակիցը ջանում է ապրել Աստվածաշնչի սկզբունքների համաձայն, կարիք չկա իրեն մեղադրելու շնացողի արարքի համար։
Հիշի՛ր, Եհովան գիտի, թե ինչ ես զգում։ Նա նկարագրում է իրեն որպես Իսրայել ազգի ամուսին։ Իր Խոսքում բազում հուզիչ հատվածներ կան, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր նա վշտանում իր ազգի գործած հոգևոր պոռնկության պատճառով (Ես. 54։5, 6; Երեմ. 3։1, 6–10)։ Վստա՛հ եղիր, որ Եհովան տեսել է, թե որքան արցունք ես թափել, երբ իմացել ես կողակցիդ դավաճանության մասին (Մաղ. 2։13, 14)։ Նա հասկանում է, որ մխիթարության ու քաջալերանքի կարիք ունես։
Ինչպես է Եհովան մխիթարում
Միջոցներից մեկը, որով Եհովան մխիթարում է մեզ, քրիստոնեական ժողովն է։ Ջեյնը մխիթարություն գտավ հենց ժողովում։ «Շրջանային վերակացուն մեր ժողով էր այցելել այն ժամանակ, երբ ես էմոցիոնալ առումով շատ ճնշված էի,— հիշում է նա։— Եղբայրը գիտեր, որ շատ վհատված եմ, քանի որ ամուսինս ուզում է բաժանվել ինձանից։ Այդ պատճառով ժամանակ տրամադրեց, որ միասին տրամաբանենք այնպիսի համարների շուրջ, ինչպիսին է, օրինակ, 1 Կորնթացիներ 7։15–ը։ Նրա բարի խոսքերը և աստվածաշնչյան համարները օգնեցին, որ ձերբազատվեմ մեղավորության զգացումից և փոքր–ինչ խաղաղվեմ»b։
Մարգարիտան, որի մասին արդեն խոսվեց, նույնպես օգնություն ստացավ ժողովի միջոցով։ «Երբ պարզ դարձավ, որ ամուսինս չի զղջում,— ասում է նա,— երեխաներիս հետ տեղափոխվեցի մի ուրիշ քաղաք։ Տեղ հասնելուն պես վարձեցի երկու սենյականոց բնակարան։ Հաջորդ օրը, երբ տխուր մեր իրերն էի տեղավորում, դուռը թակեցին։ Մտածեցի, թե տանտիրուհին է եկել, որն ապրում է հարևանությամբ։ Բայց երբ դուռը բացեցի, անակնկալի եկա, քանի որ իմ առաջ կանգնած էր այն քույրը, որը մորս հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրել և մեր ընտանիքին օգնել էր ճանաչելու ճշմարտությունը։ Նա նույնպես զարմացավ, երբ տեսավ ինձ, քանի որ եկել էր Աստվածաշունչ ուսումնասիրելու տանտիրուհու հետ։ Ես այնքան էի հուզվել, որ չկարողացա զսպել արցունքներս։ Պատմեցի, թե ինչ իրավիճակում եմ հայտնվել, ու միասին սկսեցինք լաց լինել։ Այդ օրը քրոջ հետ ժողով գնացինք։ Հավատակիցները ջերմորեն ողջունեցին մեզ, իսկ երեցները հետագայում օգնեցին, որ հոգամ ընտանիքիս հոգևոր կարիքները»։
Ինչպես կարող են ուրիշները օգնել
Ժողովի անդամները կարող են օգնության ձեռք մեկնել տարբեր հարցերում։ Օրինակ՝ երբ Մարգարիտան աշխատանք էր փնտրում, ժողովից մի ընտանիք համաձայնվեց անհրաժեշտության դեպքում երեխաների հետ լինել, երբ նրանք դպրոցից վերադառնան։
«Ես շատ եմ գնահատում, որ եղբայրներն ու քույրերը ծառայության են հրավիրում ինձ ու երեխաներիս»,— ասում է Մարգարիտան։ Իսկապես, ժողովի անդամների ցուցաբերած այսպիսի օգնության շնորհիվ հեշտ է լինում «կրել միմյանց ծանրությունները և այդպիսով կատարել Քրիստոսի օրենքը» (Գաղ. 6։2)։
Այն անհատները, ովքեր տառապում են ուրիշների սխալների պատճառով, անչափ գնահատում են իրենց հանդեպ ցուցաբերած օգնությունը։ Մոնիկայի ամուսինը լքել էր իրեն ու չորս երեխաներին և կրեդիտ քարտի վրա 15 000 դոլար արժողությամբ պարտք էր թողել։ Մոնիկան ասում է. «Իմ հոգևոր քույրերն ու եղբայրները շատ սիրալիր էին։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչ էի անելու առանց նրանց օգնության։ Ինձ թվում է՝ Եհովան է նվիրել ինձ այդ հրաշալի եղբայրներին, որոնք ամեն ինչում պատրաստ էին օգնելու երեխաներիս։ Ես ուրախանում էի, երբ տեսնում էի, թե եղբայրների օգնության շնորհիվ ինչպես էին նրանք հոգևորապես հասունանում։ Երբ խորհրդի կարիք էի ունենում, երեցները ժամանակ էին հատկացնում ինձ, իսկ երբ ուզում էի խոսել, համբերատարությամբ լսում էին» (Մարկ. 10։29, 30)։
Ինչ խոսք, լավ ընկերը կնկատի, թե երբ պետք չէ խոսել պատահածի մասին (Ժող. 3։7)։ «Հաճախ իմ նոր ժողովի քույրերի հետ հաճույքով խոսում էի ծառայության, Աստվածաշունչ ուսումնասիրողների և մեր երեխաների մասին, մի խոսքով՝ իմ խնդիրներից բացի, ամեն ինչից։ Շնորհակալ եմ նրանց, որ օգնում էին ինձ մոռանալու անցյալս և առաջ նայելու»։
Դիմադրիր վրեժխնդիր լինելու ցանկությանը
Ժամանակ առ ժամանակ մեղավորության զգացումից բացի, գուցե սկսես զայրանալ այն մտքից, որ ստիպված ես կողակցիդ կատարած սխալների պատճառով այդքան տառապել։ Եթե թույլ տաս, որ բարկությունդ բորբոքվի, գուցե թուլանա Եհովային հավատարիմ մնալու վճռականությունդ։ Հնարավոր է՝ անգամ միջոցներ փնտրես վրեժխնդիր լինելու համար։
Եթե զգում ես, որ քո մեջ այդպիսի զգացումներ են գլուխ բարձրացնում, կարող ես խորհել Հեսուի ու Քաղեբի օրինակների շուրջ։ Այս հավատարիմ մարդիկ վտանգի ենթարկեցին իրենց կյանքը, որ լրտեսեն Ավետյաց երկիրը։ Մյուս լրտեսները, սակայն, հավատ չդրսևորեցին Եհովայի հանդեպ ու ժողովրդին հեռացրին նրանից։ Իսրայելացիներից ոմանք նույնիսկ ուզեցին քարկոծել Հեսուին ու Քաղեբին, երբ նրանք խրախուսեցին ժողովրդին հավատարիմ մնալ (Թուոց 13։25–14։10)։ Իսրայելացիների պատճառով այդ աստվածավախ մարդիկ ստիպված եղան 40 տարի դեգերել անապատում, թեև սխալը ոչ թե իրենք էին գործել, այլ ուրիշները։
Թեպետ Հեսուն ու Քաղեբը, հավանաբար, հուսահատվեցին, այնուհանդերձ, թույլ չտվեցին, որ իրենց եղբայրների գործած մեղքի պատճառով խիստ բարկանան։ Նրանք կենտրոնացան հոգևոր հավասարակշռություն պահպանելու վրա։ Անապատում 40 տարի շրջելուց հետո Եհովան վարձատրեց նրանց. ըմբոստ սերունդը մահացավ, իսկ Հեսուն ու Քաղեբը ղևտացիների հետ միասին մտան Ավետյաց երկիր (Թուոց 14։28–30; Յեսու 14։6–12)։
Ձեր ամուսնությանը վերջ է դրվել, սակայն անհավատարիմ կողակցիդ արարքների պատճառով թերևս դեռ երկար ժամանակ կտառապես։ Քեզ գուցե ճնշեն ֆինանսական խնդիրները։ Այնուհանդերձ, թույլ մի՛ տուր, որ մռայլ մտքերը մթագնեն ուղեղդ։ Հիշիր, որ Եհովան լավ գիտի, թե ինչպես է պետք հատուցել նրանց, ովքեր գիտակցաբար արհամարհում են իր չափանիշները, ինչպես դա երևում է թերահավատ իսրայելացիների օրինակից (Եբր. 10։30, 31; 13։4)։
Դու կարո՛ղ ես հաղթահարել խնդիրներդ
Բացասական մտքերով ուղեղդ ծանրաբեռնելու փոխարեն՝ կենտրոնացիր հոգևոր մտքերի վրա։ «Ես զգում էի, որ «Դիտարանի» և «Արթնացե՛ք»–ի ձայնագրությունները լսելը ինձ շատ էին օգնում,— ասում է Ջեյնը։— Ժողովները նույնպես զորացնում էին։ Իսկ երբ ակտիվորեն մասնակցում էի հանդիպումներին, ինձ հաջողվում էր չմտածել խնդիրներիս մասին։ Քարոզչական գործը ևս ուժ էր տալիս ինձ։ Երբ օգնում էի ուրիշներին հավատ զարգացնելու Եհովայի հանդեպ, ես իմ հավատն էի զորացնում։ Իսկ Աստվածաշունչ ուսումնասիրողների մասին մտածելն օգնում էր ինձ կենտրոնանալու ավելի կարևոր բաների վրա»։
Մոնիկան ասում է. «Ես կարողացա տոկալ այն բանի շնորհիվ, որ կանոնավորաբար հաճախում էի ժողովի հանդիպումներին և հնարավորության սահմաններում մասնակցում էի քարոզչությանը։ Բացի այդ, ընտանիքիս անդամներն ավելի մտերմացան իրար հետ և ժողովի անդամների հետ։ Պիտի նշեմ, որ ծանր փորձության ժամանակ տեսա, թե ինչ թերություններ ունեմ ես։ Ճիշտ է, դժվար օրեր ունեցա, բայց հասկացա, որ Եհովայի աջակցությամբ կարո՛ղ եմ հաղթահարել խնդիրներս»։
Դու նույնպես կարող ես հաղթահարել փորձություններդ։ Թեև կողակցիդ դավաճանության պատճառով սիրտդ կոտրվել է, սակայն մի՛ հուսահատվիր, ձգտիր հետևել Պողոսի խորհրդին. «Ուրեմն չհոգնե՛նք բարին գործելուց, որովհետև ճիշտ ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք» (Գաղ. 6։9)։
[Ծանոթագրություններ]
a Որոշ անուններ փոխված են։
b Անջատ ապրելու և ամուսնալուծության վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետն իմանալու համար տե՛ս «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը (էջ 125–130, 219–221)։
[Նկար 31–րդ էջի վրա]
Սիրով համագործակցիր լքված ընտանիքների հետ